Շարունակություն
Մաս Գ

Անկեղծ ասած, ինքս իմ բռնած գործից շվարել էի: Արդեն 15 տարի զբաղվելով մեն միայն մեկ սիրածս գործով, կամա-ակամա խրվել էի մեկ այլ գործի մեջ, որն անվերջ խժռում էր բուն աշխատանքիս հատկացնելիք ժանանակը: Նույնիսկ արդեն լրջորեն մտածում էի զսպել ու վերջ դնել այս նորելուկ մոլուցքիս: Չէ՞ որ ի վերջո ես նույնիսկ սեփական բնակարան չունեի և ի՞նչ էր լինելու վիճակս, երբ մի օր այս տանտերս էլ մի որևէ պատճառով առաջարկեր ազատել բնակարանը: Արդեն իսկ մի որևէ նոր բնակարան փոխադրվելս ինձ համար մի ծանր գործ էր, քանի որ սովորական կենցաղային իրերից զատ ամեն անգամ ստիպված էի առանձնահատուկ զգուշությամբ տեղափոխել նաև մեծածավալ ամեն տեսակ արխիվներս և արդեն այդ ժամանակ ավելի քան 2000 կտոր մասնագիտական գրականությամբ գրադարանս: Ուստի այս ֆոնին բռնածս գործը երբեմն պարզապես անհեթեթություն էր թվում, մանավանդ երբ պատկերացնում էի, որ մի օր հերթական անգամ բնակարան փոխելիս ստիպված էի լինելու նաև տոննայով կուտակված մամուլի հավաքածուները փոխադրել:

Իմ չար բախտից, սակայն, 1992 թ. վերջերին պատահած երկու նոր դրվագ կյանքս շատ ավելի բարդացրեց: Առաջինը, որ Մատենադարանի ընթերցասրահի վարիչներից մեկը՝ տիկին Ռուզանը մի անգամ ասաց, թե Մատենադարանը նյութական սղության պատճառով միայն 4 անուն պարբերական էր ստանում: Դրանք էին՝ «Հայաստանի Հանրապետություն», «Հայք», «Ազգ» և եթե հիշողությունս չի խամրել՝ «Երկիր» թերթերը: Հետն էլ ավելացրեց, թե թերթերի խմբագիրներն ու հրատարակիչներն իրենք պետք է հասկանան, որ պատմության մեջ մնալու համար տպված միավորից գոնե մեկական օրինակ պիտի փոխանցեն Մատենադարանին (միջանկյալ ասեմ, որ հենց այդ շրջանում առնվազն 15 անուն պարբերական էր լույս տեսնում):

Արդեն տարիներ հենց Մատենադարանի ընթերցասրահում ուսումնասիրում էի հատկապես նախախորհրդային տարիների պարբերական մամուլը և գոնե ես գիտակցում էի, թե որքան կարևոր է պարբերականների հավաքածուները պատշաճ մակարդակով սերունդներին փոխանցելու գործը:

Երկրորդ դրվագը, որն ավելացավ վերոնշյալին՝ հետևյալն էր: Մտածեցի թերևս հին մամուլի հավաքածուներս, կամ գոնե դրանց այն հատվածը, որոնք պակասող համարի կարգավիճակում էին Ազգային գրադարանում՝ փոխանցել իրենց: Այս մտքով մի անգամ որոշեցի այցելել գրադարանի այդ օրերին տնօրեն՝ մեծահարգ Ռաֆայել Իշխանյանին: Իշխանյանը լսեց առաջարկս և անցողակի ասաց, թե գրադարանը դրանք բոլորն էլ ունի (խոսքը մասնավորապես Կ.Պոլսում հրատարակված «Հայաստան» շաբաթաթերթի մասին էր): Այս պատասխանին հետևեցրի հաջորդ հարցումս. –իսկ գուցե գրադարանի հավաքածուներում պակասող համարներ լինեն, թեկուզ այդ մասով պատրաստ եմ օգտակար լինել: Այս վերջին հարցումիս Իշխանյանն իր մոտ հրավիրեց գրադարանի ֆոնդապահներից մեկին և հանձնարարեց ճշտել, թե «Հայաստան» շաբաթաթերթի 1849-1851 թթ. համարներից արդյո՞ք գրադարանը պակասող համարներ ունի կամ ոչ (ինձ էլ պատվիրեց քիչ սպասել պատասխանը ստանալու համար): Մի 15 րոպե անց կինը ներկայացավ և ասաց. –պարոն Իշխանյան շաբաթաթերթի նշյալ տարիներն ընդհանրապես գոյություն չունեն գրադարանում: Իշխանյանին կարծես զարմացրեց պատասխանը և շուռ գալով իմ կողմը, բացարձակապես առանց ոգևորության նշանների, այլ կարծես իմիջիայլոց ասաց. – դե լավ ուրեմն դրանք բոլորն էլ բեր:

Գրադարանից դուրս եկա անասելի մտահոգ, ախր, ինչպես կարելի է չունենալ և դեռ չիմանալ, որ չունեն այդ թերթը, չէ որ դա հայ պարբերական մամուլի հնագույն նմուշներից էր և որի հրատարակության տարիների դեռ ողջ Կովկասում (Թիֆլիս, Բաքու, Երևան, Շուշի և այլն) ոչ մեկ հայերեն պարբերական լույս չէր տեսնում:

Շվարանքս բառիս բուն իմաստով պաշարել էր ինձ և ահա այդ իրավիճակում 1992 տարևերջին կայացրի հետևյալ որոշումս. 1993 թ. տարեսկզբից սկսել հավաքել օրվա հրատարակությունները, իսկ մինչ այդ հավաքածների մասով էլ այլևս հրաժարվել որևէ հաստատության փոխանցելու մտքից (թաքուն երազելով, որ մի օր կհիմնեմ հայ պարբերական մամուլի մասնավոր գրադարան)։

Վերջ Գ մասի, շարունակելի

Սամվել Կարապետյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert