Հայ երիտասարդների մասին գրելը չափազանց բարդ գործ է։ Կա երեք հիմնական դժվարություն․ ա) ես ինքս էլ այդքան ծեր չեմ, բ) ուսումնասիրության առարկան բազմազան է եւ որեւէ միասնական տարածությունում չձեւակերպվող, գ) նրանք ողբերգական են, քանի որ վերջին երեք տարիներին մասնակցել են երկու խոշոր գործընթացների եւ գլխովին ջախջախվել։

Խոսքը 2018-ի հեղափոխության եւ 2020-ի պատերազմի մասին է։ Իհարկե անարդար, նույնիսկ անտեղի է պետության եւ իշխանության գործած մեղքերը վերագրել ջահելությանը, բայց իրականությունից փախչել չենք կարող․ մենք գաղափարական տեսանկյունից պարտված սերունդ ենք եւ պառլամենտում հարմարված մեղավորներից ու անմեղներից անդին պարտավոր ենք առերեսվել այդ փաստին։

Իսկ ո՞րն է հայ երիտասարդության կամ դրա ինչ-որ մի պայմանական ու անորոշ կորիզի մեղավորությունն այս թշվառ իրականությունում։ Այս հարցի պատասխանը գտնելու համար անհրաժեշտ է մի քանի շեշտադրումներ անել։ Եթե նայենք համաշխարհային պատմության պրակտիկային, ապա բացառապես բոլոր խոշոր քաղաքական եւ մշակութային գործընթացների հիմքում, ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, երիտասարդությունն է։ Նրանք են հանրային շարժիչ ուժերը ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի իմաստներով։ Ռեֆորմացիայից մինչեւ ֆաշիզմի հաղթարշավը եւ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից մինչեւ Արաբական գարուն մենք կարող ենք հետեւել այդ պարզ եւ արդեն իսկ կանխատեսելի օրինաչափությանը։

Ի դեպ, ասվածից ամենեւին էլ պետք չէ ենթադրել, թե բոլոր ժամանակներում անորոշ եւ անսահման այդ միավորը ուղիղ ներգործություն է ունեցել այս կամ այն գործընթացի վրա կամ էլ մասնակցել որոշումների կայացմանը։ Իհարկե ո՛չ, խնդիրը շատ ավելի խորքային է, քանի որ չունենալ քաղաքական կարգավիճակ եւ որոշումներ կայացնելու լծակներ, դեռեւս չի ենթադրում անմասն մնալ։

Պատմագիտական հետազոտությունները փաստում են, որ ժողովրդագրական աճը եւ հատկապես երիտասարդության թվի ավելացումը վերջին 500 տարիներին պարբերաբար ցնցել է Եվրոպան։ Բայց եթե հարցը դիտարկենք փողոց դուրս եկող անհանգիստ երիտասարդությունից անդին, ապա նույնիսկ իրենց տներում եւ փաբերում նստածներն իրենց հետաքրքրություններով, սոցիալական խնդիրներով, ստեղծագործական դրսեւորումներով, արկածախնդրությամբ եւ նաիվությամբ իրականություն են ստեղծում՝ իհարկե իրենց կամքից անկախ։
Երիտասարդությունը նաեւ մշտապես տարված է լինում ինչ-որ գաղափարներով։ Սա մենք կարող ենք տեսնել գրեթե բոլոր ժամանակաշրջաններում եւ բացառապես բոլոր հանրույթներում։ Գաղափարներն այդ բազմազան են՝ մարքսիստականից մինչեւ ծայրահեղ աջ մտայնություններ։ Նրանք նույնիսկ կարող են ենթամշակույթներ ստեղծել եւ իրենց կամքից անկախ դրանց զանգվածային մշակույթի կարգավիճակ շնորհել։

Մի խոսքով՝ գործ ունենք անընդհատ խմորվող, եռացող, փոփոխվող եւ վերարտադրվող տարասեռ եւ բազմագույն մի ամբողջության հետ։

Անհրաժեշտ է նաեւ նկատել, որ անհանգիստ երիտասարդությունը չի կարող գոյություն ունենալ ինքն իր համար, այն անպայման պատասխանն է ինչ-որ գործողության։ Պատասխան, որը կարող է փոխակերպվել կա՛մ դիմադրության, կա՛մ էլ մարգինալ մեկուսացվածության։ Օրինակ՝ անցյալ դարի 60-ականներին ֆրանսիական երիտասարդության մտասեւեռման առանցքը մեծ հաշվով պետությունն էր կամ էլ դրա գոյության կերպը։ Կամ էլ շատ սեղմ ձեւակերպմամբ՝ նրա անհանգստությունը պատասխանն էր պետության եւ պետական բյուրոկրատիայի ընդլայնման։

Վերադառնանք այժմեական Հայաստան եւ փորձենք հասկանալ, թե ինչ խմորումների մեջ է ի վերջո հայ երիտասարդությունը։ Նշենք, որ մեր իրականությունը բացառություն չէ եւ ամբողջությամբ տեղավորվում է վերեւում մատնանշված օրինաչափությունների տրամաբանության մեջ, իհարկե իրեն բնորոշ առանձնահատկություններով։

Եթե փորձենք դուրս գալ քաղաքական գաղափարախոսությունների սահմաններից, ապա շատ ավելի լայն իմաստով հայ երիտասարդությանը կամ դրա մի զգալի հատվածին կարելի է դասակարգել երկու հիմնական մշակութային սյունակներում՝ իռացիոնալ տեխնոկրատիզմ եւ խոպանչի ազգայնականություն։ Մեծ հաշվով երկուսն էլ ազգայնականության տարբեր դրսեւորումներ են, պարզապես տարբերությունն այն է, որ առաջին հոսանքի համար հայկական պետության գոյությունը անհրաժեշտություն է, իսկ երկրորդ հոսանքը սիրում եւ պաշտում է Հայաստանը, բայց երեւակայական եւ անգո Մեծ Հայքը, որը, Վանոյի ձեւակերպմամբ, խնամք չի պահանջում։

Խոպանչի ազգայնականությունն իրեն չի նույնացնում Հայաստանի Հանրապետության հետ եւ կարող է հեշտությամբ ինտեգրվել ցանկացած միջավայրի, այսինքն՝ թղթերով ինտերնացիոնալ է, իսկ բաժակաճառերում՝ մարտնչող դաշնակցական։

Բայց այսօր առաջարկում եմ խոսել հիմնականում առաջին հոսանքի՝ իռացիոնալ տեխնոկրատիզմի մասին, քանի որ իմ համոզմամբ հենց սա է հայ երիտասարդության ամենամեծ մոլորությունը։ Խոպանչի ազգայնականները, ճիշտ է, կործանարար հարված են հասցնում մեր գաղափարական միջավայրին, բայց նրանք՝ որպես 20-րդ դարի մնացուկներ կամ էլ որպես խորհրդային թույլատրելի ազգայնականության շառավիղ, կանխատեսելի են եւ տեղավորվում են հստակ սահմանագծում։ Բացի այդ՝ արդեն իսկ հոգնեցուցիչ է անընդհատ խոսել բանակից փախած, բայց դեպի Կուր գետ արշավող ռազմահայրենասեր փորձագետներից եւ ֆեյսբուքյան մարշալներից։

Միայն մի ճշգրտում. խոպանչի ազգայնականներին չպետք է շփոթել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների հետ։ Այս գաղափարական հոսանքին պատկանելու համար ամենեւին էլ պարտադիր չէ արտերկրում ապրել։

Իռացիոնալ տեխնոկրատիզմի ամենամեծ վտանգավորությունն այն է, որ այն դիրքավորվում է որպես պրոգրեսիվ շարժում։ Դրա հետեւորդներին ես անվանում եմ նժդեհական ծրագրավորողներ։ Բնականաբար ո՛չ բոլոր ծրագրավորողներն են նժդեհական, եւ ո՛չ բոլոր նժդեհականներն են ծրագրավորող, ավելին՝ սա պայմանական եզրույթ է, եւ ամենեւին էլ նպատակ չունեմ պիտակավորելու այդ մասնագիտության բոլոր ներկայացուցիչներին։

Եվ այսպես, եթե ֆրանսիական անհանգիստ երիտասարդությունը պատասխանն էր պետական պատժիչ ապարատի էքսպանսիայի, ապա նժդեհական ծրագրավորողները մի կողմից հետեւանքն են Հայաստանի տնտեսական շրջափակման, մյուս կողմից՝ քաղաքական մտքի եւ հումանիտար գիտությունների լճացման։

Այս հոսանքի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ մերժում է քաղաքականությունը եւ ընդհանրապես քաղաքական տարրական կանոններն ու օրինաչափությունները։ Հրաժարվում է իրեն շրջապատող միջավայրի աշխարհագրական, սոցիալական, մշակութային եւ տնտեսական առանձնահատկություններին առերեսվելուց։

Երիտասարդական այս միջավայրում տիրապետող են հետեւյալ մոլորությունները․ Հայաստանը չի հզորանում, քանի որ չի կառավարվում պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, տնտեսությունը չի զարգանում, քանի որ մարդիկ ազնիվ չեն, ծույլ են, անկիրթ ու չեն սիրում աշխատել, իսկ միջազգային հարաբերություններում էլ դիրքերը թույլ են, քանի որ երկրի ղեկավարները հայրենասեր չեն եւ չեն կարողանում պաշտպանել երկրի շահերը։ Ահա սա է նրանց քաղաքական փիլիսոփայությունը, որում տեղ չունեն այնպիսի փոքրիկ եւ անկարեւոր հանգամանքներ, ինչպիսիք են տնտեսական շրջափակումը, ղարաբաղյան հակամարտությունը, ազատ շուկայի պարտադրած մարտահրավերները, սոցիալական հիմնախնդիրները եւ այսպես շարունակ։

Թերեւս հենց սա էր 2018-ի հեղափոխության տապալման ամենամեծ պատճառներից մեկը․ ինչպես շարժման առաջնորդը, այնպես էլ դրա հիմքում կանգնած երիտասարդության մի զգալի մասը չունեին գաղափարական համոզմունքներ եւ սկզբունքներ, նրանց թվում էր, թե երեւակայական չարի տապալումից հետո ձեռքի մի շարժումով հնարավոր կլինի հզորանալ, զարգանալ։

Պատերազմն, իհարկե, կործանարար հարված հասցրեց միֆերով ապրող հայ երիտասարդությանը, բայց ամենեւին էլ չսթափեցրեց։ Նրանք իրենց տեխնոկրատական մտայնությունների ճշմարտացիությանը կասկածելու փոխարեն եկան այն համոզման, թե մենք պարտվել ենք, քանի որ ժամանակին չենք հզորացել ու զարգացել, այլ ոչ թե այն պատճառով, որ հզորանալու մասին իռացիոնալ եւ քայքայիչ միֆեր ենք կառուցել՝ կտրվելով իրականությունից եւ շրջապատող աշխարհից։

Ռոլան Բարտն ասում էր, թե միֆերին հնարավոր չէ հաղթել, քանի որ դրանք կերպափոխվելու եւ տարբեր իրականություններում նոր որակներով դրսեւորվելու հատկություն ունեն։ Այսինքն՝ մենք չենք հաղթել «հզորանանք, որ հաղթենք» միֆին, քանի որ այն տրանսֆորմացվել ու նոր դրսեւորում է ստացել, որն է՝ «պարտվեցինք, քանի որ չհզորացանք»։

Սա, իհարկե, դժվար է դասական իմաստով ազգայնականություն կոչել, ավելի շուտ գործ ունենք ազգայնական ամբողջատիրական միջավայրի հետ։ Այսինքն՝ մարդիկ դրա կրողն են դառնում իրենց կամքից անկախ՝ միջավայրի անտեսանելի պարտադրանքով։

Եվ այս քայքայիչ միֆական իրականությունում նժդեհական ծրագրավորողները դեռեւս հավատում են, թե Հայաստանը կարող է տեխնոլոգիական կայսրություն կամ էլ IT միջազգային կենտրոն դառնալ։ Կարող է նոր տեխնոլոգիաների գործադրմամբ ծնկի բերել տարածաշրջանի երկրներին։ Հավատում է, թե հյուրանոցային բիզնեսով եւ ստարտափներով հնարավոր է տնտեսական հեղափոխություն անել, արեւային էներգիայի օգնությամբ ազատագրվել ռուսական կախվածությունից։

Այս առումով Իռացիոնալ տեխնոկրատիզմի եւ Խոպանչի ազգայնականության ներկայացուցիչներն իրար նման են, քանի որ տեխնոլոգիական տերությունն ուղիղ համեմատական է Կուր-արաքսյան հանրապետությանը, իսկ հյուրանոցային բիզնեսով տնտեսական հեղափոխությունը համարժեք է արեւմուտքում Թուրքիայի գոյությունը չնկատելուն։

Փաստացի հայ երիտասարդության մի զգալի մասը թաղված է քայքայիչ այս աղանդի մեջ, բոլորը միաբերան երազում են, տեսլականներ (ա՜խ, թշվառ այս բառը) են հնարում՝ մոռանալով, թե որտեղ են ապրում, ինչպիսի երկրում, ինչ հնարավորություններով եւ պոտենցիալով։ Նրանք կրթված են, խոսում են անգլերեն, տիրապետում են համակարգչին, փող աշխատելու տեսանկյունից հաջողակ են, բայց մյուս կողմից էլ քաղաքականապես տգետ են ու իռացիոնալ։

Նրանք 21-րդ դարի կապիտալիստական պրովինցիայի ողբերգական սերունդներն են, որոնք կարծում են, թե ողջ խնդիրը Նժդեհի աֆորիզմների քիչ ընթերցանությունն է, աշխարհին Ղարաբաղի հարցը ըստ պատշաճի չբացատրելը, հայկական տնտեսությունը աշխարհին հետաքրքիր չդարձնելը եւ ամենակարեւորը՝ ծխախոտի մնացուկները գետնին շպրտելը։

Սրանք են Հայաստանի ինքնիշխան լինելու նրանց առաջարկած պայմանները, որոնք կյանքի չեն կոչվում չինովնիկների հայրենասիրության պակասի, պրոֆեսիոնալ չլինելու եւ ժողովրդի տգետ ու ծույլ լինելու պատճառով։

Երիտասարդական այս հոսանքը՝ իռացիոնալ տեխնոկրատիզմը, 2018-ին ձեւավորված իշխանության գաղափարական սյուներից մեկն էր։ Նժդեհական ծրագրավորողներից շատերը չինովնիկներ դարձան եւ ձեռքի մի շարժումով նոր-նոր բարդ քաղաքական հարցերի մասին մտածել սովորող հայ ժողովրդին վերադարձրին իր հին ու բարի պարզունակ եւ կենցաղային հարցադրմանը՝ ապրե՞լ, թե՞ ինքնաոչնչանալ։ Բայց այս պարագայում խնդիրը իշխանությունը չէ, քանի որ քայքայիչ այս մտածողությունը կա եւ շարունակելու է լինել իշխանությունից եւ ընդդիմությունից անդին, այն վերկուսակցական է եւ համընդհանուր, անընդհատ վերարտադրվող եւ տարածվող։ Այն նեղսրտած պատանու պես հիմա էլ որոշել է ԱԹՍ-ների ինդուստրիա հիմնել՝ առանց հասկանալու, որ առանց օդաչուի թռիչքն ու առանց ուղեղի քայլելն ամենեւին էլ նույնական չեն։

Karpis Pashoyan

Կարպիս Փաշոյան

Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert