«Կարոտ»

Այսօր կրկին գնացել էի մեր տան մոտ, այն տան, որտեղ մանկությունս մնաց։Կանգնեցի հեռվում և քաղցած աչքերով նայեցի մանկությանս աչքերին։ Շատ բան չէր փոխվել, պա՜պ, մեր տունն էր, իր հին պատուհաններով, որտեղից դեռ մամայի թխած խմորեղենների հոտն էր գալիս: Փորձեցի մտովի ներս մտնել, գնալ պատուհանից այն կողմ, մտովի պապ,պատկերացնում ես,իմ, քո, մեր տան պատուհանները ինձ համար փակ էին, ես ստիպված էի միայն պատկերացնել, թե ինչ է պատուհանից այն կողմ հիմա:

Գնացի. գիտես,ամեն բան նույնն էր,անգամ դեռ ներկածդ պատերի հոտն էր գալիս, ես այն շնչեցի թթվածնի պես և ներկիդ բույրին կարոտ թոքերս կրկին հագեցան։ 

Պապ, կանգնել էի հեռվում և ձեռքերիս մեջ ամուր սեղմել մանկության հեքիաթս, վախենում էի,ձեռքերս բաց անել, վախենում էի,որ մարդիկ դա էլ կխլեն, որ կխլեն ինձանից իմ հեքիաթը, արցունքներս հազիվ խեղդելով, որ չպայթեմ, որ չգոռամ ներսումս տիրող ցավից, լուռ նայում էի պատուհանին ու էն անճաշակ վարագույրներին, բա մաման այդպիսի վարագույրներ կկախեր, ժպտացի, մի պահ հիշեցի ինձ, վարագույրները ու մամային, ոտքերիցս ամուր բռնում էր, որ հանկարծ ցած չընկնեմ,իսկ ես փորձում էի ձգվել, որ հասնեմ ու էդ վարագույրները հանեմ ու ցույց տամ մամային, որ ես արդեն մեծ աղջիկ եմ, դե հետո ինքը կհամաձայներ, ես էլ առիթը բաց չէի թողնի ու կխոստովանեի, որ սիրահարվել եմ. էլի ժպտացի, հիշեցի թե ոնց էի խառնվել,երբ առաջին անգամ մի տղայից ով սիրահարված էր ինձ նվեր ստացա, չգիտեի ինչ էի ասելու քեզ ու մամային ու չգիտեի,թե խի վերցրեցի,ախր չէի սիրում,ախր իմ միտքն ու սիրտը մեկ այլ տղայի մոտ էին, էն մեկի ով այդպես էլ իմ կողմ չնայեց,ինչի համար էի էդ խեղճ տղու հոգու հետ խաղում, որքան անգամ ծաղրեցի, առանց գիտակցելու, որ ցավեցնում եմ ու, որ չի կարելի ծաղրել մարդկանց ու թքել էն սրտի մեջ, որ քեզ համար աղոթում է, թեկուզ, եթե դու անհավատ ես, հա, հասկացա նվերն ինչի համար վերցրի, ախր այնքան հաճելի էր առաջին անգամ նվեր ստանալ հակառակ սեռից, այդ ժամանակ դեռ չէի գիտակցում, որ դա լինելու է իմ կյանքի առաջին ու վերջին նվերը, որը ի սրտե էր տրված, առանց հետին պլանների, չէի հասկանում, որ դեռ կյանքում նման հազար տեսակ նվերներ կլինեն, բայց ես դրանց համար այդպես չեմ ուրախանա և, որ վերջապես չէի պատկերացնի, որ մի օր կնայեմ այդ նվերին ու կարոտով կհիշեմ այդ օրը ու կանիծեմ ինքս ինձ այդ տղային ցավեցնելու համար, մինչև նույն ցավի միջով չենք անցնում չենք զգում դիմացինինը, ցավոք ես դա հասկացա, ես դա զգացի պապ:

Այսօր ևս մեկ անգամ նայեցի անարդար կյանքի աչքերին և փորձեցի պատասխան գտնել, բայց չգտա պապ, կրկին նայեցի պատուհաններին, մտովի գնացի ներս և հոգիս ցավեց,քո քրտինքը այսօր օտարն է վայելում:Մանկությունիցս, մեր խաղերից, մութ սենյակում մոմի լույսի տակ երջանիկ օրերի մասին պատմող պատերից մի բուռ հիշողություններ գողացա թաքուն, որ չնկատեն, պա՜պ, ասա մի՞թե արդար է։ Պատերից հոգնած ձեռքերիդ, արդար քրտինքով պատված մարմնիդ հոտն էր դեռ գալիս, ես այն շնչեցի, թոքերիս մեջ ևս մի կարոտ հավերժ թաղեցի, որ ամբողջ կյանքում այն ինձ հետ մնա։

Պա՜պ, սենյակից համբույրիդ համն էր գալիս, ես այն զգացի, ճաքճքած շուրթերիդ համը զգացի այտերիս վրա։ Նայեցի հայելուն և շողքս տեսա, ես տեսա ինձ այնտեղ ,աչքերս փակեցի, գրկեցի,կարոտս առա։ Նայեցի դռանը և բաժանումը կոկորդս խեղդեց։

Պա՜պ, ես այսօր մի քանի տարով էլի մեծացա,վերջին անգամ նայեցի մանկությանս աչքերին ու հրաժեշտ տվեցի,բռնեցի կիսատության ճանապարհն ու փորձեցի օդում լողացող կարոտներս խեղդել ափերիս մեջ,չկարողացա. Ես այսօր հասկացա,որ մենք` մարդիկս հավերժ պատերազմի մեջ ենք, որ խաղաղություն ասվածը լոկ հորինվածք է, մենք մեր ողջ կյանքում պատերազմում ենք մեր հիշողությունների ու կարոտների հետ ու միշտ պարտվում,այսօր կարոտը սև թղթի նման կոկորդիս կանգնեց ու ես,ինչպես յոթ որդակորույս մայր ընկա կույր բախտի գիրկը ու անիծեցի երկինքը.
Երկի՛նք, դե բացվիր, անձրև հեղեղիր, աղոթք արտասվիր ու հուշերս քո թևերին առ.

Երկինքը բացվեց և կարոտի հատիկները թափվեցին ներքև…

Անի Հերունի Սաջյան

 

 

бутони за споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net