Ռուսաստանի խաղաղապահները, գեներալ Ռուստամ Մուրադովը զբաղվում են հայ գերիների հարցով։ Սակայն քանի հայ գերի կա Ադրբեջանում այսօր՝ հայտնի չէ, ինչպես նաև հայտնի չէ՝ երբ են հայ գերիները վերադառնալու տուն։ Այդ մասին այսօր անցած տարվա ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ Լավրովը նաև ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվել գիտակցված՝ սա ապագայում քննարկվելիք հարց է։ Այսօր Ղարաբաղի հայկական կողմին մնացած տարածքը ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և սա է այսօր Ղարաբաղի կարգավիճակը, կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո անցնող բանակցությունների արդյունքում, հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, թե Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելուն մոտիկ հարց անգամ չկա Մոսկվայի օրակարգում։

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ արդյոք հայաստանցի պաշտոնյաներն իրավունք ունե՞ն այցելել Ղարաբաղ և այնտեղ հայտարարություններ անել, Լավրով ասաց, որ Հայաստանը պետք է կապ ունենա Ղարաբաղի հետ, և սա այն հարցն է, որ երբեք չի քննարկվել։ Ակնհայտ է, որ այդ կապը պետք է լինի, և հայաստանցի պաշտոնյաները, որոնք ներգրավված են նաև Ղարաբաղում հումանիտար գործընթացներում, Ղարաբաղ այցելելու իրավունք ունեն, հենց դրա համար գոյություն ունի Լաչինի միջանցքը։ Այլ հարց է, որ հավանաբար պետք չէ էմոցիոնալ հայտարարություններ անել Ստեփանակերտում, հավելեց Ռուսաստանի արտգործնախարարը՝ վերհիշելով Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությունը, հայկական կողմին ըստ էության անուղղակի մեղադրելով պատերազմը հրահրելու մեջ։

Պարզվել է, որ հայ գերիների թիվը շատ ավելի մեծ է, 62 չէ

Լավրովի խոսքով՝ Հայաստանում այսօր չկան ադրբեջանցի գերիներ, իսկ Ադրբեջանում կան հայ գերիներ, և նման իրավիճակ է ստեղծվել այն պատճառով, որ դեկտեմբերի սկզբին հայկական կողմը հնարավոր գերիների մասին նոր ցուցակ է ներկայացրել։

«Գերիների վերադարձի հարցը մանրամասն քննարկվել է հունվարի 11-ին, երկար քննարկումներ են եղել։ Ի սկզբանե հայկական և ադրբեջանական կողմերը պետք է ներկայացնեին անհետ կորածների ցուցակներ։ Ադրբեջանական կողմը այդ ցուցակը ներկայացրել է, իսկ հայկական կողմը՝ ոչ», – ասաց Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, թե հայկական կողմն այդ ցուցակն ավելի ուշ է ներկայացրել, և այն ամբողջական չէր։

Լավրովն այսօր պնդեց նաև, թե հայկական կողմին վերադարձվել են բոլոր այն ռազմագերիները, որոնք մասնակցել են պատերազմական գործողություններին մինչև նոյեմբերի 10-ը, սակայն հետո ստեղծվել է նոր իրավիճակ, երբ ադրբեջանական կողմը գերեվարել է 62 հայ զինվորականների, որոնք մասնակցել են Հադրութի շրջանի հայտնի իրադարձություններին, և ադրբեջանական կողմն ասում է, թե քանի որ նրանք գերի են ընկել հրադադարի հաստատումից հետո, սա արդեն նոր իրավիճակ է, որը կապ չունի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի հետ։

«Այդուամենայնիվ, մենք՝ նախագահ Պուտինը և ես, առաջ ենք քաշում այս խնդրի կարգավորումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի հիման վրա», – ընդգծեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հիմա պարզվել է, որ հայ գերիների թիվը շատ ավելի մեծ է, 62 չէ։ Լավրովը հստակ թիվ չհնչեցրեց, բայց նրա այսօրվա հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ հայկական կողմն այժմ արդեն ունի գերիների ճշտված ցուցակ, և ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովն անձամբ է զբաղվում այդ հարցով։ Ավելի հստակ տեղեկություններ գերիների թվի և նրանց հնարավոր վերադարձի ժամկետների մասին Սերգեյ Լավրովն այսօր չհաղորդեց։

Ղարաբաղի կարգավիճակը հարցը պետք է որոշվի ապագայում, դրանով պետք է զբաղվի նաև Մինսկի խումբը

Ռուսաստանի արտգործնախարարն ասաց, որ հրադադարի կետերը և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը կատարում են, որ որևէ գաղտնի հավելված չի ստորագրվել նոյեմբերի լույս 10-ի գիշերը։

Հայ լրագրողը Լավրովին հարցրեց Ղարաբաղի կարգավիճակի մասին, և ի հակադրումն պաշտոնական Բաքվի այն պնդումներին, թե Ղարաբաղի հարցը վերջնականապես կարգավորված է և այն այլևս պատմություն է, պաշտոնական Մոսկվան այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ կարգավիճակը հարցը պետք է որոշվի ապագայում, և որ դրանով պետք է զբաղվի նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։

«Հենց այն պատճառով, որ կարգավիճակի հարցն ամենաբարդն է, և կողմերի մոտ կա լուրջ տարաձայնություն այդ հարցի շուրջ, երեք ղեկավարները՝ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը, գիտակցաբար որոշել են այն շրջանցել և թողնել հարցի կարգավորումը ապագայի համար, որով պետք է զբաղվեն այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», – այսօր ասաց Սերգեյ Լավրովը՝ հավելելով, թե համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը սրա հետ մեկտեղ խորհուրդ տվեց այսօր չխոսել կարգավիճակի մասին՝ համոզմունք հայտնելով, որ այն ավելի դյուրին կլինի կարգավորել, երբ իրավիճակը հանդարտվի, և Ղարաբաղում հայ և ադրբեջանական համայնքները կարողանան խաղաղ գոյատևել։ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասին միայն այսքանն ասաց Լավրովը, այլ մանրամասներ տվյալ թեմայով չհայտնեց։

Ղարաբաղը այս կամ այն ձևով Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին հարցը Լավրովն «էկզոտիկ» համարեց, հերթական անգամ շեշտեց, որ Ղարաբաղի անկախությունը ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը, չի ճանաչել, և Արցախը Ռուսաստանի կազմում ընդգրկելուն մոտիկ հարց անգամ չկա Մոսկվայի օրակարգում։

Հայաստանը պետք է կապ ունենա Ղարաբաղի հետ

Բալանսը պահպանելու համար ասուլիսի մոդերատոր՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներակայացուցիչ Մարիա Զախարովան հարցի իրավունքը փոխանցեց ադրբեջանցի լրագրողին, ով Լավրովին խնդրեց մեկնաբանել Հայաստանի արտգործնախարարի վերջերս կայացած այցը Ստեփանակերտ։

Բաքուն պարբերաբար պնդում է, թե Ղարաբաղ այցելելու համար հայաստանցի պաշտոնյաները պետք է ստանան իր թույլտվությունը։ Լավրովն այսօր նախ ասաց, որ Ղարաբաղը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և հետո էլ հայտարարեց, որ հայաստանցի պաշտոնյաները կարող են այցելել Ղարաբաղ, և հենց դրա համար էլ կա Լաչինի միջանցքը, որ ապահովված լինի Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը։

Ի դեպ, Լավրովն ընդգծեց, որ Լաչինի միջանցքի երթուղին պետք է որոշվի, հետո էլ խոսեց Նախիջևանը Ադրբեջանի մնացած տարածքին կապող ճանապարհի մասին՝ չօգտագործելով այս դեպքում «միջանցք» բառը։

Հրադադարի հաստատումից հետո աշխարհը և Ռուսաստանն այդ թվում այլևս չեն խոսում այն մասին, որ սեպտեմբերի 27-ին Բաքուն է սկսել լայնածավալ պատերազմը։ Ավելին՝ այսօր Լավրովը պատերազմը հրահրելու մեջ անուղղակիորեն մեղադրեց հայկական կողմին։

«Այն, որ այդ հայաստանցի պաշտոնյաները Ստեփանակերտում քաղաքական հայտարարություններ են անում, երևի դա լարվածություն է առաջացնում, ես համարում եմ, որ պետք չէ նման հայտարարություններ անել։ Մենք վկա էինք, թե ինչպես մինչև 44-օրյա պատերազմը էմոցիոնալ հայտարարությունները Ղարաբաղում կամ Ղարաբաղի շուրջ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», նեգատիվ ազդեցություն ունեցան», – այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

https://www.azatutyun.am/a/31050622.html

сподели ме

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.