Այսօր կհագնես ճերմակ շապիկդ,
Այտերդ կներկես թույլ վարդագույնով,
Սև ալիքներդ կկարես ուսիդ,
Շուրթերդ կօծես տաք մեղրաջրով:
Քամին խաղ կտա ներսում շապիկիդ,
Մեղմ համբույր տալով կրծքերիդ փարթամ,
Մի հաճելի դող կպատի մարմնիդ,
Քամին կլիզի փորիդ մանանան:
Քո գիրկը կառնես քաղցած ոհմակին,
Ափիդ կխաչես մի հին երազանք,
Հոգիդ կկարես կարմիր քաղաքին,
Հետևում թողած դեռ չապրած մի կյանք:
Եվ սով աշխարհից քաղցած ոհմակը,
Կտիրանա վարդաբույր մարմնիդ,
Կքաշես վրադ ճերմակ վերմակը
Եվ լուռ կարտասվես թաքուն աստղերից:
Այսօր կդառնաս լուսնին բախտակից,
Ցավդ կթաղես գիշերվա ծոցում,
Լուռ կհեռանաս այս ծեր քաղաքից,
Քեզ բանտարկելով քարե դարակում:
Բայց կգա վաղը…
Ճերմակ շապիկդ կներկես դեղին,
Այտերդ կօծես ալ կարմիր գույնով,
Արև կկարես քո պաղ շուրթերին,
Կուրծքդ կպատես արբունքի թույնով:
Ալիքներիդ հետ խաղ կտա քամին,
Եդեմիդ առաջ լուռ կխոնարհվի,
Կժպտաս անբառ քաղցած ոհմակին,
Սատանան վերից բախտը կանիծի:
Կքայլես այսօր երկինքը դեպի,
Մարմինդ կօծես սուրբ վարդաջրով,
Այն ծեր քաղաքը կոռնա ցավից,
Հավերժ կպատվի մելեռաբույրով:
Լուռ կվայելես փառքդ վերևից,
Ոսկե գավաթից գինի կխմես,
Եվ սեր կկաթա երկնքի աչքից՝
Դու լուռ կաղոթես:
Անի Հերունի Սաջյան