Հեղափոխությունը որպես ինտելեկտուալ գաղափար այլևս սպառվել է

Հայոց երկնակամարում թևածում են երկու քայքայիչ օրակարգեր՝ հեղափոխության պաշտպանությունն ու ոչնչացումը, ինչի հետևանքով էլ քաղաքական միտքը հավասարվել է գրիչի և հայհոյանքի մակարդակին։ Եվ այս համատեքստում ոչ ոք չի համարձակվում արձանագրել, որ հեղափոխությունը ո՛չ պաշտպանության և ո՛չ էլ ոչնչացման անհրաժեշտություն չունի։ Այն արձանագրված փաստ է, հստակ իրողություն, որը հաղթահարման պետք ունի։ Այսինքն, քաղաքական ուժերը պետք է վճռականություն դրսևորեն ու հաղթահարեն դրա հետևանքները։ Ազատագրվեն անցյալի բարդույթներից ու անցնեն առաջ։

Ցավոք սրտի այսպիսի միտումներ ոչ միայն չեն նկատվում, այլ նաև արձնագարվում է լրիվ հակառակ գործընթացը։ Հեղափոխությունը որպես ինտելեկտուալ գաղափար այլևս սպառվել է՝ իրենից հետո թողնելով հետադիմական այն կռճոնները, որոնք տիրապետող են արդի հասարակական ու քաղաքական տարածությունում։ Ասվածի տրամաբանությամբ կոնֆորմիստ են ոչ միայն հեղափոխության պաշտպանները, այլ նաև դրա ընդդիմախոսները։ Երկուսն էլ փաստացի կառչել են անցյալի փշրանքներից և ամենքն իր համար փորձում է արդարացնել սեփական գոյությունը։ Այլ խոսքով երկու հակադիր բևեռները ամբողջացնում և լրացնում են իրար, իսկ միավորման կետը կոնֆորմիզմն է, տեղում դոփելու և քարանալու բարդույթը։

Իրավիճակի պատասխանատուն կառավարող թիմն է, իհարկե Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այլ խոսքով կոնֆորմիզմի այս միջավայրը հենց վարչապետի ստեղծագործությունն է, քանի որ նրա դրդմամբ հեղափոխությունը ֆետիշանալու, քարանալու և հուշարձան դառնալու հայտ է ներկայացրել։ Իրականություն կլանող ֆետիշներն ու հուշարձանները վտանգավոր են այն առումով, որ դրանք հակված են մարդկանց արգելափակել այն տևողության մեջ, երբ իրենք ստեղծվել ու ձևավորվել են։ Մարդու բնական պահանջմունքն է առաջ շարժվելն ու նոր մարտահրավերներ որոնելը, իսկ ֆետիշն ու հուշարձանը անընդհատ կանգնեցնում և խոչընդոտում են նրան՝ պարտադրելով իրենց խաղի կանոններն ու տրամաբանությունը։

Գաղափարի արժեզրկմանը որպես կանոն հաջորդում է դրա ատելի դառնալը։ Մարդը ատում է այն ամենը, ինչը խոչընդոտում է իր ընթացքը, իսկ ատել նշանակում է ոչնչացնելու ցանկություն ունենալ։ Ի վերջո բոլոր ֆետիշներն էլ դատապարտված են կործանման։ Այս պարագայում խնդիրն այն է, որ մեր հեղափոխության ֆետիշի հետ միասին կարող են կործանվել նաև դրա բերած լուսավոր արժեքները։

Եթե մենք շարունակենք ապրել քարացած այս իրականությունում, ապա ինչ-որ մի օր Հայաստանի քաղաքացիները հեղափոխության ֆետիշը կործանելու կամք են դրսևորելու՝ դրա հետ միասին ոչնչացնելով նաև ժողովրդավարության գաղափարը, քանի որ հեղափոխության առաջնորդն ինքն իրեն ոչ միայն պետության հետ է նույնականացրել, այլ նաև ժողովրդավարության։

Մի ժամանակ մենք պայքարում էինք հանուն հեղափոխության։ Հեղափոխությունն ի վերջո հաղթեց և մենք հիմա ստիպված ենք պայքարել հեղափոխության հետևանքների դեմ։ Այսինքն, մեր խնդիրն է հաղթել հեղափոխությանը, արգելակել դրա տարածման հնարավորությունն ու կաշկանդել անընդհատ ներկայությունը։ Այլընտրանքը ճահճացումն է և աստիճանական փտումը։ Այլ խոսքով՝ քաղաքական համակարգը շարունակելու է կազմակերպվել բարու և չարի, սևի ու սպիտակի, հեղափոխականի և հակահեղափոխականի, իրական և կեղծ հայրենասերների պարզունակ դիմակայության հաշվին, ինչի վերջնական հետևանքը ճահիճն է, քանի որ ո՛չ բարին ու չարը, ո՛չ սևն ու սպիտակը, ո՛չ հեղափոխականն ու հակահեղափոխականը և ո՛չ էլ կեղծ ու իրական հայրենասերները հաղթելու կամ էլ պարտվելու շանսեր չունեն։ Ավելին, դրանք նաև անելիք ու առաքելություն էլ չունեն, քանի որ մենք դիցաբանական իրականությունում կամ էլ կոմիքսներում չենք ապրում։

Այս առումով 2020-ը նոր շրջափուլ է, որը լինելու է մեր կամքից անկախ։ Կա՛մ պետք է մտնենք այդ շրջափուլի տրամաբանության մեջ կա՛մ էլ շարունակենք ապրել 2018 թ․-ի հեքիաթային իրականության մեջ՝ իրական մարտահրավերներն ու հիմնախնդիրները թողնելով բախտի քմահաճույքին։ Անցյալի հեքիաթում ապրող քաղաքական համակարգն իրական  սպառնալիք է պետության համար։

https://hraparak.am

 

 

 

бутон за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net