Այսօր քաղաքը մի լիրբ,
քած շան պես արյուն կլափի
և մի ողջ գիշեր
կոռնա դաշտանացավից,
անձրև կտեղա
արգանդից այն պիղծ,
որից և ծնվեց
մանուկն այն ագահ,
ով ծծեց կուրծքը
դավաճան կյանքի՝
շուրթին առնելով վրեժ,
նախանձ ու շահ:

Այսօր երկինքը մի պոռնիկ որպես
գիշերվա ծոցում կեղծ հեշտանք կապրի,
կոկորդն առնելով սերմը աշխարհի՝
լուռ կինքնավիժի՝
աչքերում պահած
որբացած բախտից
ցավի մի կաթիլ:

Այսօր ծառերը լուռ կխոնարհվեն
սանձարձակ քամու
նվագի ներքո,
աշխարհը այսօր
կտիրի հողին,
ափի մեջ կառնի
գլուխը նրա՝
մեղմ համբուրելով
արտերը կանաչ,
ցավը կքսի
հողի շուրթերին՝
հողը կժպտա,
անփորձ կույսի պես
բերանը կառնի՝
կոռնա կրքից
ու լուռ կծծի
ցավը աշխարհի:

Մայթերը այսօր կարոտ կարտասվեն,
չեն լինի այսօր
խենթ սիրահարներ՝
որբ տանիքներին,
այսօր փողոցը կփսխի նորից
ու կդատարկվի
անիծված մաղձից,
այսօր չեն լինի ոչ աղոթք,ոչ սեր,
չեն վառվի այսօր
մեղքով լի մոմեր,
չի հնչի այսօր
մեկ կոպեկանոց
պոռնիկի շուրթից՝
մեղայականը,
չի հնչի՝ ամե՜ն։

Այսօր ջուրը սառույց չի դառնա,
ստիպված չի լինի
իր միակ կաթիլը
հողին հանձնելու,
որպես փրկություն
աշխարհի մեղքին:
Այսօր չի կաթա
և ոչ մի կարմիր՝
ներկապնակից,
ոչ մի կույս
ճերմակ մարմնին
հրեշտակի թևեր չի կարի,
այսօր բոլորը
կլինեն Լիլի՜թ:

Այսօր երկինքը կժայթքի
և սերմ կկաթա
երկրի երեսին,
այսօր երկիրը
կոռնա ցավից
ու կմիանա հին մեռելներին,
որոնց չեն հիշում:
Այսօր աշխարհն
էլի, կրքից կդողա՜,
քուն կգտնի
հողի բաց կրծքին։

Այսօր ես կգամ՝
քեզ մոտ՝
երկնքից թաքուն,
աշխարհից գաղտնի,
ճերմակ շապիկով,
կուրծքս կիսաբաց,
քեզանով քաղցած,
կգամ,
կդառնամ քո ծովին գերի,
անփորձ մարմինս
կհանձնեմ ես քեզ,
անմեղությունս
քեզ կնվիրեմ,
կօծեմ կրծքերս՝
կանացի բույրով
ու լուռ կգնամ
բախտիս ընդառաջ,
ետևում թողած
քաղաքը այս լիրբ
ու այս մայթերը՝
կարոտով լցված:

Անի Հերունի Սաջյան

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert