Սույն թվականի հուլիսի 5-ին «Նոր Խոսք» կայքէջում հրապարակվել էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆերսոր Վլադիմիր Պետրոսյանի մեկնաբանությունները «Նոր Յառաչ» լրագրի թղթակից Րաֆֆի Դուդագլեանի երկու հոդվածների վերաբերյալ:
Վլադիմիր Պետրոսյանը, լինելով պատմաբան, իր մեկնաբանություններում խոսել է փաստերի լեզվով՝ ինչպես լուրջ պատմաբանին է հարիր: Ցավոք մեր գործընկեր հարգելի լրագրող Րաֆֆի Դուդագլեանը ո՛չ «Նոր Յառաջ»-ում հրատարակված իր երկու գրություններում, ո՛չ էլ ի պատասխան Վլադիմիր Պետրոսյանի իր ՖԲ-յան էջում հղման մեջ է փաստերով խոսում ու փորձում այդ փաստերը առարկել կամ իր տեսակետը հիմնավորել, այլ պարզապես լրագրողին ոչ հարիր պահվածքով՝ հեգնանքով է մոտեցում ցուցաբերում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի նկատմամբ՝ անվանելով նրան «ոմն պատմական գիտութիւններու դոկտոր…». ի դեպ՝ Պրոֆեսորին հեգնող լրագրողը իր «ոմն պատմական գիտություններու դոկտոր» արտահայտությամբ, ամբողջ «պատմական գիտությունն» է հեգնում:
Նախ հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարելի է, չճանաչելով մի գիտնականի, նրան «ոմն» անվանել: «Պրոֆեսորական» տիտղոսն արդեն իսկ ամեն ինչ նրա մասին ասում է, անգամ եթե անծանոթ լինել այդ անձնավորության մտքին կամ իրեն անձամբ:
Մեզանից շատերը շատ գիտնականների չենք տեսել, անձամբ չենք ճանաչել, սակայն նրանց ճանաչում ենք իրենց արտահայտած մտքերի և գիտական աշխատանքների միջոցով:
Հարգելի Րաֆֆի Դուդագլեանը, բոլորովին անծանոթ լինելով Վ. Պետրոսյանի ամբողջական մտքին, նրան մերժում է ոչ թե փաստերով, այլ՝ «ոմն»-ի հեգնանքով. ասել է, թե. «էտ ինչ գիտնական է որ ինձ նման լրագրողին, անգամ պատմությունից հեռու մարդուն, բան սովորեցնի»:
Հարգելի Ր. Դուդագլեանը, շարունակելով իր խոսքը, առանց որևէ հիմնավորման մերժում է Վ. Պետրոսյանի նման ընդդիմախոսին և ասում է. «Մենք արժեհամակարգերով եւ էութեամբ տարբեր ենք իրարմէ»: Հարգելի լրագրողը մոռանում է, որ ինքը բազմակուսակցական, ազատական համակարգի համախոհն է և այդ համակարգում պետք է որ լինեն տարբեր արժեհամակարգի կրողներ և տեսակետների տեր մարդիկ, կուսակցություններ և կազմակերպություններ: Հարց է առաջանում, եթե պարոն Րաֆֆի Դուդագլեանը իշխանության ղեկն իր ձեռքն առներ, ինչպե՞ս էր վերբերվելու իր ընդդիմախոսների հետ: Արդյոք բոլորին մերժելո՞ւ էր, արգելելու և բանտե՞ր լցնել կամ գնդակահարելո՞ւ էր:
Ավելի սարսափելին այն է, որ Հարգելի Լրագրողը մերժելով ու բանտեր նստեցնելով էլ չի բավարարվում, ցանկանում է ընդդիմախոսին «քէօքէն» արմատախիլ» անել:
Հաջորդ հարցն է առաջանում. Եթե արդարև խիստ քննադատության է ենթարկվում «37 թիվը», որ այդ թվին ընդդիմախոսները, բուրժուական գաղափարակիրները, իդեալիստները հալածվել են, բա ինչպես հասկանալ պարոն Րաֆֆի Դուդագլեանի և 37 թվականի անհանդուրժողականության տարբերությունը. Նույն մտածելակերպը չէ՞ «քէօքէն արմատախիլ» անելը:
Բնավ նպատակ չունեմ Պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի առաջ քաշած պատմական դրույթները հաստատել կամ այդ փաստերի մասին խոսել, դա լրիվ այլ խնդիր է: Սակայն ցանկանում եմ միայն հուշել, որ չի կարելի մարդկանց հետ խոսել այն լեզվով ու ոճով, որով չես ցանկանա, որ քեզ հետ խոսեն: Չի՛ կարելի ստալինաբար «Ստալին» քննադատել:
Այն ինչ հայոց պատմությանն է վերաբերում, նամանավանդ այն իրադարձություններին, որոնք վերջին 150 տարիների ընթացքում են տեղի ունեցել, կարիք ունի պատմագիտական լուրջ վերանայման, բազմակողմանի ուսումնասիրման և հստակեցման: Մի խոսքով այն, ինչ այսօր որպես «հայոց պատմություն» է հրամցվում, զուտ կուսակցական քարոզչություն է և ոչ մի առնչություն չունի գիտական փաստերի վրա կառուցված ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ հետ: Դա իհարկե ոչ թե մեր՝ լրագրողներիս գործն է, այլ պատմության գիտությունների դոկտոր պրոֆեսորների համատեղ քննարկման և ձևակերպման անաչառ աշխատանքին է, որը հույս ունենք, որ տեղի կունենա և մենք բոլորս կառնչվենք իրական և իսկական պատմության հետ, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական դիտանկյունից հարմարեցված խմբագրության:
Երվանդ Խոսրովյան
Գերմանիա, 07 հուլիս 2019 թ.
———————————————————————————–
Պարոն Րաֆֆի Դուդագլեանըի գրառումը ամբողջությամբ տե՛ս ստորև.