Խոսք Հայասստանի
ՀՈՒԼԻՍԻ 12-Ը՝
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարները՝ Թովուզի շրջանից ազրբաջանցիները խուճապահար հեռանում են: Լուսանկարները ազրբաջանական կայքերից։)
Ռազմաքաղաքական իրադարձությունները, իրենց բոլոր ծալքերով, միշտ չէ, որ հասանելի են։ Սակայն այդ իրադարձությունների նվաճողը հաճախ լինում են նրանք, ովքեր ունակ են լինել ինքնուրույն, և կարող են կայացնել ողջախոհ և շրջահայաց հանդուգն որոշումներ։
Հուլիսի 12-ի, և նրան հաջորդող օրերի ընթացքում, ՀՀ բանակը ռազմական տեսակետից, դիպուկ և իր տեսակի մեջ աննախադեպ հաջողություն արձանագրեց։ Ռազմավարական նշանակությամբ հաջողություն՝ նվազագույն (թեկուզ և մեզ համար միշտ ծանր) կորուստով։
Արդ թիրախի տակ են հակառակորդի, գրեթե, բոլոր զարկերակները։ Տավուշին կից՝ Թովուզի բարձունքներից, Հայկական զինուժը հսկում է 50 կմ նեղուցով Ադրբեջանի էներգակիր խողովակներին, երկաթուղուն և մայր ավտոճանապարհին։ Սա այն անցուղին է, որ Ադրբեջանին միացնում է ոչ միայն Վրաստանին այլ նաև Թուրքիային, որի հետ մեծ հույսեր է կապում Ալիևի իշխանությունը:
Բաքու- Կարս՝ և երկաթուղին և մայրուղին, Բաքու-Սուբսա և Բաքու-Ջեյհան նավթամուղը և Հարավ Կովկասյան գազատարը: Այսինքն ՝ Ադրբեջանի Հանրապետության բոլոր կենսական զարկերակները այս անցքի միջոցով միացված են Թուրքիային և Եվրոպային:
Հետևաբար, կարելի է եզրակացնել, որքան կարևոր է հուլիսի 12-ի ռազմական հաջողությունը, նույնքան և ավելի կարևոր է, պաշտոնական Երևանի դրսևորած քաղաքական ունակություններն ու շրջահայացությունը։ Այդ շրջահայացության ամենացայտուն հետևանքը, Ֆրանսիայի խորհրդարանի խորհրդարանական բոլոր ուժերի Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությունն է։
Պատահական չեն, Մոսկվայից՝ Փարիզ, Կահիրեյից՝ Թեհրան, Նիկոզիայից՝ Աթենք ագրեսիայի ենթարկված հայության նկատմամբ դրսևորվող բացահայտ կամ լռելյան զորակցությունները, սեփական ժողովրդի անվտանգությունը ապահովելու Երևանի զսպող միջոցառումների նկատմամբ ըմբռնումով մոտենալը։
Պատահական չէ նաև, որ Թուրքիայի ռազմական և քաղաքական բոլոր կարևորագույն կառույցները՝ Խորհրդարանը, Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունները և անգամ Էրդողանն անձամբ, խստորեն դատապարտել են Հայաստանին, նրան մեղադրելով սադրանքի, երկերեսության և հարավային Կովկասում խաղաղությունը խոչնդոտելու մեջ, կիրառելով ոչ այնքան դիվանագիտական բառապաշար՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որին հակադարձել է ՀՀ արտգործ նախարարությունը հայտարարելով. «Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի սպառնալիքը», Թուրքիայի կեցվածքը, որակելով «կողմնակալ ու սադրիչ»։
Հատկանշական է, որ միմյանց հետ տարակարծիք և առճակատվող Թուրքիայի խորհրդարանի 5 կուսակցություններից 4-ը` Իշխող «Արդարություն և զարգացում – AKP», «Ազգայնական շարժում- MHP», ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական- CHP» և «Լավ- İYİ» կուսակցությունների ղեկավարնները, Հայաստանին դատապարտող համատեղ հայտարարություն են ընդունել։
Հայ-ադրբեջանական սահմանային բախումների նկատմամբ հաճախ անտարբեր թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը իր առաջին էջում շատ ավելի բացահայտ է արտահայտվում թուրքական կողմի անհանգստությունը. «Հայաստանը հարվածներ է հասցնում Թուրքիայի և Ադրբեջանի ընդհանուր ծրագրերի գոտում, նկատի ունենալով Թովուզով անցնող մայրուղիները, երկաթգծերը, նաֆթամուղը և գազատարը։ Հայաստանը ցանկանում է որոշ ռազմավարական բարձունքներ նվաճել ու վերահսկողություն հաստատել Ադրբեջանն ու Թուրքիան իրար կապող տրանսպորտային ուղիներն ու խողովակաշարերը»։
Եգիպտացի քաղաքագետ, «Realist Arabic»-ի գլխավոր խմբագիր Ամր Էլդիիբը այս կապակցությամբ շատ խոսուն է արտահայտվել.
«Հայաստանը, իր զինված ուժերի շնորհիվ, դառնում է ազդեցիկ տարածաշրջանային երկիր: Մերձավոր Արևելքում շատ լավ հասկանում են հայկական բանակի դերը Անդրկովկասում իրավիճակի կայունացման գործում: Տարածաշրջանի շատ երկրներ, կարծես, հետաքրքրված են Երևանի հետ համագործակցելու՝ հաշվի առնելով իրենց ընդհանուր հետաքրքրությունները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ներկայումս այդ հետաքրքրությունը թելադրված է նաև Թուրքիայի գործողություններով՝ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում: Նշեմ, որ Եգիպտոսն ու Հայաստանը սերտ և վստահելի հարաբերություններ զարգացնելու ներուժ ունեն: Առավել ևս, երկու երկրները բախվում են նման մարտահրավերների և սպառնալիքների: Ես պատրաստվում եմ շուտով այցելել Հայաստան: Ռազմական բաղադրիչից բացի, Հայաստանին հաջողվել է ապակայունացնել Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը: Հիմա հայ դիվանագետներն արդեն այլ դիրքերում են, այդ թվում`ՀՀ վարչապետն ամրապնդեց իր դիրքերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, սա վերաբերում է նաև Ալիևի հետ նրա հնարավոր հռետորաբանությանը»։
Լուսանկարները՝
Թովուզի շրջանից ազրբաջանցիները խուճապահար հեռանում են:
Լուսանկարները ազրբաջանական կայքերից։
«Հայաստան» շաբաթաթերթ,
Աթենք, 17 հուլիսի 2020թ., թիվ 1012