Վազգեն Մանուկյան․ «Մենք հիմա սահմանադրական ճանապարհով գնում ենք: Ուզում ենք դուրս վռնդենք Փաշինյանին: Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չբերի, պետք է ապստամբություն անել։ Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնան ապստամբությամբ, որովհետև սա մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի հարցն է: Կա՛մ մենք կործանվում ենք, կա՛մ գնում ենք առաջ»։
Այս հայտարարությունից հետո ինձ չափազանց հետաքրքրեց, թե արդյո՞ք
1․ 2008թ․ մարտի 1-ին Վազգեն Մանուկյանը ողջունե՞լ է կեղծված նախագահական ընտրությունների դեմ ժողովրդի ընդվզումը և արդյո՞ք համարել է, որ ժողովուրդն այդ իրավիճակում ուներ ապստամբության իրավունք,
2․ 2015թ․ սահմանադրական փոփոխությունների ժամանակ առաջարկե՞լ է Սահմանադրության տեքստում ընդրկել ժողովրդի ապստամբելու իրավունքը․․․
3․ 2016թ․ ամռանը Վազգեն Մանուկյանը արդարացրե՞լ է Սասնա ծռերի ապստամբությունը,
Նախագահական ընտրություններին մասնակցած Լևոն Տեր-Պետրոսյանին, ով պատկառելի թվով ձայներ էր ստացել, 2008թ․ մեղադրում էին, թե նա Ազատության հրապարակում իրեն ինքնահռչակել է ընտրված նախագահ ու դա դրել էին մարտի 1-ի պաշտոնական մեղադրանքների հիմքում, թե ըստ այդմ նա ու իր թիմը “չեն հաշտվել նախագահական ընտրությունների արդյունքների հետ ու սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձ են կատարել”։
Այժմ ընտրություններ չեն եղել, 15+-ի թեկնածուն որևէ հանրային աջակցության պաշտոնական քանակական թիվ չունի իր օգտին, բայց հայտարարում է, որ անկախ ամեն ինչից ինքը պետք է դառնա վարչապետ կամ ինքը վարչապետ է, ավելին՝ պնդում է, որ եթե դա տեղի չունենա սահմանադրական ճանապարհով, ապա դա պետք է տեղի ունենա դրանից դուրս եղանակներով, այսինքն բաց հայտարարում է սահմանադրական կարգից դուրս գործողությունների մասին․․․
Սա միայն բռնության կոչ կամ խոսք չէ։ Սա սահմանադրական կարգը տապալելու հայտարարություն է։ 1999թ․ հոկտեմբերի 27-ին դա արվեց, ու Վազգեն Մանուկյանը հրապարակավ արդարացրեց ոճրագործների գործողությունները “ռոմանտիկ ռոբին հուդությամբ”։ 2008թ․ դա արվեց բանակը ներքաղաքական գործընթացների մեջ ներքաշելով ու կրկին արդարացվեց։ “Պապը որոշել է կրկին գաթա ուտել”։
Ու այս բոլոր երեք փորձերում Վազգեն Մանուկյանի կամպանիան նույնն է՝ նույն դերակատարներով․․․․