Ինչի՞ պիտի մայրը ողբա,
Երբ մանուկը հաց է ուզում,
Ինչի՞ պիտի հայրը գոռա,
Բայց այս անգամ՝ ինքն իր վրա…

Ինչի՞ համար հայրը պիտի
Պանդխտության ճամփան բռնի,
Ինչի՞ պիտի հայի քրտինքն
Օտարության հողում թափվի…

Հացի համար բունը լքում
Ու մնում են հավետ գերի,
Օտար ազգի հո՛ղն են ջրում,
Իսկ մերն ահա՝ չոր, ամայի՜…

Ծերանում են մեր հայրերը՝
Պանդխտության երկար ճամփին
Ու քանիսն են գնում – մնում,
Հավատացե՛ք, ցա՜վ եմ ապրում…

Ճերմակում են սուրբ մայրերը՝
Կարոտ կոչված տառապանքից
Ու քանի՜սն են մենակ մնում,
Այս ի՜նչ ցավ է ազգս կրում…

Ինչի՞ համար, ինչի՞ պիտի
Որդին հորը օտար երկրի հողին հանձնի,
Աչքի մեկը Հայաստանին,
Իսկ այն մյուսը՝ հառած մնա հոր շիրիմին…

Դուք, անխիղճնե՛ր, անարժաննե՛ր,
Աթոռ գրկած փառասերնե՛ր,
Մոռացել եք, որ ցածից եք վերև հասել,
Ուրացել եք, որ Մարդի՛կ են ձեզ վեր հանել…

Մի ցած իջեք ու դուրս եկեք,
Տեսեք ազգս ո՜նց է ապրում,
Բայց գողեգող շրջեք մռայլ փողոցներով,
Ժողովուրդը՝ բարև չտա թուք ու մրով…

Ու դեռ նստած ծաղր եք անում
Մրոտ ձեռքով հաց ստեղծողին,
Բայց չե՛ք տեսնում կեղտով պատված,
Շահին ծախված՝ ձեր իսկ հոգին…

Իսկ ես ահա իմ զայրույթից՝
Հայհոյում եմ այս աշխարհին
Ու չե՛մ ներում Հայոց հողում
Անեծքի սերմ ցանողներին..

Ա. Երիմյան

споделяне на връзка

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.