Հեղինակ՝ Հրանտ Տեր-Աբրահամյան
Հատված Ա. Քաղաքական իդեոլոգիաները որպես աշխարհիկ կրոններ և աշխարհակալության գործիքներ
Ա րդյո՞ք քաղաքականությունը պետք է ուղղորդվի մի որևէ իդեոլոգիայով: Լռելյայն ընդունված է համարել, որ այո՝ ճիշտ քաղաքականությունը նա է, որը հետևում է այս կամ այն իդեոլոգիային, իսկ ճիշտ քաղաքական պայքարն այն է, որը ծավալվում է իդեոլոգիական մրցակցության շուրջ: Եվ հակառակը՝ երբ քաղաքական ուժը չի առաջնորդվում որևէ իդեոլոգիայով, իսկ քաղաքական պայքարը չի կառուցվում իդեոլոգիականի շուրջ դա որակվում է որպես պատեհապաշտություն կամ նույնիսկ, մոդայիկ բառով ասած՝ «պոպուլիզմ»:
Հայկական քաղաքականությունն արդեն մոտ 150 տարի է փորձում է հետևել իդեոլոգիական քաղաքականության կաղապարին, բայց մեծ հաշվով բացի դատարկ ձևականությունից ոչինչ չի ստացվում, ոչ միայն այսօր, այլև չի ստացվել երեկ և առաջին օրը: Համարձակվենք պնդել, որ ոչինչ չի ստացվի նաև վաղը, եթե նախապես չճշտվեն որոշ կարևոր խնդիրներ և չվերաձևակերպվի բուն նպատակը:
Դեռևս տարիներ առաջ, երբ տողերիս հեղինակը գրում էր «Հայկական ժամանակ» օրաթերթում, այս խնդիրներին մասամբ անդրադարձել ենք, այնքանով, որքանով թույլ էր տալիս, իհարկե, օրաթերթի ձևաչափը: Մեր հիմնական թեզը հակառակ էր ընդունվածին՝ իդեոլոգիական քաղաքականությունը պատրանք է, քաղաքականությունը պետք է ազատ լինի իդեոլոգիական թելադրանքից, իսկ այսպես կոչված «-իզմերը» կամ ավելի ճիշտ՝ դրանց առանձին տարրերը, կարող են լավագույն դեպքում որպես գործիք ծառայել իրատեսական քաղաքականությանը, բայց ոչ երբեք՝ լինել ինքնիշխան քաղաքականությունն առաջնորդող, սահմանող, ուղղորդող «վերնահարկ»:
Այժմ էլ պատրաստ ենք նույն պնդումները ոչ միայն կրկնել, այլ՝ ավելի առաջ տանել, մանավանդ, որ դրան նպաստում է և՛ միջազգային, և՛ հայաստանյան քաղաքական նոր իրավիճակը (2000-ականների երկրորդ կեսի համեմատ, երբ գրում էին ՀԺ-ում), ինչպես նաև հեղինակիս աձնական հայացքների զարգացումը՝ բխած, թեկուզ համեստ, բայց սեփական քաղաքական մասնակցության փորձից:
«Show no Mercy»
I Նպատակների հռչակագիր
Թեզերը, որոնք ուզում ենք պաշտպանել.
ա. Իդեոլոգիզմի վտանգը
- Քաղաքականությունը չպետք է բխի որևէ մեկ իդեոլոգիայից:
- Քաղաքականության իդեոլոգիզացիան մարտահրավեր է երկրի ինքնիշխանությանը:
բ. Քաղաքականության աղբյուրն ու նպատակը
- Քաղաքականությունը պետք է բխի, առաջնորդվի տվյալ երկրի և տվյալ իրավիճակի կոնկրետ պայմաններով:
- Քաղաքականության նպատակը ոչ թե այս կամ վերացական ճշմարտության, արժեքային համակարգի, իդեոլոգիական դրույթի հաստատումն է, այլ տվյալ երկրի ինքնիշխանության պահպանումը, ամրապնդումը և զարգացումը:
գ. Քաղաքական գաղափարը բխում է փորձից
- Միաժամանակ՝ քաղաքականությունը կարող է և պետք է լինի գաղափարական, ինչը տարբեր է իդեոլոգիականից:
- Քաղաքականության առաջնորդող գաղափարը պետք է լինի տվյալ երկրի և հանրության պատմական և քաղաքական փորձի խտացումը, իմաստավորումը, տեսականացումը, այլ ոչ թե լինի իրականությանը դրսից պարտադրած վերացական տեսությունը:
Ինչպես երևի նկատեց ընթերցողն, այստեղ տարբերակեցինք և հակադրեցինք իդեոլոգիան և գաղափարը: Այս տարբերակումն առաջին հայացքից կարող է թվալ զուտ բառախաղաղային և անվանական: Անշուշտ, նման տարբերակումը չի կարող որոշ չափով պայմանական չլինել: Եղածն ընդամենը բառեր են, և պետք չէ դրանց ընդունված իմաստները ֆետիշացնել՝ կենդանի միտքը և գործը ստրկացնելով դոգմաների:
Սովոր ենք հայկական գաղափար արմատը օգտագործել որպես հունական ծագման «իդեա» բառի համարժեք, և համապատասխանաբար ունենք գաղափարախոսություն և գաղափարաբանություն հայկական համարժեքները հունաարմատ իդեոլոգիայի համար[1]: Մարդը, սակայն, բառերի ստրուկը չէ, ոչ էլ բառերն ինքնին՝ մարդուց անկախ տրված իմաստ ունեն: Ոչինչ չի խանգարում մեզ տարբերակել կամ նույնիսկ իմաստներով հակադրել միմյանց՝ փոխառյալ իդեոլոգիան և հայկական գաղափարը, եթե համարում ենք, որ կան երկու տարբեր էություններ, որոնց տարբերակումը կարևոր է իմաստավորելու համար իրականությունը[2]: Իսկ թե ինչպիսին է մեր պատկերացրած տարբերությունը իդեոլոգիայի և քաղաքական գաղափարի միջև, մասամբ պարզ է արդեն վերոբերյալ թեզերից՝ հակադրվում են միմյանց մի կողմից վերացական, դոգմատիկ և ունիվերսալիզմի հավակնող իդեոլոգիան, և մյուս կողմից՝ իրականությունից և փորձից բխեցված տեսությունը կամ գաղափարը:
Ավելի պարզ կդառնա այս տարբերակումը հետագա շարադրանքից, որի նպատակներից մեկն է հենց այս պարզաբանումը:
Շարունակությունը տես՝ https://www.orbeli.am