Ես մոլորվել եմ
Աշխարհամիջյան ճամփաբաժանի
Խաչուղիներում,
Գծված-չգծված այս սահմանների
Անմտության մեջ,
Գրված-չգրված օրենքներում սին,
Ուր թլպատվում է
Ոգին մարդկային…

Ես մոլորվել եմ
Հնի ու նորի անվերջ պայքարում,
Ուր ամեն մի նոր
Կրկնությունն է ծպտված հնի
Ու նրա թողած ոտնահետքերից
Քարանձավային նույն բույրն է գալիս…

Ես մոլորվել եմ
Կեղծ կրոնների իրար բզկտող
Քարոզների մեջ,
Սեփական հոգին վաճառքի հանած,
Սեփական մեղքը գառան արյունով
Լվանալ փորձող հավատացյալի
Աղոթքների մեջ…
Մեծարգո տերե՛ր,
Դուք, որ դարերով
Մատաղացուով ձեր փորն եք լցրել
Ու դեռ ավելին՝
Աստվածահաճո գործ եք համարել…
Իսկ դուք փորձե՞լ եք
Երբեմն, գոնե, մորթելուց առաջ
Գառան վախվորած աչքերին նայել…
Չէ՜, ի սե՜ր Աստծո,
Տարեք ձեր բեռը ձեր իսկ ուսերին…
Միայն թե հիշե՛ք.
Ձեր երազներում,
Ձեր վերջին պահին
Այցի են գալու թևավոր դևեր…
Իսկ իմ երգերում…
Իսկ ի՛մ երգերում
Աղավնիներ են ճախրում դեպի վեր…

Ես մոլորվել եմ…
Ա՜խ, այս գարունն էլ
Ինչո՞ւ չի գալիս,
Թեպետ ասում են՝
Ինչ-որ տեղ՝ հեռվում,
Մանուշակներ է վաղո՜ւց
Շաղ տալիս…

SASH/2019

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert