Eldar Mamedov [1]

«Պատասխանատու պետական կառավարման Քուինսի ինստիտուտ» (Quincy Institute for Responsible Statecraft) վերլուծական կենտրոնը հրապարակել է Եվրոպական Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և սոցիալ-դեմոկրատների քաղաքական խորհրդական, Եվրախորհրդարանի՝ Իրանի, Իրաքի, Արաբական թերակղզու և Մաշրեքի հարցերով միջխորհրդարանական պատվիրակությունների ղեկավար Էլդար Մամեդովի հոդվածը։ Վերջինս արծարծում է Իրան-Ադրբեջան լարվածության և այդ առումով ԱՄՆ դիրքորոշման հետ կապված մի շարք կարևոր հարցեր։ Հոդվածի ամբողջական թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․

«Իրանի ու Ադրբեջանի միջև արագ աճող լարվածությանը զուգահեռ Վաշինգտոնում սովորական կասկածյալները (հղում Բրենդա Շաֆերի՝ BBC-ին տված հարցազրույցին) առաջարկում են բարձրագոչ աջակցություն ցույց տալ Բաքվին և նույնը կոչ են անում ԱՄՆ-ին։ Վաշինգտոնում Բաքվի գլխավոր խրախուսողներից Հուդսոն Ինստիտուտի Մայքլ Դորանը նույնիսկ գնաց մի քայլ առաջ՝ հրապարակելով Ադրբեջանի բռնապետ առաջնորդ Իլհամ Ալիևի՝ Իսրայելի կողմից պատրաստված դրոնի հետ ենթադրաբար իրանական սահմանի մոտ արված նկարը՝ որպես օրինակ, թե Բայդենի վարչախումբն ինչպես պետք է «վարվի Իրանի հետ»։

Մեկ այլ փորձագետ՝ Ժառանգության հիմնադրամի (Heritage Foundation) Լյուկ Քոֆֆեյը, նույնիսկ կազմեց մի ամբողջ փաստաթուղթ՝ կոչ անելով ԱՄՆ կառավարությանը ուշադրություն ցույց տալ Ադրբեջանին՝ որպես իրանական ազդեցության դեմ պատնեշ։ Բաքվի նկատմամաբ նման հաճոյանքը, այնուամենայնիվ, չի սահմանափակվում միայն ուղեղային կենտրոններով։ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը տարօրինակ հնարքով գովերգեց Ադրբեջանի «հանդուրժողականության ոգին»՝ վկայակոչելով Ադրբեջանի՝ հրեական մեծամասնություն կազմող գյուղում «մզկիթների և սինագոգների համակեցությունը»։

Դեսպանն, իհարկե, անտեսեց անհարմար ճշմարտությունները, որոնք պայթեցնում են հանդուրժողականության այս նարատիվը, ինչպիսիք են, օրինակ, Բաքվի՝ պետականորեն հովանավորվող հակահայ ատելության խոսքը և երկրում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Ավելին, եթե մզկիթների և սինագոգների գոյակցությունը հանդուրժողականության ուղենիշ է, ապա դեսպանը կարող էր նաև նշել հարևան Իրանին, որտեղ մզկիթների հետ մեկտեղ բազմաթիվ եկեղեցիներ ու սինագոգներ գործում են առանց որևէ խնդրի։ Իրանի հետ լարվածության ֆոնին, սակայն, նրա ուղերձը, կարծես, նպատակ ուներ բարոյական խթան տալ Ադրբեջանին` ընդգծելով այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, որոնք Իրանը, ըստ արված եզրակացության, չունի:Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի շահերից, անկասկած, չի բխում Իրանի հետ շարունակվող հակամարտությունում Ադրբեջանի կողքին լինելը:

Ադրբեջանը ԱՄՆ պաշտոնական դաշնակիցը չէ: Վաշինգտոնը չի ստանձնել նրա պաշտպանության հանձնառություն, ոչ էլ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածու է: Իսկ խորացող ճգնաժամում Ադրբեջանը հեռու է անմեղ լինելուց:Քառորդ դար հայկական օկուպացիայի տակ գտնվող տարածքները հաջողությամբ ազատագրելուց հետո նախագահ Ալիևը, հաշտության հիմքեր ստեղծելու փոխարեն, ուժեղացրեց իրեդենտիստական ​​պահանջները Հայաստանի սեփական տարածքի, այդ թվում` նրա մայրաքաղաք Երևանի նկատմամբ:

Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ 2020թ․ նոյեմբերի հայտարարությունը, որը վերջ էր դնում ռազմական գործողություններին, ենթադրում էր Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի էքսկլավի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում՝ ստեղծելով ցամաքային միջանցք ՝ Հայաստանի տարածքով մինչև Թուրքիա: Բաքուն, սակայն, խարխլեց դրա տեղի ունենալու հեռանկարները՝ որպես իր «նախնիների հողեր» հռչակելով հայկական հողերի այն հատվածը, որով այս միջանցքը պետք է հաստատվեր, առաջացնելով դրա բռնակցման մտավախություն: Նման մտավախությունները տարածված են ոչ միայն Հայաստանում, այլև Իրանում, քանզի անեքսիան նրան կզրկի հայկական սահմանից և «թյուրքական գոտի» կհաստատի նրա հյուսիսային սահմաններում:

Սրան պետք է ավելացնել Բաքվի բացահայտ պարծենալը Իսրայելի՝ Իրանի ոխերիմ թշնամու և Թուրքիայի՝ Իրանի տարածաշրջանային մրցակցի հետ ունեցած «ռազմավարական հարաբերություններով»: Ադրբեջանը վաղեմի հարաբերություններ ունի Իսրայելի հետ: Այնուամենայնիվ, նախորդ տարիներին, հաշվի առնելով Թեհրանի դժգոհությունները, Բաքուն զգուշանում էր, որ չթշնամանա իր հարավային հարևանի հետ: Ղարաբաղյան պատերազմում, սակայն, Իսրայելի արտադրության անօդաչու թռչող սարքերի օգնությամբ տարած հաղթանակը քաջալերեց Բաքվին ավելի պարծենալ Երուսաղեմի հետ իր կապերով` առաջացնելով անխոցելիության նոր զգացում Թեհրանի հանդեպ:

Իրանը, հավանաբար հիմնավոր պատճառներով, կասկածում է, որ Ադրբեջանը դարձել է իր դեմ Իսրայելի հետախուզական գործողությունների հենակետ: Բաքուն նաև ֆինանսավորել է Վաշինգտոնի «գիտնականներին», որոնք նպաստել են Իրանի մասնատմանը՝ տարանջատելով հյուսիսային՝ հիմնականում ադրբեջանաբնակ գավառները Իրանից: Իսկ Ադրբեջանը հետապնդեց ու ձերբակալեց Լեռնային Ղարաբաղի շրջան ապրանքներ առաքած իրանցի բեռնատարների վարորդներին։

Չի կարելի ակնկալել, թե որևէ երկիր պարզապես պասիվ ձևով կդիտարկի իր ազգային շահերը շոշափող նման անբարյացակամ գործողությունները: Իրանը զգաց, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Բաքվին հարմարվելը՝ անընդհատ աջակցություն հայտնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, չի գնահատվում: Այսպիսով, երբ Իրանը լայնածավալ զորավարժություններ սկսեց Ադրբեջանի սահմանի մոտ, դա լիովին կանխատեսելի արձագանք էր այն բանի, ինչն ինքը դիտարկում էր որպես Բաքվի կողմից իր առանցքային մտահոգությունների անտեսում:

Թեև ԱՄՆ-ին գուցե դուր չի գալիս իրանական ռեժիմը, սակայն նա որևէ պարտավորություն չունի պարգևատրել Ադրբեջանի անխոհեմ քաղաքականությունը:Բաքվում գործող ռեժիմի տեսակը ևս մեկ պատճառ է, թե ինչու Վաշինգտոնը չպետք է աջակցություն առաջարկի այս հակամարտությունում: Ադրբեջանը մշտապես զբաղեցնում է քաղաքական ազատությունների, քաղաքացիական իրավունքների և կոռուպցիայի միջազգային վարկանիշային աղյուսակների վերջին հորիզոնականները: Freedom House-ը, օրինակ, այն գնահատում է որպես «ոչ ազատ», նշում է, որ կոռուպցիան մոլեգնում է, և որ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիներ շարունակ հետապնդումների ենթարկվելու պատճառով: Human Rights Watch-ը համակարծիք է, որ կառավարությունը «շարունակում է դաժան ճնշում գործադրել քննադատների և բոլոր հակառակվող ձայների նկատմամբ»: Այն նաև մանրամասն զեկույց է հրապարակել հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական ուժերի իրականացրած բռնությունների, դաժան վերաբերմունքի և խոշտանգումների մասին:

Բայդենի վարչակազմը գլոբալ կոռուպցիայի դեմ պայքարը դարձրեց իր առաջնահերթություններից մեկը: Այս առումով նույնպես Ադրբեջանն ահավոր է դրսևորվում: Այն Կոռուպցիայի ընկալման համաշխարհային ինդեքսում 180-ից զբաղեցնում է 129-րդ տեղը: Նրա նախագահն ու համախոհները առանձնահատուկ մասն են կազմում միջազգային խոշոր կոռուպցիոն սկանդալների, ինչպիսիք են Պանամայի թերթերով և վերջերս՝ Պանդորայի թերթերով բացահայտվածները:Ավելին, մինչ Վաշինգտոնում ադրբեջանցի դիվանագետներն ու լոբբիստներն ամեն ինչ անում են ներկայացնելու երկիրը որպես Արևմուտքի կայուն դաշնակից, իրականությունն ավելի տարբեր լինել չէր կարող: Ալիևը դադարեցրեց Ադրբեջանում ԱՄՆ-ի բոլոր խոշոր կազմակերպությունների ներկայությունը, ինչպիսիք են ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը, Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդը, Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը, Ազգային ժողովրդավարական ինստիտուտը և Սորոսի կողմից ֆինանսավորվող Բաց հասարակության ինստիտուտը:

Կառավարության հետ կապ ունեցող լրատվամիջոցները պարբերաբար բորբոքում են հակաամերիկյան դավադրության տեսությունները՝ վերջին ժամանակներս նախազգուշացնելով ադրբեջանական հասարակությանը Ադրբեջանի վրա հարձակվելու՝ Վաշինգտոնում սկիզբ առած որոշ ստոր ծրագրերի մասին: Միևնույն ժամանակ, Ալիևը սերտ հարաբերություններ է հաստատել Վլադիմիր Պուտինի հետ, ինչը, ի թիվս այլ բաների, հիմնված է Կովկասում Արևմուտքի ավելի խոր ներգրավման նկատմամբ ընդհանուր հակակրանքի վրա:

ԱՄՆ կառավարությունը պետք է դիմադրի կոշտ քաղաքական կուրսի/պատերազմի կողմնակիցների կոչերին՝ ներքաշվելու մի հակամարտության մեջ, որտեղ նա ոչ մի կենսական շահ չունի, և առավել ևս՝ մի ռեժիմի անունից, որն այդքան հակասում է ԱՄՆ արժեքներին և շահերին: Չնայած Վաշինգտոնում Ադրբեջանի դաշնակիցների լոբբիստական ջանքերին, Կոնգրեսը պետք է նաև ջանասիրաբար խուսափի ցանկացած գործողությունից, որն ավելի կբորբոքի հակամարտությունը Հարավային Կովկասում:

Աստղիկ Մնացականյան

«Փակագիծ» Վերլուծական Հարթակ


[1] Էլդար Մամեդովն ավարտել է Լատվիայի համալսարանը և Իսպանիայի Մադրիդ քաղաքի դիվանագիտական ​​դպրոցը: Նա աշխատել է Լատվիայի արտաքին գործերի նախարարությունում և որպես դիվանագետ Վաշինգտոնում Լատվիայի և Մադրիդի դեսպանատներում: 2007 թվականից Մամեդովը ծառայել է որպես Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սոցիալ-դեմոկրատների քաղաքական խորհրդական և պատասխանատու է Իրանի, Իրաքի, Արաբական թերակղզու և Մաշրեկի հետ միջխորհրդարանական կապերի Եվրախորհրդարանի պատվիրակությունների համար:

бутон за сайт

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.