ՍԵՆՅԱԿ √ 136 Պատմվածքը իրական փաստերի հիման վրա։ Դեպքը պատահել է անձամբ ինձ հետ։ Հեղինակ` Կարինե Խանինյան։

Օտարության մեջ իմն եմ ստեղծում, իմը որոնում, իմի մեջ ինձ լրիվ օտար եմ զգում. ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ եմ ուզում:

Այս սենյակի պատուհանն ինձ համար մտերիմ ընկեր է դարձել: Ամբողջ օրը փաթաթված ենք իրար: Փարվում եմ նրան, հենվում, գրկում ու երկա՜ր, ժամերով կառչած մնում: Մեկ-մեկ մոխրամանս եմ պահ տալիս, իսկ ժամը մեկ՝ հաճախակի գույն ու ձևը փոխող սուրճիս բաժակները: Վարժվել էի պատշգամբում սուրճ խմելուն: Օտար երկիր, օտար երկրի օտար սենյակ, օտար մարդիկ… օտարությու՜ն: Իսկ ես սիրում եմ քեզ, սիրում եմ այս օտար երկիրը, այս օտար մարդկանց, այս օտար պատուհանը, որն ինձ հարազատի պես է ծառայում: Չէ՛, չէ՛, օտար չկա. ո՛չ ես եմ օտար իրենց համար, ո՛չ էլ իրենք են օտար ինձ համար: Սենյակը փոքր է, բայց հյուրընկալ: Ամեն օր մենք հյուր ունենք: Չնայած նրանք վաղուց այդ կարգավիճակից դուրս են եկել: Արդեն մերոնք են, էլ ի՞նչ հյուր: Ես ամեն օր սպասում եմ նրանց: Շատ միջադեպերի է ականատես եղել մեր խեղճ սենյակը, շատ գաղտնիքներ են բացահայտվել նրա ներկայությամբ, դավեր նյութվել, ինքը ներկա՝ սեր խոստովանվել, հեռանալու, լքելու սպառնալիք հնչեցվել այս խեղճ սենյակում՝ նրա ներկայությամբ: Էլ օտար մնա՞ց, այսքանից հետո էլ ի՞նչ օտար: Ինձ նույնիսկ շենքում բնակվող մարդիկ օտար չեն, արդեն նույնիսկ նրանց եմ ընտելացել, նրանց նույնիսկ անուններ եմ դրել: Շենքը կիսալուսնաձև է, և ես շենքի երրորդ հարկի իմ √136 սենյակի պատուհանից տեսնում, հետևում եմ բոլորին, համարյա բոլորին: Միայն երրորդ հարկը, որտեղ մենք ապրում էինք, միայն այդ հարկում էին ապրում երիտասարդ, աշխատող և ստիպված, պարտադրված այդտեղ ապրող մարդիկ: Բավականին էժան վարձավճարն էր հիմքը, որ մեզ այստեղ էր բերել: Մնացած երկու հարկում բնակվում, բուժվում էին հոգեկան խնդիրներով ծերեր: Թեպետ նրանցից ոմանք ոչ թե հիվանդ էին, այլ ուղղակի ծերունական խնդիրներ ունեին: Առաջին հարկը ծառայում էր որպես պահեստ, լվացքատուն, խաղահրապարակ, որտեղ ոչ ոք համարյա չէր հաճախում: Իսկ եթե հաճախու էլ էին, ապա միայն նստարանին նստելու և դատարկ դահլիճին նայելու համար: Երկրորդ հարկի պատուհանների կեսը փակված էին ամուր և ծածկված սպիտակ, անթափանց կտորով: Նրանք բուժվող ծերերն էին, որոնց միայն ձայներն էին լսվում: Ես նրանց երբեք չէի տեսել, սակայն ձայներից գիտեի, թե որտեղ որ խոսքերի հեղինակն է բնակվում, որտեղ է կին և որտեղ՝ տղամարդ: Հարկի մնացած մասը բացեիբաց, անհատույց իմ տրամադրության տակ էր: Նրանք իմ օրվա մեծ մասի զբաղմուն էին դարձել: Սենյակներից մեկում բնակվող պապիկը երբեք առանց ինձ սուրճ չէր խմում: Գիտեր իմ սուրճ խմելու ժամերը, և երբ ես մոտենում էին պատշգամբին, սուրճի բաժակը մոտեցնում շուրթերիս՝ պապիկը ցուցադրաբար բարձրացնում էր իր ձեռքի գավաթը և ինձ հետ միասին սուրճ խմում: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ երբ ծխախոտ էի ծխում, այստեղ պապիկի պլանները խախտվում էին, սակայն իրեն չէր կորցնում և «թվացյալ» ծխախոտը մատների մեջ բռնած՝ ծխում էր ինձ հետ հավասար: Սկզբում չգիտեի՝ ինչպես վարվել: Մի քանի անգամ ներս եմ մտել սենյակ և պապիկին զրկել ընկերակցությունից, սակայն գողունի հետևելով տեսել եմ, որ շատ է տխրում, կոտրվում է և ո՛չ թվացյալ ծխախոտն է ծխում, ո՛չ էլ սուրճն է շարունակում խմել: Մտածում էի. «Լավ բայց ինչի՞ համար, ինձ ի՞նչ է խանգարում այս խեղճ պապիկը: Ուզում է՝ թող խմի իր համար: Եթե դա նրա համար հաճելի է, թող խմի ինձ հետ»: Եվ հաջորդ օրը, երբ նույն ժամին բացեցի պատշգամբի դուռը և սուրճի բաժակը ձեռքիս հայտնվեցի պապիկի տեսադաշտում, նրա դեմքի պայծառությունը տեսնելով՝ չկարողացա ծիծաղս զսպել: Հեռվից-հեռու ժպտացի նրան և բաժակս ի նշան ողջույնի՝ բարձրացրի վերև և սկսեցի հանգիստ վայելել սուրճս, ծխել ծխախոտս և պապիկին պատճառել նրա ցանկացած այդ մեծ բավականությունը: Դրսում երբեք չէի հանդիպում այդ պապիկին՝ իմ սուրճի ընկերոջը: Ես չգիտեի նրա ով լինելը, և ոչ ոք էլ չգիտեր բնականաբար: Ուղղակի ծերեր էին, իսկ դա ծերանոց էր: Սուրճից հետո նրան այլևս չէի տեսնում պատուհանի մոտ: Նա ներս էր մտնում, քաշում վարագույրը և…: Նրանից աջ մի մեծ սենյակ կար՝ երկու մեծ պատուհանով: Այնտեղ երկու քույրեր էին բնակվում: Շփոթել չէի կարող և ոչ էլ կասկածել, որ քույրեր էին: Նրանք ջրի երկու կաթիլի պես նման էին իրար: Ես զարմանում էի, թե այդ ինչպես էր պատահել, որ նույն կերպ էին ծերացել և երկուսն էլ խանգարվել. Տե՜ր Աստված: Նրանցից ամեն մեկը գրկին մի տիկնիկ ուներ, բայց ցանկացած գորովագութ մայր կնախանձեր նրանց հոգատարությունն ունենալ: Տիկնիկների հետ վարվում էին ինչպես իսկական, կենդանի երեխաների: Մանկական սայլակներով ամեն օր իջեցնում էին բակ, օդափոխում «երեխաներին» և թարմ օդում կերակրում: Խելագարվել կարելի էր: Լինում էր այնպես, որ քույրերից մեկը՝ իբրև թե չէր կարողանում հանգստացնել «երեխային», և օգնության էր կանչում քրոջը, որն էլ փութաջանորեն ձեռքերի վրա օրորելով՝ հանգստացնում և քնեցնում էր «փոքրիկին»: Տեսնել էր պետք, թե ինչպես էր անհանգիստ «երեխայի» մայրը երախտապարտ լինում քրոջը: Նրանք երկար չէին մնում դրսում, որովհետև «երեխաները» կարող էին մրսել, կամ էլ անհրաժեշտ էր լինում տակդիրները փոխել: Ամեն օր չարչարանքով այդ սայլակները քարշ էին տալիս բակ, այնտեղից էլ անտրտունջ բարձրացնում երկրորդ հարկ: Իսկ նրանց հարևանությամբ մի շատ անհանգիստ, ծեր կին էր ապրում՝ մազերն արձակած, ամառ թե ձմեռ միշտ նույն կոֆտայով, սև տաբատով, ձեռնափայտով: Նա չէր սիրում, երբ հորդորում էին մազերը հավաքել: Գլխի հետաքրքիր և անհիշելի ժաանակներից մնացած սովորությամբ գլուխն աջ ու ձախ այնպես էր պտտում, որ մազերն ամբողջությամբ թեքվում էին իր ուզած ուղղությամբ, և դա նրան այնպիսի բավականություն էր պատճառում, որ ամեն շարժումի հետ դեմքին հաղթանակած մարդու հպարտություն էր գալիս: Անհաշտ էր ու կռվարար: Ամբողջ օրը պատուհանի վարագույրը փակում էր, բարձրացնում-իջեցնում: Իսկ ամենասարսափելին այն էր, որ կռվում էր հարևան քույրիկների հետ և պահանջում լռեցնել «երեխաներին»: Բողոքում էր բոլորին, որ չի կարողանում ամբողջ գիշեր քնել «երեխաների» լացի ձայնից: Խեղճ քույրիները ներողություն էին խնդրում, բացատրում, որ «երեխաները» մի քիչ անհանգիստ էին, որ այլևս չի կրկնվի: Տե՜ր Աստված:Մի քանի պատուհան այն կողմ մի պապիկ էր ապրում, որն ինձ շատ էր հետաքրքրում: Շրջապատում նրան ոչինչ չէր հուզում: Կարծես ոչ ոքի ներկայությունը չէր զգում: Նրա պատուհանի գոգին միշտ գրքեր կային շարված: Ամբողջ օրը կամ գիրք էր կարդում, կամ թերթ ու ամսագիր: Իսկ ճաշելու գնում էր քաղաք և մի քանի ժամից վերադառնում: Տեղի ընդհանուր ճաշարանից երբեք չէր օգտվում: Ամեն անգամ, երբ հանդիպում էինք բակում կամ միջանցքում, պապիկը բարևում էր, ժպտում, հարցնում որպիսությունս, և ի տարբերություն ոմանց՝ սպասում և լսում պատասխանը: Ամեն անգամ քաղաքից վերադառնալիս իր հետ բերում էր մի տուփ կեֆիր, մի բատոն սև հաց: Ես հասկացել էի, որ պապիկը երեկոյան թեթև ուտեստի է սովոր: Իսկ ինչու՞ էր այստեղ, չէի համարձակվի հարցնել: Օրը բավականին սառն էր: Քույրիկներն արդեն բարձրացել էին վերև: Պատշգամբում սուրճ խմել կնշանակեր վտանգել առողջությունդ: Հիմա կարելի էր տաք լոգանք ընդունել, մի հետաքրքիր բան պատրաստել և սպասել ամուսնուս, իմ մշտական հյուրերին: Նրանք ինձ համար ցանկալի մարդիկ էին: Ամբողջ օրվա ծանր տպավորություններից հետո, նրանց ընդունելն ինձ համար փրկության պես մի բան էր: Նրանք մի քիչ զազրախոս էին, և ամբողջ օրվա իմ միայնությունից հետո նրանց հետ լինելն ինձ համար շատ ցանկալի ու օգտակար էր: Ինձ հիմա հենց այն էր պետք, ինչ կար՝ աղմկոտ միջավայր, կատակ, չարախոսություն: Իմանալով մեր ընկերների ճաշակը՝ ես նրանց համար իրենց քիմքին հարմար ուտեստ էի պատրաստել՝ կծու և համեմունքներով առատ: Ահա թե ինչպիսի կերակրատեսակներ էին սիրում նրանք: Ինձ մեկ-մեկ թվում էր, թե հենց այդքան կծուն էր պատճառը, որ նրանք շատ բարձրախոս ու աղմկոտ էին: Ծիծաղելի է, բայց ես մի տեսակ կապ եմ տեսնում: Ես փութացել էի, ամեն բան պատրաստ էր: Եվ դռան զանգը չուշացավ: Բացելով դուռը՝ ես անմիջապես հետ վազեցի սենյակ, որպեսզի արգելեմ նրանց մուտքը դեպի խոհանոց:

-Ստո՛պ: Դեպի բաղնիք: Մինչև նորմալ չլվացվեք, ձեզ ներս թողնող չկա:

-Վա՜յ դե կրա՞կն ենք ընկել: Դու ամբողջ օրը տանը միայն քո մաքրությամբ ես զբաղված, իսկ մենք այս ամբողջ ընթացքում երազել ենք միայն տուն հասնելու և այս բուրումնավետ ուտեստները ճաշակելու մասին: Լա՛վ, լա՛վ, հիմա հերթով կլվացվենք, կփոխվենք ու ներս կգանք: Մենք գայլի պես սոված ենք, իսկ դու այնպիսի բուրմու՜նք ես տարածել, ինչպե՞ս կարող ենք չենթարկվել:

-Հը՞, ինչպե՞ս ես անցկացել օրդ: Ընկերներդ ողջ-առո՞ղջ են: Սուրճ խմե՞լ եք միասին:

-Դուք իմ ընկերների հետ գործ չունեք: Նրանց հանգի՛ստ թողեք: Իսկ ինձ չե՞ք պատրաստվում իմ աշխատանքի հետ կապված մի լավ լուր ասել:

-Քանի կարող ես՝ հանգստացիր: Աշխատողն աշխատում է էլի, ի՞նչ ես ուզում,- կիսակատակ, կիսալուրջ պատասխանեց ամուսինս:

-Քանի կարող ես՝ հանգստացիր: Աշխատողն աշխատում է էլի, ի՞նչ ես ուզում,- կիսակատակ, կիսալուրջ պատասխանեց ամուսինս:-Արի՛, արի՛, պապիկդ ուղիղ այստեղ է նայում: Ձեռքի թերթերը վայր դրեց և հետաքրքվեց քո հյուրերով,- դեպ պատշգամբ քաշելով ինձ՝ ասաց Մայան:

Ամբողջ երեկոն անցկացրինք ուրախ սեղանի շուրջ: Ճանապարհելով հյուրերիս և պայմանավորվելով Մայայի հետ հաջորդ օրվա գնումների համար՝ վերադարձա սենյակ: Հոգնել էի, բայց որոշեցի հավաքել սենյակը, կարգի բերել ամեն բան ու նոր պառկել հանգստանալու: Դուրս եկա պատշգամբ, նայեցի պատուհանից: Բոլորն անջատել էին լույսերը, բայց կարծես թե ոչ բոլորը: Պապիկն ինչ-որ բան էր կարդում, երևի գիրք էր. խորասուզված էր: Պապիկի հարևանն էլ էր արթուն: Պատուհանի գոգին կրիային էր ման տալիս: Ձեռքով հրահանգներ էր տալիս, ցուցամատով նախազգուշական ցուցում տալիս: Սպիտակ գիշերանոցը երևի ինչ-որ բան հագած լիենլու համար էր հագել կրիա-տատիկը: Այդպես էի կոչում նրան: Ուսերը թաց էին, վտիտ, մաշված, ցցված ոսկորներ: Իսկ վերևից ներքև թափվող գիշերանոց կոչվածն իր մեջ քողարկում էր ուղիղ և տափակ ոսկորներից կազմված մի հավաքածու: Ուրախ էր տատիկը, ծիծաղում էր քրքջալով, բերանը բաց, որը ատամների բացակայության պատճառով դատարկ, սև խոռոչ էր հիշեցնում: Երկրորդ հարկում այն պատուհանները, որոնք փակված էին սպիտակ կտորով, հերթով անջատեցին լույսերը՝ իրենց հետևից ոռնոց հիշեցնող ձայներ բերելով: Սարսափեցի՝ չհասկանալով այդ ոչ մարդկային ձայնե՞րն էին մեղավոր, թե՞ ցուրտը, և անջատելով ծխախոտս՝ ներս մտա սենյակ: Իսկ այնտեղ ինձ սպասում էր ամենաանհաղթահարելին: Ամուսինս շորերով պառկել էր բազմոցին և խորը քուն մտել: Հին փորձից գիտեի, որ անօգուտ էին լինելու արթնացնելու իմ բոլոր ճիգերը, և տաք ծածկոցը գցելով վրան՝ պառկեցի քնելու:

Եվ այսպես սահում էին օրերը՝ իրենց հոսքի հետ տանելով իմ հետաքրքրության փշրանքները: Սովորել էի իմ շուրջը կատարվող, կյանքի այս տխուր ու ցավալի երեսը ներկայացնող տխուր իրականությանը: Նայում էի այդ մարդկանց և չէի ցանկանում իմանալ նրանց պատմությունը, պատկերացնել՝ ինչպիսին են եղել երիտասարդ ժամանակ: Սարսափում էի: Մեկ-մեկ ինձ թվում էր, թե ես էլ նորմալ չեմ: Երբ մենակ էի լինում, այդպիսի մտքեր էին հյուրընկալվում իմ գլխում: Թափահարում էի գլուխս, փորձում շաղ տալ այնտեղ կուտակված անհեթեթությունները և դիտավորյալ չխկչխկացնում էի խոհանոցի կաթսաները:

Մայայի հետ պայմանավորվել էինք դուրս գալ, զբոսնել քաղաքում, գնումներ կատարել: Մի քանի անհրաժեշտ գնումներ կատարելուց հետո մտանք շենքի անկյունում գտնվող մի խաղաղ սրճարան: Հոգնել էինք, և սուրճ խմելու անհագուրդ ցանկությունը ստիպեց մտնել սրճարան:

-Նայի՛ր, ինտիլիգենտ պապիկդ պատուհանի մոտ գտնվող սեղանի շուրջ միայնակ սուրճ է վայելում,- առաջինը նկատեց Մայան:

-Նա միշտ էլ իր ամեն ինչով տարբերվում էր բոլորից. իսկապես: Ուրախ եմ շատ պապիկի համար:

Վայելեցինք սուրճը, հանգստացանք, ավարտեցինք կիսատ մնացած զրույցը և դուրս եկանք սրճարանից: Հրաժեշտ տալով ընկերուհուս՝ հոգնած, բայց շատ դրական լիցքերով լիցքավորված ուղևորվեցի տուն. եթե կարելի էր դա «տուն» համարել: Երեկո էր արդեն, սակայն օրը հաճելիորեն տաք էր: Ծերերից շատերը դուրս էին եկել բակ: Ոմանք նստած էին նստարանին, ոմանք աննպատակ առաջ ու ետ էին քայլում: Քույրիկ տատիկները «երեխաներին» էին օրորում և չորս կողմը սաստում բոլորին, որ լուռ մնան: Կրիա-տատիկը մի ամբողջ նստարան էր զբաղեցրել: Կրիան ամբողջ նստարանի երկայնքով դանդաղ ետ ու առաջ էր քայլում, որոշներն էլ նստած էին՝ քարացած, անշարժ, հայացքները հառած մի կետի: Ես փորձեցի շրջանցելով անցնել, սակայն չստացվեց: Կրիա-տատիկը ձեռքով կանչեց ինձ: Ես վաղուց արդեն հաղթահարել էի վախը և հանգիստ մոտեցա նրան:

-Աղջի՛կ, դու կրիա սիրու՞մ ես:

Հիմա բավականին լուրջ իրավիճակի մեջ էի հայտնվել: Պետք էր կշռադատել պատասխանը, այլապես՝ անկանխատեսելի էր ապագան: Ես որոշեցի դրական նոտայով սկսել.

-Իհա՛րկե սիրում եմ, շա՜տ եմ սիրում:

Տատիկը լրջացավ, և ես փոշմանեցի, որ այդպես էի արտահայտվել: Միգուցե հակառակն ավելի ճի՞շտ էր:

-Իսկ ինչու՞ ես սիրում: Սիրում ես այնքան, որ պատրաստ ես ինձնից գողանալ իմ կրիայի՞ն, այո՞:

-Ո՛չ, ո՛չ, ես այդքան շատ չեմ սիրում, որ գողանամ: Ես առհասարակ այն ինչ ինձ չի պատկանում, ես չեմ վերցնում,- պատասխանեցի ես և այդ ընթացքում տեսա նրա խաղաղվող դեմքի արտահայտությունը և հանգստացա: Սակայն երբ փորձեցի ճամփաս շարունակել, նա ինձ կանգնեցրեց:

-Իսկ դու գիտե՞ս, թե ինչու է նա պատյանով:

-Ո՛չ, կներեք, չգիտեմ,- մոլորված պատասխանեցի ես:

-Ա՜, ա՜, տեսնու՞ ես, իսկ դու ինձ խաբում էիր, թե սիրում ես կրիաներին: Իսկ դու գիտե՞ս, թե Աստված ինչու՞ է անիծել նրանց: Չգիտես: Այստեղ ոչ ոք չգիտի, համոզված եմ:

-Լա՛վ, ես գնամ, ցտեսություն:

-Սպասե՛ք, չե՞ք ուզում իմանալ, ուզու՞մ եք սրանց նման տգետ մնալ: Հիմա լսե՛ք:

-Իսկ ես կարո՞ղ եմ միրգ հյուրասիրել կրիային:

Շնորհակա՛լ եմ, ես նրան այդպիսի բաներ չեմ տալիս, այլապես հետո պահանջները կավելացնի, իսկ ես հարուստ մայրիկ չեմ:

-Կրիան կենդանիների մեջ, իր չափսի կենդանիների մեջ ամենախելացին ու ամենաականջովն է եղել: Աստված սիրել է նրան: Ամեն անգամ ամենապատասխանատու ու ամենակարևոր գործերի ժամանակ նրան է ուղարկել: Սակայն այդ չարաբաստիկ օրը կրիան մի քիչ ցրված է եղել և անուշադիր: Լավ չի հասկացել, թե ինչ կարևոր գործի է ուղարկում իրեն Աստված, և անմիջապես շարժվել է պահանջը կատարելու:

Աստված ասել էր կրիային. «Գնա մահացած մարդուն ասա՝ պատանքդ մաշիր, դուրս արի»: Ասել կուզեր, որ մահն առհավետ չլիներ, լիներ ժամանակավոր: Կրիան լավ չի հասկացել, գնացել և մարդուն ասել է. «Քարդ մաշի, դուրս արի»: Իսկ այդ ժամանկ մարդու վրա սարսափելի շատ ծանր ու հաստ քարեր են եղել: Մարդը մինչև այսօր մաշում է, սակայն դուրս գալ չի կարողանում: Երբ վերադառնում է կրիան, և Աստված իմանում է իսկությունը, անիծում է իմ խեղճ փոքրիկին և ասում. «Փորդ տախտակ դառնա, մեջքդ՝ տաշտակ: Քայլքդ դանդաղ, կյանքդ երկար դառնա, օրդ՝ կարճ»: Էսպես խեղճ կրիան օրվա մեջ ոչինչ չի հասցնում անել իր դանդաղկոտության պատճառով, սակայն ապրում է երկար, շատ շատերից երկար: Որոշ կրիաների կյանքի տևողությունը կարող է լինել հարյուր քսան տարի: Այնպես որ՝ ինձնից հետո դեռ երկար կապրի աղջիկս:

-Շատ հետաքրքիր էր, շնորհակալ եմ, ես հիմա ավելի շատ սկսեցի սիրել կրիաներին: Մի կերպ հրաժեշտ տալով կրիա-տատիկին՝ շտապեցի հասնել սենյակ:

Բազմոցին երկար նստեցի աչքերս փակ՝ փորձելով, վերհիշելով մարսել այս օրվա տպավորություններս: Գնումներս դեռ թափված էին հատակին: Մթնել էր: Օրերն անցնում էին արագ, համարյա աննկատ: Արդեն քանի օր էր՝ պապիկի սենյակի լույսը չէր վառվում: Գրքերը մնում էին այն նույն դիրքով, որ դիրքով որ կային մի քանի օր առաջ: Վերջին անգամ պապիկին տեսել էի մի քանի օր առաջ: Սենյակիս դուռը ծեծելով և ներողություն խնդրելով՝ նա ինձ մեկնեց թերթերի մի ամբողջ կապոց:

-Կներեք, որ անհանգստացնում եմ, աղջի՛կս: Սա ձեր թերթերն են: Ընկած էին դռան տակ: Մտածեցի՝ հույժ կարևոր նամակ կամ փաստաթուղթ լինի մեջը: Իսկ այստեղ ապրում են ծերեր, որոնք կարող են հետաքրքրության համար վերցնել և վնասել ձեզ:

-Շնորհակա՛լ եմ, ներս համեցեք, եթե կամենում եք:

-Ո՛չ աղջիկս, վերցրեք: Ես ձեզ հետ հեռվից ամեն օր զրուցում եմ: Միայն չմտածեք գժվել եմ,- ժպտաց ու գլուխ տալով հեռացավ՝ թողնելով ինձ թղթերի կապոցը ձեռքիս, դռների մեջ մոլորված կանգնած:

-Ա՜յ քեզ հետաքրքիր պապիկ…

Բայց այդ օրվանից բավականին անցել էր: Ստույգ չեմ կարող ասել՝ որքան: Այսօր Մայայենք ամուսնու հետ հերթական անգամ հյուր էին գալու: Սակայն ես այդ անգամ ազատ էի, որովհետև պայմանավորվել էինք, որ այդ անգամ Մայան իրենց ազգային կերակուրներից էր պատրաստելու: Ես հանգիստ զբաղվեցի իմ հագ ու կապով, դիմահարդարումով: Միջանցքում լսվեց ծանոթ աղմուկ-աղաղակը: Ինձ մնում էր բացել դուռը և այդ աղմկոտ մասին ուղղորդել դեպի լվացարան: Ինչպես միշտ՝ նրանց հետ հեշտ էր, թեթև ու հաճելի: Ճաշակեցինք Մայայի պատրաստած խինկալին, խմեցինք, պարեցինք, ուրախացանք: Հրաշալի երեկո անցկացրինք: Տանը բավականին աղբ էր կուտակվել, և Մայան առաջարկեց տանել, թափել, համ էլ կօդափոխվեինք, կթարմանայինք: Երբ հասանք երկրորդ հարկ, ինձ թվաց, որ ինչ-որ տարօրինակ հոտ եմ զգում: Բացեցինք մի փոքր էլ, և ես հասկացա, թե ինչ հոտ էր դա:

-Մայա՜, ես մահացած մարդու հոտ եմ զգում:

-Օ՜, գժվե՞լ ես, այդ ինչե՞ր ես ասում, վախեցնում ես:

-Մայա կանգնի՛ր, հիմա էլ չես զգու՞մ:

-Ո՛չ, ոչ մի հոտ էլ չկա: Ծերեր են ապրում, ինչ հոտ ասես կարող է գալ:

-Չէ՛ Մայա, ինձ չես համոզի: Ես մահացած մարդու հոտ եմ առնում:

Մայան քաշեց թևս, և իջանք ներքև: Դուրս եկանք փողոց, և մաքուր օդը սթափեցրեց ու ցրեց տհաճ մտքերը: Այնքա՜ն հաճելի էր օդը, որ դանդաղ, համարյա ճեմելով էինք վերադառնում տուն: Երբ նորից հասանք երկրորդ հարկ, ես նորից զգացի այդ հոտը և համոզվեցի, որ ինչ-որ մեկը մեռել է: Խնդրեցի Մայային հետևել ինձ: Հերթով մոտենալով սենյակների դռներին, ես կանգ առա մի սենյակի դռան առաջ և համոզված էի, որ հենց այդտեղ է դիակը: Երկար բախեցինք դուռը: Ոչ մի արձագանք: Այդ սպեցիֆիկ հոտն ընկերուհիս չէր զգում: Խորհրդակցելով տղաների հետ՝ որոշեցինք ոստիկանություն զանգել, սակայն հետագա քաշքշուքներից խուսափելու համար որոշեցինք քաղաքային հեռախոսից զանգահարել:

-Ալլո՜, ոստիկանությունի՞ց է: Ես ձեզ կասեմ մի հասցե և խնդրում եմ՝ ինձ հարցեր չտաք, որովհետև ես ոչինչ չգիտեմ, միայն կասկածներ ունեմ, որ ծերանոցի երկրորդ հարկում մարդ է մահացել. ամենայն հավանականությամբ արդեն մի քանի օր է: Ես ուղղակի շատ սուր հոտ եմ առնում: Խնդրում եմ եկեք:

Մի տեսակ խիղճս հանգստացավ: Երբ մտածում էի, որ կարող է մարդն այդպես անտեր մեռնել, գուցեև հայտնաբերվել միայն ամիսներ հետո, սարսափելի է: Քսան րոպե չանցած՝ ահազանգի հետևից եկավ ոստիկանության բրիգադը: Նրանք նշված հարկում մոտեցան իրենց հայտնի սենյակի դռանը և երկար բախելուց հետո արձագանք չստանալով՝ կոտրեցին դուռը և ներս մտան: Ես ճիշտ էի, ո՛չ հոտառությունս էր ինձ խաբել, ո՛չ էլ կանխազգացողությունս: Մահացածը հենց իմ ինտիլիգենտ պապիկն էր: Ես հիշեցի, որ արդեն մի քանի օր էր՝ չէի տեսնում պապիկին ո՛չ փողոցում, ո՛չ էլ պատուհանի մոտ: Պապիկը մահացել էր: Անմիջապես բուժհիմնարկից համապատասխան աշխատողներ եկան, ախտահանեցին, մաքրեցին տարածքն ու հեռացան՝ իրենց հետ տանելով պապիկի դիակը: Նրանք զմռսեցին պապիկի դուռը: Տխրությունը պարուրել էր ինձ. թեպետ ընդամենը հեռվից գիտեի պապիկին, բայց ինձ միշտ թվացել էր, որ մի խորհրդավոր, մի շատ թաքուն, քողարկված վիշտ կար նրա սրտում: Ուրիշ էր նա, բոլորից տարբերվող: Կամ գուցե ես էի այդպես կարծում, ե՞ս էի հորինել: Շատ էի տխրել: Մայան կատակում էր, փորձում փարատել տխրությունս.

-Բայց դու սահմանի վրա լավ կաշխատես: Ոչ ոք չի կարող չթույլատրված բեռ տանել,- կատակում էր ու ինքն իր սրամտության վրա անզուսպ քրքջում:

Դուրս եկա պատշգամբ ծխելու, մի փոքր մտքերս իմի բերելու և անկախ իմ կամքից՝ աչքս չէի կարողանում հեռացնել պապիկի սենյակի պատուհանից: Հավերժ խաղաղություն էր այնտեղ: Միայն պատուհանն ի տարբերություն մնացած օրերի՝ այսօր բաց էր: Քամին բացել էր մի գիրք ու թերթում էր էջերը. չգիտեմ, գուցեև պապիկի խնդրանքով: «Երևի պապիկը չէր հասցրել վերջացնել գիրքը, իսկ հիմա քամին օգնում էր կարդալ»: Ինչ-որ մեկը ձեռքը դրեց ուսիս: Չարձագանքեցի, համոզված էի, որ Մայան է: Իսկ հիմա գլուխս է շոյում: Շրջվեցի:

-Մայա՛, ասա՛, կթողնե՞ս մի քանի… Մայա՞, Մայա՞, ու՞ր անհետացավ… Վախեցած ներս մտա: Մայան խոհանոցում երգելով ափսեներն էր լվանում:

-Մայա՛, դու նոր պատշգամբու՞մ էիր, դու ձեռքդ դրի՞ր ուսիս, շոյեցի՞ր գլուխս:

-Հանգստացի՛ր, հանգստացի՛ր, այդ ինչե՞ր ես ասում: Քեզ ի՞նչ պատահեց: Նայիր ձեռնոցներիս, ես քեզ օգնում եմ, որ այսօր չչարչարվես: Ի՞նչ պատշգամբ: Իսկ տղաներն էլ արդեն երկու ժամ է՝ դրսում են: Ես ամեն ինչ հասկացա, դա պապիկն էր: Դա երախտիքի շոյանք էր: Պապիկը շնորհակալություն էր հայտնում: Արցունքները փակեցին տեսողությունս: Թարթիչների մի փոքր թրթիռ, և նրանք կհայտնվեին այտերիս: Նայեցի դուրս: Մութը պատել էր ամենուր: Միայն քամին էր թերթում, թերթում պապիկի գիրքը:

Մի քանի օր չանցած՝ սենյակիս դուռը բախեցին: Առավոտյան ես ոչ ոքի չէի սպասում: Ոստիկանության բաժանմունքից ինձ նամակ էին բերել և խնդրել՝ ներկայանալ օրվա ընթացքում: Անհանգստացա, ինչ ասես անցավ մտքովս: «Երևի պապիկի գործի հետ կապված է: Տեսախցիկները ֆիքսել են զանգելու պահը»: Ոչ մի պարագայում չէի փոշմանել, որ խառնվել էի: Պապիկն էդպես կարող էր երկար մնալ, որովհետև հետո իմացա, որ պապիկը վարձակալության հիմունքներով էր ապրում այդ սենյակում, և ոչ ոք կարող էր չհետաքրքրվել: Ոստիկանության բաժանմունքում ներողություն խնդրելով ինձ՝ ասացին, որ պապիկի սենյակում հայտնաբերել են նամակ, որտեղ նշված է եղել իմ սենյակի համարը և իմ լուսանկարը՝ հեռվից նկարված: Պապիկը նամակի մեջ գրել էր, որ չգիտի իմ անունը, սակայն խնդրանք ունի ինձ և համոզված է, որ միակ մարդն եմ, որ կկատարեմ իր խնդրանքը: «Նա մի փակ ծրար է թողել, նշել հասցեն և խնդրել, որ տանեք նշված հասցեով և հանձնեք իր որդուն, որին երկար տարիներ է՝ չի տեսել: Պապիկը թողել է նաև մի բանկային քարտ և խնդրել, որ քարտի մեջ գտնվող գումարը տնօրինեք այնպես, ինչպես խնդրել է ինքը ձեզ թողնված երկտողի մեջ: Վերցրեք նամակը: Շնորհակալ ենք, որ եկաք»:

Ոստիկանության բաժանմունքից դուրս եկա, քայլերս ուղղեցի մոտակա պուրակը: Ուզում էի մենակ մնալ: Բացեցի ինձ ուղղված նամակ-երկտողը: «Աղջի՛կս, այդ գումարով մի երեկո իմ հոգեհանգստի արարողությունը կկազմակերպես: Կհավաքես ընկերներիդ, կուրախանք: Ես այդպես եմ կամենում: Այդ ժամանակ ես ուրախ կլինեմ, որ վերջապես զատվել եմ դժոխք հիշեցնող այս կյանքից և գնացել կյանք պարգևող դրախտ՝ Տիրոջս մոտ: Շնորհակալ եմ նախապես, որովհետև գիտեմ, որ կկատարես խնդրանքներս: Նամակս կհանձես, շատ կարևոր է, ոչ թե իմ՝ այս տղայիս համար: Գուցե այս նույն ճանապարհով ինքն էլ անցնի, թող նախապես մտածի: Ուրախ եղիր աղջիկս»:

Ես չէի սխալվում, պապիկը խորը անթեղված վիշտ ուներ սրտում:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert