ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑԻ մահվան 111-րդ տարելիցի առթիվ (19 հունվար 1886- 5 հուլիս 1908)
ԱՐԵՎԻՆ
Հարավի մեղմ ու լիաշունչ հովին հետ,
որ վաղուց երազված համբույրի մը պես,
իմ սիրակարոտ հոգիս հեշտանքով կը լիացնե,
շողա՛, ո՜վ արև, շառափներովդ ոսկեծայր,
մառախլապատ Երկունքիս մեջ`
ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար,
շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…։
Պատուհանիս հեղուկ ծոցին մեջ ինկած խելահեղ,
միջօրեի հեշտադալար ու բոցակապ երազին գիրկը,
թևատարած կըսպասե՜մ.
պլլե՜ զիս բոցեղեն ցանցերուդ մեջ,
ու օրորե՜ ջերմագին
ու կիզանուտ համբույրիդ տակ
թող հոգվույս մեջեն անցնին կարգավ
մանուկներն ընդարմացած:
Մինչև որ
կանգնիմ նորեն ու անցնի՜մ դարձյալ
տարփանքիս խանդաղատ ճամբաներեն:
Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՛…
հոգիս թռչնիկ մըն է,
օդ ու լույսի, երգ ու ծիծաղի կարոտ,
բայց երգը, որ իր ալուցքեն կը թռչի,
անտես ու ստվերոտ սանդուխներու վրա
կ’իյնա շնչահեղձ:
Շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…
Ճառագայթող գոլիդ մեջ հեշտագրգիռ,
մինչ կը խժա տարօրինակ, խոլ պարը զամբուռներուն`
հուրքե՛դ գինովցած`
ու, մինչ թուփ ու ծաղիկ ծարավեն կը մարմըրին,
ես կ’ըմբոշխնեմ խտղտանքն անանուն` երջանիկ տիվանդորրիս
համրորեն ու գիտակից
գինովությամբ հեշտագին:
Քի՜չ մըն ալ դեռ,
ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…
Վերջին անգա՜մ մըն ալ,
դեռ իրիկո՜ւն չեղած,
ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած,
վերջին անգա՜մ մըն ալ
փարե հոգվույս խանդաբորբ ու կաթոգի՜ն,
հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՜…։
————————————————————————-
Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին, Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատ գետի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, իսկ մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կարջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկնում ուսման մեջ։
Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։
Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Նրա առաջին բանաստեղծությունը, որը գրվել է 1901թ. և մտնում է «Բաբախումներ» խորագրով տետրի մեջ, ունի «Մարմնի վերք, սրտի վերք» վերնագիրը: Բանաստեղծական այդ շարքը լույս չի տեսել: 1903 թվականից Մեծարենցի բանաստեղծություններն սկսում են տպագրվել Պոլսի հայ պարբերական մամուլում («Հանրագիտակ», «Ծաղիկ», «Մասիս» և այլն): Իր առաջին ոտանավորները Մեծարենցը տպագրում է Սիրանույշ Պերպերյան ստորագրությամբ: 1904թ. հանդես է գալիս Շավասպ Ծիածան կեղծանունով՝«Ծաղիկ» հանդեսում տպագրելով «Սիրո թափառումներ» և «Գիրկընդխառնում» բանաստեղծությունները: 1905թ.«Մասիսում» տպագրում է «Նոպաները» և «Իրիկվան դեմ» քերթվածները՝ վերջնականապես ընտրելով Միսաք Մեծարենց գրական անունը:1906 թ. Մեծարենցը կազմում և հրատարակության է հանձնում բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը պետք է լույս տեսներ «Ոսկի արիշին տակ» վերնագրով:Գրաքննությունն արգելում է այդ վերնագրով գիրք հրատարակել, և Մեծարենցը այն վերանվանում է «Ծիածան»:1907 թվականին լույս են տեսնում «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։
Հավելյալ տեղեկություններ տես՝ https://hy.wikipedia.org
Միսակ Մեծարենցի մասին տես նաև այստեղ՝ https://youtu.be/9zhnS6U_s2E