«Մի պատմությունով կիսվեմ.
2010 թիվն էր: Այդ ժամանակ ընկերոջս հետ աշխատում էի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտում(ի գիտություն որոշ տհասների ոչ ֆեյքատեր եմ, ոչ լրագրող եմ ու ոչ էլ բժիշկ, ՏՏ ոլորտի մասնագետ եմ): Աշխատում էի հեռահաղորդակցության մոդեմների նախագծման ու կոդավորված ռադիոհաղորդակցության վրա։ Լուսահոգի Վարդանյան Կարենը չեմ հիշում որտեղից, իմացել էր մեր մասին, զանգեց հրավիրեց UITE, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպում էր կազմակերպել: Խնդիր էր դրված ԱԹՍ հայտնաբերող ՀՕՊ համակարգի նախագիծ ներկայացնել:
Լուծումը կրեատիվ էր, ով փոքրիշատե տեղյակ է անտենաներից, կհասկանա, ՀՕՊ համակարգն աշխատելու էր հենց ԱԹՍ-ի վրա տեղադրված անտենան հայտնաբերելով (շատ մանրամասներ հասկանալի պատճառներով չեմ կարող հայտնել):ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հասկացավ ու միանգամից հավանության արժանացրեց գաղափարը։ Վարդանյան Կարենն էլ, ով ներկա էր ու մասնակցում էր հանդիպմանը, ուրախացել էր, որ մի ամբողջ պաշտպանական համակարգի լուծում ունենք արդեն թղթի վրա։ Մնում էր ռեալիզացնել։ Սկզբում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան գովեստի խոսքեր ասեց, հայտնեց որ լուծումն ընտիր է ու որ կարևորը՝ ոչ թանկարժեք, իսկ հետո պատճառաբանեց թե ՊՆ-ն փող չունի ու ավելի լավ է հին ՀՕՊ համակարգով «յոլա» գնան։ Խոսքը մոտ մի 5 գեներալի մեքենայի արժեքի չափ գումարի մասին էր։ Փաստորեն ՊՆ-ում «յուղը վրեն» թանկարժեք ամենագնացներ ճռցնելու փող կար, իսկ զինվորի կյանքը փրկող ու սահմանը պահող ՀՕՊ համակարգի համար փող չկար։Ինչևէ, հանդիպումից հետո ընկերոջս հետ լուռ քայլում էինք փողոցում, բերաններս չէր բացվում որ խոսեինք։ Ինչ խոսեինք… ես դեռ էն ժամանակ՝ 21 տարեկան հասակում էի հասկացել, որ մեր վիճակը լուրջ է, բայց չէի պատկերացնում, որ հետևանքներն այսպես աղետալի ու անդառնալի կլինեն։«Յոլա» գնացինք, բա չէ …»
Gonews.am, Տարոն Չախոյան