ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այն վեց կետերը, որոնք պայմանական կոչվել են «մյունխենյան սկզբունքներ», ոչ թե լոկ բանակցային սեղանի «սկզբունքներ» են, այլ դրա դրույթներին մոտեցման եղանակ, այլ կերպ ասած՝ սկզբունքների սկզբունք: Ցանկացած բանակցային հարց անհրաժեշտություն ունի սկզբունքային ճշգրիտ մոտեցման եւ հիմնավորուման: Նախկին երեք նախագահներից եւ ոչ մեկը «Մադրիդյան սկզբունքների» դրույթների առնչությամբ ռազմավարական մոտեցում չի ցուցաբերել: Բանակցային դրույթներին հեռանկարային մոտեցում ցուցաբերելը կարեւոր է հատկապես այն դեպքում, եթե կողմերից մեկը՝ այս դեպքում Ադրբեջանը, ընդհանրապես հրաժարվում է բանակցային խնդրի խաղաղ լուծման կառուցողական մոտեցումից:

Միայն հեռանկարային մոտեցման միջոցով հնարավոր է բանակցային դրույթներից որեւէ մեկը ընդունել կամ մերժել, այլապես  թե՛  ընդունումը, եւ թե՛ մերժումը, որը չի համապատասխանի տվյալ խնդրի լուծման տրամաբանությանը, կլինի ոչ հիմնավորված եւ չի նպաստի խնդրի բուն լուծմանը:

Այս առումով ՀՀ Վարչապետի կողմից հնչեցված «մյունխենյան սկզբունքները» խնդրի լուծման համար կարեւոր նշանակություն ունեն:

Իհարկե նախընտրելի է ցանկացած կոնֆլիկտ լուծել խաղաղ ճանապարհով, բայց պետք է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ բանակցող մյուս կողմը հնարավոր է համաձայն չլինի եւ ոչ մի քայլ չանի  հանուն հարցի խաղաղ կարգավորման: Այդ պարագայում պետք է կարողանալ դիմացինին տալ այլընտրանքային պատասխան: Եւ հենց այդ առումով էլ շատ ճիշտ է այն սկզբունքային մոտեցումը, թե «ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»։

Քանի որ հայ ժողովուրդը Ադրբեջանի ամբողջ տարածքում վտանգված էր, եւ քանի որ ադրբեջանական իշխանությունները չեն ապահովել իրենց տարածքում բնակվող հայերի անվտանգությունը, եւ քանի որ սանձարձակ հարձակում են կատարել արցախահայության վրա նրա՝ խաղաղ արտահայտված ինքնորշումը բռնի չեղարկելու եւ տարածքը առանց հայերի տիրանալու նպատակով, այդ իշխանությունները չեն կարող եւ անվտանգության ոչ մի երաշխիք խոստանալ արցախահայությանը եւ առհասարակ հայությանը, ուստի «չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը» կարեւոր նշանակություն ունի:  

Երկրորդ կետի շեշտադրումը, որում նշվում է՝  «Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը» նույնպես կարեւոր է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ցանկացած ժողովուրդ, որը ինքնորոշման հայտ է ներկայացնում, առաջին հերթին ինքն է բանակցային կողմը, այլ պետությունները կարող են միայն այս կամ այն կողմին աջակցել կամ փորձել խնդրի լուծման եղանակներ առաջարկել: Լուծման առաջարկների ընդունել-չընդունելու իրավասությունը վերապահված է միայն ու միայն ինքորոշվող կողմին: Այստեղ  հակառակորդի ժխտողական դիրքորոշումը չի կարող եւ չպետք է մեծ դեր խաղա, քանզի ինքնորոշվող ժողովուրդն է պահանջատերը, ոչ թե այդ ժողովրդի իրավունքը ոտնահարող եւ նրա անվտանգությանը սպառնացող կողմը: Ուրեմն, երկրորդ կետը սկզբունքային նշանակություն ունի հենց այդ առումով:

Առաջին կետը վիճարկելի է այն առումով, որ, ոչ թե «Լեռնային Ղարաբաղը անկախություն է ձեռք բերել այնպես, ինչպես Ադրբեջանը», այլ Արցախը համաձայն ԽՍՀՄ սահմանադրության իր անկախության կամ ինքնորոշման հայտը ներկայացրել է նախքան Ադրբեջանի անկախացումը ԽՍՀՄ-ից: Այսինքն Արցախը ԽՍՀՄ- օրենքների շրջանակում որոշել է Ադրբեջանի կազմից դուրս գալ եւ միանալ Խորհրդային Հայաստանին եւ դա արել է նախքան ԽՍՀՄ փլուզումը: Ադրբեջանը մյուս հանրապետությունները նման ինքնաբերաբար անկախացել են, քանի որ ԽՍՀՄ-ը փլուզվել էր:

Չորորդ կետը, որում  նշված է՝ «Լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդների համար», կարեւոր է թե՛ բանակցային ընթացքի համար, եւ թե՛ միջազգային հանրությանը կառուցողական մոտեցում ի ցույց դնելու առումով: Հարցի լուծման այն տարբերակը, որը  ընդունելի է թե՛ Հայաստանի եւ թե՛ Արցախի համար, ընդունելի չէ միայն Ադրբեջանի համար.  եթե Ադրբեջանը այնպիսի մոտեցում ցուցաբերի, որ ընդունելի լինի Հայաստանի եւ Արցախի ժողովրդների համար, ինչը ցայսօր նրա կողմից չի ցուցաբերվել, մեծ հավանականությամբ  չի ցուցաբերվի նաեւ ապագայում, ապա դա կնշանակի նրա համար պարտություն եւ Բաքուն, առնվազն տեսանելի ապագայում  պատրաստ չէ  այդ պարտությունը կրելուն: Այդ դեպքում մնում է միայն «ստատուս-քվոյի» պահպանում, որը իր հերթին կախված է կողմերի հավասարազորության եւ քաղաքական կարողություններից:

Անշուշտ, մեկ քայլով հնարավոր չէ խնդրի լուծումը: Անգամ եթե առկա լինի խնդրի լուծման մեկ փաթեթ, դրա իրականացումը գործնականում պետք է տեղի ունենա քայլ առ քայլ, հաջորդաբար: Եթե կա բանակցություն, ապա տրամաբանական է նաեւ, որ խնդրի լուծման համար պետք է լինի կողմերի համաձայնություն եւ պատրաստակամություն, որպեսզի բանակցության ելքը լինի բոլորի համար ընդունելի: Միակողմանի համաձայնությամբ կամ պատրաստակամությամբ հնարավոր չէ խնդրի խաղաղ լուծում: Եթե կողմերից որեւէ մեկը (անկախ նրանից, թե իր կողմից ներկայացված պահանջը արդարացի է, թե՝ ոչ) խնդրի լուծումը տեսնի միայն ու միայն իր ցանկություններին համապատասխան, ապա խնդրի լուծումը կընթանա ռազմական, ուժային կարողությունների տրամաբանությամբ եւ այդ դեպքում չի գործի խնդրի խաղաղ կարգավորման տրամաբանությունը եւ այդ դեպքում խնդրի արդարացի լուծումը իր տեղը կզիջի կողմերից մեկի  ունեցած ռազմաքաղաքական եւ ռազմական ռեսուրսներին:

Արցախի Հարցի լուծման «մադրիդյան սկզբունքներում» դրված այն կետը, թե նախկինում Արցախում բնակվող ադրբեջանցիները իրավունք ունեն վերադառնալ իրենց բնակավայրերը, միանգամայն պետք է հայկական կողմի համար անընդունելի համարել եւ հեռացնել բանակցային շրջանակից, քանի որ այդ միտումը իր մեջ վտանգ է պարունակում՝ հաշվի առնելով  պանթուրքական քաղաքականության հեռահար նպատակներն ու աշխարհաքաղաքական անկանխատեսելի զարգացումները: Մենք ականատես են, թե Թուրքիան ինչպես է  փորձում Իրանի ադրբեջանական նահանգներում ազգայնամոլական կրքերը բորբոքել, ինչպես նաեւ սպառնում է Ռուսաստանին «50 մլն մահմեդականների միջոցով Ռուսաստանի քայքայումով»: Եթե Թուրքիային չի հաջողվում կամ չհաջողվի Իրանում կամ Ռուսաստանում խժդժոցի եւ պետական անվտանգությանն ուղղված սպառնալիքի մեծ ալիք բարձրացնել, ապա կարծում ենք որ դա Արցախում նրա համար ավելի հեշտ իրականանալի: Եթե Ադրբեջանը պատրաստ չէ, կամ չի ցանկանում Ադրբեջանից բռնագաղթված հայերին ընդունել, նրանց անվտանգությունը պաշտպանել, եթե Թուրքիան ցեղասպանությունից մազապուրծ եղած իր նախկին քաղաքացիներին չի ընդունում կամ նրանց անվտանգությունը չի ապահովում, ապա անիմաստ է «մարդասիրական» հիմունքով կամ անհեռատես քաղաքականության պատճառով Արցախից արտագաղթած ադրբեջանցի փախստականներին վերաբնակեցնել Արցախում եւ սեփական ձեռքով սեփական տան տակ ական դնել: Դա իր մեջ պոտենցիալ մեծ վտանգ է պարունակում, թե  քաղաքացիական պատերազմի եւ թե՛ ժողովրդագրական տեսանկյունից:

Երվանդ Խոսրովյան

Գերմանիա, 04.03.2020 թ.


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert