Մենք ցանկանում էինք թողնել մեկ հայ` այն էլ թանգարանում: Եթե այդտեղ` ապագայում, դուք կաք և կարդում եք այս նամակը, նշանակում է` մենք պարտվել ենք: Բայց մեր պարտությունը հաղթանակ չի բերում ձեզ: Եթե դահիճը չի կարողանում գլխատել զոհին` դա պարտություն է դահիճի, բայց ոչ հաղթանակ զոհի համար:
Հաղթանակն այն է, որ զոհի գլուխն այլևս չհայտնվի դահիճի կացնի տակ: Դահիճի համար ամեն մի զոհ հերթականն է, զոհի համար յուրաքանչյուր դահիճ կարող է լինել վերջինը:
Ինձ համարում եք ձեր ատելի թշնամի՞ն: Սխալվում եք. ձեր թշնամուն փնտրեք ոչ թե մեռածների, այլ ողջերի մեջ: Ես թշնամին եմ եղել ձեր մահացած պապերի, իսկ իմ կենդանի թոռները կարող են լինել ձեր թշնամին: Կամ էլ` ոչ: Ճանաչեք ձեր թշնամուն: Մեր հաջողությունն այն է, որ կարող ենք թշնամուն բարեկամ սարքել: Ձեր դժբախտությունն այն է, որ կարող եք բարեկամին սարքել թշնամի: Բայց ամենավատն այն է, որ դուք կարող եք երկու թշնամու միջից ընտրել չարյաց փոքրագույնին և դարձնել ձեր բարեկամը: Միայն թե` եթե դուք թշնամուն բարեկամ համարեցիք, դեռ չի նշանակում, որ նա կվարվի նույնկերպ:
Հենց այդպես վարվեցին ձեր դաշնակցական պապերը, երբ օգնեցին մեզ` իշխանության գալու: Կարծում էին, թե թշնամի Համիդին կարելի է հաղթել բարեկամ Երիտթուրքով: Այդպես եք գործել դուք դարեր շարունակ` մտածելով, թե պարսիկներին կարելի է հաղթել թուրքով, թուրքին` ռուսով և այդպես շարունակ: Ու քանի որ ձեր քայլերը կառուցել եք կույր հավատի, այլ ոչ թե սառը մտքի վրա, մշտապես տուժել եք այդ դյուրահավատության պատճառով:
Դուք` հայերդ, խելացի ժողովուրդ եք, բայց ոչ այնքան խելացի, որ ձեր խելքն օգտագործեք խելամտորեն: Դա ձեր դժբախտությունն է: Դուք հմուտ արհեստավորներ եք, ճարպիկ առևտրականներ, արվեստի սիրահարներ: Դուք ճարպիկ եք, բայց ոչ դիվանագետ: Որովհետև ճարպկությունը հարկավոր է փոքր գործերում (ինչպես առևտուրը), իսկ դիվանագիտությունը` մեծ գործերում (պետություն կառուցելիս):
Դուք հմուտ եք` գեղեցիկ արվեստներ կերտելու հարցում, բայց ձախողակ` պետություն կառուցելու արվեստի հարցում: Հաջողակ եք փոքր գործերում, բայց ձախողակ` մեծերում: Գիտե՞ք ինչու: Որովհետև միշտ շտապում եք, ձգտում անմիջապես վայելել ձեր ցանած սերմի պտուղները: Առևտրականի պես, ով ցանկանում է անմիջապես ստանալ վաճառած ապրանքի շահույթը: Դրա համար դուք ունեք լավ առևտրականներ ամեն տեղ, բայց չունեք պետություն` ոչ մի տեղ: Եթե մի օր պետություն ունենաք, նկատի առեք սա:
Իսկ ահա մենք` թուրքերս, չունենք ձեր նրբազգացությունը, ճարպկությունը, խորագետությունը: Փոխարենը, ունենք երկար սպասելու, մեր պապերի սկսածը քայլ առ քայլ առաջ տանելու կարողություն: Դրանից բացի, մենք կարող ենք հրաժարվել մեր նախնիների այն գործերից, որոնք որ մեզ շահեկան չեն այսօր: Վստահաբար կարող եմ ասել, որ ապագայում, մեր թոռները կհրաժարվեն ընդունել այն, ինչ մենք արեցինք ձեզ հետ: Իսկ ահա դուք պահում եք ձեր պապերից այն, ինչը հարկավոր չէ պահել, ու դրանով ձեզ համարում ավանդապաշտ: Օրինակ` ավանդաբար սպասում եք ինչ-որ օտար փրկիչների: Ձեր պապերը սխալվել են փրկիչների սպասելով, դուք սրբորեն կրկնում եք նրանց սխալները: Ո՞ւր էին այդ փրկիչները 1915թ.:
Չլինի՞ թե այդտեղ` ապագայում էլ եք փրկիչների սպասում:
Ձեզ համար միշտ ինչ-որ մեկը միջնորդում է. մեկ եվրոպական դեսպաններն են միջնորդում, մեկ` Հռոմի Պապը, մեկ Անգլիայի վարչապետը, մեկ` ռուսաց ցարը: Դուք ուրախանում, ոգևորվում եք դրանից: Կարծես թե մեծ բան է, երբ օտարն է փորձում լուծել քո կենսական հարցերը:
Ու քանի դեռ դուք ուրախանում եք այդ միջնորդներով, հույսներդ մանկամտորեն կապում նրանց հետ և ձեր ճակատագիրը դնում նրանց ճարպիկ ձեռքերում, մենք դաշնակցում ենք, պայման կապում, առ ու ծախ ենք անում նրանց հետ: Իսկ առևտրի վերջում, ձեր այդ միջնորդները, որպես մետաղադրամ, մեզ են վերադարձնում ձեր ճակատագիրը: Եվ դուք, արդեն ավանդույթ դարձած` հայտնվում եք կոտրած տաշտակի առջև, որը վերջում` մի անգամ էլ կոտրելու են գլխին։
100 տարի առաջ գրված նամակ` այսօրվա մասին… Թալեաթի նամակը հայերին