Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայկական սփյուռքի միայն 5 տոկոսն է մաս կազմում կամ ներգրավված հայկական կազմակերպություններում

Ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնություն» կազմակերպության համահիմնադիր Արսինե Շիրվանյանի հետ:

– Հարգելի´ Արսինե, խնդրում եմ պատմել Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության (Melkonian Global Overture) մասին. ե՞րբ է հիմնադրվել և ո՞րն է Նախաձեռնության առաջնահերթությունը:

– Մելքոնյան համաշխարհային նախաձեռնությունը (Melkonian Global Overture) հիմնադրվել է 2017 թվականին: Նախաձեռնության նպատակն է նորացված կենսագործունեությունը, ինչպես նաև պատմական և հեղինակավոր հաստատությունների ինքնակառավարման հաստատումը՝ վերանայելով իրենց գործառույթները 21-րդ դարում: Մենք հետաքրքրված ենք կրթական հաստատություններով, առհասարակ:

Մենք հավատում ենք, որ խելացի և համաշխարհայնացված հայ երիտասարդներ կրթելու ամենաուղիղ ճանապարհը՝  գործուն և ծաղկուն կրթական հաստատություններ ունենալն է: Մենք հավատում ենք, որ ուժեղ և կենսունակ Սփյուռքն ուժեղ և բարգավաճ Հայրենիքի գրավականն է: Իսկ ո՞րն է այդ ամենին հասնելու ավելի լավ ճանապարհը, իհարկե, հայ երիտասարդների համար լավագույն գլոբալ կրթություն ապահովելը:

Մենք ձգտում ենք գտնել նորարարական լուծումներ և անմիջապես արձագանքել ներկա մարտահրավերներին՝ գործընթացում ներգրավվելով և արտոնելով երիտասարդների մասնակցությունը:

Մենք հույս ունենք ծանոթանալ Սփյուռքի, ինչպես նաև Հայաստանի կրթական հաստատություններին, որոնք կարիք ունեն կատարելագործման և աշխուժացման: Մենք ցանկանում ենք ստեղծել համակարգված ռազմավարություն, որի միջոցով կկարողանանք նոր շունչ հաղորդել և վերականգնել նրանց ամբողջական գործառույթն ու կայունութունը:

Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության մոտեցումն է՝ ծանոթանալ/ճանաչել, վերանորոգել, վերականգնել:

Մելքոնյան համաշխարհային նախաձեռնությունն իր ծրագրերն իրականացնելիս ո՞ւմ հետ է գործակցում:

– Մենք դեռ երիտասարդ կազմակերպություն ենք, այդ պատճառով գործընկերային հարաբերությունների հաստատումը դեռ սաղմնային փուլում է:

Նախկինում համագործակցել ենք UCLA-ի, Գլենդելի միավորված շրջանի հանրային դպրոցների, Առաջնորդարանին կից գործող լոսանջելեսյան դպրոցների, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հետ:

Ձմռանը Դուք նախաձեռնել էիք «Ապրող սփյուռք» ձեռնարկը, որը ներառում էր հայերենին նվիրված հրապարակային քննարկում, Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի «Նարեկացի» հայագիտական ամբիոնի 50-ամյակին նվիրված միջոցառում և յուրահատուկ համերգային ծրագիր: Կխնդրեի ներկայացնել միջոցառման մանրամասները:

– Ձեռնարկի ընթացքում մենք վերստին հավատացինք կրթված և հզոր երիտասարդությանը, որը սիրում է հայոց լեզուն, մշակույթը և հայրենիքը:

Մենք միայն «Նարեկացի» հայագիտական ամբիոնի 50-ամյակը չնշեցինք, այլև հաջողեցինք տարբեր ավագ դպրոցների հարյուրավոր աշակերտների հնարավորություն տալ մաս կազմելու հայոց լեզվին, մշակույթին և ինքնությանը նվիրված քննարկումներին: Միջոցառմանը հրավիրված բանախոսներից էին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը:

Իսկ համերգային ծրագիրը երիտասարդներին հնարավորություն տվեց ծանոթանալու հայկական ավանդական և ժամանակակից երաժշտությանը:

– Հետաքրքիր խորագիր է՝ Ապրող սփյուռք. Ձեր կարծիքով Սփյուռքին ապրեցնելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայկական սփյուռքի միայն 5 տոկոսն է մաս կազմում կամ ներգրավված հայկական կազմակերպություններում: Այս ամենն ինձ խորհելու առիթ է տալիս. 95 տոկոսի մեջ ինչպե՞ս «ներարկել» հայկական ոգի, ինքնություն, լեզու և մշակույթ:

Ներկա ղեկավարներն առաջ են տանում այն կարծիքը, որ հայկական դպրոցները փակվում են Սփյուռքի արդի և համընդհանուր կարիքների պատճառով: Այնուամենայնիվ, մենք հավատում ենք, որ պետք է գտնել նոր ճանապարհներ, որոնց միջոցով երիտասարդների մեջ սեր կարթնացնենք հայոց լեզվի, մշակույթի և ինքնության հանդեպ:

Մենք կարիք ունենք օգնելու հայ երիտասարդներին՝ 21-րդ դարի չափանիշներին համահունչ՝ գտնելու իրենց երիտասարդությունը, ծաղկուն, երջանիկ և խելացի հայկական ինքնությունը:

– Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել Հայաստանում:

– Այս պահին մենք աշխատում ենք նախաձեռնել խորհրդաժողով, որի ընթացքում կքննարկենք այն մեթոդները, որոնց օգնությամբ մենք կկարողանանք երիտասարդների մեջ սեր արթնացնել հայոց լեզվի, մշակույթի և ինքնության հանդեպ:

Մենք քննարկելու ենք այն ուղիները, որոնց միջոցով կօգնենք հայ երիտասարդներին՝ 21-րդ դարի չափանիշներին համահունչ՝ գտնելու իրենց երիտասարդությունը, ծաղկուն, երջանիկ և խելացի հայկական ինքնությունը:

Մենք համագործակցելու ենք Երևանի համալսարանի ուսանողների և գիտնականների հետ՝ քննարկելու և ուսումնասիրելու աշխարհով մեկ սփռված հայկական դպրոցների մեթոդները և ծրագրերը:

Մենք ցանկանում ենք ներկայացնել դպրոցների մոդելներ, որոնք կվերակենդանացնեն հայկական կրթօջախները և կօգնեն նրանց շարունակելու իրենց անգնահատելի աշխատանքը:

– Եվ վերջին հարցը. «Մելքոնյան» կրթական հաստատությունը թեև այսօր իր գործունեությունը չի շարունակում, սակայն, գիտեմ, որ մելքոնյանցի բազմաթիվ սերունդներ շարունակում են կրթօջախն ապրեցնել իրենց հոգիներում: Դուք ի՞նչ եք ապրեցնում Ձեր հոգում:

– «Մելքոնյան» կրթական հաստատությունը շատ խոր արմատներ է ձգել, և նրա նշանակությունը կարելի է նույնականացնել է Հայոց ցեղասպանության հետ: Եթե մեր հիշողությունից ջնջենք «Մելքոնյան»-ը, մեր հիշողությունից կջնջենք նաև Հայոց պատմությունը:

Այս խնդիրը միայն կրթական հաստատության շրջանավարտներին չի վերաբերում, սա հարց է, որը վերաբերում է հայ ազգին և Հայաստանի կառավարությանը:

Կարծում եմ՝ «Մելքոնյան» կրթական հաստատությունը կարող է միջազգային դպրոցի օրինակ ծառայել՝ լինելով գերազնաց կրթության խորհրդանիշ, ինչպես նաև օրինակ, թե մենք ինչպես ենք հարգում և պահպանում մեր ավանդույթները, որոնք մեզ փոխանցել են առատաձեռն բարերարները:

Խոսքերս ուզում եմ եզրափակել հետևյալ զգացական տողերով.

«Մելքոնյան» կրթական հաստատության զարմանահրաշ շենքերը 1000 ոտնաչափ  խորություն ունեն, նրա արմատները տարածվում են ավելի լայն ու ավելի խոր, քան որևէ ծառ:

Իսկ նրա ստորին հատվածն արտացոլում է Հայոց ցեղասպանության նահատակների հավերժական դեմքերը:

Այդ շենքները պատմում են

Տառապանք և հրճվանք,

Վախ, բայց նաև հույս,

Անարդարություն, բայց նաև արդար խաղ:

Անապատում թափառող որբերից մեկի պատմությունը, որը հորիզոնում տեսնում է Ավետյաց երկրի աղոտ լույսը:

Մենք չպե´տք է հեռու փախչենք իրականությունից:

Մենք պետք է ընդունենք այն:

Պե´տք է վերահաստատենք մեր բարերարներին տված խոստումը:

Քանի որ այս կառույցները և Սփյուռքի բոլոր զարմանահրաշ գանձերը,

Մեզ ավելի ամո´ւր են դարձնում:

Այն մարմնավորո´ւմ է մեզ:

Այն պետք է ամրացնի´ մեզ:

Այն պատմում է հայրենասերների բազում պատմություններ:

Այն հայրենասիրության մի վառ օրինակ է՝ հասկանալու, թե որտեղ ենք եղել մենք:

Փոքրոգություն է, այդ ամենը մոռանալը:

Լուսինե Աբրահամյան

http://hayernaysor.am

бутон за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net