Հայաստանում, ԼՂ-ում և Ադրբեջանում 1990-1992թթ. իշխանության էին երեք տարբեր գաղափարախոսություններ կրող ուժեր: Եթե Ադրբեջանում կոմունիստները եւ նախագահ Այազ Մութալիբովը իշխանությունը կարողացան պահել մինչև1992թ. գարունը, ապա Հայաստանում` սկսած 1990թ. օգոստոսից երկրի կառավարումն իրականացնում էր ՀՀՇ-ն: Չճանաչված, սակայն ինքնուրույն ռազմաքաղաքական միավոր ԼՂ-ում վիճակն այլ էր: 1991թ. դեկտեմբերի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունները իշխանության էր բերել Դաշնակցությունը, որի հետ ՀՀՇ-ն և Տեր-Պետրոսյանը ունեին լուրջ տարաձայնություններ: Մինչև 92-ի օգոստոս, ըստ էության, ԼՂ-ում երկիշխանություն էր. Գերագույն խորհրդի նախագահությունը դաշնակցական էր, իսկ գործադիր իշխանությունում նրանք էին, ովքեր համագործակցում էին Երևանի հետ, Տեր-Պետրոսյանի խոսքերով` ՙՀՀՇ-ի տեղական ցանցը՚:
Հունվարի 6-ին տեղի էր ունեցել ԼՂ խորհրդարանի առաջին նիստը, ընդունվել ԼՂՀ պետական անկախության հռչակագիր: Հունվարի 8-ի նիստում Գերագույն խորհրդի նախագահ էր ընտրվել 33-ամյա Արթուր Մկրտչյանը, տեղակալ` Գեորգի Պետրոսյանը: Վարչապետի պաշտոնում հաստատվել էր Օլեգ Եսայանը:
Սամվել Շահմուրադյանի օրագրում կարդում ենք. ՙԵրեկ (հունվարի 7-ին) սկսվեցին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունները: Բոլորն ինքնաբացարկ հայտնեցին, մնացին Լեոնարդ Պետրոսյանը և Արթուր Մկրտչյանը: Արթուրը, շատերի համար անսպասելի, կտրուկ առաջ անցավ և քիչ էր մնում, որ հաղթի: Այսօր (հունվարի 8-ին) մնում են Արթուր Մկրտչյանը, Ռոբերտ Քոչարյանը և Վագիֆ Գալստյանը: Պարզ է, որ հաջորդ փուլ կանցնեն Արթուրն ու Ռոբերտը: Քոչարյանն ասաց, որ քանի որ Հայաստանի ղեկավարության և ՀՅԴ-ի միջև լուրջ հակասություններ կան, Արցախում դաշնակցական նախագահ ընտրելը ցանկալի չէ, Հայաստանի և ԼՂՀ գործողությունները կարող են դառնալ անհամահունչ: Վաղը, ավելացրեց Քոչարյանը, եթե Հայաստանում իշխանության գան դաշնակցականները, ես ինքս, ՀՀՇ վարչության անդամ լինելով՝ առաջինը կոչ կանեմ, որ Արցախում նախագահ ընտրվի դաշնակցության անդամ՚:
Մկրտչյանի ընտրությունը շատերի համար անսպասելի էր: Առաջին խորհրդարանի պատգամավորներից Մուրադ Պետրոսյանը հիշում է. ՙՈչ ոք կասկածի տակ չէր դնում, որ նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի Քոչարյանը, որին, ամեն ինչից բացի, աջակցում էր պաշտոնական Երևանը: Բայց Ռոբերտը մինչև նիստն սկսվելը հայտարարում է. ՙՆախագահի պաշտոնի համար քվեարկվելու է Լեոնարդ Պետրոսյանը՚: Ինչքան էլ որ նրան բացատրեցինք, որ ՙԼեոնարդը չի անցնի՚, անօգուտ եղավ: Մեր կանխագուշակումը հաստատվեց. Պետրոսյանն ընդամենը 8 ձայն հավաքեց: Քոչարյանն ու շատերը շոկի մեջ էին ոչ միայն Մկրտչյանի սենսացիոն ընտրությունից: Պարզվեց, որ խորհրդարանի պատգամավորների կեսը Դաշնակցության անդամներ են՚:
Նախագահի ընտրությունից հետո եկել էր վարչապետի հարցը: Նիստից առաջ հավաքվում են Պոլյանիչկոյի ժամանակներում ստեղծված և ընդհատակում գործած Համակարգող խորհրդի անդամները. Դաշնակցությունից` Ժաննա Գալստյան, Վալերի Բալայան, Գեորգի Պետրոսյան և Տեր-Պետրոսյանի աջակցությունը վայելող խումբը` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Մուրադ Պետրոսյան, ինչպես նաև եկեղեցու ներկայացուցիչը` Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
ՙՔոչարյանը երբեք չէր գնա նման կոլեգիալ մարմնի ստեղծման, եթե կարիքը չլիներ: Դաշնակցականներն Արցախում 1990թ. վերջից ռազմական ու քաղաքական մեծ ուժ էին ներկայացնում, այս կամ այն հիմնախնդրի վերաբերյալ տարընթերցություններից խուսափելու համար պետք էր մի մարմին, որտեղ նախօրոք քննարկվեին սկզբունքային նշանակություն ունեցող հարցերը… Վարչապետի պաշտոնի համար Քոչարյանն ու Սարգսյանն առաջարկեցին Եսայանի, ես` Առուշանյանի թեկնածությունը: Դաշնակցականները ողջամիտ եղան, ԼՂ-ում բարձրագույն պաշտոնը ՙզավթելուց՚ էյֆորիայի մեջ չընկան և որոշեցին չձգտել իր նշանակությամբ երկրորդ պաշտոնը ձեռք գցելուն` այն թողնելով քոչարյանական թևի հայեցողությանը: Ժաննա Գալստյանը փոխզիջումային տարբերակ առաջարկեց. Եսայանը` վարչապետ, Առուշանյանը` առաջին տեղակալ՚,- գրում է Մուրադ Պետրոսյանը:
Գերագույն խորհրդի նախագահությունն ակնհայտ մեծամասնությամբ դաշնակցական է ստացվում: Տեղակալի պաշտոնում ևս ընտրվում է այդ կուսակցության անդամ Գեորգի Պետրոսյանը: ՀՅԴ-ն շատ էր ուզում, որ առաջին տեղակալի աթոռը զբաղեցնի Քոչարյանը: ՙՆա կտրականապես մերժեց. ՙԵս երբեք Արթուր Մկրտչյանի տեղակալ չեմ դառնա՚: Երկու օր շարունակ Քոչարյանին համոզում էինք, որ բարեհաճի զբաղեցնել նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Մենք մտահոգված էինք Ղարաբաղյան շարժման մեջ միասնության պահպանմամբ, որն արհեստականորեն պառակտում էին ՀՅԴ և ՀՀՇ ղեկավարները` իրենց կուսակցական շահերը հետապնդելով: Այնուամենայնիվ, համատեղ ջանքերով երրորդ օրը Քոչարյանի դիմադրությունը կոտրվեց՚,- գրում է Պետրոսյանը:
Սակայն Գերագույն խորհրդի անդամները Քոչարյանին ՙդեմ՚ են քվեարկում: Լեռնային Ղարաբաղի առաջին խորհրդարանի գոյության ամբողջ ժամկետի ընթացքում նախագահի առաջին տեղակալի պաշտոնը մնում է թափուր: 1992-ի ապրիլի 14-ին Արթուր Մկրտչյանի` իր բնակարանում խորհրդավոր պայմաններում ողբերգական մահից (սպանությունից) հետո, քանի որ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալի աթոռը թափուր էր, նախագահի պարտավորությունները ստանձնում է Գեորգի Պետրոսյանը:
Հայաստանի ղեկավարը, Գերագույն խորհրդի նախագահությունը և կառավարությունը հայտարարեցին, որ ՙխոր կսկիծով են ընդունել Արթուր Մկրտչյանի սպանության գույժը՚: Կատարվածը որակվում էր ՙչարանենգ սպանություն՚, որը ՙնպատակ ունի ջլատել ազգային-ազատագրական պայքարի ելած ժողովրդի ուժերը, խուճապ սերմանել՚:Նախագահ Տեր-Պետրոսյանի հրամանագրով ապրիլի 17-ին Հայաստանում սուգ հայտարարվեց: Առաջին անգամ երրորդ հանրապետությունում իջեցվեց պետական դրոշը:
Մկրտչյանի ողբերգական մահվանն անդրադարձան նաև խոշոր պետությունները: Սպանության կապակցությամբ ցավ հայտնեցին Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Ռուսաստանի արտգործնախարարությանն անհանգստացրել էր ՙանհայտ անձանց՚ կողմից իրականացված սպանությունը. ՙՌուսաստանը վճռականորեն դատապարտում է այդ տմարդի ակտը, որը նոր ողբերգական օղակ դարձավ ԼՂ ադրբեջանցի և հայազգի բնակչության անմիտ զոհերի շղթայում՚:
Արթուր Մկրտչյանի մահից (սպանությունից) հետո ներիշխանական հակասությունները չհարթվեցին: Տեր-Պետրոսյանն անուղղելի անհանդուրժողականություն ուներ ՀՅԴ-ի նկատմամբ: Առաջին նախագահի և ՀՅԴ-ի միջև ստեղծված լարվածության ալիքը Հայաստանից հասնում էր նաև ԼՂ:
Դաշնակցական Հրանտ Մարգարյանը Հայաստանում պետական մակարդակով ճնշումները, հետագայում նաև` բռնությունները ՀՅԴ-ի նկատմամբ համարում է ամենահակասական և ծանր օրերը կուսակցության համար: Հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նա այսպես է ներկայացնում. ՙՄեզ համար ցանկալի չէր, որ ԼՂ իշխանությունների հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ լավ չէին: Մենք նույնիսկ այնքան էինք առաջ գնում, որ առաջարկում էինք բացեիբաց լինել վատ, բայց ներքուստ ամեն ինչ անել համադրված՝ հանուն մեր երկրի: Մենք միշտ մտածում էինք` ԼՂ-ում պետք է լինի մի ուժ, որ այդ հարաբերության խողովակը լինի Հայաստանի հետ: Այդ խողովակին մենք չէինք նայում թշնամաբար, այլ` իրատեսորեն: Այդ մարդկանց հետ մենք 1990-91թթ. միասին պայքարել էինք կոմունիստական իշխանության դեմ, այդ ժամանակ մենք միացյալ շտաբ ունեինք: Հասկանում էինք, որ այդ մարդիկ Ղարաբաղի պայքարի հետ են՚:
Լևոն Մելիք-Շահնազարյանը Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր: Նա ընդունում է, որ ադրբեջանցիների դեմ պայքարից բացի կար նաև ներքին պայքար: ՙՆերքին պայքարի մեջ գտնվող երկու կողմն էլ նույն խնդիրն էին լուծում, և երբ գալիս էր լուծման պահը, իրար ոչ միայն չէին խանգարում, այլև համագործակցում էին: Այո, պայքար իշխանության համար գնում էր: Այսօր ես կարող եմ ասել, որ դա ոչ այնքան իշխանության, որքան գաղափարի պայքար էր: Հայաստանի ղեկավարությունն այդ տարիներին ընտրել էր ոչ թե ազգային-ազատագրական պայքարի շարունակությունը, այլ ժողովրդավարության ուղին, որն անընդունելի էր մի շարք մարդկանց, այդ թվում ևւ ինձ համար: Սկզբից պետք է լուծվեին ազգային հարցերը, որից հետո կարող ես լուծել որևէ հարց ըստ կարևորության: Պայքարը ԼՂ-ում գնացել է մարդկանց միջև, ովքեր միեւնույն նպատակին են ծառայել, սակայն մի մասն ստիպված էր առաջնորդվել Երևանից թելադրվող գաղափարախոսությամբ՚,- ասում է նա:
Երեք օրերի ընթացքում` 1992թ. հունիսի 3-ից 5-ը, խորհրդարանում տեղի են ունենում մի քանի քվեարկություններ, սակայն ո’չ Գեորգի Պետրոսյանին, ո’չ Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվում նախագահ ընտրվելու անհրաժեշտ ձայներ ապահովել: Հունիսի 3-ի նիստում առաջադրվում են Քոչարյանի ևւ Պետրոսյանի թեկնածությունները: Պատգամավոր Հրանտ Խաչատրյանը առաջարկում է նախքան թեկնածուների նախընտրական ծրագրերը լսելը ստանալ Հայաստանի Գերագույն խորհրդի հավաստիացումը, որ ընտրության արդյունքները չեն անդրադառնա Հայաստանի և ԼՂ հարաբերությունների վրա: Բաբկեն Արարքցյանը, որը Վազգեն Սարգսյանի և Ստեփանակերտում գտնվող այլ պաշտոնյաների հետ ներկա էր նիստին, տալիս է նման հավաստիացում: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով Պետրոսյանն ստանում է 30, իսկ Քոչարյանը` 23 ձայն: Նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ 41 քվե:
Պետրոսյանը և Քոչարյանը երկրորդ անգամ են առաջադրվում: Քվեարկությունից առաջ ելույթ է ունենում Վազգեն Սարգսյանը, սակայն դա էլ չի օգնում. Պետրոսյանն ստանում է 26, Քոչարյանը` 27 ձայն: Քվեարկությունից հետո կրկին ելույթ է ունենում Արարքցյանը, աջակցում Քոչարյանին: Հունիսի 4-ի նիստում խորհրդարանը որոշում է, որ յուրաքանչյուր թեկնածու կարող է քվեարկվել երեք անգամից ոչ ավելի: Կրկին առաջադրվում են Քոչարյանի և Պետրոսյանի թեկնածությունները, ինչպես նաև` Շահեն Մեղրյանի, Վլադիմիր Հակոբյանի, Բորիս Առուշանյանի: Վերջին երկուսը հանում են իրենց թեկնածությունը, որից հետո անսպասելիորեն ինքնաբացարկ են հայտնում նախ Պետրոսյանը, ապա` Քոչարյանը: Նախընտրական ծրագրով ելույթ է ունենում Մեղրյանը, ապա տեղի է ունենում քվեարկություն: Մեղրյանի օգտին քվեարկում է 33 պատգամավոր:
Վարչապետ Եսայանն առաջարկում է ստեղծել համաձայնեցնող հանձնաժողով` կազմված կողմերի ներկայացուցիչներից: Հերթական ընդմիջումից հետո բանակցում են մի կողմից Գեորգի Պետրոսյանը, Շահեն Մեղրյանը, Լևոն Մելիք-Շահնազարյանը, Վալերի Բալայանը, մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը և Սերժ Սարգսյանը: Հունիսի 5-ի նիստն սկսելուց առաջ պատգամավորները տեղեկացվում են, որ բանակցություններն արդյունքներ չեն տվել: Որոշվում է նիստին հրավիրել Արկադի Տեր-Թադևոսյանին և Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Ընդմիջումից հետո ելույթ են ունենում Շիրխանյանը, Տեր-Թադեւոսանը և Մեղրյանը:
1992-1993թթ. ԼՂՀ Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Բաղդասարյանը այսօրվա պես հիշում է այդ քվեարկություններից մեկը: ՙԱրթուրի մահից հետո նրա տեղակալ Գեորգի Պետրոսյանը պաշտոնակատար էր: Քանիցս փորձ արվեց ընտրել նախագահ, բայց ոչ ոք չէր անցնում: Ոչ Գեորգին էր պաշտոնակատարից նախագահ դառնում` պաշտոնակատար էլ մնաց մինչև հրաժարականը, ոչ էլ Քոչարյանն էր ընտրվում: Քվեարկություններից մեկում Քոչարյանը չէր ընտրվում ու չէր ընտրվում, թեև Հայաստանից պատկառելի պատվիրակություն էր եկել սատարելու նրան: Ոչ մի փաստարկ չէր ազդում: Ի վերջո, Շիրխանյանը ՙհուսահատ՚ բերեց վերջին փաստարկը. ՙԵթե չընտրեք մեր թեկնածուին` կասկածի տակ է դրվելու ալյուրի մատակարարումը՚:
Մելիք-Շահնազարյանն այսօր մանրամասն չի հիշում այդ օրերին խորհրդարանում հնչած ելույթների բովանդակությունը, բայց վստահ է մեկ հարցում. ՙԱրարքցյանի գլխավորությամբ Հայաստանից եկած պատվիրակությունն ավելի շատ խանգարում էր իր թիմակիցներին, որովհետև արցախցի պատգամավորի համար, որը պատերազմի դաշտից էր եկել, չկռվող ղեկավարը մեծ արժեք չուներ: Մեր տղաներից ՙդուշման՚ Վարդանը, որը եկել էր Հայաստանից, շատ ավելի մեծ հեղինակություն էր, քան այն ժամանակվա Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահությունը: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լեոնարդ Պետրոսյանը շատ ավելի ազգային էին, քան մարդիկ, ովքեր Երևանից պաշտպանում էին նրանց՚:
Դաշնակցական Հրայր Կարապետյանը կարծում է, որ եթե նախագահի ընտրությունը թողնվեր արցախցիներին, լուծումներն այլ կլինեին. ՙԳերագույն խորհրդի նախագահ ընտրվելու համար Մեղրյանին մի քանի ձայն չբավարարեց: Տեր-Պետրոսյանի անունից ուղղակի սպառնում էին ԼՂՀ խորհրդարանի պատգամավորներին, ամեն ինչ անում, որ ՀՅԴ-ի ներկայացուցիչը չընտրվի: Երբ դրվեց Մեղրյանի թեկնածությունը, պարզվեց, որ ընտրվելու հնարավորություններ ունի: Սկսվեց քաղաքական շանտաժը: Բացահայտ ասում էին` եթե ընտրվի Մեղրյանը, Հայաստանից ոչ մի փամփուշտ չի ստանա: Դրանից հետո Շահենը թողեց, գնաց իր գործին` Շահումյանի ինքնապաշտպանությանը, բայց ՀՀՇ-ի ՙթույնը՚ մնաց նրա նկատմամբ: Եվ ոչ միայն նրա, ամեն մի դաշնակցականի նկատմամբ: Կուսակցական տարբերակումը դրել է հենց ՀՀՇ-ն: Մենք մարտի դաշտում ունեինք միայն մեկ թշնամի, իսկ կողքից և թիկունքում թշնամիներ չէինք փնտրում՚:
ԼՂ-ում շարունակվող իշխանական պայքարն ավարտվում է ՊՊԿ-ի ձևավորում ով: Օգոստոսի 14-15-ին Գերագույն խորհրդի և նախարարների խորհրդի համատեղ նիստում որոշվում է ստեղծել ՊՊԿ: Այս քայլը բացատրվում էր Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին միասնական ճակատով դիմակայելու անհրաժեշտությամբ: ՊՊԿ-ի նախագահ է նշանակվում Ռոբերտ Քոչարյանը, ում վրա են դրվում նաև կառավարության ղեկավարի լիազորությունները:
Քոչարյանն այսպես է ներկայացրել 1992թ. օգոստոսյան օրերը. ՙԻրադրությունը խուճապային էր: Ադրբեջանական ուժերը գրավել էին ԼՂ-ի 48 տոկոսը, վիթխարի քանակությամբ փախստականներ կային, կիսաշոկային վիճակում հայտնված Գերագույն խորհրդի նախագահության մշտական նիստերն անկարող էին ընդունել որոշումներ: Երկու կամ երեք լուծումներ առաջարկեցի` ասելով, որ դրանց ընդունման դեպքում պատրաստ եմ հետագա բոլոր գործողությունների պատասխանատվությունը ստանձնել: Ծրագիրը հետևյալն էր` մտցնել ռազմական դրություն, ստեղծել պաշտպանության պետական կոմիտե: Այն տառացիորեն հաստատվեց 30 կամ 40 րոպեում՚:
Վարչապետ Եսայանն օգոստոսի 10-ին հրաժարական էր տվել: ՊՊԿ-ի ստեղծումը նա համարում է անհրաժեշտություն. ՙՁևավորվել էին երեք կառույցներ` կառավարություն, Գերագույն խորհուրդ և ինքնապաշտպանության ուժեր` ռազմական ղեկավարություն: Երեք կառույցների իշխանական լծակների, ինչպես նաև` ՀՀ-ԼՂՀ հարաբերություններում հստակեցման անհրաժեշտություն կար, ինչը ենթադրում էր ՊՊԿ-ի կամ նմանատիպ այլ մարմնի ձևավորում ը: Անհրաժեշտ էր մարդ, ով առավել ընկալելի եւ ընդունելի լինի և’ բանակի, և’ քաղաքական ուժերի համար: Քոչարյանի ֆիգուրան արդեն ձևավորվել էր որպես հենց այդպիսի անձ՚:
Գերագույն խորհրդի նախագահության հնարավորությունները, ըստ Մելիք-Շահնազարյանի, կտրուկ նվազել էին, իսկ ՊՊԿ-ի ստեղծման կարիքը շատ մեծ էր. ՙԳնաց պայքար ՊՊԿ-ի նախագահի թեկնածուների միջեւ. Քոչարյանը կամքով շատ ավելի ուժեղ էր եւ փորձառու, քան Գեորգի Պետրոսյանը: ՊՊԿ-ի նախագահի պաշտոնում բացի Քոչարյանից այլ թեկնածու չկար, բայց ես դա համարում եմ լավագույն ընտրությունը: Քոչարյանի կողմից առաջարկ է եղել, որ ստեղծվի ՊՊԿ-ն, եւ ինքն էլ ղեկավարի այդ մարմինը՚:
ՊՊԿ-ի ստեղծումը հետապնդում էր երկու հիմնական նպատակ. ներքին ուժերը համախմբել մեկ բռունցքի մեջ, ապահովել կապը Հայաստանի իշխանությունների հետ: Առաջանում է նոր մարմին ստեղծելու անհրաժեշտություն, որը ղեկավարեր գործիչ, ով Հայաստանի իշխանությունների հետ ուներ սերտ կապեր, կարող էր նրանց հետ համագործակցել, օժանդակություն ստանալ: ՙԸնտրությունը կանգ առավ Քոչարյանի թեկնածության վրա: Տեր-Պետրոսյանն էլ էր առաջարկում Քոչարյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն էլ համաձայնեց՚,- ասում է Առուշանյանը:
Գեորգի Պետրոսյանի կարծիքով` ՊՊԿ նախագահի ընտրությունը կանգ առավ Քոչարյանի վրա նաև այն պատճառով, որ Երևանից աջակցություն էր ստանում, համագործակցության փորձ ուներ. ՙՅուրաքանչյուր ճգնաժամային վիճակում մեկն իր վրա վերցնում է պատասխանատվություն: Դա գալիս է մարդու բնավորությունից, նրան հավատալուց եւ վստահելուց: Կարեւոր էին այդ մարդու հարաբերությունները Երևանի հետ՚: ՙ1992-ի ամռանը ԼՂՀ-ում հաստատվել էր եռիշխանություն: Գերագույն խորհուրդն իր նախագահությամբ մի դիրքորոշում ուներ, կառավարությունը` մեկ այլ: Կառավարությունը համագործակցում էր Հայաստանի հետ, Գերագույն խորհուրդը` ոչ: Նորաստեղծ բանակն էլ լրիվ բանակ չէր, առանձին ջոկատներ էին, ճիշտ է, կար հրամանատարություն` Ինքնապաշտպանական ուժերի կոմիտե, որը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, իսկ բանակի հրամանատարը Տեր-Թադևոսյանն էր: Այդ կոմիտեն ենթարկվում էր կառավարությանը, այլ ոչ Գերագույն խորհրդին, ավելի ճիշտ` կիսով չափ էր ենթարկվում, իսկ Շահումյանի ռազմական ղեկավարությունը մեզ հետ կապ չուներ եւ համագործակցում էր Հայաստանի` Վազգեն Սարգսյանի հետ: Փաստորեն, ստեղծվել էր եռիշխանություն կառավարման ոլորտում, երկիշխանություն` բանակում: ՊՊԿ-ի ստեղծումով վերացվեցին այդ հակասությունները՚,- ասում է Պետրոսյանը:
ՊՊԿ-ն կազմված էր 7 անդամից, որոնցից միայն երկուսն էին Գերագույն խորհրդից: Կարեն Բաբուրյանն ապահովում էր ՊՊԿ-ի և Գերագույն խորհրդի, իսկ Վալերի Բալայանը, ով խորհրդարանում պաշտպանության հանձնաժողովն էր ղեկավարում` Գերագույն խորհրդի և բանակի կապը: Քոչարյանի առաջին տեղակալ է նշանակվում Առուշանյանը: ՊՊԿ-ի մյուս երեք անդամներն էին Սերժ Սարգսյանը` բանակի նախարար, Սամվել Բաբայանը` բանակի հրամանատար եւ Արմեն Իսագուլովը` ոստիկանության ղեկավար:
Գեորգի Պետրոսյանը նշում է ՊՊԿ-ի ստեղծման երկու երես: Առաջին` սկսվել էր լայնածավալ պատերազմ, և դու կարող էիր կորցնել ամեն ինչ` տարածք, կյանք, հայրենիք: Այս տեսակետից` պետք էր բոլոր ուժերը հավաքել, միատեղել: Ուժերը մեկ մարմնի մեջ կենտրոնացնելու որոշումն արդարացված էր: Երկրորդ` պետք էր պահպանել պետականության օրինական հիմքերը. ՙԱյս երկուսի մեջտեղում կային կուսակցական շահեր, իշխանական, անհատների, մարդկային պայքար: Սա ամենալուրջ ժամանակահատվածն էր, որի լուծումը մենք գտանք. օրենսդիր իշխանության իրավունքի մի մասը տվեցինք ՊՊԿ-ին` լուծելով գերխնդիրը. պահպանել Գերագույն խորհուրդը` ուժեղացնելով ՊՊԿ-ն: Ես նշեցի հարցի ընդամենը երկու երեսը, բայց դա մի ֆանտաստիկ ամբողջություն էր. շահերի բախում, համաձայնություն, համագործակցություն, ամեն ինչ: Իմ պատկերացմամբ` հնարավոր քաղաքակիրթ լուծումն էր, որովհետև գերխնդիրը միայն պատերազմը չէր, պատերազմին զուգահեռ պետք է ստեղծվեր պետություն: Հիսուն տարի հետո կարելի է ասել՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ՚:
Լեռնային Ղարաբաղում ՀՅԴ-ի իշխանության սահմանափակման հետ օր օրի ուժեղանում էր ՊՊԿ-ի զինվորական թևը` ի դեմս 27-ամյա Սամվել Բաբայանի: ՙՊՊԿ-ի նախագահ Քոչարյանին ընդունում էին և’ ռազմական, և’ քաղաքական շրջանակները: Տնտեսական հարցերը նա էր համակարգում: Այն ժամանակ ՀՅԴ-ի հետ կապված կային խնդիրներ, բայց ՀՅԴ-ն ազդեցության լուրջ լծակներ չուներ: Քոչարյանը լիովին տիրապետում էր իրավիճակին, բոլոր որոշումները կայացվում էին ՊՊԿ-ում, իսկ ռազմական օպերացիաների մանրամասների մասին տեղյակ էի պահում ոչ թե ՊՊԿ-ի բոլոր անդամներին, այլ միայն Քոչարյանին՚,- ասում է Բաբայանը:
Հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից