Էրդողանը Հայաստանի հետ հարաբերություն կարգավորելու պատրաստակամության մասին հայտնի հայտարարությունն անում է ոչ առաջին անգամ: Ընդ որում, նաեւ 44-օրյա պատերազմից հետո ոչ առաջին անգամ: Հետեւաբար, դրանից մեծ աժիոտաժի անհրաժեշտություն կարծում եմ չկա:

Էրդողանի հայտարարությունը խաղի մի դրվագ է, թե Ռուսաստանի, թե Արեւմուտքի հետ խաղի: Այլապես ինքնին Հայաստանի հետ հարաբերությունը Թուրքիային ներկայումս թերեւս քիչ է հետաքրքրում: Ի դեպ, Էրդողանն ազդարարել է Ռուսաստան առաջիկա այցի մասին: Ամենեւին չի բացառվում, որ Հայաստանի մասին հայտարարությունն օրինակ պայմանավորված է դրանով, որովհետեւ հայ-թուրքական հարաբերության կարգավորման հանդեպ առավելագույն զգայունություն ունի Մոսկվան: Հետո՝ Բաքուն:

Այստեղ իրավիճակը բոլորովին միաշերտ չէ, լոկ «ավանդական» ռուս-թուրքական տրամաբանության ներքո դիտարկելու համար: Նաեւ, երբ հիշատակվում է Արեւմուտքը, պետք չէ այդ հիշատակումը դիտարկել լոկ խաղից դուրս տրամաբանությամբ: Այլ կերպ ասած, Արեւմուտքը Կովկասում ոչ թե խաղից դուրս է, այլ Կովկասը դիտարկում է իր ավելի մեծ խաղի մի օղակ, ի տարբերություն նույն Թուրքիայի եւ Ռուսաստանի, որոնց համար Կովկասը անմիջականորեն առանցքային գոտի է:

Հետեւաբար, երբ Էրդողանը խոսում է Հայաստանի հետ հարաբերության կարգավորման պատրաստակամության մասին, հասկանալի է՝ իր պայմաններով, նա այդ խոսքը ասում է նաեւ Արեւմուտքի համար:

Ինչ պետք է անի Հայաստանը: Հայաստանի ստույգ անելիք հասկանալու համար պետք է հասկանալ, թե ինչ քննարկումներ կան ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունում: Ռազմավարական հեռանկարում մենք պետք է ձգտենք Թուրքիայի հետ ուղիղ խոսակցության կայուն մեխանիզմի, ինչը իհարկե կախված չէ միայն մեզանից: Որովհետեւ միայն մեր հաշվին այդպիսի մեխանիզմի ձեւավորումը կլինի ոչ թե ուղիղ խոսակցության, այլ ուղիղ կլանման մեխանիզմ: Իսկ առանց նախապայմանի տարբերակը բնականաբար բավականին բարդ տարբերակ է եւ զգալիորեն մեզանից չկախված տարբերակ:

Այս ամենում սակայն հատկանշական է մի բան, որ Հայաստանի՝ ռուսական գերազդեցությունից դուրս գալու «պահանջատեր» շրջանակները, նույնքան պահանջատեր են Թուրքիայի հետ հարաբերության առնչությամբ: Այն դեպքում, երբ Հայաստանը աքցանի մեջ վերցվել է հենց էս «երկսայր պահանջատիրության» միջոցով:

Իսկ ակնկալիքը, թե Արեւմուտքի որեւէ ուժային կենտրոն ստանձնելու է Հայաստանը միաժամանակ Թուրքիայի եւ Ռուսաստանի ազդեցության դաշտից ազատելու հանձնառություն, քաղաքական անհամարժեքություն է առնվազն 44-օրյա պատերազմը տեսնելուց հետո:

Հակոբ Բադալյան


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert