Վերջին ժամանակահատվածում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (այսուհետ՝ ԶՊՄԿ) շուրջ ընթացող իրադարձությունները պատճառ են հանդիսացել, որ հասարակության լայն զանգվածների ուշադրությունը բևեռվի այս արդյունաբերական հսկայի վրա։ Հաշվի առնելով այդ հետաքրքրությունը՝ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 փաստ ԶՊՄԿ-ի մասին։

1. ԶՊՄԿ-ն Հայաստանի 4-րդ ամենախոշոր մասնավոր գործատուն է

Համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալների՝ 2020թ. տարեվերջի դրությամբ ԶՊՄԿ-ն հանդիսացել է Հայաստանի 4-րդ ամենախոշոր մասնավոր գործատուն՝ 4 454 աշխատակիցներով (և՛ վարձու, և՛ քաղիրավական պայմանագրով աշխատողներ)՝ զիջելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին (6 851), «Գազպրոմ Արմենիա»-ին (5 829) և «Սիթի»-ին (4 477):

2. ԶՊՄԿ-ն հասույթի մեծությամբ 2-րդ ամենախոշոր ձեռնարկությունն է 

Հայաստանի խոշոր ձեռնարկությունների 2020թ. ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԶՊՄԿ-ն հանդիսանում է հասույթի մեծությամբ Հայաստանի 2-րդ ամենախոշոր ձեռնարկությունը (233,3 մլրդ դրամ)՝ զիջելով միայն «Գազպրոմ Արմենիա»-ին, որի 2020թ. հասույթը եղել է շուրջ 252,5 մլրդ դրամ։ 

3. 2020թ. ԶՊՄԿ-ին բաժին է ընկել Հայաստանի ապրանքային արտահանման 18.8%-ը

Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների` 2020թ. Հայաստանի ապրանքային արտահանումը եղել է $2 537 մլն։ Հաշվի առնելով, որ ԶՊՄԿ-ի արտադրանքը բացառապես իրացվում է արտերկրում, կարող ենք ասել, որ ԶՊՄԿ-ի մասնաբաժինը Հայաստանի ապրանքային արտահանման կառուցվածքում ($476.4 մլն) կազմում է շուրջ 18.8%, այսինքն Հայաստանից արտահանված ամեն $6-ից $1-ը ապահովել է ԶՊՄԿ-ն։   ‘

4. 2019թ. ԶՊՄԿ-ի արժեքը գնահատվել է 105.6 մլրդ դրամ

2019թ․ ԶՊՄԿ-ի արժեքը գնահատվել է գրեթե 106 մլրդ դրամ։ Համաձայն ԶՊՄԿ-ի 2020թ․-ի ֆինանսական հաշվետվության՝ 2019թ․-ին ԶՊՄԿ-ն իր բաժնետերերից հետ է գնել բաժնետոմսերի 75%-ը («Քրոնիմետ Մայնինգ» Էյ-Ջի-ն (60%), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն (15%))՝ դրանց դիմաց ստանձնելով պարտավորություն վճարելու գրեթե 79.2 մլրդ դրամ, ինչը թույլ է տալիս ասել, որ ԶՊՄԿ խմբի շուկայական արժեքը գնահատվել է մոտ 105.6 մլրդ դրամ։ Հարկ է նշել, որ բաժնետոմսերը ձեռք են բերվել տարաժամկետ վճարման պայմանով (մինչև 2021թ․-ի տարեվերջ) և փոխառու միջոցներ ներգարվելով։

5. Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն աշխատում է կամ վնասով, կամ չնչին շահույթով

Համաձայն ԶՊՄԿ-ի ֆինանսական հաշվետվությունների 2018թ․-ին ընկերությունը արձանագրել է 15.5 մլրդ դրամի շահույթ, 2019թ․-ին` 14.6 մլրդ դրամի վնաս, իսկ 2020թ․-ին՝ 820 մլն դրամի շահույթ։

6. 2020թ․ պղնձի խտանյութն ապահովել է ԶՊՄԿ-ի հասույթի 59%-ը

ԶՊՄԿ-ի 2020թ․ հասույթի վերլուծությունը ցույց  տալիս, որ հասույթի կառուցվածքում գերակշիռ մասը՝ 59%, ապահովում է պղնձի խտանյութը, որին հաջորդում են մոլիբդենի խտանյութը (20.8%) և ֆերոմոլիբդենը (20.2%):

7. ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության իրական հատվածի ամենամեծ փոխառուն է 

2020թ․ տարեվերջի դրությամբ ԶՊՄԿ խմբի վարկերի և փոխառությունների մնացորդային արժեքը կազմել է 134.3 մլրդ դրամ, համեմատության համար, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նույն ցուցանիշը կազմում է 110.4 մլրդ դրամ։

Հոդվածը պատրաստվել է ACSES (Armenian Center for Socio-Economic Studies)վերլուծական կենտրոնի կողմից:

https://www.civilnet.am

споделяне на връзка

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.