Պարույր Սևակ.
Ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը…
Երկրագնդի բոլոր գոտիներում, աշխարհի բոլոր լեզուներով, տասնյակ հազարավոր մարդկանց կողմից նրա մասին գրված է այնքան, որ կարող է մի վիթխարի գրադարան կազմել: Գրել են նրա գործի ջատագովներն ու թշնամիները, նրան սիրողներն ու ատողները, նրան հաստատողներն ու ժխտել ցանկացողները: Գրել են տաղանդավորներն ու ապիկարները, ազնիվ գրիչներն ու ծախուները, գրողներն ու գրչակները, իմաստուններն ու իմաստակները:

Լենին:
Մեծ… հանճարեղ… անմահ…
Մարդկությունը շատ մեծ որդիներ է ունեցել` հավատո սկզբնավորողներ և սկզբունքի գերիներ, հեղափոխականներ և մոլեռանդներ, քաղաքագետներ և զորավարներ, գրչի և վրձնի, հնչյունի և խոսքի կախարդներ: Եվ հայտնի են նրանց անունները, և հնչում են նրանց անունները զանազան լեզուներով: Բայց Լենին անունը աշխարհի ամենահայտնի անունն է:

Խոսքերը կարող են չափազանց թվալ, բայց չափազանցված չէ այն զգացումը, որ ծնել է այդ խոսքերը: Արժանավորի գնահատումը կարող է գովք կարծվել, բայց չի կարող հասնել գովաբանության, որովհետև արժանավորը դրա կարիքը չունի- նա բարձր է ավելի:
Այդ պատճառով էլ ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը:


Լենին:
Նրա ծննդյան 90-ամյակն է, 90-ամյակն այն մարդու, որ ծնվեց անգիտաբար, ինչպես ամեն մի մանուկ, բայց իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց մարդկության մեծ սխալի շտկմանը: Բայց նա էլ մի տեղ սխալ գործեց. վաղ հեռացավ մեզանից, անժամանակ, 36 տարի է, ինչ նա չկա: Բայց մեռնում են նրանք, ովքեր գործ չեն անում, իսկ նա ոչ միայն ամենօրյա մշակն է, այլև ինքը` գործը:
Ուստի և` ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը…

Լենին:
Նրան վերաբերող դերանունը ցանկանում ես, ակամա, մեծատառով գրել և, միաժամանակ ու հակառակ դրան, նրան ուզում ես միշտ դիմել «դու»-ով, որովհետև նա քո հարազատն է, մտերիմդ, մոտիկդ: Նաև այս պատճառով` ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը:


Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ` առանց սայթաքումի, գործել` առանց սխալի, մեծանալ` առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու: Ճիշտ այդպես էլ` ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքություն զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության:
Կարելի է հիասթափվել ամեն ինչից, բացի Նրա գործից: Կարելի է հիասթափվել ամեն ոքից, բայց ոչ Նրանից: Նրանն է քայլը, բայց ոչ սայթաքումը: Եթե նեղանում ու կարճանում է հագուստը, ապա լոկ այն պատճառով, որ մեծանում են, և մեծացողը Նա է: Մշտաբուխ է լույսը Նրա, իսկ ստվերները կարող են երկարել ու կարճանալ, ինչպես նաև` համարյա չքանալ- չէ՞ որ գոյություն ունի զենիթ: Մշտնջենական է Նրա ջերմությունը, իսկ ցուրտը, որ նրանը չէ, կարող է նաև իսպառ վերանալ- վկա գարունը և ամառը…
Ահա թե ինչու` ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը…

Լենին:
Մեծությունը շատ չափանիշներ ունի: Դրանցից է և այն, որ մեծերի անունով մանուկներ են կնքվում: Ռուսաց մեծերից Վլադիմիր Սրբազանը, Վլադիմիր Մոնոմախը, Վլադիմիր Քաջը ավելի քան հազար տարվա ընթացքում ռուսական «Վլադիմիր» հինավուրց անվանը պակաս տարածում են տվել, քան Վլադիմիր Իլյիչ Լենինը` երեք տասնամյակում: Ավելին. օտարազգի անունը տարածվեց աշխարհով մեկ: Ե´վս առավել. Լենինի նույնիսկ հայրանունը դարձավ անուն- ինչքան Իլյիչներ են մեծանում մեր շուրջը:

Մեծությունը բազմաթիվ չափանիշներ ունի: Եվ դրանցից մեծագույնը թերևս այն է, ինչ ունեն շատ քչերը և նրանց առաջին շարքում` Լենինը: Նա, որ շրջապատված է եղել հազարավոր գաղափարական թշնամիներով, նույն ինքը նա անձնական կյանքում դժվար թե թշնամի ունեցած լինի, որովհետև նա է այն մարդը, որին չի կարող չհարգել նույնիսկ նրա թշնամին…
Եվ ինչպես պիտի դժվար չլինի նրա մասին գրելը…
Լենին:

Նա է ամենամեծ գործունյան ու երազողը` միաժամանակ: Որքան ուժեղ էր նրա տրամաբանությունը, նույնքան հզոր էր նրա երևակայությունը: Դեռ դարասկզբին, ընդդեմ կարճամիտ- կարճատեսների, նա ոչ միայն պաշտպանեց, այլև բանաստեղծաբար գովերգեց երևակայությունը: Եվ Լուսին հասած ու Արևի շուրջ պտտվող մեր արբանյակները ծնունդն են ամենից առաջ այդ երևակայության…
Ահա թե ինչու է այսքան դժվար նրա մասին գրելը…
Լենին:
Նրան սիրում են անկեղծորեն և անհունորեն, բայց այդ սերը բնավ չի փոխվել և երբեք չի վերածվի կույր պաշտամունքի, որովհետև նա սերն է և ոչ թե կուրությունը: Սահման չունի առ նա տածած հավատը, բայց նա ոսոխն է անկշռադատ հավատացյալների, որովհետև նա մարմնացումն է կենդանի ապրող- շնչող- հավատի, հավատի´, որ մեռնում է այն պահից, երբ կրոն է դառնում: Եվ նա թշնամին է ամեն տեսակ կրոնի:

Նրան չի կարելի չմեծարել, ինչպես չի կարելի չհիանալ գարունով, լիաթոք չշնչել անտառում, չհիանալ ջրվեժով: Նրան չի կարելի չմեծարել, որովհետև ինքը անկասկածելի մեծությունն է և միաժամանակ` մեծության անխուսափելի ստվերը` իր գինն իմացող համեստությունը:
Կան մեծություններ, որ պատկառանք են ազդում, մեծություններ, որոնց առջև խոնարհվում ես, մեծություններ, որ վախեցնում են, և մեծություններ, որ նույնիսկ սարսափ են ազդում: Նրա մեծությունը սեր է հարուցում միայն, սեր ու երախտագիտությունը, երախտագիտություն ու հպարտություն: Հպարտ ես զգում մարդու մարդկայնության համար, նաև անձնական հպարտություն, որ դու էլ մարդ ես…
Եվ ինչպե՞ս պիտի դյուրին լինի այսպիսի մարդու մասին գրելը…

Մեծություններ կան, որ նման են էլեկտրահոսանք հաղորդող առարկաների- ձեռքդ դպավ, անմիջապես կշտապես ետ քաշել: Մինչդեռ Լենինի մեծությունը նման է վառարանի, առանց որի դժվար է ապրել և, միաժամանակ, տաքության այդ աղբյուրը ահաբեկիչ ոչինչ չունի: Նրա մեծությունը ոչ թե ճնշում է, այլ թեթևացնում, ոչ թե վանում, այլ ձգում, ոչ թե վառում, այլ ջերմացնում:
Եվ մի՞թե ամենադժվարին բանը չէ նրա մասին գրելը…

Ամենամարդկային երազանքն ու պահանջը երջանիկ լինելն է, որ հատուկ է մեծին ու փոքրին, մահկանացուին և անմահին: Եվ Լենինն է աշխարհի ամենաերջանիկ մարդը, քանի որ գնալով չի ավարտվում նա, այլ շարունակվում է, չի շրջափակվում, այլ մեծանում է, քանի որ նրանն է այսօրը և առավել` վաղը. քանի որ ժամանակը չի կարողանում և չպիտի կարողանա եղծել նրան, ժամանակից այդպես չեն վախենում նաև ազնիվ մետաղները:

Աշխարհի ամենաերջանիկ մարդն է Նա, և ամենից ավելի արժանի է դրան, որովհետև իր բովանդակ կյանքում մտածել է ամեն ինչի մասին, բայց ոչ սեփական երջանկության:
Եվ ամենադժվարը երջանկության և երջանիկների մասին գրելն է…

Խոսքերը կարող են չափազանց թվալ, բայց չափազանցված չէ այն զգացումը, որ ծնել է այդ խոսքերը:
Մեծի մեծարումը կարող է գովք կարծվել, բայց չի կարող հասնել գովաբանության, որովհետև մեծը դրա կարիքը չունի- նա բարձր է գովքից էլ, գովաբանությունից էլ:
Եվ այս է ամենամեծ երջանկությունը:
Այս պատճառով էլ` ավելի դժվար բան չկա, քան Լենինի մասին գրելը…

Սովետական Հայաստան», 1960թ., ապրիլի 22

Լենին: Պարույր Սևակ

Lusiné Karapetyan-ի ՖԲ-յան էջից


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert