Անկախ նրանից, թե ԼՏՊ-ն ինչ գաղափարախոսության տեր մարդ է, պետք է ասել, որ նա միշտ պետականամետ կարծիք է հայտնել և ճիշտ գնահատական է տվել ստեղծված իրավիճակներին: Անգամ նախավերջին նրա հայտարարությունը հավասարակշռված ու պետական մտածողությանն ու ստեղծված իրավիճակին համարժեք էր: Իսկ  նրա արտահայտած վերջին կարծիքը շատ պրիմիտիվ ու հակապետական է: Նա անուղղակի հեղաշրջման կոչ է անում:

Երկրի վարչապետը երկրից փախչում է այն դեպքում, եթե տեղի է ունենում ռազմական կամ այլ դավադիր մեթոդներով հեղաշրջում  և երկրի ղեկավարի կյանքը վտանգի է ենթարկվում  ուժի կիրառման միջոցով երկրի  իշխանությունը զավթողների կողմից:

Զարմանալի է, որ ԼՏՊ-ի նման մարդը Վազգեն Մանուկյանի նման ցինիկ ու արկածախնդիր մարդու կարծիքը համարում է իրավիճակից դուրս գալու ելք: Երեւի ուղեղի ծերության արդյունք է: Բայց հետ հայացք գցելով  նրա նախագահության ժամանակաշրջանին՝ տեսնում ենք, որ՝ ոչ: ԼՏՊ-ի «Ղարաբաղ կոմիտե»-ի համակարգողը եղել է Վազգեն Մանուկյանը, ապա նրա նախագահության ժամանակ պաշտպանության նախարար և վարչապետ: Վազգեն Մանուկյանի վարչապետության ժամանակ է տեղի ունեցել երկրի պետական գույքի սեփականաշնորհումը, գյուղատնտեսության քայքայումը. նա թալանի համակարգի հիմնադիրն է եղել: Այսքանից հետո ԼՏՊ-ն պետք է հասկացած լիներ, որ երկիրը այս վիճակին հասցվել է 19-րդ դարի առեւտրական բուրժուազիայի տրամաբանությամբ ամեն ինչ վաճառքի հանելու և նեոլիբերալ համակարգին հնարավորինս շուտ սերտաճելու մոլուցքի պատճառով: Եւ սա նշանակում է, որ մենք քաղաքական և տնտեսական բնագավառում ոչ թե անելիքի, այլ մտածողության և  վերլուծական մտքի պակասի լուրջ խնդիր ունենք:

30 տարվա հետխորհրդային շրջանում ստեղծված համակարգին չեն տրվել գիտական գնահատական: Հարց չի բարձրացվել, թե ինչո՞ւ Հայաստանի նման արդյունաբերական Հանրապետությունը վերածվեց առևտրական Հանրապետության: Ինչո՞ւ անկախությունից անմիջապես հետո չինովնիկները արդյունաբերական համակարգը չպաշտպանեցին, ինչո՞ւ չդարձան արդյունաբերական բուրժուազիա, այլ գերադասեցին դառնալ առևտրական բուրժուազիա և վաճառքի հանեցին երկրի ամբողջ հարստությունը:  

Երվանդ Խոսրովյան,  15.03.2021 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert