www.civilnet.am – 2020թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում խաղաղ բանակցային գործընթացի տապալումը բերեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմին, որը փոխեց Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակ պահպանվող ստատուս քվոն։ 44-օրյա պատերազմը խլեց հազարավոր կյանքեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, հրահրեց մարդու իրավունքների խախտումների նոր ալիք և կտրուկ փոխեց իրողությունները: Հակամարտությունը հանգեցրեց ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուժեղացրեց տարածաշրջանային տերությունների, մասնավորապես Թուրքիայի ազդեցությանը՝ նվազեցնելով գլոբալ դերակատարների ազդեցությունը։
Հունվարի 12-ին Caucasus Edition-ը Լեռնային Ղարաբաղում անցյալի, ներկայի և ապագայի խաղաղ գործընթացի քննարկման համար հրավիրել էր երկու բանախոսների՝ էնն-Արբորում Միչիգանի համալսարանի պատմագիտության պրոֆեսոր, Հայաստանի առաջին նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին խորհրդական դոկտոր Ժիրայր Լիպարիտյանին և Զաուր Շիրիևին՝ Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի գծով վերլուծաբան, Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի նախկին աշխատակից: Վեբինարը վարում էին Caucasus Edition-ի խմբագիրները՝ դոկտոր Ֆիլիպ Գամաղելյանը և դոկտոր Սևիլ Հուսեյնովան։
Անցյալի ձախողումները
Ժիրայր Լիպարիտյանի համոզմամբ՝ խաղաղ գործընթացի ձախողման պատճառներից մեկն այն էր, որ երկու կողմերն էլ դրանում ներդրել էին իրենց ողջ պատմությունը, մշակույթն ու ինքնությունը։ Հակամարտությունն այդպիսով առանցքային էր դարձել երկու երկրների ներքին զարգացման համար։ Երկու կողմերի համար էլ իշխանության ղեկին մնալ նշանակում էր զբաղեցնել առավելապաշտական և ազգայնական դիրքորոշում։ Կողմերը չէին ձևակերպել նվազագույն դիրքորոշումներ, միայն առավելապաշտական մոտեցումներ, որոնք տեղ չէին թողնում փոխզիջումների համար։ Բացի այդ, երկու կողմերն էլ չէին խորշում պատերազմից՝ ենթադրելով, որ դա կաշխատի հօգուտ իրենց՝ այդ ճանապարհը նախընտրելով փոխզիջումային կարգավորմանը։
Զաուր Շիրիևի խոսքով՝ 1990-ականների ավերիչ պատերազմը ժամանակավորապես զսպել էր նոր պատերազմը: Ժամանակի ընթացքում քաղաքական շատ այրեր սովորեցին իրերի ներկա վիճակին՝ կարծելով, որ 1994թ. զինադադարը անվերջ կտևի,- որը մերթընդմերթ ընդմիջվում էր փոքր բախումներով,- քանի որ կողմերից ոչ ոք չի ցանկանա ներքաշվել նոր պատերազմի մեջ, որովհետև այն փոխադարձաբար կործանարար կլինի։ Ենթադրվում էր, որ դա զսպող գործոն կլինի երկու կողմերի համար, և նույնիսկ եթե նրանք փորձեն, արտաքին ուժերը, հատկապես Ռուսաստանը, թույլ չեն տա մեծ էսկալացիա։ Սխալ պատկերացում կար նաև այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանում առաջնահերթություն չէ։ Թերագնահատվում էր նաև չլուծված հարցերի ազդեցությունը ադրբեջանական հասարակության վրա, ինչպիսին է ներքին տեղահանվածների վերադարձը: Այս բոլոր գործոնները սխալ պատկերացում են ստեղծել այն մասին, որ անարդյունք բանակցությունները կարող են անվերջ շարունակվել։
Երկու բանախոսներն էլ ընդգծում են պաշտոնական բանակցային գործընթացի ձախողումները։ Շիրիևի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր և հաճախ անիրատեսական ակնկալիքներ են ունեցել Մինսկի խմբից: Կողմերը հաճախ ակնկալում էին, որ միջնորդները մշտապես կառաջարկեն նոր լուծումներ կամ հանդես կգան որպես արբիտր՝ հակամարտող կողմին ստիպելով զիջումների գնալ։ Մինսկի խմբի վերջին բովանդակային առաջարկն ստացվել է 2000-ականների վերջին՝ Մադրիդյան սկզբունքների տեսքով։ Այդ ժամանակից ի վեր Մինսկի խումբը գործում է ավելի շուտ որպես կողմերի միջև սուրհանդակ, քան միջնորդ։ 2020թ. հուլիսին էսկալացիան դարձավ վերջին կաթիլը, որը ստիպեց ադրբեջանական կողմին դիտարկել խնդրի լուծման ռազմական տարբերակը։ Ցավոք, այդ նախազգուշացնող նշանները անտեսվեցին միջնորդների կողմից։
Լիպարիտյանը համաձայն է, որ Մինսկի խումբն անարդյունավետ է եղել։ Մի կողմից, Մինսկի խմբի համանախագահները համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հիմնարար հարցի շուրջ․ նրանք բոլորը բացառում էին նրա անկախությունը որպես լուծում և համաձայնում, որ Ղարաբաղին հարակից տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք անդամներ՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան նույնպես ունեն ռազմական, դիվանագիտական և տնտեսական հսկայական ռեսուրսներ, որ կարող են օգտագործել խաղաղության հաստատման համար։ Որոշ դեպքերում նրանք օգնել են կողմերին մոտենալու կարգավորմանը։ Ցավոք, երեք համանախագահներն էլ տարբեր և հաճախ հակասող շահեր են ունեցել տարածաշրջանում և ոչ մի դեպքում չեն ցանկացել իրենց ռեսուրսներն օգտագործել կողմերի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի հաղթահարեն վերջին մի քանի խոչընդոտները և համաձայնության գան:
Վերջին պատերազմն ու նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագիրը փոխեց ոչ միայն տեղում դինամիկան, այլև տարածաշրջանում գլոբալ դերակատարների ազդեցության աստիճանը։ Համաձայնագիրը միակողմանիորեն կնքվեց Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը երկրորդ պլան մղեց Ֆրանսիային։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն արդեն իսկ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ հնարավոր է՝ աշխարհում, նահանջել էր իր դերից։
Ներկայի փխրուն իրավիճակը
Շիրիևը Ադրբեջանից նոր քաղաքականություն է ակնկալում, որը Հայաստանի հետ հակամարտությունը լուծված կհամարի և կսկսի աշխատել խաղաղության ուղղությամբ: Ուշադրությունը պետք է կենտրոնացնել տնտեսական հնարավորությունների ուղղությամբ։
Շիրիևն ընդգծում է, որ երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, մշակութային ինքնավարության մասին ներկայիս ադրբեջանական առաջարկը միայն նախնական բանակցային դիրքորոշում է, որն առաջ է քաշվել այն ըմբռնումով, որ ի վերջո հնարավոր կլինի պայմանավորվել ավելի առաջադեմ կարգավիճակի, ենթադրաբար՝ քաղաքական ինքնավարության շուրջ։
Շիրիևը, սակայն, վտանգ է տեսնում նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի մեկնաբանությունների տարբերություններում։ Նրա կարծիքով՝ ադրբեջանական կողմի ենթադրությունն այն է, որ ռուսական խաղաղապահների տեղակայումը պետք է հանգեցնի Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի զուգահեռ դուրսբերմանը, մինչդեռ ռուսական և հայկական մեկնաբանությունները հանգում են նրան, որ Ղարաբաղում բոլոր ուժերը պետք է մնային այն դիրքերում, որոնք նրանք զբաղեցնում էին 2020 թ. նոյեմբերի 9-ի դրությամբ՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։
Երկրորդ հարցն այն է, թե արդյոք Ադրբեջանի և Հայաստանի միջև շփման գի՞ծ է լինելու որևէ շրջանում, թե՞ հնարավորություն կլինի վերաինտեգրվելու կամ ավելի լայն համագործակցություն ծավալելու տարածքում, որը ռուսական վերահսկողության գոտում է։ Ելնելով դրանից՝ շատ հավանական է, որ էլեկտրաէներգիայի, հումանիտար հարցերի ազդեցության, տեղի բնակչության կյանքի և օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ բազմաթիվ նման հարցեր առաջանան: Կան բազմաթիվ փոքր, բայց շատ կարևոր հարցեր, որոնք երկու կողմերում ազդում են տեղի բնակչության կյանքի վրա։
Անդրադառնալով կարգավիճակի հարցին ՝ Լիպարիտյանը նաև ընդգծում է, որ ներկայում ընտրություն կա մշակութային, կրոնական և կրթական իրավունքներն ապահովող էթնոկրոնական ինքնավարության և մյուս կողմից՝ որոշակի տարածքով վարչաքաղաքական ինքնավարության միջև։ Լիպարիտյանը խորհուրդ է տալիս նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և հունվարի 11-ի Մոսկովյան հայտարարությունը դիտարկել որպես միևնույն համաձայնագրի երկու մաս: Վերլուծելով այս երկու փաստաթղթերը՝ կարելի է հանգել հետևյալ եզրակացության. նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մասնակցել դրանց մշակմանը և ստորագրմանը, երկրորդ՝ փաստաթղթերը ստորագրել են քաղաքական գործիչները, այլ ոչ թե ռազմական առաջնորդները։ Ուստի դա ավելին է, քան հրադադարի մասին համաձայնագիրը, նույնիսկ եթե այն դեռ ամբողջական կարգավորում չէ։
Այս փաստաթղթերն իրոք լուծում են երկու առանցքային հարց. նախ, նախկինում գրավյալ տարածքներն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են և չեն կարող օգտագործվել Հայաստանի կողմից որպես սակարկության առարկա։ Երկրորդ՝ չնայած կարգավիճակի շուրջ բանակցությունները կարող են շարունակվել՝ այն, ինչ միջազգայնորեն ճանաչվել է որպես Ադրբեջան, այժմ բոլոր կողմերի համար ընկալվում է որպես Ադրբեջան։ Այլ կերպ ասած՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի քննարկվում, և կարգավիճակի շուրջ բանակցությունները կենտրոնանալու են ինքնավարության աստիճանի վրա։
Ըստ Լիպարիտյանի՝ բացի բովանդակային փոփոխություններից, հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպումը նաև ընդգծում է բանակցությունների սեղանի շուրջ ուժերի ներկայիս անհավասարությունը: Հանդիպման օրակարգը կենտրոնացած էր տրանսպորտային միջանցքների վրա՝ թեմա, որը գերակա էր Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի համար։
Հայկական կողմի համար կարևորագույն թեմայի՝ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվեց։ Այդուհանդերձ, այս հանդիպումը վկայությունն է այն բանի, որ սկսվել է խաղաղ գործընթացի նոր փուլ։ Առաջնահերթությունը տրվելու է ավելի մեծ իշխանություն ունեցող սուբյեկտների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Մնացած հարցերը կքննարկվեն ավելի ուշ։ Ակնհայտ է, որ ներկայում Հայաստանը չունի ազդեցության այն լծակները, որ ուներ պատերազմից առաջ։ Որպես հետևանք՝ գալիք խաղաղությունը կարող է դուր չգալ Հայաստանի իշխանություններին։ Դա չի լինի «արդար խաղաղություն»։ Ցավոք, խաղաղությունը միշտ չէ, որ արդարացի կամ արդար կարգավորում է։
Լիպարիտյանը հարց է տալիս՝ արդյոք Ադրբեջանը շարունակելո՞ւ է իր հռետորաբանությունը, որն ըստ էության ռասիստական է։ Արդյոք դա լինելու է հաղթողի՞, թե՞ կառավարողի հռետորաբանություն։ Այդ խնդիրը մշտապես առկա է եղել։ Ադրբեջանը Հայաստանին ոչ մի հիմք չի տվել վստահելու, որ եթե Արցախը Ադրբեջանի մաս լինի, կանցնի նրա կառավարման և ոչ թե գերիշխանության տակ։ Եթե Ադրբեջանի կառավարությունը խաղաղություն է ուզում, ինչը լավ է բոլոր ժողովուրդների համար, ապա այն պետք է փոխի իր հռետորաբանությունը, պետք է փոխի իր խոսելաոճը և պահվածքը։
Ապագայի որոգայթները
Լիպարիտյանը չարագուշակ կանխատեսում է անում, որ եթե ապագայում նոր պատերազմ սկսվի, ապա դա պատերազմ կլինի ողջ Հարավային Կովկասի, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի համար, թեև Ղարաբաղը կարող է ծառայել որպես պատրվակ։
Ապագա պատերազմը կանխելու համար Շիրիևը հայերի և ադրբեջանցիների միջև պետությունների մակարդակով երկխոսության կոչ է անում։ Հանդիպումներ և երկխոսություններ տեղի են ունեցել մարդկանց փոքր խմբերի միջև, հատկապես փորձագետների կամ քաղաքացիական հասարակության մակարդակով: Սակայն, պետական մակարդակով ջանքերը բացակայում են։ Հարաբերություններն այսօր շատ ավելի ցածր մակարդակի վրա են, քան 1990-ականներին, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, երբ շփումներ կային լրագրողների և ընդհանրապես բնակչության միջև։ Նա նաև ընդգծում է երկու պատերազմների ընթացքում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին առնչվող խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Ըստ Շիրիևի՝ տրանսպորտային հաղորդակցությունների հանձնաժողովի ստեղծումն ինքնին չի կարող խաղաղության հանգեցնել։ Անհրաժեշտ է ավելի լայն հանձնաժողով, որը կուսումնասիրի կայուն խաղաղության ապահովման այլ ասպեկտներ։ Այս ուղղությամբ կարևոր քայլ կարող է լինել ՄԱԿ-ի՝ համապատասխան փորձ ունեցող հաստատությունների ներգրավումը, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի համաձայնագրում։
Լիպարիտյանն ընդգծում է Հայաստանի ապագա կառավարությունների համար տարածաշրջանում ուժերի հարաբերակցության իրատեսական ճանաչման և բանակցությունների միջոցով հարևանների հետ հարաբերությունների կառուցմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:
«Զարգացման հնարավորություններ կան։ Բայց մենք պետք է սկսենք որոշումից, թե արդյոք ցանկանում ենք լինել հարևաններ, թե նվաճողներ… Ադրբեջանի հետ աշխատելու համար հայկական կողմից կպահանջվի մեծ իմաստնություն, շրջահայացություն և հնարամտություն։ Ինչ գործընթաց էլ այժմ տեղի ունենա, այն պետք է շարունակվի նաև այլ մակարդակով, անմիջապես Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ոչ թե հակասելով ռուսական գործընթացին, այլ փոխլրացնելով այն։ Այդ կերպ կլինի ըմբռնում, որ դա մեր խնդիրն է․.. Եթե մենք ուզում ենք ապրել միասին ապագայում, պետք է հիմա սկսենք խոսել իրար հետ»։
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի
Read the article in English