Որքան որ զարմանալի է, այնքան էլ մտահոգիչ ու վտանգավոր, որ վերջին ամիսներին, մենք վկան ենք մի քանի ոչ ոգևորիչ, ավելի շուտ, հիասթափեցնող, այո հիմնականում բացասական երևույթների դրսևորման Հայաստանում, որոնք զարգանալով և լուծում չստանալով, ոչ հեռավոր ապագայում, լարվածություն են ստեղծելու երկրում և լրջորեն վտանգելու են հասարակական տարբեր շերտերի միջև ստեղծված համերաշխությունը և երկրի ապագան։ Այդ երևույթները կարելի է բաժանել երեք մասի.

Առաջինը՝

Դա կառավարության դանդաղ, ոչ կտրուկ գործողությունների պարագան է։ Ինչ խոսք, այսօր Հայաստանում խնդիրները այնքան շատ են, այնքան բարդ, որ պատասխանատու անձերից համառ, համակողմանի աշխատանք է պահանջվում, վճռական, կտրուկ, ճշգրիտ որոշումներ կայացնելու, դրանք լուծելու համար։

Իրոք որ նրանք նախանձելի վիճակում չեն։ Ինչ որ է, հանրությունը անհամբեր է և յուրաքանչյուր դանդաղում՝ չհանդուրժող։

Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, ասես խնդիրներն ու անհապաղ լուծում պահանջող հարցերը այնքան շատ են ու բարդ, նախարարությունները այնքան ծանրաբեռնված, որ չգիտեն, թե, ինչ պետք է անեն, ինչպես անեն, ինչից սկսեն…

-Այնուամենայնիվ անհասկանալի է, թե ինչու է կախյալ  մնացել սահմանադրական  դատարանի ճգնաժամը, դատական իշխանության մաքրազտումը։         -Բնապահպանության տարբեր ճյուղերի ոլորտում առկա խառնաշփոթությունը։ Հանքարդյունաբերության ահազանգող իրավիճակը։

-Օրեր առաջ խոսլով Իջևանում ապօրինի ծառահատման դեպքի մասին, բնապահպանության նախարարը (թե այլ պատասխանատու անձ), ի զարմանքս լսողների, ասաց, որ մինչև վերջին օրերը անտառից դուրս էին գալիս օրական հարյուր, հարյուր-եռեսուն մեքենա, այսօր երեքից-չորս մեքենա։

-Իրոք որ բոլորովին անհասկանալի է նրա լոգիկան։ Այսինքն նոր իշխանությունների օրոք, ասել է թե վերջին մեկ տարում, ապօրինի հատվել են ծառեր, բոլորը գիտեին այդ մասին, սակայն բոլորը լռում էին, լռում էին բնապահպանության նախարարությունում, այլ պատասխանատու հիմնարկների պաշտոնյաներ, տեղի բնակչությունը։

-Հետո ցուցարարների կանայք ցուցմունք տվին, որ գիշերվա ժամը երեքին ոստիկանները նրանց տուն են մտել, ինչ որ մեկին կալանավորելու համար։

-Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա  ովքե՞ր են այդ ոստիկանները, ո՞ր ժամանակների օրենքներին են հետևում։

-Բոլորովին անհասկանալի է, թե ինչո՞ւ չեն փակվում Արարատյան դաշտում  գյուղերը ամայացնող, շրջանի ձկնաբուծական ավազանները։ Դեռ որքա՞ն ազդեցիկ են անցյալ իշխանությունների այդ մնացուկները։

Երկրորդ՝

Դա վերաբերում է տարածաշրջանում Հայաստանի արտաքին հարաբերություններին։ Հայաստանցի տարբեր անձեր՝ քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, մեկնաբաններ, հասարակական ոլորտի տարբեր ներկայացուցիչներ և այլոք, հիացմունքով են խոսում՝ «քաղաքակիրթ աշխարհի», իմա. արևմտյան երկրների և ԱՄՆ-ի մասին, նրա գովքն են անում ու միևնույն շնչով քննադատում են Հայաստանի հանդեպ Ռուսաստանի գաղութային քաղաքականությունը։ Պարույր Հայրիկյան, Արկադի Վարդանյան և այլոք…

Այո, իրականում Ռուսաստանը եղել է գաղութային երկիր, հետապնդել է՝ մեծապետական, նվաճողական քաղաքականություն, սակայն հենց այդ նվաճողական քաղաքականության շնորհիվ էլ 1828 թվականին Ռուս-պարսկական պատերազմում նա գրավեց Կովկասը, գաղութացրեց արևելյան Հայաստանը, որը արդեն իսկ բնակեցված էր թուրքերով և պարսիկներով։ Հետագա տարիներին այնտեղ բնակություն հաստատեցին շատ հայեր, նաև Իրանից գաղթած, որից հետո միայն այդ տարածքը Հայաստան դարձավ։ Այլ ճակատագիր ունեցավ արևմտյան Հայաստանը։ Չպետք է մոռանալ և անտեսել այն փաստը, որ արևմտյան ճակատում Ռուսաստանի յուրաքանչյուր առաջխաղացում, կատաղի դիմադրության էր արժանանում արևմտյան երկրների, այն է ժամանակի գերհզոր գաղութային երկրի՝ Անգլիայի ինչպես նաև Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից։ Այստեղ պատմաբանների, քաղաքական գործիչների կարծիքները և գնահատականները տարբեր են, սակայն մերօրյա մարտահրավերները դիմակայելու ժամանակ, չի կարելի անտեսել տարածաշրջանի երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի շահերը և նրանց պետական շահերին հակոտնյա քաղաքականություն վարել։ Այդ երկրների և ընդհանրապես տարբեր երկրների երկկողմ հարաբերությունների պարագայում, պետք է Հայաստանը իր արտաքին և ներքին քաղաքականություններում հետապնդի դրական չեզոքություն, ինչը որ հիմա արվում է և դա ողջունելի է։ Կովկասում Հայաստանը պետք է դառնա Շվեցարիայի նման յուրահատուկ երկիր, ժողովրդավարական օազիս։ Անցյալի փորձերը նկատի առնելով, երբեք չպետք է տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունները կառուցել մի այլ երկրի հաշվին։ Ինքնին պարզ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում պետք է հարցը այլ կերպ լուծվի։

Այո, այսօր էլ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ գաղութային քաղաքականություն է վարում, սակայն դա շնորհիվ Հայաստանի նախկին ապաշնորհ և իրենց սեփական շահերը հետապնդող իշխանությունների։ Այդ պատճառով, այլ անհիմն եզրակացություններ անել ու իր մեջ անկանխատեսելի՝ ու վտանգներ պարունակող խորհուրդներ ու հորդորանքներ ուղղել կառավարության հասցեին և ցանկանալ «Քաղաքակիրթ Աշխարհի» հովանավորությունը և օգնությունը ստանալ, ո՞ւր կտանի մեզ…

Հայաստանի աշխարհագրական դիրքի պատճառով Հայ ժողովուրդը իր հազարամյակներ տևող պատմության ընթացքում, միշտ էլ ստիպված է եղել, մերթ այս հարևան երկրի, մերթ մյուսի հետ դաշինքի մեջ մտնել, սակայն միշտ չէ, որ նման քաղաքականությունը երկրի շահերին է համապատասխանել և Հայաստանը կարողացել է անվնաս մնալ։ Իսկ բոլորովին անհասկանալի և երկրի համար կործանարար է եղել, երբ իշխանները, կամ այլ պատասխանատու անձինք, փորձել են ժամանակի այսպես ասած՝ «քաղաքակիրթ աշխարհի» օժանդակությունը ստանալ։ Աղետալի վերջ ունեցավ Կիլիկյան Թագավորությունը, այն օրից, երբ ժամանակի իշխաններն ու թագավորները,  հարևան ունենալով մահմեդական երկրներ ու ցեղեր, դաշինքի  մեջ մտան և համագործակցեցին հեռավոր Եվրոպայից, նվաճողական պատերազմի եկած, խաչակիրների հետ, ընդդեմ իրենց հարևանների։

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին արևմտյան Հայաստանի քաղաքական գործիչներն էլ էին նման աղետալի քաղաքականություն հետապնդում։ Նրանք տարվելով Եվրոպայի երկրների արտաքին փայլից, տասնամյակներ այն երկրների դռներն էին թակում, որոնք աշխարհի ամենամեծ գաղութային երկրներն էին և նրանցից օգնություն էին աղերսում արևմտահայության համար։

 

Բայց իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում այդ՝ «քաղաքակիրթ աշխարհը»։

 

2018 թվականին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հրատարակվել է պաղեստինցի լրագրող՝ Էմրան Ֆերոզի գիրքը, հետևյալ խորագրով՝

 

Նաոմ Խոմսկի,

«Պայքար, կամ, Կործանում»

Թե ինչու պետք է մարդկության տերերի դեմ ընդվզենք

Իրականում այս գիրքը պարունակում է լրագրողի հարցազրույցը, հանրահայտ ամերիկացի, ծագումով հրյա՝ Նաոմ Խոմսկի-ի հետ։

Ֆերոզը գրում է․

«Մարդ այն տպավորությունն ունի, որ մարդիկ բթանում են և գնալով մոտենում են կործանման եզրին, երբ նրանք, իրենց ինքնաոչնչացման գործողություններով, տեղի են տալիս գլոբալիզացիայի ու կապիտալիզմի շահերին։»  Մեկը, ով ահա արդեն տասնամյակներ շարունակ, նման կացության դեմ է բողոքում, դա՝ Նաոմ Խոմսկին է…»

«Շատերը գիտեն, որ Նաոմ Խոմսկին Ամերիկյան-ՄՆ-ի իմպերիալիզմի  ամենակրքոտ քննադատողն է։ Ահա արդեն տասնամյակներ է, որ նա ուշադրություն է հրավիրում իր կառավարության արտաքին ագրեսիաների վրա և խստագույնս դատապարտում է դրանք։ 1960 թվականներին երիտասարդ Խոմսկին մի շարք ակտիվիստների և այլ մտավորականների հետ, բողոքում էր Վիետնամում գործադրվող ոճրագործությունների դեմ։ Նույնն էր կատարվում նաև հետագա տարիներին, երբ Վաշինկտոնի իշխանությունները քաոս ստեղծեցին մի շարք Լատին Ամերիկյան երկրներում։ «Սառը պատերազմի» խառնաշփոթ տարիներին, նրանք հեղաշրջում կատարեցին Չիլի-ի և մի շարք այլ երկրների՝ ձախ և դեմոկրատ կառավարությունների դեմ, միևնույն ժամանակ օգնելով աջ ու ծայրահեղական ուժերին, իշխանություն գրավել, ովքեր մի քանի տարվա ընթացքում, սոսկալի բռնապետություններ հաստատեցին իրենց երկրներում։ Այդ տարիների քաղաքականության հետևանքները մինչ այսօր  էլ նկատելի են ԱՄՆ-ում։  Այսօր էլ մարդիկ լքում են Հարավ Ամերիկյան մայրցամաքում գտնվող իրենց հայրենիքը և ուղղվում են դեպի հյուսիս։ Սակայն այնտեղ նրանց սպասում են, բարձր պարիսպներ, փշալարեր ու անգութ սահմանապահներ։ Այնուամենայնիվ, նրանք՝ ովքեր կարողանում են այդ արգելքները հաղթահարել, տարիներ շարունակ Միացյալ Նահանգներում ապրում են ոչ լեգալ և վախի պայմաններում, չլինի թե բացահայտվեն, կալանավորվեն և երկրից արտաքսվեն, փաստորեն նրանց փախուստը երբեք վերջ չի ունենում»։

Ստորև մեջբերվում է վերոհիշյալ գրքի այն հատվածը, որտեղ խոսվում է այդ «քաղաքակիրթ աշխարհի» չարիքների մասին, պատերազմից հետո սերմանած ամբողջ աշխարհում։

Ֆերոզ. Մի անգամ դուք ասել եք, որ Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նախագահ, ով երկրորդ համաշխարհային պատերազմից հետո է իշխանություն ստացել, պետք է կախվեր, եթե Նուրենբերգյան դատավարությունը նրանց նկատմամբ իրագործվեր։ Արդյո՞ք դա չափազանցություն չէ։

Խոլսկի. իհարկե։ Սակայն, Այզենհաոերը Իրանում տապալեց Մոսադեղի ազգային իշխանությունը, նրա դեմ հեղաշրջում կատարելով։ Դրան հետևեց 25-ամյա բռնակալություն, որը արտակարգ բիրտ էր, որին վերջ տվեց 1979-ի հեղափոխությունը։           -Նա նաև Գուվատեմալայում տապալեց, առաջին և վերջին ժողովրդավարական ընտրություններում ընտրված կառավարությանը, կրկին անգամ զինվորական հեղաշրջման և ռազմական ներխուժման միջոցով։ Դրան հետևած սարսափելի գործողությունները շարունակվում են մինչև այսօր և մարդիկ ստիպված փախչում են իրենց երկրից։

-Այզենհաոերի կողմից Ինդոնեզիայում իրագործվեցին գաղտնի, բիրտ գործողություններ։ Այդպիսով դատական դեմոկրատական գործողությունները, նախաձեռնած չքավոր հասարակության կողմից, ոչնչացվեցին։ Նույն իրավիճակն էր Կուբայում ու Նիկարագուայում։ Այս ամենը միայն դեռ սկիզբն էր և այն այդպես էլ հաջորդ նախագահների կողմից շարունակվեցին։

-Ջոն Կենեդին ամենավատերից մեկն էր։ Նա ներխուժեց Վիետնամ, որտեղ Այզենհաոերը արդեն իսկ բավականին խառնաշփոթություն էր ստեղծել, որոնք հազարավոր մարդկանց մահվան պատճառ էին դարձել։ Վիետնամի պատերազմում նապալմ և այլ քիմիական զենքեր գործադրվեցին։

-Նպատակն էր՝ մարդկանց և նրանց ապրելու միջավայրը հիմնովին ոչնչացնել։ Իհարկե որ այդ ամենը Կենեդին էր լիազորել։

-Նրա վարչական սիստեմի կողմից Կուբայում ջանադրաբար գործադրվեցին միջազգային ահաբեկչության լծակներ։ Կուբայի ճգնաժամը համարյա թե  վերացնելու էր մեր երկրագունդը։

-Այս ցուցակը կարելի է այսպես էլ շարունակել, իսկ այդ բոլորը հենց այդպես էլ գործադրվել են, ոչ ոք չի կարող դրանք  ուրանալ։

-Նույնպիսի հանցագործություն էր Ջոնսոնի քաղաքականությունը Հնդկաչինում,, որը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ։

-Նույնը կատարվեց Դոմինիկյան հանրապետությունում։ Նախագահ Ֆորդը Ինդոնեզիային հովանավորեց ներխուժել Արևելյան Տիմոր։ Այնտեղ սոսկալի ոճրագործություններ կատարվեցին։ Ֆորդի վարչական կազմը հրապարակորեն դատապարտեց այն, սակայն գաղտնորեն օգնում էր Ինդոնեզիային։

-Նույնն էր իրավիճակը միջին արևելքում։ Նախագահ Կարտերը Camp David-ի պայմանագրերի համար խաղաղության Նոբելյան մրցանակ ստացավ։ Camp David-ում ԱՄՆ-ը և Իսրայելը ընդունեցին միայն 1971 թվականի առաջարկները։ Սակայն ըստ Վաշինկտոնի տեսակետի՝ բանակցությունների ընթացքը նպաստավոր չէին, քանի որ այնտեղ  պաղեստինցիներն էլ էին բանակցություններին մասնակցում։ Նախորդ տարիներին Իսրայելը ՄՆ-երի համակողմանի օժանդակությունը օգտագործում էր մեծ մասամբ Պաղեստին ներխուժելով և գրավածը պաշտպանելով։

-Ավելորդ է խոսել նախագահներ՝ Նիկսոնի և Ռեգանի կատարած հանցագործությունների մասին։ Ռեգանը առաջին նախագահն էր, ում հանցագործությունները միջազգային դատական ատյանում դատապարտվեցին։

-Հայտնի են և շատ վայրերում բանավեճերի նյութ են դարձել նաև Տարեց Բուշի և Կլինտոնի վարչական կազմի հանցագործությունները։

-Երիտասարդ Բուշի հանցանքը՝ դա Իրաք ներխուժելն էր, մինչ օրս՝ 21-րդ դարի ամենամեծ ոճրագործությունը, ինչպես նաև Աֆղանստանի պատերազմը, որը ԱՄՆ-ի պատմության ընթացքում ամենաերկարատևն է լինելու։

-Նաև Բարակ Օբամայի քաղաքականության հետևանքները սոսկալի են եղել միջին արևելքում, ոճրագործություն է նաև առանց օդաչու թռչող սարքերի պատերազմական գործողությունների ընդլայնումը…»

(վերջ մեջբերումների)

Երրորդ՝

 

Վերջերս Հայաստանում հակահեղափոխականները և հեղափոխությանը սատարող ուժեր, ձայները մեկ արած, երբեմն նաև ուղիղ բաց եթերում, տարբեր կայքէջերում, Ֆեյսբուքում, քննադատում են Նիկոլ Փաշինյանին, նրա կառավարությանը և նրանց հասցեին են ուղղում տարատեսակ վիրավորական խոսքեր, նույնիսկ հայհոյանքներ, երբեմն անտեսելով նաև տարրական բարոյական նորմերը…

Եվ հենց այդ պատճառով էլ, ցանկանում ես իլուր ամենքի, ամենից առաջ սակայն իլուր Հայաստանի բնակչության, գոչել, որ բոլորը՝ լսեն, մեծից  փոքր, Հանրապետական կուսակցություն,  Դաշնակցություն, Սասնա ծռեր, Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան, թե այլ և թե այլ…

Այդ ի՞նչ եք անում, դուք՝ ձեր խոսքերով, ձեր արարքներով…

Դուք անգամ ևս փորում եք՝ դեռ նոր ձևավորվող, ամրապնդվող, հայկական պետականության հիմքերը, անգամ ևս  ապացուցելու.

-որ հայ ժողովուրդը՝ որքան որ ընդունակ է ու ձեռներեց, այնքան էլ անընդունակ է, անկախ և առանց վախի իր երկրում ապրել, հանդուրժել յուրայինի ժողովրդավար և ազգային իշխանությունը։

-որ անձնական թշնամանքի, վիրավորանքի, կամ նախանձի պատճառով, որոշ անհատներ չեն կարողանում իրենց շվաքի վրայով թռչել, սատարել նորերին և այդպիսով պաշտպանել ու ամրապնդել Հայաստանում առաջին անգամ սկզբնավորված ազգային պետականությունը…

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, oգոստոս 2019

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert