ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե չի բացառում, որ Արցախի հարցում լինեն նոր առաջարկներ, եւ ունի մտահոգություն, որ իշխանության լեգիտիմությունը արտաքին ուժերը կօգտագործեն Արցախի հարցում լուծման հասնելու համար: Ըստ Արմեն Ռուստամյանի տրամաբանության, լեգիտիմ իշխանության խոսքը հանրությունը կընդունի եւ դա կօգտագործեն Հայաստանի դեմ:

«Իրենց խնդիրներն աշխարհքաղաքական են և այդ աշխարհքաղաքական խաղի մեջ Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ, դրա ամենակարևոր լուծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իշխանություններն ունենում են այդ լեգիտiմությունը, որ այսօրվա գործող ստատուս քվոն փոխեն, սրանք առաջիկա սպասվող մարտահրավերներ են», հայտարարել է դաշնակցական պատգամավորը:

Այն, որ նախորդ իշխանության համար Արցախի հարցը դարձել է թավշյա հեղափոխության դեմ մանրախնդիր մանիպուլյացիաների գործիք, ամենեւին նորություն չէ: Նորություն չէ նաեւ, որ ՀՅԴ-ն նախորդ իշխանության մաս էր, եւ մաս է մինչեւ այժմ, ինչպես ակնառու է Արմեն Ռուստամյանի պահվածքից: Որովհետեւ, եթե Ռուստամյանը մտահոգ լիներ Արցախի խնդրի համար, ապա նա թերեւս պետք է պառկեր Կազանի ճանապարհին եւ Սերժ Սարգսյանին թույլ չտար մեկնել այնտեղ ու ստորագրել ստատուս-քվոյի փոփոխության համաձայնագիրը, կամ մեկնել այնտեղ այն վտանգավոր հույսով, որ Ալիեւը չի ստորագրի: Բա որ ստորագրե՞ր:

Բայց, այդ ամենի փոխարեն Արմեն Ռուստամյանը կազմել է մաս մի իշխանության, որը առնվազն հայտարարությունների մակարդակում պատրաստ է եղել անել այն, ինչ Ռուստամյանը հիմա համարում է մտահոգիչ: Մտահոգիչ է համարում անգամ այն հայտարարություններից հետո, որ Արցախի հարցում արել է վարչապետ Փաշինյանը, որ այդ հարցը չի կարող լուծվել առանց Հայաստանի ժողովրդի, առանց Սփյուռքի եւ առաջին հերթին՝ առանց Արցախի ժողովրդի եւ Արցախի ղեկավարության հավանության:

Բայց Ռուստամյանին իհարկե Արցախի հարցը չէ, որ հետաքրքրում է: Ռուստամյանին հետաքրքրում է այն, որ Դաշնակցությունը կանգնած է խորհրդարանից դուրս մնալու գրեթե անխուսափելի փաստի առաջ: Ընդ որում, մի շարք առումներով բացառիկ, եւ չնայած իր պատմական ճանապարհի մի շարք դրվագներում հարցեր առաջացրած, այդուհանդերձ նույն այդ ճանապարհի բերումով նշանակալի, լուսավոր գործիչներ տված այդ կուսակցությունը ներկայում այդպիսի իրավիճակում է հայտնվել լիդերների մի խմբի գործունեության հետեւանքով, որոնք Դաշնակցությունը ծառայության են դրել Հայաստանում այն համակարգին, որը Արմեն Ռուստամյանն էր մի առիթով բնորոշել պլուտոկրատիա:

Պարզապես, երբ պլուտոկրատիան Դաշնակցությանը «զորացրում» էր՝ ՀՅԴ լիդերների «աչքերը բացվում» էին, հետո երբ դարձյալ վերցնում էին «ծառայության», պլուտոկրատիան դարձյալ վերածվում էր պետականաշինության, երբ պլուտոկրատիայի տնտեսա-քաղաքական քվոտաներին հասանելի էր դառնում նաեւ ՀՅԴ լիդերախումբը:

Արմեն Ռուստամյանը փաստորեն բացահայտել է այդ մարտավարության գաղտնիքը: Այդ իմաստով, ՀՅԴ լիդերները փաստորեն կիրառել են ապշեցնող պետականապաշտություն:

Ռուստամյանը փաստորեն Արցախի հարցում վտանգ է տեսնում իշխանության բարձր լեգիտիմության մեջ: Ոչ լեգիտիմ իշխանությունը փաստորեն համարվում էր ավելի անվտանգ: Դա անշուշտ նոր խոսք է համաշխարհային քաղաքականության եւ քաղաքագիտության ասպարեզում, եւ Արմեն Ռուստամյանն օրինակ կարող է պատգամավորական կարիերան ավարտելուց հետո անցնել դասախոսության:

Իսկ ՀՅԴ-ն երեւի հենց դրա համար է մաս կազմել ոչ լեգիտիմ իշխանությանը, հանուն Արցախի անվտանգության, որ ինչքան ուժեղ լինի պլուտոկրատիան՝ հարուստների իշխանությունը, փողի տիրապետությունը, այնքան ուժեղ եւ անվտանգ կլինի Արցախը:

ՀՅԴ-ն թերեւս կարող է այդ կարգախոսով էլ մասնակցել խորհրդարանի առաջիկա ընտրությանը. «վերականգնենք պլուտոկրատիան՝ փրկենք Արցախը լեգիտիմությունից», կամ՝ «հին պլուտոկրատները չեն դավաճանում»։

Աղբյուրը՝ https://lurer.pro

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert