Զրույցը վարել եմ 1997 թվականին։ Դրանից հետո երկու նախագահ ենք փոխել, ու վարչապետ ունենք։
Բան չի փոխվել, նույնը կարող ենք պնդել նաեւ հիմա։ ժողովուրդը անարդարությունից էր բողոքում ու արտագաղթում, ոչ թե աղքատությունից. Շուշան Ղազարյան
Զրույց՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լյուդմիլա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ․- Ղարաբաղյան պատերազմում կարծես թե հաղթեցինք։ Կարո՞ղ ենք մեզ հաղթած ազգ համարել։
Լյուդմիլա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ– Մենք հաղթած ազգ էինք։ Մենք ապացուցեցինք, որ կամք ունենք եւ այլեւս այն լացկան ազգը չենք։ Բայց երբ ռազմի մարտիկները վերադարձան տուն եւ պահանջեցին իրենց իրավունքը, ամեն ինչ փոխվեց։ Հայրենիքում, վերջին հարյուրամյակում ձեռք բերված հարստությունն էր բաժանվում, տեղի էր ունենում արժեքների վերանայում։ Եվ այն պաին, երբ նախկին ռազմիկներն ընդգրկվեցին սեփականությունը բաժանելու գործի մեջ, նրանք դադարեցին հաղթող լինել։ Նրանք դարձան ընդամենը սեփականատերեր։ Նրանց մի մասը ռազմական գործի վրա հարստացավ, մյուսը՝ տարածքներից բերված ավարով։ Ուժեղները մեծ պատառ վերցրին, ժողովուրդը մնաց աղքատ։ Մենք շատ արագ մոռացանք ռազմի դաշտը, ուր բոլորս հավասար էինք մահու դեմ, եւ վերադարձանք ավարի, սեփականության բաժանման հոգեբանությանը։ Ղարաբաղի պատերազմը մնաց զոհվածներին, իսկ հիշողությունը նրանց որբացած ընտանիքներին։ Այս նոր պայմաններում ժողովուրդը պատմական զոհի իրավիճակը վերաձեւեց ու դարձավ սոցիալական զոհի դրոշակակիր։ Մյուս մասը քաղաքական զոհեր դարձան՝ դատավարությունները վկա, հաղթողները տնտեսական անազնիվ պայքարի հետեւանք էին։ Հաղթող ժողովրդի կատեգորեան միեւնույն նպատակով միավորված զանգվածն է, որը համախմբված է հաղթանակի գաղափարի շուրջ։ Այսօր մենք չունենք դա։ Մենք ունենք պառակտված երկիր, պառակտված ժողովուրդ։
Շ․Ղ․- Կկարողանա՞ արդյոք այդ զանգվածը վերստին համախմբվել, եթե կորստի վտանգն ահագնանա։
Լ․Հ ․– Պատերազմի ժամանակ մենք իշխանությունների շուրջ չէ, որ համախմբվեցինք, այլ գաղափարի։ Կորստի վտանգը մեզ համախմբեց։ 20-րդ դարում, եղեռնից հետո ժողովրդի հավաքական կամքը հաղթեց, հիմա էլ նույնը կկատարվի, բայց ավելի դժվար։ Քանզի զոհվածների ընտանիքները չստացան այն հարգանքն ու փոխհատուցումը, որ պիտի ստանային որպես հերոսներ։ Մնացել է Ղարաբաղը՝ որպես ազգային գաղափար։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը շարունակում է մնալ Ղարաբաղի անկախության գաղափարին, եւ դա հուսադրող է։
Շ․Ղ․ – Ուզում եմ նախագահի հայտարարությունը ծայրից ընթերցել։ Եթե Ղարաբաղին պարտադրվի ծանր որոշում, Երեւանը կսատարի՞ ոչ ընդունելի պայմաններով փաստաթուղթ։
Լ․Հ ․– Ես մեր նախագահին չեմ նախանձում, քանի որ նա շատ դժվարին կացության մեջ է։ Ներքին քաղաքականության մասին չի խոսքը, Ղարաբաղի հարցում ազատության շրջանակները շատ ավելի նեղ են։ Հուրախություն մեզ, Ղարաբաղին ոչ մի թուղթ չեն տալիս ստորագրելու, եւ միգուցե նախագահն ուզում է Ղարաբաղին մինչեւ վերջ խաղի մեջ մտցնել, որին դեմ է Ադրբեջանը։ Իսկ եթե ուզում է պատասխանատվությունը կիսել կամ իրենից հեռացնել, դա արդեն բարոյականության խնդիր է։ Ղարաբաղի հարցը չի տեղայնացվում միայն Ղարաբաղում։ Հայաստանում ապրող ամեն հայ, ղարաբաղցի է։ Եթե պետք լինի, Հայաստանի հայը կգնա Ստեփանակերտից հայտարարություն կանի։ Մեզ ոչ ոք չի կարող անջատել, եթե մենք չուզենանք անջատված լինել։ Նախագահի հայտարարությունը պատեհապաշտ է։
Շ․Ղ․ – Մեր երկրում «Ռայխստագի հրկիզման» երկու փորձ արվեց։ Դատավարությունները կարծես ավարտվում են հօգուտ մեղադրյալների։ Ինչպես եք պատկերացնում իշխանություն-ժողովուրդ հաշտությունը։
Լ․Հ․ – Ձեր հարցադրումն այն դեպքի մասին է, երբ քաղաքականությունը բարոյական հենք ունի։ Մեր ներքին քաղաքականությունը կառուցված է վախի եւ ուժի հենքի վրա։ Բացառված է ժողովրդի գործոնը։ Եթե այդ տարրը դեր չունի, ուրեմն պատասխանատվություն էլ չկա նրա հանդեպ։ Ժողովրդի կամքը չի որոշում պաշտոնյայի բախտը։ Ինչու պիտի հաշվի նստեն նրա հետ։ Ընտրությունների մեխանիզմն է խախտված։ Այսօր կա պառլամենտ, որին ժողովուրդը չի ընտրել։ Դա գիտի պառլամենտը, դա գիտե հասարակությունը։ Ոչ լեգիտիմության վիճակն ավելի է խորացնում ճգնաժամը, որն էլ վերարտադրում է ուժի իշխանություն։ Իրենք ընտրում, վերահսկում ու պատասխանատու են միայն իրենց։ Այս կառավարող խումբը այդ չափանիշներով է գործում։ Չկա երաշխիք եւ պատասխանատվություն։ Ուրեմն չկա եւ խնդիր։ Այս իշխանությունները վարկաբեկված են, եւ իրենք համաձայն են այդ վիճակին, նորից վարկաբեկվելուց չեն ամաչի եւ կշարեւնակեն պահել ուժի ու վախի համակարգը։ Այս առումով դատավարությունները դեր չունեն։ Դրանք կվերջանան, կսկսվեն նորերը։ Եւ իշխանությունները տարրական անհարմարության զգացում իսկ չեն ունենա նոր պարտություն գրանցել։
Շ․Ղ․ – Նկատվու՞մ է, արդյոք, հասարակական հենքը ձեւավորող առողջ ուժ։
Լ․Հ․ – Անշուշտ, հասունացավ մի նոր սերունդ, որն ուրիշ ճշմարտություն ունի եւ եկել է իրենն ասելու։ Նախագահի ասած կայունությունը այդքան սիրուն ու պարզունակ չէ, որքան թվում է։ Սա ուժերի հավաքման պահ է։ Այս ճահճային, մեռած կայունությունը մինչեւ ուր է գնալու, մինչեւ երբ…
Շ․Ղ․ – Հասարակությունը համախմբվում է գաղափարի շուրջ, եւ ոչ անհատի։ Կա՞ այսօր այդ գաղափարը։
Լ․Հ․ – Այո, Ամենապարզունակը։ Գոյատեւման գաղափարը։ Թերթերն անընդհատ թմբկահարում են, թե ազգը կործանվում է։ Սա աղետ է, հնարավոր կորստի հետ անուղղակի հաշտեցում։ Ազգի փրկության, երկիրը կառոցելու գաղափարը շարունակում է գոյություն ունենալ։ Համակարգող ուժը չկա։ Այդ գաղափարի նվիրյալը, խաչվածը, հզոր առաջնորդը չկա, որին հավատա ժողովուրդը ու գնա նրա ետեւից։
Շ․Ղ․ – Սեպտեմբերի 25-ի դեպքերը քաղաքագետների գնահատմամբ, հասարակական լայն զանգվածների հավաքական ուժի պոռթկում էր։ Ձեր կարծիքով պատմական ինչ դասեր քաղեց ժողովուրդը։
Լ.Հ. – Հասարակությունը հասկացավ, որ ինքն ազատ չէ, եւ իր պայքարի սահմանը հասկացավ։ Նոր հասարակարգ կառուցելու համար գործող ուժերը իրենց լիմիտը պետք է գնահատեն։ Դա շատ կարեւոր է։ Ցավոք, չձեւավորվեց լուրջ ուժն ու դիրքորոշումը, որ պատրաստ լիներ մարտնչել այդ պայմաններում։ Այս իշխանությունը ձեռք բերվեց հրապարակներում ձեռքը վեր տնկելով։ Մենք սովորեցինք վայրկենական ընդվզումի ոճին։ Մինչդեռ հասարակություն փոխելը տաժանակիր աշխատանք է, պահը ոչինչ չի որոշում։ Մարդկանց փոխելու մեջ չէ խնդիրը, հասարակությունը պիտի փոխել։ Երրորդ ուժի անհրաժեշտությունը կա, որն իր վրա վերցնի կառուցելու, ստեղծելու առաքելությունը եւ արդյունքը նախանշի։ Ռումինիայի փորձը նայեք, ժողովուրդն ընտրեց աջերին ու հետեւում է նրանց հետ կնքած պայմանագրի իրագործմանը։ Մեր երկրում ոչ մի պայմանագիր չկա ժողովրդի հետ, ոչ սահմանադրական, ոչ էլ ընտրական։ Նախագահը ժողովրդի վրա է մատ թափ տալիս, ժողովուրդը պատեհ առիթի դեպքում, հոխորտում է։ Ուրիշ երկրներում առկա է անհաշտ ընդդիմություն, իսկ մենք ունենք անհաշտ իշխանություն։ Նա զորք հանեց, ընկճեց ժողովրդին, եւ Ղարաբաղում հաղթանակ տարած ժողովուրդը, մի քանի ժամում բարոյալքվեց։ Իշխանությունն ապավինել է կոնֆլիկտային ոճին, հակամարտության մեջ է մտել ժողովրդի, կուսակցությունների, ինքն իր, ամենքի հետ եւ իրեն դեռ բավական ուժեղ է զգում։ Իսկ ոչ մի ուժեղ իշխանություն չի կիսում իր ունեցածը, չի գնում զիջումների, հակառակը, նա դեռ գնալու է ուժի ցուցադրության՝ իրեն ավելի ամրապնդելու համար։ Միակ ելքը առողջ, ողջախոհ ընդդիմությունն է, որը պետք է հենվի նոր ձեւավորվող հենքի վրա։ Նա նախ հայհոյանքի զինադադար կհայտարարի եւ հստակորեն ու ամուր կխնդրի նախագահին՝ մատ թափ չտալ ժողովրդի վրա։ Եւ երբ ընդդիմությունն իր մեջքին ունենա առողջ, ուժեղ զանգված, այդ ժամանակ նախագահն իր հետ հաշվի չնստել չի կարող։
Շ․Ղ․– Ղարաբաղում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու։ Հույսեր կա՞ն, որ նորընտիր նախագահը կարող է վերահսկել իրավիճակն ու ներքին կայունություն ստեղծել։
Լ․Հ․ – Ես հավատում եմ այդ ժողովրդին։ Ես անշուշտ գիտեմ իրավիճակը Ղարաբաղում։ Գիտեմ կոռուպցիայի մասին։ Ես ամեն ինչ գիտեմ։ Սակայն կարծում եմ, որ այդ հաղթանակած ժողովուրդը կկարողանա պատերազմում կռած իր զենքի ուժը ուղղորդել խաղաղ աշխատանքին։ Դառնալ ստեղծագործ, կառուցող, շինական ժողովուրդ։ Ես հավատում եմ Ղարաբաղի խաղաղ զարգացմանը։Ղարաբաղը փոքր համայնք է ու ղեկավարը ճանաչում է բոլորին։ Եվ եթե ունենա առողջ մտածելակերպով հմուտ խորհրդականներ, նա շատ լուրջ առաջ կտանի իր գործը։ Հիասթափված մարդիկ պետք է հիշեն, որ եթե հաղթանակը ձեռք է բերվում զոհերի միջոցով, ապա խաղաղությունը՝ աշխատանքով ու պայքարով։ Դերափոխություն պետք է լինի։ Գեներալն ու զինվորը պիտի իրենց տեղը զիջեն քաղաքական ղեկավարներին։ Ես մեծ հույս ունեմ, որ արդար ընտրությունից հետո, Ղարաբաղում կձեւավորվի խնդիրը հասկացող մասնագետների թիմ, որը դեր կտա ժողովրդին եւ կհասկանա, որ ոչ թե ուժն ու վախը, այլ մարդկանց իրավունքների հարգումը, ստեղծագործ միտքն ու արարումն է կառուցում երկիրը։
«Մոլորակ», 1997թ․, օգոստոս, Երեւան