ԱՄՆ-ն հրաժարվո՞ւմ է Թուրքիայի վրա լրացուցիչ լծակների հնարավորությունից

Իշխան Քիշմիրյան
Իշխան Քիշմիրյան

Իր առաջնահերթությունների մասին ԱՄՆ-ի ազդանշանն անակնկալի է բերել Արեւելամիջերկրածովյան գազատարի (EastMed) նախագծի մասնակիցներին, նախագիծ, որը պետք է Իսրայելի ու Կիպրոսի հանքավայրերը կապեր Հունաստանի ու Իտալիայի հետ: Ամերիկացի պաշտոնյաների հրապարակված դիվանագիտական նամակագրությունը ցույց է տվել նրանց մտադրությունը՝ հեռու մնալու էներգետիկ նախաձեռնությունից, որը «Թուրքական հոսքի» անմիջական մրցակիցն է։ Եթե Աթենքն զգուշությամբ ընդունեց այդ հաղորդումները, ապա Անկարայում, որի համար «EastMed»-ի ենթակառուցվածքն ուղղակի զայրացուցիչ էր, Վաշինգտոնի քայլերն ընդունեցին թեթեւությամբ, կարծես ազատվել էին ծանր բեռից: Փորձագետներն ասում են, որ այս ֆոնին Թուրքիան կարող է ընդհանուր լեզու գտնել Իսրայելի հետ։

«EastMed» նախագծից հեռանալու ԱՄՆ-ի ենթադրյալ որոշումը, որի շուրջ միավորվել են Հունաստանը, Կիպրոսը, Իսրայելը եւ Իտալիան, չի վախեցրել Աթենքին: «EurActiv»-ի հետ զրույցում այս մասին խոսել է տեղի պաշտոնյաներից մեկը։ Աղբյուրը պարզաբանել է, որ Հունաստանի իշխանությունները, իհարկե, ի սկզբանե պաշտպանել են այդ նախաձեռնությունը, որը կոչված էր եվրոպական խաղացողներին ապահովել գազի նոր երթուղի, սակայն նրանց համար «կարեւոր էին նաեւ մի շարք այլընտրանքային ուղիներ, որոնք կարող էին տնտեսապես ավելի շահավետ ու տեխնիկապես իրագործելի լինել»: «Կառավարությունը չէ, որ որոշում է, թե որ լուծումն է տնտեսապես եւ տեխնիկապես նպատակահարմար, այլ շուկան է որոշում»,- ընդգծել է «EurActiv»-ի աղբյուրը՝ հավելելով, որ Հունաստանը, ամեն դեպքում, տարանցիկ հանգույցի դեր կունենա։

Թուրք պաշտոնյաները դրական են ընդունել «EastMed»-ի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության կորստի մասին հաղորդումները: Մասնավորապես՝ արաբական «Middle East Eye» հանդեսի հետ զրույցում Թուրքիայի իշխանական ամենաբարձր օղակների ներկայացուցիչները նշել են, որ իրենց չի զարմացրել նման որոշումը, քանի որ ի սկզբանե չեն հավատացել նախագծի իրագործելիությանը։ «Middle East Eye»-ի զրուցակիցներից մեկը հիշեցրել է, որ թուրքական կողմը միշտ էլ Արեւելյան Միջերկրածովյանում իր հարեւանների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ իսրայելական գազի տեղափոխումը Կիպրոսով տեխնիկապես պարզապես անհնար է, եւ միակ այլընտրանքն իրենց տարածքն է։ «Իսրայելական գազի մնացած մասը կարող է օգտագործվել տեղական սպառման համար»,- հավելել է պաշտոնյան։

Սկանդալն առաջացել է վերջերս մամուլում հայտնված ամերիկացի դիվանագետների ոչ պաշտոնական նամակագրության պատճառով, որում բացատրվում է, թե ինչու է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը դանդաղել «EastMed» նախագծին աջակցության հարցում։ Նշվում է առնվազն երեք պատճառ՝ բնապահպանական աննպատակահարմարություն, քիչ եկամտաբերություն եւ տարածաշրջանային լարվածության ստեղծում։ Վերջին պատճառը, հավանաբար, վերաբերում է Թուրքիայի եւ Հյուսիսային Կիպրոսի դիրքորոշմանը. գազատարը պետք է անցներ վիճելի ծովային տարածքներով։ Լրատվամիջոցներում տեղեկատվական արտահոսքից հետո պետդեպարտամենտը ստիպված էր արդարանալ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնն առաջվա պես շարունակում է «հավատարիմ մնալ Եվրոպայի հետ Արեւելյան Միջերկրածովյանի ենթակառուցվածքի ֆիզիկական միացմանը»։

«EastMed»-ի շուրջ քաղաքական-տնտեսական բլոկն սկսել է ձեւավորվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, երբ 2020 թ. հունվարին Կիպրոսը, Հունաստանը եւ Իսրայելն ամերիկացիների ուղիղ մասնակցությամբ համաձայնագիր ստորագրեցին երթուղու ստեղծման մասին: Նրանց միացավ Իտալիան: «EastMed»-ի երկարությունը պետք է հասներ 1.9 հազար կմ-ի. գազատարի նախագիծն սկսում է իր ուղին Լեւանտի նավթագազային ավազանից, անցնում Կիպրոսի մոտով, այնուհետեւ գնում է մինչեւ Կրետե կղզի, ձգվում Հունաստանի մայրցամաքային մասի երկայնքով եւ ավարտվում Իտալիայի արեւելքում գտնվող Ապուլիա շրջանի ափին։ Ջրի տակ պետք է անցկացվի 1.3 հազար կմ երկարությամբ խողովակ։ Սպասվում էր, որ նախագծի արժեքը կգերազանցի ի սկզբանե հայտարարված 7 միլիարդ դոլարը:

Նախաձեռնությունը, որն անվանվել էր «Թուրքական հոսքի» գլխավոր մրցակից, երաշխավորված աջակցություն ստացավ Սպիտակ տան կողմից, որն այն ժամանակ շահագրգռված էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության վրա ազդեցության լրացուցիչ լծակներ ձեռք բերելու հարցում։ Եվրոպացի պաշտոնյաներն ավելի զուսպ էին արտահայտվում։ Մասնավորապես՝ 2021 թ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ «EastMed»-ը, որն առաջին հերթին նախատեսված է բավարարելու հարավեվրոպական շուկան, «բարդ նախագիծ» է։

Քաղաքագետ, «Geopolitical Cyprus» վերլուծական նախագծի համահիմնադիր Իոաննիս Իոաննուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «EastMed»-ի շուրջ քննարկումների ամենավաղ փուլերից ամենեւին էլ ակնհայտ չէր, որ դա քաղաքական գործիք է, այլ ոչ կենսունակ, տնտեսապես, տեխնիկապես եւ էկոլոգիապես հիմնավորված առաջարկ էներգետիկ երթուղու ստեղծման համար։ «Ամերիկյան ոչ պաշտոնական փաստաթղթերն ընդամենը հիշեցում են այդ մասին՝ ապահովելով վճռական աջակցություն տարածաշրջանում էլեկտրական մալուխների փոխկապակցման գաղափարին,- բացատրել է վերլուծաբանը։- Ընդհակառակը՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը տանում է ոչ թե Թուրքիայի հետ հարաբերությունների սրման, այլ Արեւելյան Միջերկրական ծովի շուրջ ավելի ընդգրկուն մոտեցման»։

Ինչպես հայտարարել է Քաթարի համալսարանի Իբն Հալդոնի հումանիտար եւ սոցիալական գիտությունների կենտրոնի դոցենտ Ալի Բաքիրը, «EastMed»-ն աշխարհում ամենաերկար գազամուղներից մեկն է, իսկ դա նշանակում է, որ շինարարության փուլում ու դրանից հետո էլ այն ստիպված է բախվել բարձր ռիսկերի: «Գազամուղը շատ երկար է, ինչը նշանակում է, որ ծախսերի տեսանկյունից այն արդյունավետ չէ,- ասել է փորձագետը:- Ոչ մի լուրջ ներդրող նման նախագիծ չի ֆինանսավորի Արեւելյան Միջերկրածովյանում չափազանց անկայուն իրավիճակի պայմաններում»: Բացի այդ, նախաձեռնության մեջ ներգրավված արտադրողները կարող են բավարար հնարավորություններ չունենալ այս երթուղով արտահանելու համար:

«Ամենագլխավորը՝ գազամուղը պետք է անցնի ծովային ճանապարհով, որին հավակնում է Թուրքիան,- ուշադրություն է դարձրել Բաքիրը:- Անկարան ոչ մի դեպքում չի թույլատրի, որ գազամուղն առանց իր թույլտվության անցնի այդ տարածքով: Խողովակաշարն ակնհայտորեն տարածաշրջանում հակամարտության եւ լարվածության հիմնական աղբյուրն է»: Ըստ վերլուծաբանի՝ որոշ խաղացողներ, իհարկե, մտադիր էին դա օգտագործել որպես աշխարհաքաղաքական գործիք՝ Թուրքիային մեկուսացնելու համար։ «Թեեւ որոշ փորձագիտական շրջանակներ կարող են Իսրայելին պարտված համարել, Թել Ավիվը, ամենայն հավանականությամբ, կստանա խողովակաշարի տարբերակ, բայց Թուրքիայից՝ Եվրոպա: Այս սցենարի դեպքում իսկական պարտվողները կլինեն Հունաստանն ու Կիպրոսը, ինչպես նաեւ նրանց եվրոպացի աջակիցները»,- ասել է Բաքիրը՝ շեշտելով, որ իրավիճակը Թուրքիային եւ Իսրայելին մղում է դեպի մերձեցում եւ ճանապարհ է բացում Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում նոր գործարքների համար:

Դոցենտ Ալի Բաքիրի խոսքերը հենց այնպես չենք մեջբերել այս հոդվածում: Դատելով Քաթարի ու Թուրքիայի հարաբերությունների ջերմությունից՝ բացառված չէ, որ այդպիսի կարծիքը կարող է պատվիրված լինել Թուրքիայի կողմից: Վերջինս փորձում է կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, համոզել նրան, որ ինքը ամերիկյան շահերի ապահովման տեսանկյունից տրածաշրջանում միակ գործընկերն է, միաժամանակ ձգտում է մերձենալ Իսրայելի հետ, իսկ Հունաստանին էլ «ինչ-որ տարանցիկ հանգույցի դեր է տալիս», քանի որ ամերիկա-հունական հարաբերությունների արանքում մխրճվելու այլ տարբերակ դժվար թե լինի: Ալի Բաքիրը նշում է, որ իսկական պարտվողները լինելու են Հունաստանը, Կիպրոսը եւ նրանց եվրոպական գործընկերները՝ նկատի ունենալով, հավանաբար, նաեւ Ֆրանսիային: Իսկ վերջիններիս խնդիրն է տեղեկատվական այս արտահոսքի ու թուրքահաճ ինֆորմացիայի տարածման մեջ ամրագրել սեփական քաղաքական ու տնտեսական շահերն ու ընթանալ դրանց կատարման ուղղությամբ, անկախ ոմանց վայնասունից, եւ ամերիկյան կողմին հիշեցնել թուրքերի հետ գործընկերության հետեւանքների մասին…

Read more at: https://hhpress.am

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert