Հայաստանը «աշխարհի կենտրոնը» չէ, որ ամեն ինչ իր շուրջ պտտվի

Ուսումնասիրելով Հայաստանի կուսակցությունների եւ անհատ քաղաքական գործիչների տեսկետներն ու ցայսօր նրանց առաջարկված ծրագրերը, հարցերի լուծման տարբերակները, նրանց արած-չարածները՝ շատ ջանք չի պահանջում հասկանալու համար, որ չկա այնպիսի ուժ, կուսակցություն, քաղաքական գործիչ, որը կարող է Հայաստանի եւ Արցախի իրավիճակը դեպի ավելի լավը ուղղորդել, ճգնաժամից դուրս բերել եւ, ամենակարեւորը,  տևական խաղաղության եւ հաշտության հասնել: Բացառություն են կազմում մի քանի անձիք, որոնք ի զորու են ճիշտ աշխատել, բայց ինձ անհասկանալի պատճառներով նրանք  չեն խառնվում քաղաքական անցուդարձին, իրենց խորհուրդներով կամ մասնակցությամբ չեն փորձում օգնել կառավարությանը:

82 միլիոնանոց Գերմանիայում աշխատում է ընդամենը հինգ կուսակցություններ, որոնցից մեկը լոկալ է՝ պարփակված է Բավարիայում է: 

Ինչ-որ բան փոխելու կամ բարելավելու համար նախ պետք է լրջանալ: Լուրջ չէ, եթե խոսքը գնում է  «16 կուսակցությունների» ներկայության մասին: Այդ մարդ- կուսակցությունները, եթե լուրջ մտածողությաան տեր մարդիկ լինեին, պետք է որ ամաչեին իրենց ներկայացնել որպես կուսակցություն: Այդ անլուրջ մարդիկ ինչպե՞ս կարող են ազգային լուրջ խնդիրներ լուծել:  Մարդ-կուսակցություններից բացի խոսում են նաեւ այն կուսակցությունները, որոնք տասնյակ տարիներ ժամանակ են ունեցել հարցեր լուցելու, բայց զբաղվել են բոլորին հայտնի գործերով՝ թալանով: Նորաստեղծ «կուսակցության» նախագահ Վանեցյանը ուղղակիորեն հանդես է գալիս  երկրի վարչապետին եւ նրա ընտանիքին ֆիզիկապես ոչնչացնելու առնչվող սպառնալիքով՝ ասելով՝  «Եթե նա հեռանա, իրենք կապահովեն Վարչապետի եւ նրա ընտանիքի ֆիզիկական անվտանգությունը»: Հարց է  առաջանում՝ ո՞ւմ կողմից է ֆիզիկական վտանգ հնչեցվել Վարչապետի եւ նրա ընտանիքի հասցեին, որի մասին գիտի ինքը՝ Վանեցյանը: Եւ հաջորդ հարցն է առաջանում՝ իսկ եթե չհեռանա՞:

Այս անձնավորությունը օրենքը ոտնահարելով՝ իր պաշտոնից հրաժարվելուց անմիջապես հետո մեկնել է Ռուսաստան, ինչի իրավունքը նա չուներ. ավելի զավեշտալին այն է, որ նա Երեւանի փողոցներում պտտվում էր ու երեւի դեռ պտտվում է ռուսական համարանիշի մեքենայով: Այս անլուրջ ու կասկածելի անձը չի կարող երկրի առջեւ ծառացած լուրջ խնդիրները լուծել:

«Ոչմիթիզականները» նույնպես խաբեբայությամբ են զբաղված: Նրանք կամ երկրի կործանման հատուկ պատվեր են կատարում, կամ էլ քաղաքականությունից շատ հեռու են.  երկու դեպքում էլ վտանգավոր են:  

ՀՅԴ կուսակցությունը, որը« Նիկոլ հեռացիր» գոռալով կոկորդն է պատռում  է, մոռացել է, որ դեռ անցյալ տարի իրենց շեֆը՝ Հրանտ Մարգարյանը, «պարտիզանական» պատերազմ էր հայտարարել Նիկոլի դեմ: Մոռացել է, որ 90-ականների թեժ պատերազմի ընթացքում Երեւանի փողոցներում ցույցեր էր կազմակերպում:

ՀՀԿ, ԲՀԿ-ների մասին չենք խոսում. նրանք եւ մնացած անհետացած կուսակցությունները ուղղակի պատասխանատու են Հայաստանն ու Արցախը այս վիճակին հասցնելու համար: Ներկա իրավիճակի պատճառով թող չարդարանան, քանզի ներկա իրավիճակի պատասխանատվության 99 տոկոսի պատասխանատուն հենց իրենք են:

Պետք է հաշվի առնել նաեւ տարինների ընթացքում Հայաստանում ներդրված տարբեր բեվեռների գործակալական ցանցը, որոնք սնկի նման աճել են ու մխրճվել են ամեն տեղ եւ թույլ չեն տալիս խնդիրները լուծվեն այնպես, ինչպես որ հարկն է:

Մանր-մունր մանիպուլատիվ ապատեղեկատվությունների, ասեկոսեների, հռետորաբանությունների գիրկը ընկնելու այնպիսի դաշտ է ստեղծվել, որ ժողովուրդը չի կարող այս խաժամուժի մեջ ճշգրիտ կողնորոշում ունենալ:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ճշգրիտ քաղաքականություն վարելուն, երկիրը չկործանելուն, անվտանգությունը պաշտպանելուն, զարգանալուն եւ գոյատեւելուն, պետք է հասկանալ, որ Հայաստանը «աշխարհի կենտրոնը» չէ, որ ամեն ինչ իր շուրջ պտտվի: Աշխարհում գոյություն ունեն մի քանի կենտրոններ, որոնց շուրջ պտտվում են Հայաստանի նման փոքրիկ արբանյակները եւ այդ արբանյակների գոյությունը կախված է մեծ կենտրոնների ազդեցության գոտուց: Դրանցից որին ավելի մոտ ես, նրա շուրջն էլ պտտվելու ես. դրա առանցիքց դուրս գալու ցանկացած փորձ դատապարտված է անդունդում հայտնվելու:

Խնդիրները վերլուծելիս պետք է հաշվի առնել համաշախարհային աշխարհաքաղաքական անցուդարձը, զարգացումները եւ այդ կոնտեքստում պետք է փնտրել ու ու գտնել խճճված կծիկի ծայրը, առանց որի խիստ սխալ կլինի հասկանալ նաեւ Հայաստանում կատարված գործողությունները:

Ամբողջ պատերազմի ընթացքում  ԵՄ –ն էր, որ լուռ աջակցում էր Թուրքիային: Գերմանիայի Բունդեսթագում Արցախի հարցի քննարկման ժամանակ շատ պարզ ու հստակ ասացին, որ իրենք պատերազմի դադարեցման առումով ոչինչ անել չեն կարող, դա պետք է լուծեն Թուրքիան և Ռուսաստանն,  իրենք այնտեղ անելիք չունեն: Սա դիվանագիտական ձեւակերպում էր, որի տողատակը աջակցության ազդակն էր  Թուրքիային, որը իրենց կողմից ներկայացուցչական պատերազմ էր մղում Կովկասում՝ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար:  ԱՄՆ-ի վերաբերմունքը նույնպես չէր տարբերվում ԵՄ վերաբերմունքից, Իսրայելը ուղղակի  մասնակից էր պատերազմին՝ թե նախապես Ադրբեջանին զինելով, եւ թե պատերազմի ընթացքում զենքի մատակարարումը չդադարեցնելու իմաստով: Ամբողջ պատերազմի ընթացքում Արևմուտքը բացի անբովանդակ հայտարարություններից գործնականորեն ոչինչ չնախաձեռնեց պատերազմը դադարեցնելու համար, իսկ այժմ, երբ ռուս խաղաղապահները հայտնվել են Արցախում, Արևմուտքում մեծ աղմուկ է բարձրացվել և փորձ է արվում իրադարձությունների զարգացումը, որը դուրս է եկել իրենց վերահսկողությունից, տանել ի նպաստ իրենց շահերի՝ ընդհուպ մինչև ռուս խաղաղապահների հեռացմանը հասնելը:

30 տարի է, ինչ Արեւմուտքը ջանք չի խնայում Կովկասը ամբողջությամբ իր ազդեցության տակ վերցնելու համար: Հայաստանը գտնվում է գերհզոր ուժերի շահերի բախման խաչմերուկում՝ Արեւմուտք, Ռուսաստան, Չինաստան, իսկ տարաձաշրջանային ուժերից՝ Իրան, Թուրքիա եւ Ռուսաստան: Քանի որ այդ ուժերից յուրաքանչյուրը հետապնդում է իր շահը տարածաշրջանում,անկարելի է բոլորի հետ հավասարակշիռ հարաբերություն ունենալ կամ չեզոք դիրք ընդունել՝ ամենափոքր, ամենաթույլ երկրի կարգավիճակ ունենալով հանդերձ:

Թող մեր հայրենի «հայրենասերները», անընդհատ «ազգային» շահերից խոսողները իրենց հարց տան՝ ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունը՝ աշխարհում երկրորդ ամենամեծ ԱՄՆ-ի դեսպանատունը, Հայաստանի նման փոքր երկրում կառուցվել, եւ այդ հսկա դեսպանատան պատերի ներսում ի՞նչ է կատարվում, ո՞ւմ դեմ է դա եւ ինչո՞ւ են ժամանկին հայաստանի իշխանությունները թույլ տվել այդպիսի խայտառակություն տեղի ունենա Ռուսաստանի եւ Իրանի ազդեցության գոտում:  Սա ամենամեծ դավաճանությունն է այդ երկու երկրների հանդեպ և առնվազն ծիծաղելի է այսքանից հետո ակնկալել այդ երկրների անվերապահ աջակցությունը:  

Պետք է ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ ունենալ հենց անմիջապես քո հարեւանությամբ գտնվող այն երկրների հետ, որոնց գերակա շահը համընկնում է քո շահերի եւ գոյատեւման հետ: Հայաստանի (ներառյալ Արցախի) դեպքում այդ ուժերը Ռուսաստանն ու Իրանն են, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը՝ որպես հարեւան երկրներ, այլ բան չեն, քան  Արեւմուտքի  երկարացված թեւերը: Թուրքիան այս պատերազմում կատարում էր ուղղակի ՆԱՏՕ-ի դերակատար անդամների հրահանգը՝ առիթից օգտվելով նաեւ իր շահերը առաջ տանելու համար, քանզի իր եւ Արեւմուտքի շահերը այս պարագայում համընկնում են, այն է՝ Թուրքիայի միջոցով հասնել Չինաստանի սահման, չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը  Կովկասում, մեկուսացնել Իրանին, արգելել Չինաստանի տնտեսական ներթափանցումը դեպի միջին եւ մերձավոր Արեւելք:

Ուստի, Հայասատանում գոյություն չունի եւ չի էլ կարող գոյություն ունենալ այնպիսի ուժ, որը  կկարողանա էլ ավելի բարենպաստ իրավիճակ փոխել: Խնդիրների բարենպաստ կամ ոչ բարենպաստ լուծումը, ոչ թե Հայաստանի կառավարության կամ որեւե քաղաքական գործչից է կախված, այլ վերը նշված շահագրգիռ կողմերի (Արեւմուտք-Արեւելք)՝ տարածաշրջանում ազդեցություն ձեռք բերելու մրցավազքից: Նախկինները, կամ առհասարակ որեւէ ուժ, որ հավակնում է իշխանության եւ իբր թե խնդիրներ լուծելու, լավ գիտակցում են, որ ոչինչ փոխել չեն կարողանալու: Ուրեմն, իշխանական աթոռին ձգտողները լավ կանեն չխաբել ժողովրդին, չմոլորեցնել, երկիրը անտեղի չապակայունացնել:

Հայաստանը պետք է հասկանա, որ ՄԱԿ-ին անդամակցել եւ այդ  բարձրահարկ շենքի դիմաց հայկական դրոշի ծածանումը դեռ չի նշանակում, որ ինքն իվիճակի է ինքնուրույն հարցեր լուծելու: Ցավոք սրտի Հայաստանը այլ կարողություն չունի, քան լսողի եւ ստորագրողի դերում լինելը: Այլ խնդիր է, թե Երեւանն ինչքանով իրեն ընձեռնված հնարավորությունը  այդ բախումների վայրիվերումներում կօգտագործի, կհասկանա  իր շահն ու ճիշտ ժամանակին և ճիշտ պայմաններում կհամաձայնվի այս կամ այն խնդրի լուծման հետ: 1997 թվականից ի վեր բազմաթիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվել, ինչը չեն օգտագործել նախկինները՝ խնդիրը խաղաղ լուծելու համար: Փոխարենը խաբել են ժողովրդին, բանակցել են 7 շրջանների հանձնման հարցով, իսկ ժողովրդին խոստացել են հողերի պահպանումը:  Ժողովրդին ճշմարտությունը ասելու փոխարեն խաբել են: Ժողովրդին չեն նախապատրաստել այդ 7 շրջանների հանձնմանը: Ժողովուրդը այլ բան է մտածել, իշխանությունը՝ այլ բան արել: Ոչ հարցը լուծել են առաջարկվող պայմանների հիման վրա, ոչ էլ «հողերը պահելու» համար համապատասխան պատրաստվածություն են ցուցաբերել, այն է՝ բանակ զարգացնել, մարտունակությունը բարձրացնել, սպառազինել և այլն: Ձեռքից տվել են ժամանակին ստեղծված բարենպաստ պայմանները, երկարաձգել են խնդրի լուծումը՝ լավ իմանալով, որ այդպես երկար չի տևելու: Եւ այդ անընդհատ ձգված ռետինը կտրվեց սեպտեմբերի 27-ին:  Մնացած խոսակցությունները ավելորդ անհեթեթություն են: Եթե հող չէին հանձնելու,  25 տարի  ժամանակ կար դիմադրող բանակ ստեղծելու, սպառազինելու, երկիրը զարգացնելու,  իսկ եթե հանձնելու էին, թող ժողովրդին նախապատրաստեին այդ քայլին գնալու համար:  Թող պատասխան տան նրանք, ովքեր այդ ամենը չեն իրականացրել: Թող պատասխան տան նրանք, որոնք որպես պետական ու զինվորական պաշտոնյաներ հաջողեցրել են միլիոնավոր դոլարների արժողությամբ դղյակներ կառուցել: Թող պատասխան տան նրանք, ովքեր օֆշորներում ընկերություններ են բացել՝ Հայաստանից կապիտալը դուրս տանելու համար: Թող պատասխան տան նրանք, ովքեր երկրի հարուստ հանքերը սեփականաշնորհեցին ու մասնավոր ընկերություններում մասնաբաժին ձեռք բերեցին: Կարելի է այս հանցագործությունների՝ պետությանն ու պետականությանը դավաճանելու մասին շատ  երկար խոսել…

Երվանդ Խոսրովյան

21 նոյեմբեր, 2020 թ.

бутон за сайт

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net