Չափազանց նիհար ու երկարահասակ էր Ապուշը, որի իսկական անվան շուրջ կային տարբեր ենթադրություններ, որոնցից սակայն՝ ո՛չ մեկը ստույգ չէր։
Երևի չէր ուտում, կամ, գուցե հազվադեպ էր ուտում, որովհետև մաշկի տակից յուրաքանչյուր ոսկորն ու մկանը հստակ, շատ հստակ երևում էին։ Նա՝ ամառ, թե ձմեռ, հագնում էր միևնույն սև, սպիտակ եզրագծերով մարզական կարճ շորտը, և անթև ու բարակ մի սրճագույն վերնաշապիկ ու փաստորեն՝ չէր մրսում… Մշտապես բոպիկ էր նա…Մոխրագույնով ծածկված փոշոտ մազերի տակից երևացող սև գույնից կարելի էր ենթադրել, որ հազիվ հիսունն անց պետք է լիներ, իսկ մինչև ոսկրոտ կրծքավանդակը թափվող հանգուցված, չսանրված ու անխնամ մորուքի մեջ խցկված կեղտից դժվար չէր կռահել, որ իր մեկ սենյականոց մութ ու գորշ տանը, որը գտնվում էր փողոցի կենտրոնական մասից քիչ հեռու՝ իրեն խնամող ո՛չ մի հարազատ չկար…
Նրան, իր տանից դուրս բերելու համար, զույգ պատուհանների ուղղությամբ այնքան շատ էին քար նետում փողոցի երեխաներն ու խուլիգանները, որ Ապուշի տան ապակիներից գրեթե ոչինչ չէր մնացել, իսկ այն ինչ մնացել էր՝ նման էր պատերազմի հետքերով բեռնված, լքված մի տան…
Ապուշը երբեք չէր ժպտում, և երբեք, ո՛չ ոքի հետ չէր խոսում. չէր պատասխանում մարդկանց հարցուփորձերին, և ամենադաժան վերաբերմունքին արժանանալու պահին անգամ, պահպանում էր իր առասպելական լռությունը:
Իր բոլոր տարօրինակություններից բացի, նա բոլորին հայտնի էր նաև իր՝ բռնցքամարտիկներին հատուկ կարմիր, կաշվե խոշոր ձեռնոցներով, որոնք նա երբեք չէր հանում իր ձեռքերից, և ամեն անգամ որ փողոցում իրեն մոտեցող մարդ էր նկատում, անմիջապես վարպետորեն ցատկոտում էր հարձակվող բռնցքամարտիկին հատուկ դիրքերով, կարմիր ձեռնոցները բռնցքում էր ու մերթ դեմքն էր պաշտպանում երևակայական գրոհներից, մերթ կռվում ու հարձակվում էր հակառակորդի վրա, որին նա անպայման, մարտի վերջում տապալում էր գետնին, ապա, հաղթանակած իր բռունցքները բարձրացրած վերև՝ արժանանում էր փողոցում հավաքվածների ծաղր ու ծանակին, որոնք «Ապուշը հաղթե~ց» գոռալով, ծափահարում ու սուլում էին, հաճախ Ապուշի վրա նետում իրենց ծխած սիգարետների մնացուկները, մազերին ծամոն էին կպցնում իբրև մեդալ, մինչև անգամ աղբով լեցուն տոպրակներ էին նետում վրան ծաղիկների փոխարեն, որոնց հետ նա սկսում էր իր բռնցքամարտիկի կռիվը շարունակել, րոպեներ, երբեմն էլ ժամեր տևող մարտից հետո, մնալով պատռված սև տոպրակներից դուրս թռած աղբակույտերի մեջ՝ անցնող-գնացողների բերանբաց քմծիծաղի, երբեմն ականջ ծակող հայհոյանքների ու ծաղրական բացականչությունների ամեն օր կրկնվող պատկերի ֆոնին։
Պատահում էր, որ օրերով չէր երևում, և փողոցի բնակիչները սկսում էին դժգոհել, վաղուց արդեն իրենց սեփականությունը դարձած Ապուշի բացակայությունը համարելով ձանձրալի։ Նրանցից ոմանք՝ թաղի երեխաներին հրահանգում էին գնալ նրա կացարան, Ապուշին ամեն գնով դուրս բերել իր տանից, և կազմակերպել Ապուշի ծիծաղաշարժ մենամարտը, որը շատերի համար ձրի զբաղմունք ու երեկոյան ժամերը լցնող անփոխարինելի մի ժամանց էր դարձել։
Մի օր, երբ արդեն նրա բացակայությունն ավելի քան զարմանալի էր թվացել թաղամասի բնակիչներին, և երբ արդեն տաս օրից ավել էր անցել նրա վերջին մենամարտից, փողոցում ապրող երեխաներից մեկը մի լուր տարածեց, թե իբր ինչ -որ փողոցային մի զրույց պատահաբար լսելիս՝ իմացել է, որ Ապուշը մահացել է։
Բնակիչներից ոմանք չհավատալով՝ «նա մեռնող պտուղ չէ» ասելով հեռացան, մյուս մասը պարզապես արհամարհեցին լուրը և միա՛յն, թաղամասի հայտնի գողերից Սեդոն, որոշեց, որ ամեն գնով պիտի մտնի Ապուշի լքված բնակարան, հուսալով, որ տարիներով Ապուշի հավաքած իրերի մեջ հաստատ ինչ- որ պիտանի բան կգտնի գողանալու նպատակով:
Երեկոյան, երբ մութն արդեն ընկել էր, նա մոտեցավ փողոցի այն հատվածին, որտեղ Ապուշի կացարանն էր: Հեռվից, որոշեց երկար զննել տան պատուհանները, որպեսզի վստահ լինի, որ այնտեղ այլևս ոչ ոք չի բնակվում: Երբ մոտեցավ շքամուտքին, Ապուշի տան վերևի պատշգամբում կծկված նստած մի ծերունի միամտորեն ասաց, որ եթե երիտասարդը Վարդան Վիրապյանին այցի է եկել, ապա Վարդանին արդեն երկու օր առաջ թաղել են: Գող Սեդոյի մարմնով մի դող անցավ, թեպետ նա, զսպելով իր անասելի զարմանքը, հաստատեց, որ լսել է նրա մահվան մասին և որ եկել է գտնելու նրա հարազատներից որևէ մեկին, ցավակցելու նպատակով:
Ծերունին քթի տակ փնփնթալով , խոնարհած գլուխը մոտեցնելով պատշգամբի երկաթյա ճաղերին, ասաց, որ Վարդանը հարազատներ չունէր, և որ նրանք վաղուց լքել էին երկիրը, երբ Վարդանին, տարիներ առաջ, մի սպանության մեղադրանքով ձերբակալել ու բանտարկել էին ցմահ: Գող Սեդոյի մարմինը քրտնել էր և անհասկանալի մի կրակ էր վառում իրեն ներսից, երբ ծերունին շարունակեց՝
«Խեղճ Վարդանի գլխին բանտում այնքան էին հարվածել, որ նա բթացել էր… Իր բանտարկությունից վեց տարի անց միայն, պարզել էին, որ սպանությունը մեկ ուրիշն էր կատարել ու բաց էին թողել նրան՝ կիսախելագար վիճակում»:
Գողի ականջներում երկաթե մեխերի պես խրվեցին ծերունու վերջին խոսքերը՝ « Գիտե՞ս ինչ կարգին մարդ էր դեպքից առաջ…»
Երիտասարդն արդեն հասկացել էր, որ Ապուշը, որի պատուհանի առաջ ցցվել էր հիմա նա, նույն ինքը՝ հայտնի Վարդան Վիրապյանն էր, որին ժամանակին, հենց նույն Սեդոյի ծնողները «Գիրք- Վարդան» էին անվանում:
Սեդոն քարացած մնաց տեղում, հետո, մի քանի քայլ աջ ու ձախ արեց, նայեց շուրջբոլորը, նայեց պատշգամբին, որտեղից արդեն հեռացել էր ծերունին, զննեց փողոցի ամենօրյա անցուդարձը , ապա, մի անբացատրելի ցանկությամբ տոգորված արագ ցատկ կատարեց Վարդանի տան կոտրված պատուհանների ուղղությամբ ու փեղկերից մեկը հեշտությամբ բացելով ՝ մտավ ներս:
Սկզբում նա անծանոթ տան պատերը շոշափեց մթի մեջ, և երբ էլեկտրական հոսանքի ոչ մի ստեղ չգտավ, գրպանից հանեց իր փոքրիկ լուսակը, միացրեց այն, և իր աչքերի առաջ, մեկը մյուսի ետևից սկսեցին դեղին փոքրիկ լույսի տակ հստականալ անթիվ, անհամար գրքեր…Ապուշի տան ամեն անկյունում գրքեր էին…Հատորներ Շեքսպիրից, Սարոյանից, Չարենցից, Վոլտերից… Սեղանին՝ Շիլլեր, Չեխով, Հյուգո, Վարուժան, Գյոթե, Մորուա… Հետո՝ թղթապանակներ, տրցակներ, և անհամար ձայնապնակներ՝ կոկիկ, խնամքով շարված նվագարկչի կողքին և քիչ այն կողմ՝ մի նեղլիկ անկողին՝ մաքուր, ճերմակ սավանով, տափակ ու չոր բարձով, որտեղ երևի գտել էին նրա լքված ու քարկոծված մարմինը, և որտեղ, Վարդանից մնացել էին միայն իր կարմիր, խոշոր կաշվե ձեռնոցները՝ դրված բարձի կողքին…
Մոտեցավ նվագարկչին, որի վրա երևի Վարդանի լսածներից՝ վերջին ձայնապնակն էր դրված…Պատի ցածր անկյունում, լուսակի միջոցով նկատեց հոսանքի աղբյուրը։ Շտապեց միացնել նվագարկիչը, և ապա՝ շափյուղե ծռված ասեղը մոտեցրեց ու դրեց դանդաղ, հանգիստ պտտվող ձայնապնակի վրա , որտեղից հնչեց Սեդոյի համար անծանոթ, սակայն նրան անհունորեն կախարդող Շուբերտի «Ավե Մարիան»…
Սեդոն իր կյանքում առաջին անգամ, այդ օրը ծնկի եկավ…
Հմայված լսում էր մեղեդին, երբ փողոցից լսվեց մի խումբ երեխաների աղմուկ- աղաղակը, հետո, Վարդանի տան պատուհանի ուղղությամբ նետվող քարեր, ճաքճքող ապակու մնացորդների կտկտոց, ծիծաղ, կտկտոց, ճաք, «Ապո՜ւշ, Ապո՜ւշ», հռհռոց, սուլոցներ, ծափեր, ծիծաղ, Ավե Մարի՜ա, «արի կռվե՜նք», կտկտոց, քարեր, ծափեր, «Ապո՜ւշ, դո՜ւրս արի», Ավե Մարի՜ա, ծիծաղ, Ապո՜ւշ, ծիծաղ, կտկտոց…
Սեդոյի կրծքի տակ հիմա լցվում էին կարծես պատուհանին նետված բոլոր այդ քարերը, երբ նա, հանկարծ, ձեռքերում պահած լուսակը ուղղեց Ապուշի դատարկ մահճակալին, դանդաղ վեր կեցավ, քայլեց դեպի կարմիր, խոշոր կաշվե ձեռնորցները, վերցրեց, շոշափեց, զգաց նրանց ծանրությունը, և երբ երեխաների աղմուկն արդեն սկսել էր հեռանալ, նա իր ձեռքերին անցկացրեց Ապուշի ձեռնոցները և մոտենալով ամբողջովին կոտրված՝ բաց պատուհանին, մինչև շուրթերը թափված արցունքները հազիվ կուլ տալով, Վարդանի տանից գողացած միակ իրը ամուր սեղմած իր թևերի տակ, նետվեց պատուհանից դուրս…
Բաց պատուհանից՝ շարունկեց հնչել Շուբերտի Ավե Մարիան:
Նուշիկ Միքայելյան