ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱԹԵՆՔՈՒՄ

Միջոցառումից բացակա էին ՀՀ դեսպանության ներկայացուցիչները

«Հայաստան» լրատու, Աթենք, 5 հունիսի 2019 թ․

Հունիսի 4-ին Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնը և Հայկական ժողովրդային շարժումը, Հունաստանում Կիպրոսի հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին 1919 թ․-ի Փարիզի խաղաղության վեհաժողովի 100 ամյակին նվիրված գիտաժողով:

Գիտաժողովն սկսվեց Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Հայկ Գասարճյանի ողջույնի խոսքով։

Աթենքի համալսարանից մասնակցում էին Օսմանյան կայսրության պատմության ամբիոնի դոցենտ պրն. Պարասկևաս Քոնորթասը և պատմական գիտությունների թեկնածու պրն. Անդրեաս Անդոնոպուլոսը, Սալոնիկի համալսարանից՝ պատմական գիտությունների թեկնածու պրն. Վլասիս Աղձիդիսը և Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնից` կենտրոնի քարտուղար, գրող պրն․ Հովսեփ Քասեսյանը:

Պարոն Քասեսյանն իր ելույթում անդրադարձավ բարձրակարգ մշակույթի կրող քրիստոնյա մեծամասնության վրա Օսմանյան կայսրության թողած ազդեցությանը և այն փաստին, որ ենթակա ժողովուրդները երբեք չդադարեցին ապստամբել Օսմանյան ռեժիմի դեմ, մինչդեռ եվրոպացիները թուրքերին տարածաշրջանում համարում էին օտար տարր:

Պարոն Քոնորթասը ներկայացրեց 19-րդ դարի Թանզիմաթի ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունը բարեփոխելու և գոյատևելու համար առնված քայլերի և Կայսրության ենթակա ժողովրդների և Եվրոպայի վրա այս քայլերի թողած ազդեցությունների մասին:

Պարոն Անդոնոպուլոսը անդրադարձավ Կ.Պոլսի հունական համայնքի և 19-րդ դարում համայնքի ազգային, տնտեսական և մշակութային առաջընթացին:

Պարոն Աղձիդիսը նկարագրեց թուրքական ռեժիմի կողմից ենթակա ժողովուրդների հետ հակամարտության հարցը` նրանց արտաքսմամբ/ոչնչացմամբ «վերջնական լուծում» տալու դրդապատճառների ու մեթոդների մասին:

Հունաստանում Կիպրոսի դեսպանատանը կազմակերպված գիտաժողովին ներկա էին հայ, հույն և կիպրացի համայնքների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, պատմաբաններ, դիվանագետներ: Միջոցառումից բացակա էին ՀՀ դեսպանության ներկայացուցիչները։ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները բացակա էին նաև Հայաստանին և հայությանը առնչվող Բեռլինի վեհաժողովի 140-ամյակին նվիրված գիտաժողովից, որը 2018 թ․-ի մարտին կազմակերպվել էր նույն դեսպանատանը, ինչպես նաև բացակա էին հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող Յորղոս Սուրիսի մահվան 100-րդ տարելիցին նվիրված` Հույն գրողների միության կետրոնում կազմակերպված միջոցառումից, որը տեղի ունեցավ 2019 թ․-ի փետվարին։

Հիշեցնենք, որ Կիպրոսի դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպված գիտաժողովը երորրդն էր Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի ծրագրած 100 միջոցառումներից, որոնք իրականացվելու են առաջիկա հինգ տարվա ընթացքում: Բոլոր միջոցառումները նվիրված են լինելու 1919-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակներին, որոնք վճռորոշ ազդեցություն են ունեցել հայ և հույն ժողովուրդների վերջին հարյուր տարվա պատմության վրա: Դրանցից են` Փարիզի խաղաղության վեհաժողովը, Սևրի հաշտության պայմանագիրը, Զմյուռնիայի աղետը, Լոզանի պայմանագիրը և այլն:

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert