Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումից. «…Ինքներս մեզ ազգովի համոզել էինք, որ արդարության ու ոգու մարտիկներ ենք, եւ այնպես էլ չհասկացանք, որ արդարությունն ու ոգին կարող են փշրվել մեծ ու անողորմ ուժի հարվածի արդյունքում։ Այն ուժի, որին տասնամյակներով ծաղրում էինք։

Ինքներս մեզ կտրել էինք աշխարհից, աշխարհի պահանջներից, խուլ էինք իմաստուն գործիչների զգուշացումներին, հաղթող ղեկավարներին դավաճանի պիտակ կպցրեցինք, արկածախնդիրներին ծափահարեցինք եւ ծապահարում ենք։Ինքներս մեզ առասպելների գիրկը գցեցինք, ազգային սնապարծությամբ սնվեցինք։ «Հիմարը կարծում է, որ աշխարհի ամենաբարձր սարը բարձրությամբ հավասար է իր տեսած սարին»․․․։

Բայյց զոհվեցին, զրկանքներ կրեցին ու դեռ կրելու են ոչ «հավերժ պատերազմի», «Քուռ-արաքսյան պետության» գաղափարաբանության մոլագառները…Համոզված եմ, որ մահվան աչքերին էին նայում մեծամասամբ այն հերոսները, որոնք համոզված էին, որ թշնամանքը, դաժանությունը, մարդատյացությունը անպտուղ են, աննպատակ։ Կռվում եւ զոհվում էին մեծամասամբ նրանք, որոնք արհամարհում էին պատերազմը, բայց պատրաստ էին ամենը կորցնել, նույնիսկ սեփական կյանքը․․․

Եթե չեք հավատում, ծանոթացեք զոհվածների ցուցակներին, գտեք ստեղծագործ ուսանողների, արհեստավորների, պատերազմին միշտ պատրաստ, բայց պատերազմ ատող սպաների, խաղաղություն քարոզող Դավիթ Մաթեվոսյանի, շշմելու արձակ գրող Վարդան Ամալյանի, Հաջյան եղբայրների, Սեվակ Սաղաթելյանի, Աբգար Նազարյանի, հարյուրավորների ու հայուրավորների անունները․․․ Որոնց շրթունքներից չեիք լսի «նոր պատերազմ՛ նոր տարածքներ», «Բաքվում չայ ենք խմելու» զառանցանքները․․․

Եւ փորձեք գտնել զոհվածների, գերիների ցուցակներում «հավերժ պատերազմի» ջատագովներին, «ոչմիթիզականներին», «Սեվրի պայմանագրով» Հայաստանը լայնացնողներին․․․ Չկան, կամ գրեթե չկան․․ Փորձեք գտնել նրանք վիրավոր Արցախում, սահմանների նոր խրամատներում, օգնություն հավաքող, վիրավորներին խնամող կամավորական խմբերում։ Չեք գտնի այնտեղ, բայց կգտնեք սոցցանցերում, հեռուստաեթերում կեղծիքի, ատելության խոսքերով, ժողովրդին «ժեխ» դիմելաձեւով, նոր պատերազմին պատրաստվելու կոչերով, հուսահատություն սերմանելով ժողովրդի մեջ։ Նոր պատերազմի, որում նահատակվելու են նորից ուրիշները, «ժեխը»․․․

Հազարավոր զոհեր, հաշմանդամ երիտասարդներ, վիրավոր Արցախ, տնտեսական սոսկալի վնաս, ժողովրդի արդեն երկու սերնդի տանջալի աշխատանքի արդյունքների ոչնչացում, համազգային հոգեբանական սթրես, միմյանց հոշոտելու պատրաստակամություն, ինքնիշխանության նվազում․ այս ամենը վճարն է մեր հավաքական անմտության․․․

Բայց, համոզված եմ, մենք հաղթելու ենք։ Հաղթելու ենք շնորհիվ այս պարտության, շնորհիվ մեր այսօրվա տառապանքների ու հուսահատության, քանի որ այս անգամ դասեր քաղելու ենք, չենք կարող չքաղել։ Այս պարտության մեջ գտնելու ենք մեր ապագա հաղթանակների գաղտնիքը, եւ այլեւս այն չենք կորցնելու։ Պարտության ու տառապանքի Գողգոթայով անցնելիս, մենք մաքրվելու ենք, գիտակցելու ենք, որ սխալ էինք, անհեռատես, ինքնահավան, ագահ ու կարճամիտ։ Որ հավաքական միտքը, կամքը, ներքաղաքական համերաշխությունը, սեփական պատասխանատվությունը, աշխատասիրությունը, ազգային բարդույթների հաղթահարումը, իրավահավասարությունն ու արդարությունն են լինելու այն օրհնված կրակը, որում կոփվելու է մեր անպարտությունը, ձեւավորվելու է ապագային միտված մեր ինքնությունը։

Ուրեմն, Փառք մեր բանակին եւ ժողովրդին, հավերժ հիշատակ մեր նահատակներին․․․ Կեցցե ապագա Հայաստանը»:

Tigran Hakobyan



Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert