Էս պահին մի կողմ դնենք Զանգեզուրի վերաբերյալ Ալիեւի հավակնությունների պատմական կեղծարարության ու զեղծարարության կողմը: Դիտարկենք քաղաքական հանգամանքը:

Այստեղ շատ էական է, որ Ալիեւը մի կողմից դիմում է սադրանքի Նախիջեւանում, որտեղ անշուշտ էական է թուրքական գործոնը եւս, իսկ մյուս կողմից նա վերստին հավակնոտ եւ ագրեսիվ տոնայնությամբ խոսում է «Զանգեզուրի» մասին:
Դա նշանակում է, որ նրա մոտ որեւէ կերպ չի ստացվում «Զանգեզուրի միջանցքի» հարցում ստանալ Հայաստանին օրակարգ պարտադրելու համանախագահների համաձայնությունը: Ըստ էության, նրա այդ ելույթը ուղղված է հենց նրանց, որ, միեւնույն է հասնելու եմ իմ նպատակին: Մյուս կողմից, դա դեռ չի նշանակում, որ համանախագահների համար ընդհանրապես մերժելի են ալիեւյան այդ փորձերը: Ի վերջո, մի քանի անգամ ունեցել եմ առիթ ասելու, որ «միջանցքի» հարցը քննարկվել է հենց համանախագահ երկրների մասնակցությամբ եւ անգամ նախաձեռնություններով: Ալիեւը նրանց հիշեցնում է հենց դա:

Այլ հարց է, թե համանախագահ որ երկիրն ինչ համատեքստում ու կոնֆիգուրացիայով է դիտարկում այդ հարցը: Եթե Հայաստանի համար մերժելի է որեւէ կոնֆիգուրացիա, ապա համանախագահ երկրների դեպքում նույնն ասելը մեղմ ասած կարող է լինել վրիպում: Նրանք պարզապես դիտարկում կամ քննարկում են իրենց դիրքորոշման քաղաքական գինը, բայց թերեւս ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի եւ Բաքվի, գուցե նաեւ միմյանց միջեւ:

«Միջանցքի» շուրջ այդ ծավալումներին Հայաստանի հակադրման առանցքը կարող է լինել համահայկական ռեսուրսի կոնսոլիդացիա: Երկարաժամկետ դաշնակից՝ որեւէ կոնֆիգուրացիա մերժելու հարցում, մենք կարծես թե գոնե առայժմ չունենք: Օրինակ, եթե Եվրամիությունը հարյուրավոր միլիոն է տալիս Սյունիքի դիմադրունակությանը, ինչը միանգամայն ողջունելի հանգամանք է, դա դեռ չի նշանակում, որ Եվրամիությունը սկզբունքորեն դեմ է լինելու ասենք Սյունիքով Ադրբեջան-Նախիջեւան «սուվերեն» ճանապարհի կառուցմանը: Նույնը գործնականում բոլոր խաղացողների պարագայում, բոլոր:
Միայն այն, որ նրանցից գործնականում որեւէ մեկը չի ասում՝ «ինչ միջանցք, ինչ բան», արդեն իսկ ցուցիչ է: Նույն կերպ, երբ Իրանը խոսում է Պարսից ծոց Սեւ ծով միջանցքի մասին, դա դեռ չի նշանակում, որ որոշակի իրողությունների պայմաններում չի կարող ընդունել դեպի Հայաստան ճանապարհի ասենք վերեւով կամ գետնի տակով Նախիջեւան-Ադրբեջան ճանապարհի օրակարգը:

Կրկնեմ, այս պահին Ալիեւի ելույթները վկայում են, որ նրա մոտ չի ստացվում ոչինչ: Բայց, մենք չունենք երաշխիք, որ չի հաջողվի տրամադրություն ու մթնոլորտ փոխել վաղը, տարբեր գործոնների բերումով: Ըստ այդմ, մենք ունենք մեր հերթին երկարաժամկետ երաշխիքների ու դաշնակիցների խնդիր այդ հարցում, իսկ դա լուծելու համար, թերեւս, նախ պետք է կարողանանք առավելագույնս մոբիլիզացնել մեր՝ հայկական ներուժը, Զանգեզուրում տարբեր տնտեսա-քաղաքական նախագծերի եւ պաշտպանական ենթակառուցվածքների ձեւավորման շուրջ: Եթե ի վիճակի չենք անել դա, մենք ի վիճակի չենք լինելու մանեւրել կուտակված աշխարհաքաղաքական իրարամերժ շահերի միջեւ:

Հակոբ Բադալյան

споделяне на връзка

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.