Երկար գիշեր՝ ցուրտ ու մութ,
Մոմե մարմին՝ սևաչյա,
Ա՜խ, ինչ անուշ է բուրում
Ծածկոցն իմ ծեր, հնամյա:
Անքուն գիշեր ու կարոտ,
Արևաքաղց պատուհան,
Ճերմակ շապիկ՝ մերկ,կրքոտ,
Որբ ու անտեր կայարան:
Մի որբ գիշեր՝ պաղ ու խորթ
Մերկ ու շիկնած անկողին,
Կգամ այսօր ես քեզ մոտ,
Ու կփարվեմ քո կրծքին:
Ամռան գիշեր՝ լուսնաբույր,
Ափ ու մարմին, վախ ու դող,
Կիրք ու հառաչ, տաք համբույր,
Վարսեր մեղմիկ՝ ոսկեշող:
Մի կույր գիշեր՝ երազկոտ,
Ու անհասցե մի նամակ,
Մի պատուհան ծեր, մրոտ
Ու մի մաշված որբ վերմակ:
Ճերմակ գիշեր՝ խենթացած,
Ու մի դատարկ հայելի,
Տանիք, փողոց՝ մերկ ու թաց,
Ու ես մենակ եմ էլի:
Աշնան գիշեր՝ հոգեվարք,
Ես եմ,անձրևն ու քամին,
Չկա ոչ սեր, ոչ հավատք,
Ես եմ, Աստված ու գինին:
Ձմռան գիշեր՝ լռություն,
Ես եմ, նավն ու ծերունին,
Ա՜խ իմ միակ թուլություն,
Եկ դու բուժիր ցավը իմ:
Երկար գիշեր, խուլ գիշեր
ԵՒ դատարկված մերկ մարմին,
Քեզ եմ հիշել իմ մեծ սեր
Եկ ափիդ առ ափը իմ…
Անի Հերունի Սաջյան