Բաց նամակ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանին Գերաշնորh սրբազան հայր, Թեհրանի Առաջնորդարանի պաշտոնական կայքում կարդացի մի գրություն ձեր ստորագրությամբ, որի կապակցությամբ հարկ եմ համարում ասել հետևյալը.
1. Ի՞նչ է սա, ձեր անձնական մտորումնե՞րը, ինչպես գրված է գրության սկզբու՞մ,- Այդ դեպքում ի՞նչ գործ ունի այն առաջնորդարանի պաշտոնական կայքում:
2. Առաջնորդի պաշտոնական հայտարարությու՞ն է, – Ուրեմն ի՞նչ են անում այստեղ համարակալված երեք հարցերը:

3. Հարցազրու՞յց է,- բայց ո՞վ է հարցազրույց վերցնողը, որի խոսքը զբաղեցնում է գրության մի կարևոր մասը և որի գերակշիռ ներկայությունը զգալի է թե’ արևելահայերեն, արևմտահայերենի անկանոն խառնուրդից և թե բովանդակությունից, և ավելի պարզ ասած, ո՞վ է ձախող փորձ կատարում թաքնվել ձեր հետևում:
4. Քաղաքական-կուսակցական հայտարարությու՞ն է:

Այդ բոլորի ձախավեր, և անգրագետ խառնուրդը, ճչում է ինքը գրությունը, որի ծանր ու համատարած գաղջության մեջ խեղդվում է «համերաշխութեան և համագործակցութեան խաղաղաբոյր մթնոլորդի» (պիտի լինի «մթնոլորտի») մասին հնչեցրած ձեր հայրական մաղթանքը:

Ամենևին զարմանալի չէ, որ ձեր շրջապատի մարդիկ, ի մասնավորի այս գրության կազմողները նշված խոսքի տեսակների տարբերությունը չիմանան, բայց, որ դուք ձեր ստորագրությունը դնեք դրա տակ և թույլ տաք, որ այն տեղադրվի առաջնորդարանի պաշտոնական կայքում համարում եմ, մեղմ ասած, ամոթաբեր:

Եվ այսքանից հետո ավելորդ եմ համարում տալ 5-րդ հարցումը, բայց և այնպես.
5. Այդ ո՞ր օրվանից և ո՞ր իրավունքով է առաջնորդարանը դարձել կուսակցական գրասենյակ, առավել ևս Հայաստանում կատարվող ընտրություններին մասնակցող ընդդիմության շտաբ, իսկ թեմակալ առաջնորդը դրանց խոսնակը: Գալով այս խառնածին այլանդակությանը.
Թիվ 1 «հարց»-ին` «Ի՞նչու կատարւեց Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները» հաջորդում է ո’չ թե ձեր պատասխանը, այլ հենց հարցնողի հայտարարությունը, առ այն, որ կրած ծանր պարտությունից հետո.
«…հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ յատկապէս սփիւռքում ապրեց յոյսի, վառ ապագայի բարձր տրամադրութեամբ, եւ զգօնութեան բնական զգացումներով, ապրումներով առաջնորդւած պիտի աշխատէր պարտեալ ղեկավարից եւ իր թիմից ձերբազատւել»։

Ի՞նչ է սա, եթե ոչ հրեշավոր, ինքնաբուխ և խելացնոր խոստովանություն այն մասին, թե ինչպես աղետալի պատերազմը, մի խումբ մերժվածների համար իմաստավորվում է միայն ու միայն որպես կորցրած իշխանությունը վերադարձնելու հույսի դուռ:

Հարցնող- հայտարարողը նախ խոսում է համայն «հուսավառ» հայ ժողովրդի անունից` «Հայաստանում, Արցախում և յատկապես սփյուռքում», իսկ հետո, երբ պիտի պատմի «յուսախաբութեան եւ յուսաբեկութեան նոր ալիք»-ի մասին, դառնում է «Հայության կարևոր մի մասի, գիտակից երիտասարդության ու պայքարունակ ժողովրդ»-ի, դատապաշտպանը: Նա, որ իսկական հեղինակն ու պատասխանատունէ է այս ողջ գրության, բայց քաջությունը չունի սեփական անունով հանդես գալու, հայ ժողովվրդին բաժանում է կարևոր և անկարևոր մասերի, իսկ մենք բոլորս տեսանք, թե ովքե՞ր և քանի՞ հոգի էին այդ «կարևորները» և տեսանք, թե ինչպես, մեր բազմահազար զոհերի դեռ չչորացած արյան և անթաղ դիակների վրա պար բռնած, նրանք իրենց մոտալուտ վերադարձն էին տոնում, թշնամու կիսատ թողածը լրացնելու համար, ներքին արյունահեղության կոչեր էին անում, և տեսանք, թե ինչպես հայրենաբնակ ժողովուրը կրկին անգամ մերժեց նրանց ընտրական ազատ և արդար մրցակցության մեջ:

Հարց տվողը, տարված ու հիացած իր ճարտասանությամբ, իսպառ մոռանում է, որ դուք դեռ իր առաջին հարցին չեք պատասխանլ, և իր ճառն ավարտում է նոր հարցով «Ի՞նչն է այս «ողբերգութեան» պատճառը», ու կրկին անգամ ձեր պատասխանին չսպասելով, չգիտես ինչու՞ ներկայից անցյալ թռչելով, հարցնում է.
«Ի՞նչպէս էք գնահատում նախկին տարիներում կատարւած ընտրութիւնները»։

Ձեր խոսքի սկիզբը. «Ծուռ նստի՛նք, շիտակ խօսինք», մանավանդ արևմտահայերենով, անկեղծ և շիտակ խոսք լսելու հույս է տալիս, իսկ, երբ ասում եք. «Վերջին 30 տարիներին տեղի ունեցած նախագահական թէ խորհրդարանական ընտրութիւններից ոչ մէկը եղել է արդար եւ ազատ», տարակուսանք է առաջանում, թե ի՞նչ կարծիքի է ձեր այս գրության պատվիրատուն ու համահեղինակը, ձեր այս «սենսացիոն բացահայտման» մասին, չէ՞ որ նա անմիջական հեղինակն ու մասնակիցն է եղել այդ տարիների համարյա բոլոր տեսակի հանցագործությունների: Կարելի՞ է արդյոք մտածել, որ դուք այնքան էլ ամեն բանի մեջ համամիտ չեք միմյանց հետ, թե՞ պարզապես անցյալի խարդախությունները հիշելով և դրանք անխտիր ամբողջ անցյալի վրա տարածելով փորձում եք դրանով մեկնաբանել ձեր պարտությունը և մխիթարել ինչ որ մարդկանց, իբրև թե, շատ մի հուսահատվեք, Հայաստան է, է’լի, դրանից ի՞նչ եք սպասում: «20 յունիս 2021-ին եւս կատարւած արտախորհրդարանական ընտրութիւնները տարբեր չեղան իրենց նախորդներից», ասում եք դուք (Հասկանալի է, որ ուզում եք ասել արտահերթ ընտրություններ), իսկ կարո՞ղ է, դուք գիտեք, թե ողջ հայոց պատմության ընթացքին է’լ ե՞րբ է իր հողի վրա ապրող հայը ավելի ազատ ու համարձակ արտահայտել իր հավաքական կամքը, քան անցյալ 30 տարիների տաբեր ժամանակահատվածներում և մասնավորապես 2018 մայիսին և, մեկ էլ հենց այս ընտրություններին «Մենք ենք տերը մեր երկրի» նշանաբանով: Կամ գուցե՞ դուք ու ձեր պատվիրատուն իրապես աշխարհի ամենաազատ ու արդար ընտրությունների դրախտում եք ապրում, անմեղ ու արդար հրեշտակներով շրջապատված և ազատ ու արդար ընտրությամբ եք բազմել այդ` ինքն իրեն «ազգային իշխանություն» հորջորջող, աթոռին: Մոռանու՞մ եք, թե աշխարհաքաղաքական ինչ դասավորումների և ներազգային ի՞նչ դավերի ու խարդավանքների արդյունքում եք խլել այդ աթոռը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից: Եվ ահա 70+30 տարի է, հետապնդում եք մի նպատակ, այն է, միջոցների մեջ խտրություն չդնելով, այդ թվում հենց ձեր նշած հայաստանյան խարդախ ընտրություններով, ձեր այդ անթիքա, անհող ու անժողովուրդ, օտարի պատանդ ու կամակատար կղերակուսակցական կոալիցիոն «իշխանությունը» ներմուծել Հայաստան: Պարզ չէ՞, որ դուք անցյալ ամբողջ դարաշրջանում ս փյոռքահայության բոլոր բռնագրաված հնարավորությունները ծառայեցրել եք ձեր նույն այդ իշխանատենչ ու աթոռապաշտ նպատակներին, նույն նպատակներով եք առաջնորդվել նաև 3-րդ հանրապետության բոլոր իրադարձություններում, ընդհուպ մինչև վերջին պատերազմը և նրանից հետո, իսկ հիմա, երբ, հայտնվել եք կոտրած տաշտակի առջև, որքանո՞վ է իրավացի, բարոյական և խելամիտ հեռուն նստած, հայրենասիրություն, բարոյականություն և քաղաքական օրակարգ թելադրել Հայաստանի ժողովրդին:

Դուք հայրենաբնակ հայությանը վիրավորում եք, նրան համարելով նվազ հայրենասեր, քան դուք եք, բայց ո՞վ եք դուք: Կարո՞ղ է, ձեր այդ «մենք»-ի հետևում թաքնվածները այնքան ինքնասիրահարված են, որ իրենց ավելի հայրենասեր են համարում, քան այն հայ սերունդները, որոնք նույն սովետի շրջանում հարյուր հազարավոր զոհերի արյամբ (նկատի ունեմ թե բ. աշխարհամարտը և թե ստալինյան «մաքրագործումները») և իրենց ստեղծագործ աշխատանքով երկիր կառուցեցին, և ավելի հայրենասեր քան արցախյան պատերազմների բազմահազար զոհերն ու վիրավորները, սրանց ծնողներն ու հարազատները … ծուռ նստեք և շիտակ դատեք, զոհվածներից քանի՞սն են եղել սփյուռքից:

Անցյալ ողջ դարաշրջանում բացի «ա~խ Հայաստան» կանչելուց ո՞ր քարն եք քարին դրել Հայաստանում: Այդ դուք ու ձերայինները չէի՞ք, որ պատերազմի ամենաթեժ օրերին ամեն գնով աշխատեցիք համայնքի սրտաբուխ օգնությունները խափանել և դրանք ուղղորդել դեպի ձեր գանձարանը:
Այո’, դուք պարտավոր եք նախ պարզ և հստակ ասել, թե ո՞վ եք դուք և ի՞նչ իրավունքով եք հանդես գալիս երբեմն համայն հայության, երբեմն նրա «մի կարևոր մասի», երբեմն «մասնավորապես սփյուռքի» անունից: Իսկ եթե կարծում եք, թե դա ինքնին պարզ է ու ազգի անունից խոսելը ձեզ ի վերուստ տրված իրավունք է, չարաչար սխալվում եք: Դուք ընդամենը կրոնական մի թեմի հոգևոր առաջնորդ եք, այն էլ օտար մի երկրում, իսկ ձեր ստորագրությամբ և ձեզ վստահված հաստատության կայքում հրապարակված գրության բովանդակությունը ամենևին չի տեղավորվում ձեր իրավասության սահմաններում: Դուք նման բաներ խոսելու իրավունք չունեք անգամ ձեր հովված թեմի բոլոր անդամների անունից: Ի՞նչ է սա, եթե ոչ վարչական ռեսուրսի չարաշահում, և ո՞ր սահմանադրական դատարանի առջև եք դուք պատասխանատու: Սրանով դուք շարունակում եք նույն այն անպատասխանատու գործելակերպը, որը ձեր հետևում թաքնված պատվիրատուներին հասցրել է այսօրվա թշվառ վիճակին և ձեզ էլ դրել է այս խղճուկ քայլին դիմելու պարտադրանքի առջև: Դրանով դուք փակում եք ձեր առջև բարեփոխվելու բոլոր ճանապարհները: Եվ ո՞վ էր ձեզանից խնդրում, որ նստեք ու հաշվարկեք կամ ավելի ճիշտ, նույնությամբ արտագրեք Հայաստանի ընդդիմության այրված սրտի մխիթարանքն այն մասին, թե հաղթող կողմը ստացել է Հայաստանի բնակչության ընդամենը 25%-ը: Իսկ դուք ու՞մ ձայների քանի՞ տոկոսն եք ներկայացնում: Նայե՞լ եք արդյոք ձեր գրության տակ դրված լայքերին, թվով 16:

Դուք հայրենաբանակ հայությանը անվանում եք ստրկամիտ ու տիրամեծար, երբ գրում եք. «Անցեալ երեսուն տարիների նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները վկայում են այն մասին, որ ժողովուրդը հոգեբանօրէն տարւած է իր քւէն տալու իշխանութիւնը իր ձեռքում պահած ղեկավարին» գրում եք և չեք անդրադառնում, որ չարաչար սխալվում եք, և հակասում ինքներդ ձեր այն մտքին, թե անցյալ 30 տարում «Հայաստանում կատարւած բոլոր ընտրութիւննները բնորոշւեցին կեղծիքով, կաշառքով, բռնութեամբ, իշխող ուժի յայտնի եւ անյայտ բռնամիջոցներով»։ Ու քանի որ կասկածում եմ, թե ոմանք այս աղաղակող հակասությունը կտեսնեն ու կհասկանան, հարցս բացատրեմ. եթե Հայաստանի բնակչությունը, ըստ ձեզ, սովետից մնացած սովորությամբ միշտ իր քվեն տալիս է իշխող ուժին և նրա ղեկավարին, ապա այդ իշխող ուժերը ի՞նչ կարիք ունեին դիմելու կեղծիքի և բռնամիջոցների: Ինչի՞ համար էին ժողովրդական բազում ընդվզումները, ու՞մ դեմ էր կազմակերպված Մարտի 1-ի սպանդը, և ինչո՞վ եք բացատրում 2018-ի համաժողովրդական ընդվզումը… Թեև սրա պատասխանն էլ, գիտեմ, պատրաստ ունեք ձեր գրպանում. «Հայրենաբնակ ժողովուրդը տգետ է և ամբոխավար Նիկոլը նրան խաբել է»… Իսկ դուք նման կեղծ ու հիվանդ դատողությամբ չե՞ք խաբում ձեր հավատացյալներին:

Դուք, ձայնակցելով ձեր պատվիրատուների էժանագին չարախոսություններին, հայրենաբնակ ժողովրդին համարում եք նաև անպատվախնդիր և մարդկային ու ազգային արժանապատվությունից զուրկ մի զանգված, որը անտարբեր է պարտության նվաստացումների հանդեպ: Թող ձեր սպասարկած ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ձեզ ների, որ ասաց «Մի’ դատիր, որ չդատվես», իսկ այդ ժողովուրդը ձեզ երբեք չի ների, մինչև ծնկաչոք նրանից ներեղություն չխնդրեք, նրա մեծ ցավի ու տառապանքի նկատմամբ ձեր քար անտարբերության համար: Ձեր ամբողջ գրության մեջ ես չտեսա ցավակցող և հուսադրող ո’չ մի բառ նրա մեծ կորուստների և խորապես վիրավոր սրտին իբրև սփոփանք: Սա, իհարկե, հասկանալի է այնքանով, որ ձեր առջև խնդիր է դրված սփոփել մ ասնավորապես ժողովրդի կողմից երիցս մերժվածների հուսախաբ զանգվածին և պախարակել նրանց, ովքեր իրենց ու երկրի ապագան կրկին անգամ վստահել են իրենց ընտրյալին, նրանց ովքեր գլխավոր իրավատերն ու հիմնական երաշխիքն են Հայաստան երկրի և հայ պետականության ներկա և ապագա գոյության:

Դուք հանդես եք եկել ի պաշտպանություն այն «էլիտայի» որը հանդես եկավ որպես «փրկիչ» այն ժողովրդի, որին համարել և համարում է ժեխ, զոմբի, բոմժ, գումարած այն լուտանքները, որ դուք եք շռայլում, բայց ժողովրդական իմաստությանը ասում է. «Ձուկը գլխից է հոտում», և դուք, եթե չեք ուզում, որ ձեր անունը այդ նեխած գոլուխների շարքում գրվի, վերցրեք այն այս տխեղծ ու ամոթաբեր գրության տակից և անսալով «Ձայն բազմաց, ձայն Աստծո» պատվիրանին, առնվազն հետևեք Կիլիկիո կաթողիկոսության լռություն պահպանելու իմաստությանը: Եվ մի՞թե դուք ունեք իրավունք նման «մտորումներ» հրապարակելու առանց ձեր վերադասի համաձայնության և հրահանգի, կամ գուցե Կիլիլկյան Աթոռն էլ է գործում «ապակենտրոնացման» համակարգով, ըստ որում, յուրաքանչյուր թեմ գործում է ըստ իր առանձնահատուկ պայմանների:

Անկասկած, որպես քրիստոնյա հոգևորական, ձեր գլխավոր պարտքն է ժողովրդին առաջնորդել դեպի բարին ու բարոյականը, շատ լավ իմանալով, որ Աստծո ստեղծած աշխարհում անարատ գուցե միայն գառներն են, իսկ մարդկանց միջից միայն Գառն Աստծո Հիսուս Քրիստոսը, որ ասաց. «Ով անմեղ է, թող առաջին քարը նետի» և ինքն էլ անձամբ հրաժարվեց քար նետել մեղադրյալ կնոջ վրա, այնինչ դուք ամենաշարքային կուսակցականի անպատասխանատու դատողությամբ ձեր հովված հոտը բաժանում եք առողջների ու հիվանդների, պարարտների ու ախտավորների, տգետ ամբոխի ու գիտակից ազգի, անպատիվների ու «պատիվ ունեցողների», առանց դատ ու դատաստանի լուտանքներ շռայլելով մեկի հասցեին և քար լռություն պահպանելով հենց այն մարդկանց մասին, ովքեր, հենց ձեր վկայությամբ, ուղղակի պատասխանատուն և շահառուն են անցյալ 30 տարիների բոլոր խարդախ ընտրությոանների և որոնց բռնատիրության արգասիք է այսօրվա թալանված երկիրն ու հոգեպես և ֆիզիկապես ջախջախված ժողովուրդը: Եվ այսքանից հետո դժվար է հավատալ «առանց սևի ու սպիտակ խտրութեան, ընդհակառակ սիրոյ, փոխադրաձ յարգանքի, համերաշխութեան և համագործակցութեան խաղաղաբոյր մթնոլորդի մէջ» ապրելու ձեր քարոզին:

Գերշ. Սրբազան հայր
Վերջում ուզում եմ հավաստել, որ ես ամենևին էլ այս գրությունը իր ամբողջության մեջ չեմ վերագրում ո’չ ձեր իմացական մակարդակին, ո’չ ձեր խորին համոզմունքներին, այլ այն համարում եմ ի պաշտոնե ձեզ պարտադրված զուտ քաղաքական ելույթ:

Ես ձեր անկեղծացման հետքն եմ տեսնում արտահերթ ընտրությունները որակող «ողբերգություն» բառի, ինչպես նաև սփյուռքյան հայրենասիրությունը նկարագրող «Ա~խ Հայաստան»-ի չակերտների մեջ, որը հավանաբար չեն հասկացել ձեր համահեղինակներն ու պատվիրատուները, ու դրա համար չեմ մեղադրում նրանց: Եթե առաջնորդի ստորագրությամբ հրապարակված պաշտոնական գրության հայերենի մակարդակը սա է, ուրեմն կարելի է նաև հույսը դնել ընթերցողների անիմացության վրա:

Գնահատելի է նաև, երբ դուք հուսալքվածներին կոչ եք անում անձնատուր չլինել աշխարհանցումային (ապոկալիպտիկ) տրամադրություններին, այլ «իրատես և առարկայական քննարկմամբ» հաշվի նստել հարափոփոխ կյանքի մարտահրաներների հետ: Այս փոփոխություն բառը ձեր վերջին չորս տողերի մեջ կրկնվել է չորս անգամ, իսկ դրա հետ կապված միտքը համարյա նույնությամբ կրկնվել է երկու անգամ: Դա նշանակում է, թե դուք որքա~ն մեծ կարևորությամբ եք եք շեշտում արագ փոխակերպվող աշխարհի հետ քայլ պահելու անհրաժեշտութ-յունը և միաժամանակ որքա~ն մտահոգ եք, որ ձեր հասցեատերը չունենա մտքի անհրաժեշտ ճկունությունը այն ըմբռնելու և յուրացնելու համար: Դժբախտաբար քիչ չեն մարդիկ, ովքեր կարծրամտությունը շփոթում են սկզբունքայնության, իսկ մտքի ճկունությունը հարմարվողականության և պատեհապաշտության հետ:
Հետևաբար ցանկալի է, ձեր պատվիրատուների ձախողումների մեղքը հայրենաբնակ հայության և նրա կատարած ընտրության վրա բարդելու փոխարեն, մի քիչ ավելի պարզեիք, թե գործնականում ին՞չ նկատի ունեք, երբ ասում եք.
«Այսպէս չպիտի մնայ, եւ դրա համար մենք պէտք է ամէն ինչ անենք վերադասաւորենք մեր կեանքը,մեր գաղափարական աշխարհը եւ նաեւ մեր վերաբերմունքը այսօրւայ Հայաստանի մէջ ապրող մեր ժողովրդի նկատմամբ»։ Բացե’ք չակերտներն ու փակագծերը, այլապես ձեր ստորագրած գրությունը իր ամբողջության մեջ շատ հեռու է իրերի իրատես և առարկայական վերլուծության արդյունքը լինելուց, այլ կարող է պատմության մեջ մնալ, որպես մտավոր սնանկության խոսուն և ցավալի վկայագիր:

Եվ մի հարց էլ.
Մի՞թե ձեր «ազգային իշխանության» սահմաններում իրապես դժվար է գտնել «մեսրոպյան» ուղղագրությամբ հայերենին բավարար չափով տիրապետող սրբագրող կամ, ավելի ճիշտ, ատենադպիր, թե՞ վստահելի շրջանակներում է դժվար գտնել այդպիսին: Լավն այն է, որ, ինչպես ասում են, մեր գիրը կարդացող էլ չկա: Տեսնես քանի՞ այցելու ունի Թեհրանի առաջնորդարանի կայքեջը:

Ազատ Մաթյան, 10. 7. 2021

Կարդալու համար խնդրո առարկա գրությունը սեղմել հետևյալ հղումը:
https://www.tehranprelacy.com/…/news-hy/3428-2021062602…

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert