1991 թ. տարեվերջն էր: Էլեկտրականություն չկար, կամ համարյա չկար, գազ նույնպես (դե վրացիքի եղբայրական հոգածության ներքո Հայաստան մտնող գազամուղը շաբաթը մեկ պայթում էր): Մարդիկ տաքանալու համար այրում էին ինչ պատահեր, այն ամենն ինչը հնարավոր էր այրել:
Մինչդեռ անձամբ ես երջանիկ էի, քանի որ ընդամենն ամիսներ առաջ օգտվելով սուֆլիսեցի մի ծանոթիս բարյացակամ վերաբերմունքից փոխադրվել էի արդեն չաշխատող ժամացույցի գործարանի հարևանությամբ գտնվող և հարմարավետությամբ բանգլադեշյան նախորդ բնակարանիս ամեն ինչով դրականապես գերազանցող նոր վարձով բնակարան:
Այդ օրերին էր, երբ մեծահարգ ավագ ընկերս՝ Հակոբ Սանասարյանը, ում այդ շրջանում բավականին հաճախակի էի այցելում, ծայրահեղ մտահոգ ասաց. –չգիտես մեղադրես կամ ոչ, բայց ներկա իրավիճակում մենք մշակութային աներևակայելի չափերի կորուստներ ենք կրում: Մարդիկ համատարած այրում են ամեն ինչ և դրանց թվում անհաշիվ քանակությամբ ամեն տեսակ գրականություն: Խոսքի մեջ նաև ցավով հիշեց, որ կոնկրետ մի հասցեում տեղյակ է, որ նաև հին մամուլ են այրում: Խնդրանքիս ընդառաջ Հակոբն ինձ փոխանցեց իր իմացած այդ հասցեն:
Որոշեցի հաջորդ օրն իսկ գտնել այդ հասցեն, այցելել մարդկանց, ճշտել տեղեկությունը և հաստատվելու դեպքում՝ փորձել ինչ-որ բան անել: Գտա բնակարանը, այն գտնվում էր Վրացական փողոցով դեպի ներկայիս Ամերիկյան համալսարան տանող ճանապարհին: 15 հարկանի շենքի առաջին հարկում էր: Տանտերն անծանոթիս առջև բացեց դուռը, լսեց ինձ, ներս հրավիրեց, բնավ առանց քաշվելու հաստատեց տեղեկությունը, խնդրեց 1-2 րոպե սպասել, որից հետո տեսնեմ մոմլաթե հաստ, ծանր ու մեծ պարկը մի ծայրից բռնած սենյակից սենյակ դեպի ինձ է քարշ տալիս: Ասաց, -կարող ես ծանոթանալ: Սկսեցի քջջել ու պարկի միջից հերթով դուրս բերեցի մամուլի միավորները: Դրանցից մի քանիսը գրեթե ամբողջական լրակազմեր էին: Համարյա ամբողջական էր «Մշակ»-ի 1900 թվականի լրակազմը, որից պակասում էին հաստ կազմերն ու սկզբնամասի 13 համարները, որոնք կազմի հետ արդեն վառարանի բաժին էին դարձել: Թերի էր 1885 թ.-ի «Նոր-Դար»-ը, ամբողջական՝ 1904 թ.-ի “Кавказское слово” պարբերականը: 1890-ականների վերջերի պատկերազարդ «Տարազ»-ների քրքրված լրակազմեր: Նույնպես գրեթե ամբողջական՝ Պոլսում հրատարակված «Հայաստան» շաբաթաթերթի՝ 1849, 1850, 1851 թթ. լրակազմերը, որոնց հաստ՝ կրակն ավելի երկար պահող կազմերն արդեն այրված էին:
Ողջ կյանքումս չեմ հիշում մի երկրորդ դեպք, որ ինձ այդ աստիճան կորցրած լինեի: Հարազատներ ու անգին ընկերներ եմ կորցրել, բայց իրապես չեմ հիշում, որ երբևէ հուզմունքն ինձ հաղթած լիներ: Չգիտեմ, չեմ կարող ասել ինչ կատարվեց հետս: Շունչս կտրվում էր ու հազիվ կարողացա արտաբերել այս բառերը. –խնդրում եմ, շատ եմ խնդրում, էլ չայրեք, փոխարենը ձեզ մանրատախտակ կբերեմ: Ասացի ու դուրս թռա այդ տանից: Վազքով հասա տուն: Տան պատշգամբի մի անկյունում տան նորոգումից հետո տանտերը չգիտեմ ինչ նպատակով հավաքել, իրար վրա էր դարսել հին մանրատախտակը: Իհարկե, ոչ մեկ իրավունք չունեի զգալի մասով ձյութոտ այդ հին մանրատախտակի նկատմամբ, բայց մտածեցի, որ հետո մի կերպ կարդարանամ: Երեխեքիս սահնակը դուրս բերեցի, վրան շարեցի մանրատախտակի մի քանակություն, կապկպեցի, գրկած իջա առաջին հարկ ու ձյուների միջով բեռս հապճեպ տեղ հասցրի: Գործարքը մարդուն հաճելի թվաց և մոմլաթի ողջ պարունակությունը եղածի պես ինձ հանձնեց: Նորեն մի կերպ հարմարացրի սահնակին ու արդեն անշտապ տուն հասա:
Սկսեցի դասավորել, նույն միավորի քրքրված, իրարից անջատված մասերը, կարելիության չափ կարգի բերեցի ու անհամբերությամբ սկսեցի քաղել-քարտագրել գործիս տեսանկյունից կարևոր նյութերը: Շատերի վրա կնիք կար. վրան գրված՝ «Յովհաննէս Սերեբրակեանց. Հաշտարխան»: Կարծես Ազգային գրադարանի մի փոքր հարստություն հայտնվել էր տանս մեջ: Հափշտակված էի հատկապես «Հայաստան» շաբաթաթերթի հոդվածաշարերով. «Նկարագրություն Կեսարիո հայաբնակ գյուղերի», «Նկարագրություն Արևելյան Շիրակ գավառի գյուղերի», «Հոռոմոս վանքի վիմագրերը» և այլն, և այլն…:
Անչափ ուրախ էի դիպվածաբար փրկածս հնօրյա պարբերականների համար, սակայն նույն ժամանակ անհանգիստ այն բանից, թե որքան նման հարստություններ, որոնց գոյությունից տեղեկություն չունեի՝ հենց այդ պահին այրվում էին:
Վերջ Ա մասի, շարունակելի