Բայց կգա վաղը…

Այսօր կհագնես ճերմակ շապիկդ,
այտերդ կներկես թույլ վարդագույնով,
սև ալիքներդ կկարես ուսիդ,
շուրթերդ կօծես տաք մեղրաջրով:
Քամին խաղ կտա ներսում շապիկիդ,
մեղմ համբույր տալով կրծքերիդ փարթամ,
մի հաճելի դող կպատի մարմնիդ,
քամին կլիզի փորիդ մանանան:
Քո գիրկը կառնես քաղցած ոհմակին,
ափիդ կխաչես մի հին երազանք,
հոգիդ կկարես կարմիր քաղաքին,
հետևում թողած դեռ չապրած մի կյանք:
Եվ սով աշխարհից քաղցած ոհմակը,
կտիրանա վարդաբույր մարմնիդ,
կքաշես վրադ ճերմակ վերմակը
և լուռ կարտասվես թաքուն աստղերից:
Այսօր կդառնաս լուսնին բախտակից,
ցավդ կթաղես գիշերվա ծոցում,
լուռ կհեռանաս այս ծեր քաղաքից,
քեզ բանտարկելով քարե դարակում:
Բայց կգա վաղը…
Ճերմակ շապիկդ կներկես դեղին,
այտերդ կօծես ալ կարմիր գույնով,
արև կկարես քո պաղ շուրթերին,
կուրծքդ կպատես արբունքի թույնով:
Ալիքներիդ հետ խաղ կտա քամին,
եդեմիդ առաջ լուռ կխոնարհվի,
կժպտաս անբառ քաղցած ոհմակին,
սատանան վերից բախտը կանիծի:
Կքայլես այսօր երկինքը դեպի,
մարմինդ կօծես սուրբ վարդաջրով,
այն ծեր քաղաքը կոռնա ցավից,
հավերժ կպատվի մելեռաբույրով:
Լուռ կվայելես փառքդ վերևից,
նեռի գավաթից գինի կխմես,
և սեր կկաթա երկնքի աչքից՝
դու լուռ կաղոթես:

социално споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net