Արցախյան պատերազմից հետո օրակարգ են մտել նման տերմիններ. տարածաշրջանի ապաշրջափակում ՝ տարածաշրջանի ճանապարհների և ենթակառույցների առումով, որի համար առկա է ծրագիր: Դրանից հետո հայտարարվեց 3+3 կամ տարածաշրջանի 6 երկրների (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան և Թուրքիա) տնտեսական համագործակցության պլատֆորմի մասին:

Եթե Հայաստանը արցախյան պատերազմի պարտվող կողմ էր, ապա Իրանը երկրորդ պարտվողն էր: Իրանը դա լավ գիտակցում է և պատերազմից հետո Իրանի ներսում բուռն քննադատություններ սկսվեցին տարբեր շրջանակներից՝ պաշտոնական Թեհրանի կողմնորոշումների վերաբերյալ, ինչը մինչև օրս շարունակվում է: Բոլորին հայտնի է, որ արցախյան երկրորդ պատերազմը երևացող ու չերևացող տարբեր երկրների հակամարտությունների, շահերի հակադրության թատերաբեմ էր՝ Անգլիայից, Իսրայելից սկսած մինչև Ուկրաինա և Պակիստան: Բոլորի մրցակցության նպատակը Անդրկովկասում ազդեցության հաստատումն ու ընդլայնումն էր: Դրա համար տնտեսական բաղադրիչը շատ կարևոր դեր է խաղում՝ ազդեցությունները մեծացնելու համար: Իրանը, որն այս պատերազմի արդյունքում դուրս մնաց Անդրկովկասի գործընթացներից, փորձում է փոխել իր պարտվողական դերակատարությունը և ունենալ իր ազդեցությունը Անդրկովկասի գործընթացների վրա: Իրանի պաշտոնատար անձանց վերջին երկու շրջայցերի նպատակը հենց դա էր: Առաջին շրջայցը կատարվեց քաղաքական ենթատեքստով՝ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչիի կողմից՝ հակամարտության կողմ երկրներ, ինչը անարդյունավետ էր: Երկրորդ շրջայցը ԻԻՀ ԱԳ Նախարար Ջավադ Զարիֆի փորձն էր, ինչը քաղաքական-տնտեսական բնույթ էր կրում: 3+3 տնտեսական պլատֆորմը Իրանի նախաձեռնությունը չէր, այն ծնվեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքի կամ ճանապարհի այս փաստը մեծ մտահոգություն դարձավ Իրանի համար:

Հստակ է, որ տարածաշրջանի ապաշրջափակումից ավելի շատ շահելու են Թուրքիան և Ադրբեջանը՝ իրենց աջակցող երկրներով: Այդ իսկ պատճառով Իրանը փորձում է այս ծրագիր-գործընթացի մեջ մուտք գործելով, հնարավորինս պահպանել տարածաշրջանում իր ազդեցությունը և նվազեցնելով հակառակորդների դերակատարությունը:

Ըստ էության, 3+3 տնտեսական պլատֆորմը չբեր և անպտուղ ծրագիր է, որովհետև նշված վեց երկրների տնտեսական միությունը՝ ներկա իրավիճակում և մոտակա տարիներին՝ անհնար է պատկերացնել: Նշված վեց երկրներից երեքի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները թշնամական են: Նաև թշնամական են Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները: Այս խորը հակասությունների պարագայում անհնարին է դառնում նշված պլատֆորմի իրագործումը: Միակ բանը այս ծրագրից, որը կիրագործվի, դա Նախիջևանը Ադրբեջանին կապող ուղին է, որը Թուրքիային կմիացնի թուրքալեզու բոլոր երկրներին (պանթուրանական հայտնի ծրագրի համաձայն): Տարածաշրջանի մնացած ճանապարհները և ենթակառուցվածքների ապաշրջափակումը խնդրահարույց է:

Եվ տեսական, և գործնական, և տեխնիկական առումներով՝ դժվար է պատկերացնել, որ Հայաստանը, Իրանն ու Ռուսաստանը դրանք կկարողանան իրագործել ի շահ իրենց: Հարց է ծագում, թե ինչո±ւ այդ դեպքում Իրանը ընդունում է 3+3 տնտեսական պլատֆորմը և դրա հիմքի վրա շրջայց է կատարում: Պետք է հասկանանք, որ Իրանի գլխավոր նպատակը Անդրկովկասում, ինչպես և Մերձավոր Արևելքում, իր ազդեցության հաստատումն է: Պատերազմից հետո Իրանի դիրքերը անվտանգության առումով թուլացել են հյուսիս-արևմուտքում, և նա դուրս է մնացել տարածաշրջանային գործընթացներից: Իրանը տեսնում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միայն մի պլատֆորմ կա օրակարգում, որին հակամարտության բոլոր կողմերը համաձայնություն են տվել, ապա փորձում է մուտք գործելով այդ պլատֆորմի մեջ՝ դերակատարություն վերցնել և հաստատել իր ազդեցությունը Անդրկովկասում:

Հաշվի առնելով հեռանկարում այդ պլատֆորմի ոչ արդյունավետությունը, արդյունքում ձախողվելու է Անդրկովկասում հաստատվելու Իրանի կրկնակի փորձը: ԻԻՀ ԱԳ Նախարարի վերջին շրջայցի ժամանակ Վրաստան, անկախ այցի նպատակից, ինչը հենց 3+3 պլատֆորմի շուրջ համագործակցությանն էր վերաբերվում, Իրանի արտգործնախարարը Վրաստանի գործընկերների հետ քննարկումներ է ունեցել Պարսից Ծոցը Սև Ծովին կապող ծրագրի շուրջ, տեսնելով Վրաստանի բավականին բացասական դիրքորոշումը՝ Ռուսաստանի հետ միևնույն տնտեսական-քաղաքական համագործակցության պլատֆորմի մեջ գտնվելու հարցում: Դա ցույց է տալիս, որ եթե լինի տարածաշրջանային այլընտրանքային ծրագիր, որը նպաստի Իրանի գլխավոր խնդիրը Անդրկովկասում իրականացնելու խնդրում, այն է ՝ Անդրկովկասում Իրանի ներկայության ամրապնդումը, Իրանը նույնպես կողջունի և իր օրակարգը կբերի: Իրանի ազդեցությունը և ներկայությունը Անդրկովկասում միանշանակ Հայաստանի շահերից և անվտանգությունից է բխում: Հայաստանը պետք է լինի նախաձեռնող այս հարցում և այլընտրանքային, իր շահերից բխող պլատֆորմներ առաջարկի Իրանին և շահառու երկրներին:

Ոչ Իրանը, ոչ Հայաստանը պետք չի շարժել դեպի ուրիշի կողմից գրված և օրակարգ մտցված ծրագիրը: Ակնհայտ պարզ է, որ եթե գոյություն ունի տարածաշրջանին վերաբերող մեկ ծրագիր և չկա այլընտրանքային մեկ ուրիշ ծրագիր, ապա Իրանը փորձում է այդ ծրագրի շրջանակում ինքնուրույն իր շահերը առաջ տանել: Ոչ Հայաստանին, ոչ Իրանին պետք չի կրկնակի պարտություն պարտադրել:

Եթե Ադրբեջանը Թուրքիային և Իսրայելին իր միջոցով բերում-մտցնում է Անդրկովկաս, ապա Հայաստանն էլ իր անվտանգությունից ելնելով և տարածաշրջանում ուժերի հավասարակշռման նպատակով, ինչը հիմա խախտված է ի վնաս Հայաստանի, իր նախաձեռնությամբ պետք է Իրանի դերը բարձրացնի Անդրկովկասում: Կրկին նշում եմ, որ Իրանի նպատակը և խնդիրներից մեկը տարիներ շարունակ եղել է Ադրկովկասում իր ներկայության ու ազդեցության հաստատումը և ամրապնդումը, ինչը երկար ժամանակ նրան չի հաջողվել, և այդ իսկ պատճառով վերջերս Անդրկովկասի ուժային բալանսը խախտվել է: Եվ վերջին պատերազմը դրա արդյունք է նաև:

Եթե Հայաստանը հաշվի չառնի Իրանի մտահոգությունները, շահերը և չօգտվի դրանց արդյունքում իր անվտանգության ամրապնդման ռեալ հնարավորությունից, ապա դրանից կօգտվի հակառակ կողմը, ինչպես և ներկայումս օգտվում է: Հայաստանի պասիվությունը այս վերջին հարցում անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի քաղաքական-տնտեսական մեկուսացմանը՝ իր բոլոր բացասական հետևանքներով: Իրանի համար Հայաստանի կողմից տնտեսական-քաղաքական լուրջ, այլընտրանքային ալյանսի առաջարկները և նախաձեռնությունները ընդունելի կլինեն և սպասված են Իրանի համար: Միայն հենց տարածաշրջանում ուժային հավասարակշռումը՝ կերաշխավորի Հայաստանի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը:

Փույա Հոսսեինի, 30.01.2021թ.

share button

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.