Ես իմ հաստատուն պատկերացումն ունեմ աշխարհի մասին. այն չի փոխվել ու չի փոխվելու առնվազն երկարատև հեռանկարում, որովհետև, եթե փոխվի, դա կլինի ուրիշ աշխարհ, իսկ այդ ուրիշը, ինչպես երևում է, դեռևս անգամ խանձարարային վիճակում նկատելի չէ ու դեռ երկար ժամանակ չի էլ լինելու, մանավանդ մեզնում տիրապետող առկա մտածական տիրույթում:

Իսկ ինչպես ենք մենք մտածում կամ դատում. հազարամյակերի փորձը ցույց է տալիս, որ մենք՝ հայերս, մտածում ենք ո՛չ մեր եսի միջոցով, նկատի ունեմ հավաքական եսը, ասել է, թե մենք չունենք ազգային ինքնագիտակցություն, այսինքն մի բան, որ ազգիս առանձնյակներին կտա լավագույնս ինքնադրսևորվելու հնարավորություն, որից կշահի հավաքական ամբողջականությունը, որ նույնն է, թե՝ ցեղի ոգին: Դրա պատճառն այն է, որ մենք ունենք ոչ թե ազգային կամ ցեղային, այլ ընդամենը խմբակային հոգեբանություն, քանի որ հազարամյակներով ինքնապահպանության գոյութենական հարց ենք լուծել ցանկացել, «ով կարող է թող իր գլուխը պահի»: «Որտեղ հաց, այնտեղ կաց»-ը կարող է և ընդհանրական լինել նաև այլևայլ ժողովուրդների համար, բայց մեր դեպքում, մատից ծծած խանդավառ լավատեսությամբ տոգորված (քանակն այստեղ կարևոր չէ) հակառակը պնդողներին զանց առնելով, այն բարձրացված է հանրային գիտակցության մակարդակի և որոշակիորեն հայ մարդու էութենակազմիչ նշանակություն ունի՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Սա է հաստատում վերջին շուրջ 30-ամյա մեր անկախ պետականության բազմաթիվ հարցականներով լի փորձաշրջանը: Անկախ նրանից, թե ինչ է արվում այսօր կամ վաղը, փաստը մնում է փաստ, որ ունենք գրեթե կիսով չափ հայաթափված և հայաթափվող երկիր, թեկուզ հարյուր տոկոսանոց օբյեկտիվ հանգամանքների բերումով (թեև այդ օբյեկտիվ կոչվածը դեռևս մտահոգ ողջախոհության դիտակետից որևէ կերպ քննված կամ սահմանված չէ) և իրադրության փոփոխությամբ պայմանավորված՝ իրերի չարաբաստիկ վիճակը շտկելու ընձեռված հնարավորություն, որպիսիք, սակայն, առաջներում էլ բազմիցս եղել են (չխորանանք մեր նոր և նորագույն պատմության խորքերը), բայց որոնք երբեք էլ որևէ նշանակալի արդյունքի չեն բերել: Միակ նշանակալի արդյունքը, թերևս, 29 հազ. քառակուսի կիլոմետրանոց անկախ Կովկասահայաստանի ստեղծումն է, այն էլ ինչպիսի զոհողությունների գնով և, վերջին պահին, աշխարհաքաղաքական շահերի շատ թե քիչ բարենպաստ դասավորության արդյունքում (գումարած ղարաբաղյան հերոսամարտի մեծ հաշվով դրվագային նախադեպը):
Մենք՝ հայերս, չենք ունեցել մեր հայրենիքի տարածքային միասնականության և ամբողջականության գիտակցություն, որովհետև մշակութաբանորեն տարակայացված ու մասնատված ենք եղել և այսօր էլ հիմնականում նույնն ենք մնացել՝ ի Հայաստան և մանավանդ ի Սփյուռս աշխարհի: Եվ հետևաբար մենք չենք ունեցել նաև արտաքին կյանքի միասնականության գիտակցություն, մի բան, որ մատուցեինք նախ մեզ, ապա և դրսի աշխարհին (նաև ռուսական ու թուրքական) և, հետևաբար, մենք երբեք չենք հստակեցրել աշխարհում մեր տեղն ու դերը, այլև Հայաստան պետական միավորի անհրաժեշտության հանգամանքը համաշխարհային մեծ ու փոքր խաղացողների համար, քանի որ, պահի թելադրանքով, տրվել ենք անհատականացված ու խմբային շահերի բավարարմանը, թող որ անգամ լավագույն հայրենասիրական մղումներով: Սակայն պետության ստեղծումն ու հզորացումը ամենևին էլ հայրենասիրական մղում չէ, այլ «գիտակցված հաշվարկ». «գիտակցված» այն առումով, որ կարևորես պիտի քո իսկ քաղաքակրթական նշանակությունը նախ ինքդ քեզ համար, ապա և աշխարհաքաղաքական թատերաբեմում, և «հաշվա՛րկ» այն առումով, որ բնազդածին համակրանքները կարողանաս պիտի զսպել, երբ խնդիրը ինքնահաստատման վերգոյութենական, այլև աշխարհային անհրաժեշտության պահանջարկին է վերաբերվում: Չկա՛ միասնական, հավաքական գիտակցություն, չկա՛ արտաքին կյանքի միասնականության գիտակցություն, կունենանք այն, ինչ ունեցել ենք. սեփական կարողությունները թերագնահատելու, այլև մսխելու և չարյաց փոքրագույն օտարին ապավինելու ոչ մի տեղ չտանող անձնապաստան, բնազդածին, ենթագիտակցական թերահաշվարկ:
Ինչ անե՞լ: Այս հարցին պատասխանելու համար, թերևս, պետք կլիներ սկսել «ինչ չանել» հարցից: Բայց մենք զանց ենք առնում «ինչ չանելու» այլևս իրեն լավագույնս ի ցույց դրած բոլոր տարատեսակ և համախումբ դրսևորումները, կենտրոնանալով մեն միակ դրական նպատակի վրա, այն է. հետևողականորեն խթանել և ամրապնդել հասարակության աստիճանաբար լայն շերտերի մասնակցությունը պետության կառավարմանը, դրա համար երկրում հարկավոր է հաստատել գործուն արդարադատություն, բարձրացնել հասարակության կրթական մակարդակը, չկրկնել անցյալի կառավարման սխալները՝ բացառելով անգամ թվացյալ արտաքին նմանողության բնական կասկածը, չանել նորերը, որքան էլ դրանք անմեղ կամ ոչ չարամիտ լինեն, և ոչ իսկ փորձի պակասի պատճառաբանությամբ:

бутони към социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.