Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆերսոր Վլադիմիր Պետրոսյանի մեկնաբանությունները “Նոր Յառաչ” լրագրի թղթակից՝ Րաֆֆի Տուտագլյանի երկու հոդվածների վերաբերյալ:

Մեծարգո խմբագիր
Բոլորովին վերջերս Սփյուռքի իմ բարեկամներն ինձ էին ուղարկել Ձեր թերթում հրապարակված հեղինակներից մեկի՝ Րաֆֆի Տուտագլյանի երկու հոդված և խնդրել էին դրանց պատասխանել: Ուշադրությամբ կարդացի դրանք: Որևէ նորություն չկա: Ձեր հեղինակն առաջին հայացքից, կարծես դաստիարակված մարդու տպավորություն է թողնում: Բայց այտ տպավորությունն անմիջապես խամրում է, երբ հեղինակը գրում է միասնության մասին ու…մոռանալով դա, սկսում է լուտանքներ թափել այն հայի հասցեին, որը բոլշևիկ է: Ափսոսում եմ, որ այդպիսի գրիչ ունեցողը, ինչպիսին Ձեր հեղինակն է, փորձում է այսօր, 21-րդ դարում հարություն տալ 20-րդ դարի սկզբերին տիրող բառապաշարին, օգտագործելով այլևս անպետք բառամթերքը:

Մեծարգո խմբագիր.
Ես Ձեր հեղինակի մասին ոչինչ չգիտեմ: Չգիտեմ, թե նա ինչ մասնագիտություն ունի: Չգիտեմ նաև, թե այն ամենի մասին ինչ որ գրում է, ո՞ւնի դրանք հիմնավորելու պատմագիտական ապացույցներ, թե միայն բավարարվում է այդ թեմաների մասին գրել սիրողական հրապարակախոսական մակարդակով:
Այնուհանդերձ հեղինակին խորհուրդ տալու իրավունք չունեմ, բայց իմ ձեռքի տակ եղած նրա գրվածքներից երկուսին անդրադառնալու իրավունք ունեմ, մանավանդ, որ հեղինակն էլ է կոչ անում գրել իրեն:
Եվ քանի որ հեղինակը շոշափել է համահայկական հնչեղություն ունեցող մի շարք հարցեր, հարկ եմ համարում նրան պատասխանել ուղղակի Ձեր թերթի միջոցով:
Համոզված եմ, որ Եվրոպայի սրտում՝ Փարիզում հրատարակվող Ձեր թերթը անպայման պահպանում է մամուլի համար սուրբ օրենքներից մեկը՝ հրապարակել նաև տվյալ լրագրում արտահայտված գաղափարներին չհամաձայնվող գրությունը:
Խոսքս վերաբերում է հարգելի հեղինակ Րաֆֆի Տուտագլյանի §Ստախօսներուն՝ կարմիր քարտ¦ և §Մտօրումներ՝ ռուսերու եւ քաղաքական մտքի սնանկութեան մասին¦ խորագրով հոդվածներին:

Նախ. առաջին հոդվածի մասին:
Հեղինակի նշած «1918-ին Զօրավար Անդրանիկին ուղղուած նամակ»-ը պարզ չէ, թե ինչի մասին է, ուստի հնարավորություն չունեմ դրա մասին գրել:
Ուստի կամենում եմ անդրադառնալ այն բանին, որ շատ է դժգոհում, գրելով, թե «բօլշեւիկեան հակադաշնակցական քարոզչութեան նպատակն է սուտ լուրերով վարկաբեկել Հայաստանի պետութեան հիմնադիրներն ու անկախութեան եւ պետականութեան կերտիչները»:

Հեղինակի այս մեղադրանքին հարկավոր է անպայման անդրադառնալ:
Հեղինակի և նրա հետևորդների հիշողությունը վերականգնելու համար առաջարկում եմ կատարել պատմական էքսկուրս:

Առաջին. Դաշնակցության նշանավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի վկայությամբ դաշնակցությունը չի ունեցել Հայաստանի անկախության մասին գաղափար:
Իսկ ինչպե՞ս է առաջացել այդ գաղափարը կամ ո՞վ է եղել դրա հեղինակը:
Իհարկե, երիտթուրքական կառավարությունն իր ներկայացրած վերջնագրով, որի ժամկետը լրանում էր 1918թ. մայիսի 28-ին:

Երկրորդ. Ավելորդ եմ համարում բերել արխիվային փաստաթղթեր, բայց կամենում եմ հիշեցնել, որ Ալեքսանդր Խատիսյանը Բաթումի պայմանագիրը ստորագրելուց հետո թուրքական պատվիրակությանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին անկախություն տալու համար:
Ահա, թե Զորավար Անդրանիկը չէր ընդունում Բաթումի պայմանագրով Հայաստանի անկախության հռչակումը, որի մասին նա արտահայտել է Դիլիջանից կաթողիկոսին ուղարկած հայտնի հեռագրում:

Երրորդ. Այնուհետև, երիտթուրքական կառավարության հրավերով Հայաստանի հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի և Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ 1918թ. հունիսի կեսերին մեկնել է Կ. Պոլիս:
Պատվիրակությունը Պոլսում մնացել է մինչև 1918թ. հոկտեմբեր ամիսը:
Հարկ չեմ համարում ասել, թե այդ ամիսներին ինչով են Ահարոնյանն ու Խատիսյանը զբաղվել: Միայն ուզում եմ հիշեցնել, թե նրանք ինչպիսի շողոքորթությամբ են Հայոց ցեղասպանության հանցագործ կազմակերպիներ Թալեաթին ու Էնվերին շնորհակալություն հայտնել Հայաստանին անկախություն շնորհելու համար:
Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Թեհրանում լույս տեսնող դաշնակցության «Ալիք» թերթի գնահատմամբ «Հայոց վշտերի անմահ երգիչ» Ավետիս Ահարոնյանը խոնարհվեր թուրքական սուլթանի առջև և երախտագիություն հայտնել Հայաստանին անկախություն շնորհելու համար»:

Չորրորդ. Հավանաբար հարգելի հեղինակն ու նրա նման մտածողները չգիտեն, որ այդ ժամանակ Ահարոնյանն ու Խատիսյանը համաձայնվել են ու ընդունել են Էնվերի առաջարկությունը՝ Հայաստանը մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ կոնֆեդերացիայի մեջ:
Իրենք, Ահարոնյանն ու Խատիսյանը գիտեին, թե ինչպիսի քստմնելի, դավաճանության հավասար արարք են կատարել, որ վարչապետ Հովհաննես Քաջազնունուն գրած նամակում հայտնելով կոնֆեդերացիայի մեջ մտնելու մասին, Խատիսյանը խնդրել է այդ մասին առայժմ գաղտնի պահել:
Բարեբախտաբար 1918թ. հոկտեմբերի վերջին Մուդրոսի դաշնագրով Թուրքիան ընդունել է իր պարտությունը և դրա շնորհիվ կոնֆեդերացիայի ստեղծումը չի իրականացվել:

Հինգերորդ. 2015թ. Փարիզում Հրանտ Դինքի դպրոցի սրահում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ես իմ ելույթում պատմեցի վերոհիշյալ փաստի մասին և ասացի, թե դաշնակցության բախտը բերել է, որ այդ կոնֆեդերացիան չի կազմակերպվել, և դաշնակցության պատմության մեջ մի սև էջ ևս չի ավելացել:
Ընդմիջման ժամանակ ինձ մոտեցավ մոտ 65-70 տարեկան մեկը և ասաց, որ ինձ հետ համաձայն չէ: Հետո ավելացրեց, որ ոչ թե դաշնակցության բախտն է բերել, այլ հայ ժողովրդի և ասաց. «Իսկ մենք նրանց աստվածացրել ենք» ու ափսոսանքի ժպիտը դեմքին հեռացավ:

Վեցերորդ. Մի՞թե այդ «պետականութեան ու անկախութեան կերտիչները» արժանի են հարգանքի 1920թ. դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքած պայմանագրի, քեմալական Թուրքիայի թելադրանքով 1921թ. փետրվարյան արկածախնդրությունը կազմակերպելու համար:
Կարելի է այս փաստերի շարքը շարունակել, փաստեր, որոնք բացահայտում են դաշնակցության, մեղմ ասած, թույլ տված սխալների հետևանքով հայ ժողովրդին պատճառած բազում դժբախտություններ:
Վերն ասվածը միայն հենված են իրական փաստերի վրա, որոնց մասին հարկավոր չէ լռել: Հարկավոր է հիշել դրանք հենց միայն թույլ տված սխալները չկրկնելու համար:
Հարգելի հեղինակը կռիվ է հայտարարել «ստախոսների» դեմ, բայց ինքը կատարում է նույնը՝ բոլշևիկներին ներկայացնելով հայ ժողովրդի թշնամիներ:
Դարձյալ պատմական էքսկուրս:

Առաջին. 1920թ. վերջին բոլշևիկները ստացան ավերված ու քայքայված, որբերով լցված ու 9 հազար քառակուսի կիլոմետրի վրա կուչ եկած 720 հազար բնակչությամբ ու համատարած անգրագիտությամբ Հայաստան:
1990 թ. բոլշևիկները հեռացան, թողնելով 30 հազար քառակուսի կիլոմետր տարածությամբ, մոտ 4 միլիոն բնակչությամբ, զարգացած արդյունաբերության բազմաթիվ ճյուղերով, գյուղատնտեսությամբ, աներևակայելի չափերով զարգացած գիտությամբ, մշակույթով, կրթությամբ, դպրոցների և բարձրագույն ուսունական հաստատությունների լայն ցանցով, առողջապահությամբ, շեն ու ծաղկուն քաղաքներով և բնակավայրերով, համայն հայության համախմբման կենտրոն դարձած Հայաստան:
Սովետական Հայաստանի նկատմամբ միայն մթագնած գիտակցություն ունեցողը չի տեսնում 1920-1990թթ. կատարված վիթխարի առաջաընթացը, որն արտասահմանյան մեր շատ հայրենակիցներ իրավամբ համարում են հայ ժողովրդի պատմության մեջ եղած իսկական ոսկե դար:

Այժմ անդրադառնամ հարգելի հեղինակի մյուս հոդվածին:
1. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և, մենք Հայաստանում սերնդե-սերունդ ապրողներս շատ լավ գիտենք այդ դաշինքի նշանակությունն ու կարևորությունը:
Հոդվածի հեղինակը, եթե, իսկապես, անկեղծորեն մտահոգված է Հայաստանի ու այնտեղ ապրող հայ ժողովրդի անվտանգության մասին, ապա ուղղակի պարտավոր է տարրական զսպվածություն ունենալ և թույլ չտալ անվայելոչ արտահայտություններ ու գնահատականներ մեր դարավոր դաշնակցի ու բարեկամ երկրի հասցեին:
Կրկնում եմ՝ եթե հեղինակը անկեղծորեն մտահոգված է: Իսկ եթե ոչ, ապա նրա արտահայտած գնհատականները համարում ենք մեր ժողովրդի թշնամիների խոհանոցում թխված հերթական հերյուրանքի կրկնություն, որի նկատմամբ հահ ժողովուրդը վաղուց ձևավորել է իր վերաբերմունքը:

2. Եվ այնուհետև, հեղինակը գրում է, թե Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից առաջին ամենաշատ դժգոհողը Ռուսաստանն է:
Կարո՞ղ է նա ցույց տալ որևէ տեղ Ռուսաստանի ղեկավարության որևէ հայտարարություն կամ որևէ ակնարկ այդ մասին:
Իհարկե, այստեղ հասկանալի է հեղինակի մտադրությունը: Նա կամեցել է մի կրակոցով երկու նապաստակ խփել; Նախ, նա կասկածանքի տակ է դրել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների իմաստն ու նպատակը և, երկրորդ, դժգոհություն ստեղծել Ռուսաստանի նկատմամբ:

3. Հավանաբար հեղինակն անպայման գիտե, որ պետությունների միջև պայմանագրերը կնքվում են փոխադարձ շահավետությամբ:
Ռուսաստանի հետ Հայաստանի կնքած բոլոր պայմանագրերը կառուցված են այդ հիմքի վրա:
Մի պատմական էքսկուրս.
Ա. 1780-ական թվականներին հեռավոր Մադրաս քաղաքում Շահամիր Շահամիրյանն ու Մովսես Բաղրամյանը, երբ նախատեսում էին Ռուսաստանի հովանավորությամբ վերականգնել Հայաստանի անկախությունը, պարտադիր էին համարել մահմեդական շրջապատից ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար Հայաստանում ռուսական զորքի գոյությունը:

Բ. 1770-ական թվականներին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմից հետո Եկատերինա Երկրորդ կայսրուհու գիտությամբ Հովհաննես Լազարյանը և Հովսեփ Արղությանը, հայկական ծագում ունեցող ռուս նշանավոր զորահրամանատար Սուվորովի և իշխան Պոտյոմկինի հետ կազմել են հայ և ռուս ժողովուրդների միջև դաշինքի նախագիծ, որով նախատեսվել էր Ռուսաստանի օգնությամբ վերականգնել հայկական թագավորությունը և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար Հայաստանում ռուսական զորք պահել:
Մենք՝ Հայաստանի բնակիչների մեծագույն մասը կողմ ենք ռուսական զորքերի ներկայությանը և գիտենք դրա նշանակությունը մեզ համար:
Այսօր էլ հրամայական է հնչում հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի պատգամը՝ Հայաստանի սահմանին կանգնած մեկ ռուս զինվորն արժե հազար Վիլսոն ու եվրոպական մյուս պետությունների ղեկավարները:
Այնպես որ, հեղինակը որևէ նորություն չի ասում, այլ միայն կրկնում է մի փոքր խմբի տեսակետը, որը չի բխում հայ ժողովրդի անվտանգության շահերից:

4. Հեղինակը Ռուսաստանին մեղադրում է այն բանի համար, որ «Օսմանեասն կայսրութեան դէմ երեք անգամ պատերազմացաւ, երեք անգամ հայերը քաշեց տարաւ պատերազմի դաշտ, ու երեք անգամ ալ հայերը առանձին լքեց օսմանցիներուն դէմ՝ ռազմաճակատէն հեռանալէն ետոյ…»:
Մեղմ ասած, հեղինակը լավ չգիտե պատմությունը կամ էլ գիտակցաբար խեղաթյուրում է իրականությունը:
Դարձյալ դիմենք պատմական էքսկուրսի:
1499թ. սկսած, մինչև 1914թ. Ռուսաստանը 12 անգամ պատերազմ է մղել օսմանյան Թուրքիայի դեմ:
Հեղինակը նկատի է ունեցել 19-րդ դարի ընթացքում Ռուսաստանի մղած չորս պատերազմները՝ 1806-1812թթ, 1828-1829թթ. 1853-1856թթ և 1877-1878թթ. պատերազմները:
Այդ բոլոր պատերազմների ժամանակ հայերը կամավոր մասնակցել են ռազմական գործողություններին և իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել են ռուսական զորքերին:
Իսկ ինչո՞ւ են ռուսական զորքերը հեռացել գրաված տարածքներիվց:
Եթե հեղինակը չգիտե այդ մասին, ապա կարող եմ հիշեցնել հետևյալը;
Ամեն անգամ ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանի գրաված տարածքներից իր զորքերը հեռացրել է բացառապես եվրոպական խոշոր տերությունների ճնշմամբ, ընդհուպ պատերազմ սկսելու սպառնալիքով:
Եվ հեռացող ռուսական զորքին միացել են նաև հայերը, որոնք գերադասել են տեղափոխվել Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստան, քան մնալ օսմանյան ճնշման տակ:

Իմ նախնիները նույնպես 1829թ. Արևելյան Հայաստան են գաղթել Էրզրումից: Մեր գերդաստանի սերնդից սերունդ փոխանցվում է հետևյալ դեպքը: Երբ գաղթականների խումբը ռուս զինվորների ուղեկցությամբ հասել են մի վարարած գետի, մերոնք շվաչած կանգնել են, իրենք լողալ չգիտեն, հետևապես երեխաներին էլ չեն կարող անցկացնել:
Բայց նաև սպասել չէին կարող, քանի որ թուրքական խուժանը հետևում էր, պատրաստ հարձակվելու և թալանի համար:
Ուղեկցող ռուս զինվորները նախ երեխաներին գրկած, անցկացրել են գետի անվտանգ ափ, հետո օգնել կանանց ու ծերերին:
Այդ ժամանակից ի վեր, մեր գերդաստանում ավանդույթ է եղել ռուս զինվորներին երախտագիտությունն արտահայտել նոր ծնված երեխաներին նաև տալ ռուսի անուն:
Որքան ինձ հայտնի է, այսպիսի երախտագիտական ավանդույթ պահպանվել է նաև շատ այլ գերդաստաններում:
Ինձ հայտնի նաև մեկ այլ բնութի պատմություն: Հարենական մեծ պատերազմի ժամանակ մարտերից մեկում մի հայ զինվոր ծանր վիրավորվել է: Ռուս ընկերը նրան մի կերպ սողալով հանել է մարադաշտից, հետո շալակելով հասցրել է մի քանի կիլոմետր հեռու գտնվող դաշտային հոսպիտալ:
Ծանր վիրավորված հայ մարտիկը հենց հոսպիտալում երդվել է, խոստանալով, եթե կենդանի մնա ու տուն վերադառնա և ամուսնանա, ապա իր տղային կանվանի իր փրկարարի անունով:
Այդպես է եղել է: Ծնված առաջին որդուն տվել է իր փրկարարի անունը:
1990-ական թվականներին սկսված շարժման ազդեցությամբ սյդ տղան, խախտելով իր հոր տված երդումը, փոխել է իր անունը հայկական անունով:
Եվ հիմա, բոլոր նրանք, ովքեր գիտեն այդ պատմությունը, հարգանքով չեն վերաբերում նրա անվանափոխությանը: Այսպես էլ է լինում:

5. Հեղինակը մեղասրում է Ռուսաստանին 1903թ. հայկական դպրոցները փակելու և եկեղեցական գույքը բռնագրավելու համար:
Նորից պատմական էքսկուրս:
Նախ, այն մասին, թե ինչու են փակվել հայկական դպրոցները: Արևելյան Հայաստանում եղած դպրոցները չնչին բացառությամբ ծխական դպրոցներ էին, որտեղ երեխաները սովորում էին միայն գրել կարդալ, թվաբանական չորս գործողություն և կրոն:
Հայաստան էր հասել երկաթուղին, որի շնորհիվ երևացել են հիմնականում գյուղատնտեսական հումքի ու բամբակի վերամշակման արտադրության առաջին գործարանները:
Երկաթուղու անխափան շահագործումը, մանավանդ, որ կառուցվել էր արդեն Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին, արդյունաբերական ձեռնարկությունները պահանջում էին ունենալ որակյալ բանվորներ, մասնագետներ:
Իսկ տերթողիկյան ծխական դպրոցերը դրա համար պիտանի չէին: Հարկավոր էր ունենալ այնպիսի դպրոցներ, որտեղ ուսուցվեին մաթեմատիկա, ֆիզիկա, երկրաչափություն, քիմիա, նաև բնագիտական այլ առարկաներ: Ժամանակը չէր սպասում: Արդյունաբերության զարգացումը պահանջում էր արագություն: Հարկավոր էր ստեղծել ռեալական ուսումնարաններ: Իսկ հայ եկեղեցին հասկանալի պատճառներով դեմ էր դրան և դիմադրում էր կրթության նոր համակարգ մտցնելուն:
Ցարական իշխանությունները խնդիրը լուծելու համար դիմել են ծայրահեղ քայլի՝ ծխական դպրոցները փակելու միջոցին:
Հանրահայտ է, որ սոցիալ-դեմոկրատները. դաշնակները, հնչակյանները, էսէռները և այլոք պայքարում էին ցարական իշխանության դեմ: Հեց այդ կուսակցությունները, առանձնապես դաշնակցությունը, բնակչության մեջ իրենց կողմնակիցների թիվն ավելացնելու նպատակով, եռանդով սկսեցին պայքարել հայկական դպրոցները պահպանելու համար:
Եթե հարգելի հեղինակն իր հոդվածում նորից չկրկներ անցյալից մնացած վերոհիշյալ տեսակետը և պատմությունից մի քիչ տեղյակ լիներ, ապա հարություն չէր տա վաղուց այլևս արժեք չունեցող փաստին:
Ինչ վերաբերում է եկեղեցու կալվածքների բռնագրավմանը, ապա դրա համար ավելի շատ ուրախ են եղել վանքապատկան գյուղացիները, որոնք ազատվում էին եկեղեցուն ծանր հարկեր վճարելու բեռից:
Մատենադարանում պահվող հայ եկեղեցու սինոդի գործերում հետաքրքրվողը կգտնի վանքապատկան գյուղացիների աղետալի վիճակի մասին բազմաթիվ վկայություններ:

6. Հոդվածի հեղինակը Ռուսաստանին մեղադրում է 1905թ, տեղի ունեցած հայ-թաթարական ընդհարումների համար:
Նորից պատմական էքսկուրս: Գոյություն չունի որևէ հավաստի փաստ, որ հայ-թաթարական ընդհարումները կազմակերպել են ցարական իշխանությունները:
Բայց դրա փոխարեն, 1905թ. հրատարակված սոցիալ-դեմոկրատների, դաշնակների, հնչակյանների մամուլի էջերը, տարածած թռուցիկները լցված են ցարական իշխանություններին մեղադրելու նյութերով: Եվ դա արվում էր դարձյալ վերոհիշյալ նպատակով: Մոսկվայի կենտրոնական արխիվում պահվում են ցարական գաղտնի ծառայությունների, ինչպես նա գլխավոր շտաբի հետախուզական գործակալների բազմաթիվ զեկուցագրեր այն մասին, որ թուրքական գործակալները Կովկասի թաթար բնակչության մեջ տանում են հակառուսական քարոզչություն:
Այս իրողությունից էլ ելնելով ցարական Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը ձեռնտու էր Կովկասում հանգստության պահպանումը: Հենց Կովկասի փոխարքայի գիտությամբ էր, որ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը սպիտակ դրոշով շրջում էր հայ և թաթար բնակավայրերով և քարոզում էր հաշտություն ու խաղաղություն:

7. Հեղինակը Ռուսաստանին մեղադրում է այն բանում, որ «Հալածանք սկսած էր գաղտնաբար Թրքահայաստան զէնք տանող հայ յեղափոխականներուն դէմ…»:
Ներեցեք, այս ինչ երեխայական մտածողություն է: Պետական սահմանը հենց պետական է կոչվում, որպեսզի որևէ մեկը չփորձի խախտել: Եվ ամեն մի պետություն, այնպես էլ Ռուսաստանը պահում էր իր սահմանը և պատժում խախտողներին:
Իսկ ըստ մեր հեղինակի, պետք է Ռուսաստանը հաշվի առներ, որ այդ հեղափոխականները դաշնակցական էին, պետք է լինեին առաջին հանրապետության ղեկավարներ ու նրանց չպատժեր:

Մեր հարգելի հեղինակն իր այսպիսի պնդմամբ մի՞թե գաղափար չունի պետական սահման ասվածի մասին, թե դրանով ուզեցրել է ավելի խտացված գույներով ներկայացնել Ռուսաստանին վերագրվող մեղքը:
Բայց անցնենք առաջ:

8. Հեղինակը Ռուսաստանին մեղադրում է այն բանի համար, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «Արևմտահայաստանը գրաւելէ ետք, հայ բնակչութիւնը բազմաթիւ անգամներ առանձին թողեց օսմանեան բանակին առջեւ, ազատագրած տարածքներէն շարունակաբար նահանջելով ու վերադիրքաւորելով, տեղատւութեան եւ մակըթացութեան խաղեր խաղալով»:
Պարզվում է, մեր հեղինակը ոչ մի գաղափար չունի պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների մշակման, կազմակերպման մասին, չգիտե, թէ որ դեպքում են բանակները նահանջում և այլն: Այդ ամենը կապված է պատերազմի թելադրած պայմաններից և ոչ թէ մեր հեղինակի նման թերի պատկերացումներից:
Մինչդեռ Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած գործողությունների մասին հրապարակի վրա են բազմաթիվ փաստաթղթերի ժողովածուներ, որոնց հեղինակը, եթե ծանոթանա շատ օգտակար կլինի իր համար: Այլապես իր չիմացած իրողությունների մասին անկատար դատողություններ անելու միջոցով անվայելուչ է Ռուսաստանին մեղադրել:

9. Հեղինակը Ռուսաստանին մեղադրում է այն բանի համար, որ «Կարսը, Նախիջևանը, Արցախը եւ այլ տարածքներ յանձնեց թուրքերուն»:
Նորից պատմական էքսկուրսին դիմենք:
Հայկական պետականության կորստից ի վեր, շուրջ 500 տարի հայերն ապրելով Հայաստանում, սակայն, իրենց հայրենիքի տերը չեն եղել:
1828թ. վիճակով Երևանի և Նախիջևանի խանությունների տարածքում հայերի թիվը եղել է ընդամենը 25 հազար մարդ: Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներից հետո կնքված պայմանագրերով Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական բնակավայրերից գաղթած հայերի հաշվին Արևելյան Հայաստանում հայ բնակչությունն աճել է մինչև 100 հազար մարդու:
Իհարկե, Կարսը նույնպես հակական քաղաք էր, բայց հայերին չէր պատկանում:
1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան-Ստեֆանոյի և ապա Բեռլինի պայմանագրերով սուլթանական Թուրքիան Ռուսաստանին վճարելու էր հսկայական գումարով ռազմատուգանք:
Սուլթանի գանձարանը դատարկվելու էր, եթե այդ պահանջված ռազմատուգանքը վճարվեր:
Այդ պատճառով էլ սուլթանը քննարկում էր ռազմատուգանքի փոխարեն Ռուսաստանին որոշակի տարածք տալու հարցը:
Թուրքական պառլամենտի հայ պատգամավորները սուլթանին խնդրում էին Արևմտյան Հայաստանի տարածքներից որևէ հողամաս չզիջել Ռուսաստանին:
Բայց սուլթանը չի լսել նրանց աղաչանքը և ռազմատուգանքի փոխարեն Կարսն ու Արդահանը հանձնել է Ռուսաստանին՝ որպես սեփականություն:
Այնպես որ դե յուրե Կարսը և Արդահանը ճանաչվել են որպես Ռուսաստանի սեփականություն: Այսինքն, Ռուսաստանը կարող էր այդ տարածքների նկատմամբ վարվել այնպես, ինչպես իր սեփականության հետ և ավելորդ է անընդհատ խոսել այն մասին, թե Ռուսաստանը Կարսը տվել է թուրքերին:
Բայց իրականում Ռուսաստանը Կարսը ստանալուց հետո, երբեք չի հանձնել թուրքերին:
Ի գիտություն հեղինակի ու նրա գրվածքին հավատացողների, հիշեցնեմ հետևյալ փաստը:
1877թ. վերջին հայազգի Միքայել Լորիս-Մելիքովին հաջողվել է մի քանի գրոհ ձեռնարկելով գրավել ուժեղ ամրացված Կարսի ամրոցը:
Նվաճված Կարսի պաշտպանության հրամանատար թուրքական փաշան Կարսի դարպասների մոտ դիմավորել է Լորիս-Մելիքովին և նրան է հանձնել Կարսի ամրոցի բանալիները:
Ընդունելով բանալիները Լորիս-Մելիքովը ցույց տվել ամրոցի պատերի տակ թափված ՝թուրք զինվորների դիակները և ասել է. «Եթե Կարսը պետք է հանձնեիք, ապա արժեր այսքան մարդ զոհել»:
Թուրք փաշան պատասխանել է. «Կարսն այնպիսի ամուր ամրոց է, որ չէր կարելի առանց ուժեղ դիմադրության հանձնել ձեզ»:
Այս օրինակը բերեցի, որպեսզի մեր հեղինակին հիշեցնեմ հետևյալը:
1918թ. Կարսի ամրոցն ուներ հզոր հրետանի, կուտակված էր հսկայական քանակությամբ զենք, զինազմթերք, պարեն, բժշկական միջոցներ, որոնցով զինված
Կարսի կայազորը ոչ միայն կարող էր Կարսը պահել, այլև գյխովին ջարդել Վեհիբ փաշայի հրամանատարությամբ գործող թուրքական բանակին:
Սակայն, դաշնակցության կողմից ղեկավարվող հայոց ազգային խորհուրդը լռությամբ համաձայնվել է վրացի մենշիկների պահանջին և հայկական կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկյանին հանձնարարել է՝ առանց կռվի հեռանալ Կարսից, այնտեղ ամբողջ զենքն ու զինազմթերքը պարենի հետ միասին թողնել թուրքերին:
Երկրորդ անգամ Հայաստանի հանրապետության դաշնակցական կառավարության կամքով , 1920թ. նոյեմբերին Կարսը հանձնվել է թուրքերին դարձյալ առանց որևէ դիմադրության:
Երկու դեպքում էլ Ռուսաստանը որևէ մասնակցություն չի ունեցել: Բայց Կարսն առանց դիմադրության թուրքերին հանձնողները պատասխանատվությունից խուսափելու համար շարունակաբար մեղադրում են Ռուսաստանին, թե ինչու նա Կարսը թուրքերից չի վերցրել ու չի նվիրել հայերին:

Հետաքրքիր է նաև Ղարաբաղի հարցը: Նրանք, ովքեր այս հարցում մեղադրում են Ռուսաստանին, գիտակցաբար մոռացության են տալիս հետևյալը: 1919թ. նոյեմբերին Հայաստանի հանրապետության վարչապետ Խատիսյանը և Ադրբեջանի հանրապետության վարչապետ Ուսուբբեկովը անգլիական գեներալ Ուոկերի թելադրանքով ստորագրել են մի պայմանագիր, որով Հայաստանի կառավարությունը համաձայնվել է ժամանակավորապես Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում:
Մեր հեղինակը կրկնում, է նրանց, ովքեր այս փաստը կոծկելով մեղադրում են Ռուսաստանին, թե ինչու Հայաստանի կառավարության կողմից զիջված Ղարաբաղը ետ չի վերցնում և չի վերադարձնում Հայաստանին:

Նախիջևանի հարցի մասին: 1921թ. մարտին, երբ սովետական Հայաստանի արտաքին գործերի ժողկոմ Ա. Բեկզադյանի մասնակցությամբ ընթանում էին ռուս-թուրքական բանակցությունները, Սովետական Ռուսաստանի կառավարությունը պնդել է Հայաստանի և Թուրքիայի սահմանը ճանաչել 1914թ. վիճակով:
Թուրքերը ձգձգում էին բանակցություններն այնքան ժամանակ, մինչև որ Երևանից ստացվել է Վրացյանի հեռագիրը:
Այդ հեռագրով Վրացյանը հայտնում էր, որ Հայաստանում տապալվել է սովետական իշխանությունը և վերականգնվել է այն կառավարությունը, որը Թուրքիայի հետ ստորագրել է Ալեքսանդրպոլի պայմանագիրը և հավատարիմ է մնում այդ պայմանագրի սկզբունքներին: Միաժամանակ Վրացյանը պահանջել է, որ Հայաստանում տապալված իշխանության ներկայացուցիչն իրավունք չունի Հայաստանի անունից մասնակցել բանակցություններին:
Թուրքական պատվիրակությունը, որը սպասում էր այդ հեռագրին. պահանջել է Բեկզադյանին դուս հանել բանակցություններից:
Օգտվելով Վրացյանի հեռագրից թուրքերը մերժել են 1914թ. սահմանը վերականգնելը և դրել են 1877 թ. սահմանը վերականգնելու պահանջը:
Այսպիսի պայմաններում Սովետական Ռուսաստանը չէր կարող համաձայնվել Նախիջևանը, որտեղ հաստատված էր սովետական իշ;անություն, հանձնել իր նկատմամբ թշնամական դիրք բռնած Հայաստանի կառավարությանը:

Այսպիսին է դառը ճշմարտությունը: Եվ Ռուսաստանին մեղադրելուց առաջ, ինչպես ասում են, հարկավոր է լուսարձակի տակ պահել իսկական մեղավորներին:
Ինչպես վերոհիշյալ փաստերը, այնպես էլ հոդցածում արծարծված մյուս փաստերի վերաբերյալ իմ ձեռքի տակ ունեմ համապատասխան արխիվային փաստաթղթեր, որոմց մեծ մասը հրապարակվել են իմ աշխատությունների մեջ:

Խոսքս ավարտելուց առաջ կամենում եմ նշել, որ հեղինակի հոդվածում Ռուսաստանի մասին արտահայտած նշված այս և մյուս տեսակետները նորություն չեն, որ ժամանակ առժամանակ արտահայտում են դաշնակցության հին ու նոր գաղափարախոսները, որոնք այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ իրեց հացը վաղուց է քարտուացել և այևս օգտակար չէ:

Դատելով թերթի հաղորդած տեղեկությունից, հարգելի հեղինակը Կանադայում հանգիստ ապրելը թողել ու եկել է՝ Հայաստան:
Իհարկե ուրախալի է, որ այսօր արտասահմանից շատ ու շ՛ատ հայեր ստանում են հայկական անձնագիր, տեղափոխվում են Հայաստանում բնակվելու և իրենց մասնակցությունն են բերում մեր ընդհանուր Հայրենիքի վերաշինությանը շինարարության, բիզնեսի,արտադրության կազմակերպման, բժշկության, մշակույթի, գյուղատնտեսության և այլ բնագավառներում: Նրանցից շատերի հետ անձնապես ծանոթ եմ, շփվում տարբեր առիթներով:
Եվ նրանք, բոլորը լցված են լավատեսությամբ, Հայրենիքին անմնացորդ ծառայելու ձգտումով: Նրանց մոտ գերակշռում է որդիական պարտականության պատասխանատվությունը: Նրանց նշանաբանն է՝ բավական է ծառաել ենք օտար ափերում; Ժամանակն է աշխատենք մեր Հայրենիքի համար:
Եվ այսպես մտածողները վայելում են համընդհանուր հարգանք ու համակրանք:
Չեմ թաքցնում այս ամենի կողքին հանկարծ երևում է մեր հեղինակը, որը Հայաստան է վերադարձել ոչ այն նպատակով, ինչ որ մնացած բոլորը:
Նա, մեր հեղինակը կարծես իր առջև խնդիր է դրել՝ իր «Նամակներ երկրից» շարքով վնասել հայ ռուսական դաշինքին, ատելություն սերմանել մեր դաշնակից Ռուսաստանի նկատմամբ:
Իր հոդվածում արտահայտած մտքերը նա վերցրել է դաշնակցության խոհանոցից, որն ահա, 100 տարուց ավելի է, ինչ փորձքւմ է հայ ժողովրդի մեջից վերացնել ռուսասիրությունը:

Անշնորհակալ գործ է, պատմականորեն լիակատար կերպով մերժված: Դա է ապացուցում մեր անցած 300 տարվա պատմությունը:
Ինչ է շահել Հայաստանը գտնվելով Ռուսաստանի կազմում:
Նախ, ամենակարևորը: Գտնվելով Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանի հայ բնակչությունը խուսափել է Թուրքիայի տիրապետության տակ մնացած Արևմտյան Հայաստանին ու նրա ժողովրդին բաժին հասած ողբերգական ճակատագրից, չի ենթարկվել ցեղասպանության:
Գտնվելով Ռուսաստանի կազմում Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգային համախմբման կենտրոն:
Իսկ սովետական իշխանության տարիներին գտնվելով Սովետական Միության կազմում Հայաստանը ձեռք է բերել մեր պատմության մեջ չտեսնված վիթխարի հաջողություններ կյանքի բոլոր ասպարեզներում՝ մշակույթի, արվեստի, գիտության կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ասպարեզներում:
Հայ ժողովրդի մեծագույն զավակները եղել են համոզված հարենասերներ, բայց և հասկացել են Ռուսաստանի դերը մեր ճակատագրում:

Մեծն Կոմիտասը 1912թ. Արշակ Չոպանյանին ուղարկած նամակում համոզված գրել է՝ Առանց Ռուսիայի չկա փրկություն:
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը գրել է. «Ով ելել է Ռուսաստանի հաջողության դեմ, նա ելել է Հայկական հարցի հաջողության դեմ»:
Մեր ժամանակակից սփյուռքում ապրող ազգային և հասարակական գործիչ Նազարեթ Սրմաքեշյանը Ռուսաստանին համարում է հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ և զինակից ու պահանջում է ՝ չդավել Ռուսիային:
Լսում եք, դուք, մեր հեղինակ և նրա նման մտածողներ՝ մի դավեք Ռուսիային, եթե ազնիվ մոլորյալներ եք: Եթե ոչ՝ ապա պատմականորեն դատապարտված են Ռուսաստանի նկատմամբ ատելություն սերմանողները՝ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր ու ապագայում:

Սա ցույց է տալիս պատմական զարգացման ամբողջ ընթացքը:
Եվ վերջում մի խորհուրդ հեղինակին: Հետևել մի ժամանակ դաշնակցության անդամ եղած հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի օրինակին: Նա գրել է հետևյալը. «Էլ դաշնակ չենք: Հիմա ի՞նչ եղանք-դարձանք հայ»:

Վլադիմիր Պետրոսյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
01.07.2019, Երևան

Հ.Գ. Մեծարգո խմբագիր.
Տարիներ առաջ մեծարգո Հովհաննես Չիլինկիրյանը ինձ համար բաժանորդագրել էր Ձեր „ Նոր յառաջ>> լրագիրը և մի քանի տարի հնարավորություն եմ ունեցել կարդալ:
Որքան ինձ հայտնի է, Եվրոպայում հրատարակվող միակ հայերեն թերթը Ձեր «Նոր յառաջ»-նէ:

Մի քանի օր առաջ Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցներից մեկն իր գոհունակությունը հայտնեց Ձեր թերթի կապակցությամբ:
Ուրեմն, խնդրում եմ, իմ հոդվածն ընդունեք Ձեր շատ ընթերցողների նկատմամբ որպես հարգանքի նշան: Այլապես, ավելորդ կհամարեի Պ. Տուտագլյանի գրվածքներին ուշադրություն դարձնելը:

Վ. Պ.

 

Լուսանկարներ՝ հեշինակների ՖԲ-յան էջից:

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert