«… Ով մեղավոր չէ, թող առաջին քարը նետի…»       

                                                                         Նոր կտակարան

Մեծարգո Պարոն Սարգսյան

            Կարդալով ձեր հոդվածը, ցանկացա հասկանալ Ձեր բուն նպատակը, ցանկացա ներկայիս մեր՝ անկողմնորոշ իրականության՝ արմատական, անկողմնակալ քննարկում, վերլուծություն և ուղղություն տվող հարցադրումներ տեսնել, ավաղ։

            Ո՞րն է Ձեր հոդվածի առանցքայինը, այդ մենքը ովքե՞ր են, մենք այս չարեցինք, մենք այն չարեցինք։

            Կամ․

            «Այո, մենք այսօր տանուլ ենք տվել ռազմի դաշտում և արտաքին ճակատում, որի համար ներկա կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի»։

         Բայց ինչո՞ւ միայն «ռազմի դաշտում և արտաքին ճակատում…» ենք տանուլ տվել»։

         Դուք մոռանում եք՝ թիկունքը, որը դատարկվել է հին իշխանությունների կողմից, որոնց էլ ըստ երևույթին սատարում եք դուք։ Ինչո՞ւ, որպեսզի՞ վերադառնան իշխանության և շարունակեն իրենց ազգակործան գործունեությունը։ Դուք գրում եք հետևյալը, որը նաև ներկայիս կառավարության ցանկությունն է.

         «Հասարակության պառակտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ուստի երկրին և ժողովրդին անհրաժեշտ է բուժում: Միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ըտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացն սկսել մաքուր էջից:  Սակայն դուք գրում եք նաև հետևյալը, որը խիստ խնդրահարույց է ու բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս.

             «Մինչ այդ, իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն»: Դուք փաստորեն անթաքույց առաջարկում եք հների վերադարձ։ Ինչո՞ւ, պարզվում է, ըստ Ձեզ. «…ներկա կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի…»  

Նոր կտակարանում մի թևավոր խոսք կա. «… Ով մեղավոր չէ, թող առաջին քարը նետի…»,       

            Դուք սիրով շրջանցում եք և չեք ցանկանում խոստովանել, թե՝ իրականում ի՞նչ է կատարվել  անկախության տարիներին, թե ո՞վ է մեղավոր նման զարգացման համար։ Եթե դուք «մենք»  ասելով նկատի ունեք Հայաստանի վերնախավին, ապա միանգամայն ճիշտ եք, որովհետև իրականում  հենց այդ բարձր խավն է մեղավոր, որը դեռ սովետական ժամանակներում, երկրում իշխանություն էր բանեցնում և հետո՝ շնորհիվ իր իսկ ստեղծած՝ ստի, կեղծիքի, կաշառակերության մթնոլորտում, սեփականացրեց, տիրացավ երկրի հարստությանը։ Հենց նա էլ եկեղեցու պարագլուխների հետ «ոչ սրբազան պակտի» մեջ մտնելով, իրենք ապրելով ճոխության մեջ, անտեսում էին, մոռացել էին, և այսօր էլ մոռանում են՝ երկրի իսկական տերերին, հասարակ ժողովրդին, գյուղացիներին, աշխատավորներին։ Եվ հենց նրանք էլ երկրից վտարեցին, այո՝ վտարեցին, միլիոնավոր աշխատունակ, երիտասարդ մարդկանց, գյուղացիությանը, ովքեր այս օրերին պետք է ռազմի դաշտում լինեին, հայ զինվորի կողքին և իհարկե նաև նրա թիկունքում։  Դուք պետական կառույցի այդ հանցագործներին թողած, ճգնում եք  ներկա կառավարության մեղավոր և պատասխանատու ներկայացնել։

            Բայց Ինչո՞ւ…

         Այնուամենայնիվ դուք խոստովանում եք, որ.

         Մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ և դրանով իսկ արդեն ստորագրել պարտության թղթի տակ:

         Կամ.

         «Մենք բավարար ուշադրություն չդարձրեցինք Արցախի զարգացման և ամրապնդման իրական գրավականներին՝ բնակչության աճին (Արցախի բնակչությունն ինչքան որ կար, այդքան էլ մնաց)»։

         Արցախին հիշելով, ինչ-ինչ պատճառներով մոռացության եք մատնում, Հայաստանի բնակչության զարգացումը, որը  անկախության տարիներին քանակով կես է դարձել։

         Այդ հիրավի հանցավոր և ազգակործան փաստը, ո՞ւմ ձեռքի գործն է։ Ինչո՞ւ եք մոռանում այդ»։

         Թույլ տվեք այստեղ հիշել երկու պատմական փաստ և դրանք համեմատել ներկա, իբր թե՝ անկախ Հայաստանի հետ։

         Հիշենք Հայաստանի իրավիճակը 1920 թվականներին։ Դա Ճահիճների, մոծակների և ութ հարյուր հազար  գաղթականներով, սովյալներով, որբերով, հիվանդներով լցված մի հողատարածք էր։ Եվ հենց այդ ամայի հողատարածքը յոթանասուն տարի հետո, 1990 թվականներին դարձել էր չորս միլիոն բնակչություն ունեցող համատարած կրթության, գիտության, ազգային արվեստի և բազմակողմանի զարգացած մի երկիր։

Երկրորդ համեմատությունը

         Հաստատ տեղյակ եք, թե Ժամանակին Իսրայելի նախագահ՝ Շիմոն Պերեսը, Կիևում իր նշանավոր ելույթում, ինչ է ասել.

         «Մենք երազում էինք մեր երկրի մասին, բայց երկիրը, որ մենք ստացանք, երազանք չէր: Դա հողի մի պատառիկ էր՝ Մերձավոր Արևելքի մեկ հազարերորդը: Այդ հողը այնքան էլ լավ չվերաբերվեց մեզ:

Այնտեղ ճահիճներ էին, մոծակներ, հարավում անապատ էր ու քարեր: Ընտրել պետք էր մոծակների ու քարերի միջև: Այդ հողում երկու լիճ կար՝ մեկը մեռած էր, երկրորդը՝ մահանում էր: Հայտնի մի գետ կար, սակայն նրանում ջուր չկար: Ավելի ճիշտ՝ ջուր ընդհանրապես չկար»:

         Այո, այո, այդ մոծակներով լի, անջուր և անգամներ պատերազմող երկիրը՝ Իսրայելը, որը 1948 թվականին ընդամենը 450  հազար բնակչություն ուներ, այսօր դարձել է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը, իսկ բնակչությունը կազմում է ինը միլիոնից ավել…

            Ես այստեղ հիշեցի վերոհիշյալ իրականությունները, ցանկանալով ավելորդ անգամ շեշտել, թե սրտացավ և հայրենասեր իշխանական այրերը, ինչպիսի հրաշքներ կարող են կյանքի կոչել, եթե միայն կամենան և եթե միայն երկրի և ժողովրդի բարօրության համար ծառայեն…

            Հարգելի մեծարգո նախագահ, գիտեմ, տհաճ է և տաղտկալի ավելորդ անգամ անցյալը Ձեզ հիշեցնել, Ձեզ հիշեցնել անցյալ իշխանությունների ահավոր և կործանարար հարվածի իրողությունը, հասցրած Հայաստան երկրին և հայ ժողովրդին, մանավանդ որ դուք էլ  ինչ որ ժամանակ, մաս եք կազմել այդ իշխանություններին։ Բացի այդ, մեր այս տագնապալի օրերին հյուրընկալում եք նրանց և կոչ եք անում նրանց մասնակցությամբ ստեղծել՝ «…Ազգային համաձայնության կառավարություն…»։  Որ այդ կառավարությունն ի՞նչ անի։ Ի՞նչ կարող են անել ազգի կողմից մերժված և նրա անսահման ատելությունը վաստակած անցյալին պատկանող այդ անձինք, այդ Մանուկյանները, Վանեցյանները։ Դուք երևի չեք նկատել, բայց դուք Ձեր այդ քայլով, Ձեզ ակամայից դասեցիք անցյալի այդ մերժվածների շարքերում, ինչը որ մեզ՝ սփյուռքահայերիս մոտ, մեղմ ասած, տարակուսանք է առաջացրել նաև Ձեր անձի նկատմամբ…

Հարգանքներով՝

Սամվել Հովասափյան

Բեռլին, հունվար 2021

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert