Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պոլսահայ նշանավոր գործիչ, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter-ում։
Ընդդիմադիր գործիչը ոգեկոչել է Հրանտ Դինքի հիշատակը։
Իմամօղլուն հայտնել է, որ Թուզլայի հայկական որբանոցը, որտեղ անցել է Դինքի մանկությունը, կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի։ Նա նշել է, որ այդ որոշումը միաձայն ընդունվել է Ստամբուլի ավագանու նիստում։
Իմամօղլուի տեղեկացմամբ՝ այժմ սկսվել են ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագծի աշխատանքները։
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: 8.552քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961թ. գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից:
Աղբյուր` Ermenihaber.am