Սուրեն Այվազյան` արտասովոր գիտնականը և անխոնջ գործիչը

Աստվածատուր շնորհքներով այս մարդը կարծես թե ուզում էր վեր հանել տիեզերքի բոլոր գաղտնիքները: Նա աշխարհ էր եկել բազում մեծարժեք հայտնագործություններ անելու…

Նա այն հազվագյուտ գիտնականներից էր, ում գործունեության և հետաքրքրությունների ոլորտը միանգամից անհնար է թվել և առավել ևս՝ ներկայացնել, քանզի բազմաբնույթ են և այնքան խորը, որ հասնում են հարազատ ժողովրդի ակունքներին և ձգվում դեպի մարդկության պատմության խորքերը:

Սուրեն Միքայելի Այվազյանը ծնվել է 1933 թ-ին՝ Թիֆլիսում՝ մտավորականի ընտանիքում:

-Հորս հարազատ գյուղը մինչև վերջին ժամանակներս Շահնազար անունն էր կրում: Այժմ այդ գյուղը կոչվում է Մեծավան: Գյուղի ամենալավ բանը նրա մարդիկ են, -գրում է գիտնականն իր հուշերում և ավելացնում, որ իրենց նախնիները մշեցի են:

Սուրեն Այվազյանի հայրը՝ Միքայել Այվազյանը 1915 թ-ին տնից փախել և միացել է զորավար Անդրանիկի ջոկատին: Տեսնելով 14-ամյա պատանուն՝ դաշույնը գոտուց կախված՝ Հովհ. Թումանյանը նրան անվանել է «ծուռ լոռեցի»:

Գիտնականի մայրը՝ Վարդիթեր Հեքեքյանը, Հեքեքյան հայտնի տոհմից է և եղել է Ռոմանոս Մելիքյանի աշակերտուհին: Միքայել Այվազյանը Թիֆլիսում աշխատել է որպես «Մարտակոչ» թերթի քարտուղար, այնուհետև՝ որպես Ստեփան Շահումյանի՝ ներկայում՝ Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի ադմինիստրատոր: Հենց այդ թատրոնի երախտավոր Արտեմ Լուսինյանի խորհրդով՝ 1952 թ-ին ոսկե մեդալով ավարտելով դպրոցը՝ Սուրեն Այվազյանը, որոշեց երկրաբան դառնալ՝ ընդունվելով Մոսկվայի Լոմոնոսովի անվան երկրաբանական ֆակուլտետը: Շուտով երկրաբան Այվազյանի տաղանդը փայլատակեց մի շարք ասպարեզներում: Ապշեցուցիչ է, սակայն նա դարձավ նաև երկրաֆիզիկոս, երկրաքիմիկոս, աստղաֆիզիկոս, պատմաբան, հնէաբան, քարտեզագետ, լեզվաբան,գրող, բանահավաք, ազգագրագետ, գիտության և տեխնիկայի մասնագետ:

Սուրեն Այվազյանի եղբայրը՝ Հրաչյա Այվազյանն ավարտել էր Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1957 թ-ին ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի հատուկ որոշմամբ Այվազյան եղբայրներն ընդգրկվեցին ԳԱ կիրառական ֆիզիկայի էլբրուսյան արշավախմբի կազմում: Այստեղ նրանք հայտնագործեցին նոր երկարության ինֆրակարմիր ալիքներ՝ խոշոր գյուտ անելով հրթիռ որսացող սարքավորումների բնագավառում, որի համար արժանացան Պետական գաղտնի մրցանակի, իսկ Հրաչյա Այվազյանն այնուհետև դարձավ Նյու-Յորքի Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ: Այդ ուղղությամբ, հետագայում՝ 2006 թ-ին Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի կողմից Սուրեն Այվազյանը պարգևատրվեց ոսկե մեդալով:

-Ազատ արվեստագետի դերը գիտության մեջ ինձ շատ էր ձգում,-խոստովանում էր արդեն երկրաբանական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, աշխարհի չորս ակադեմիաների իսկական անդամ Սուրեն Այվազյանը: 1959 թ-ին տեղափոխվելով Երևան՝ գիտնականն աշխատեց ԳԱ-ի նախագահությունում՝ որպես կրտսեր գիտաշխատող: Այնուհետև ձեռնամուխ եղավ հայկական սեպագրերի վերծանման գործին, որոնք կարդաց մինչ այդ չհայտնաբերված նախագրաբարյան լեզվով: 1963-ին հրատարակեց իր առաջին խոշոր մենագրությունը՝ «Հայկական սեպագրերի վերծանումը», որի գրեթե բոլոր օրինակները հավաքվեցին և այրվեցին Հայաստանի Խորհրդային Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի բակում, որպեսզի մեր հարևանները չնեղանային՝ իմանալով հայկական վաղնջական պետականության ու մշակույթի մասին: Հայկական սեպագրերի վերծանումը ցույց տվեց, որ հայերենից զատ, հայերենից տարբերվող ուրարտական լեզու գոյություն չի ունեցել, որ հայկական սեպագրերի լեզուն հենց սեպագիր շրջանի հնագույն Հայաստանի լեզուն է, որ բոլոր վերծանված բառերը, անուններն ու աշխարհագրական անվանումներն ունեն հայկական արմատներ: Սակայն, ուրարտագետ Բորիս Պիոտրովսկուն ապացույցներ էին պետք.

-Եթե կա Մովսես Խորենացու Հայաստանը՝ ապացուցի՛ր:

Սուրեն Այվազյանը չհապաղեց: Հայկական սեպագրերի վերծանումից երեք տարի անց նա կատարեց դարի հնէաբանական խոշորագույն հայտնագործություններից մեկը, ինչն այսօր գրեթե ոչ մի տեղ իր անվամբ չի հիշատակվում: Տաղանդաշատ գիտնականը հայտնաբերեց մի հնավայր, որը հոսող գետի անվամբ կոչեց Մեծամոր՝ ապացուցելով որ այն Ք.ա 3-րդ-ից 1-ին հազարամյակների հայկական երկրի պատմությունն է, որ հանքամետաղագործական խոշոր այդ համալիրը հանքահարստացման և ձուլման չափերով հավասարը չուներ ողջ Հին Արևելքում: Մեծամորն անմիջապես իր վրա բևեռեց համաշխարհային գիտական հաասարակության ուշադրությունը: Սեպագրերի վերծանումը և Մեծամորի դարակազմիկ հնագիտական հայտնագործությունները հայագիտության ասպարեզում հեղաշրջում կատարեցին՝ խորացնելով մեր պատկերացումները Հայասա հնագույն պետական կազմավորման մասին: 1963-1970 թթ-երին Այվազյանը Մեծամորի մասին տասնյակ հոդվածներ և մի մենագրություն տպագրեց: Այս ամենի համար նա արժանանացավ պետական մրցանակի և պարգևատրվեց ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով:

Չափազանց ուշագրավ են գիտնականի այն աշխատությունները, որոնք վերաբերում են հիերոգլիֆների վերծանմանը և աշխարհի այբուբենների համեմատական ուսումնասիրություններին: 1960 թ-ին ակադեմիկոս Վասիլի Ստրուվեի հանձնարարականով Այվազյանը հրատարակեց իր «Հիքսոսներ» աշխատությունը՝ համարձակ մի խոսք հայագիտության մեջ: Այստեղ ասվում է, որ Ք.ա. 1710 թ-ին Եգիպտոսը նվաճած հիքսոսները, որոնք հյուսիսից էին գնացել, երկաթ էին ձուլում և ամուր զենք ու զրահ կռում՝ հայերի նախահայրերն էին՝ Հայք-Հայասա երկրից: Դրա կարևորագույն ապացույցներից մեկը Մեծամորում հայտնաբերված գաղափարագրերն էին, որոնք հիքսոսյան, ինչպես նաև Մատենադարանում պահվող հին ձեռագրերի գաղափարագրերի հետ համեմատելիս ակնհայտ է դառնում, որ դրանց միջև գոյություն ունի ծագումնաբանական կապ:

Հենվելով պատմական արժեքավոր հայտնագործությունների վրա՝ Այվազյանն ուրիշ համարձակ տեսություններ էլ է առաջ քաշում, որոնցից մեկն էլ՝ արիացիների (հնդեվրոպացիների) նախահայրենիքի հայկական լեռնաշխարհ լինելն է:

Բեղմնավոր գիտնականն իր աշխատանքի արդյունքում ստեղծել է շուրջ 300 գիտական աշխատություն և 36 մենագրություն, որոնց մեջ կարևորվում են նաև բնական գիտությունների ոլորտում կատարած նրա հեղաշրջիչ հայտնագործությունները: Մեկ տարում՝ 1966-67 թթ-երին նա նոր ուղղություն բացեց երկրաքիմիայի ասպարեզում՝ հիմնելով գիտության նոր բնագավառ՝ միջուկային երկրաքիմիական-արժեքային իզոտոպների նմանության շարքերը: 1968թ-ին Մոսկվայում պաշտպանելով իր գիտական ատենախոսությունը՝ Սուրեն Այվազյանը ստացավ երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածուի կոչում: 1972-73 թթ-երին ստեղծեց ֆիզիկական մաթեմատիկայի նոր ուղղություն՝ ձգողական դաշտերի մաթեմատիկա:1973-ին՝ դարձյալ Մոսկվայում՝ իր «Երկրագնդի կազմավորումը» մենագրության համար ստացավ ֆիզիկամաթեմատիկական դոկտորի կոչում: 1974 թ-ին գիտնականը հայտնագործեց նյութերի կոնցենտրացման պրոցեսները տիեզերական օբյեկտներում՝ ցույց տալով գալակտիկայի էվոլյուցիոն զարգացման ընթացքը: 1976 թ-ին դարձավ Էներգետիկ ինվերսիաների հասարակական միջազգային Ակադեմիայի անդամ, այնուհետև՝ ևս երեք Ակադեմիաների՝ Հայկական տեխնոլոգիական Ակադեմիայի, ՌԴ բժշկատեխնիկական Ակադեմիայի և Կանադայի Ինֆորմատիզացիայի միջազգային Ակադեմիայի: Վերջինի մասին պետք է ասել, որ համաշխարհային հզոր գիտական կառույց է, որտեղ ընդգրկված է աշխարհի քաղաքական և գիտական ընտրանին:

1966-1988 թթ-երին Ս. Այվազյանն աշխատել է գունավոր մետալուրգիայի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես գիտատեխնիկական ինֆորմացիոն բաժնի վարիչ՝ հրատարակելով ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուները: Վիթխարի ներդրում կատարելով աստղաֆիզիկայի բնագավառում՝ Այվազյանն իրեն լիովին հաստատեց այդ ասպարեզում՝ 1995-ին ստեղծելով «Հնգաչափ կոնտինիուումի կոորդինատների բացարձակության տեսությունը», որտեղ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հանդես է գալիս որպես մասնակի դեպք:

1980 թ-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանը Սուրեն Այվազյանին հանձնարարեց ստեղծել Հայաստանի պատմական քարտեզների հավաքածու, քանի որ ԽՍՀՄ ղեկավարներն ասել էին, որ Հայաստանի անցյալի մասին ոչ մի պատկերացում չունեն: Օրական 18-20 ժամ ոգեշնչված աշխատելով՝ օգտագործելով Խորենացու պատմությունը, խեթական, ասուր-բաբելական, հին պարսկական, հին արաբական, հին հնդկական հիերոգլիֆային և սեպագիր տվյալները, երեք ամիս անց Ջոն Կիրակոսյանի սեղանին դրվեց 50 քարտեզից բաղկացած ատլասը, որն ընդգրկում է Հայաստանի հնագույն և հին ժամանակները՝ մ.թ.ա. 2107-ից մինչև մ.թ. 428 թթ-երը, որտեղ երևում է, որ Ք.ա. 1824 թ-ից Հայաստանը գոյություն է ունեցել որպես պատմաաշխարհագրական և քաղաքական միավորում՝ իր երեք մասերի կազմության մեջ՝ Մեծ Հայքի, Փոքր Հայքի և Հայկական Կիլիկիայի:

Լինելով անմնացորդ հայրենասեր՝ տաղանդաշատ գիտնականը նաև հասարակական և քաղաքական ակնառու գործիչ էր: Նա իր պատմական և հնագիտական ուսումնասիրություններում փորձում է վեր հանել պատմական ճշմարտությունը, ազգային արժեքները ետ պահել օտար ոտնձգություններից: Նա քարոզչության և հակաքարոզչության մեծ գիտակ էր և կարողանում էր հակահարվածնել տալ հարևան ժողովուրդների կեղծարարություններին: Այդ առումով կարևորվում են Այվազյանի գրած բաց նամակները, որոնցում հեղինակը տարբեր պահանջներ էր ներկայացնում՝ ի շահ հայ ժողովրդի:

1978թ-ից՝ Ջոն Կիրակոսյանի առաջարկով, տասը տարի շարունակ նա ղեկավարել է «Ղարաբաղ» գաղտնի կոմիտեն, որը մեծ գործ էր կատարում ազգային արժեքների պահպանման և պատմական արդարության վերականգնման ուղղությամբ: Այսօր քչերին է հայտնի, որ 1988 թ-ի փետրվարի 20-ին Երևանի Թատերական հրապարակում կայացած միտինգը գլխավորել է Ս. Այվազյանը: ԽՍՀՄ քաղբյուրոն Ղարաբաղյան շարժումը բնորոշեց որպես կոռումպացված տարրերի շարժում և 1989 թ-ին մեծ գիտնականը ձերբակալվելով պետանվտանգության կոմիտեի աշխատակիցների կողմից՝ մեկ ու կես տարի անցկացրեց Մոսկվայի պետանվտանգւթյան մեկուսարանում: Իսկ 1992 թ-ին ՀԽՍՀ գերագույն դատարանը Այվազյանին դատապարտեց ինը տարի ազատազրկման: Բանտում գիտնականը սրտի կաթված ստացավ: Այնտեղից նրան հաջողվեց դուրս գալ ավելի քան մեկ տարի անց՝ նորանկախ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի միջամտությամբ միայն: Ինչպես վկայում են ժամանակակիցները՝ գիտնականը եղել է ղարաբաղյան շարժման ոգին, շարժմանն աջակցել՝ ինչպես կարող էր:

Սուրեն Այվազյանն օժտված էր նաև գրելու շնորհքով: Մոսկվայի պետանվտանգության մեկուսարանում նա գրեց իր «Այր հայրենյաց» ստվարածավալ պատմավեպը, որտեղ նկարագրված է ինչպես հայոց, այնպես էլ՝ ողջ մարդկության 2000 տարիների պատմությունը՝ Ք.ա. 2017-ից մինչև քրիստոնեության հաստատումը Հայաստանում: Պատկերավոր լեզվի տեր գրող է Սուրեն Այվազյանը, գրել է նաև «Զրադաշտի տիեզերքը» պատմավեպը, բանաստեղծություններ և այլ ստեղծագործություններ: Նա նաև հիանալի երգում էր և երգերի տեքստեր ու երաժշտություն գրում:

Սուրեն Այվազյանի ողջ ստեղծագործության մասին միանգամից անհնար է խոսել: Մեծ արժեք ունի նրա «Հնագույն Հայաստանի պատմությունից» գիրքը, որտեղ վավերական փաստերի ուսումնասիրությունների հիման վրա հեղինակը ներկայացնում է հայկական լեռնաշխարհի հնագգույն մշակույթի առանձին բնագավառները: Գիտնականի վերջին գիրքը՝ «Հայաստանը և տիեզերքի իմ ընկալումները» լույս տեսավ 2008 թ-ին: Այն ներառում է մինչ այդ տպագրված և անտիպ իր բոլոր աշխատությունները:

1993 թ-ից Ս. Այվազյանը հրատարակում էր «Մեծամոր» թերթը, որտեղ զետեղում էր իր հայրենաշունչ հոդվածները, բաց նամակները, գիտության տարբեր ճյուղերին վերաբերող իր ուսումնասիրություններն ու գեղարվեստական ստեղծագործությունները: «Մեծամորի» 2009 թ-ի սեպտեմբերի համարը վերջինը եղավ և լույս տեսավ սև-սպիտակ տպագրությամբ, քանի որ մեծ գիտնականն անսպասելի հեռացավ կյանքից: Կենդանի լեգենդի մահը խոր վիշտ պատճառեց, հարազատներին ու մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում էին տաղանդաշատ գիտնականին, սկզբունքային, շիտակ, հայրենանվեր ու կենսուրախ մարդուն:

Սուրեն Այվազյանը կոչված էր իրենց դարն ապրած կաղապարները ջարդելու և զարգացման նոր ուղիներ նշելու: Լինելով չորս ակադեմիաների անդամ և երկու պետական մրցանակների դափնեկիր՝ սակայն, նրա թողած ծանրակշիռ ժառանգությունն այսօր ուսումնասիրված ու ճանաչված չէ, և գիտական վաստակը գնահատված չէ՝ ինչպես գիտական ու քաղաքական շրջանակներում, այնպես էլ ժողովրդի կողմից: Նրա մի շարք տեսություններ արձագանք են գտել հիմնականում օտար գիտնականների կողմից:

Արցախը գնահատեց տարիներ շարունակ իր անկախության համար մաքառող մարտիկի վաստակը: 2010 թ-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Սուրեն Այվազյանին հետմահու շնորհեց «Երախտագիտություն մեդալ»` Արցախի ազատագրությանը մատուցած իր մեծ ծառայության համար:

Սուրեն Այվազյանի մտերիմներն ու համախոհները տարբեր միջոցառումներ են կազմակերպում՝ հանրությանը ճանաչել տալու արտասովոր գիտնականի և հայոց քաղաքակրթության անաղարտության համար պայքարող անխոնջ գործչի վաստակը: Նրանք հավատացած են, որ ապագայի գիտնականի ժամը կգա, քանզի մեծ մտքերն ու տեսությունները միանգամից անհնար է արժևորել:

Մարինե Վանյան

https://blog.168.am/blog


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert