Սամվել Հովասափյան , Բեռլին փետրվար 2022
Ո՛ր Հայաստանը կիսագաղութային երկիր է, թեկուզ ո՛չ ամբողջովին, երևի մեզանում ոչ ոք լրջորեն չի մտածելու, հակաճառել դրան։ Սակայն վերջին ժամանակների հակառուսական քարոզչությունը մեզանում, ասես այն հիստերիայի փոխառումն է, որը տիրում է աշխարհում։ Թվում է թե՝ հակառուսական ուրվականն է շրջում արևմտյան երկրներում, մանավանդ Եվրոպայում, իսկ Հայաստանում շատերը ոգևորվելով դրանից, չեն զլանում, միալար հակառուսական շեփորը հնչեցնելու ու մյուս կողմից «քաղաքակիրթ աշխարհքի» գովքն անելու։
Լսելով Հայաստանի կարող ու անկարող քաղաքագետների, որոշ քաղաքական գործիչների մեկնաբանությունները, հուսահատ, մութ, անել պատկեր է գծագրվում հորիզոնում։ Նրանք համառորեն իրենցն են պնդում․
Հայաստանը մտած է փակուղի, վտանգված է նրա գոյությունը, այլ ելք չկա, օր առաջ Հայաստանը պետք է ազատվի ՌԴ-ի հետ դաշինքից, ու փորձի հուսալի դաշնակից գտնել այդ աշխարհի, եթե ո՛չ ՆԱՏՈ-ի, ապա այդ պակտի մեջ մտնող երկրների շարքերում։
Բայց իրականո՛ւմ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ «քաղաքակիրթ աշխարհը»։ Ո՞րն է նրա առավելությունը, իսկական էությունը։ Արդյո՞ք կովկասյան տարածաշրջանում՝ համընկնո՞ւմ են նրա շահերը Հայաստան երկրի շահերի հետ։ Սրանք հարցեր են, որոնց նրանք պատասխաններ չեն տալիս, գերադասում են լռել, կամ մշուշոտ մեկնաբանություններ են անում, որովհետև պարզապես՝ իրական, հստակ պատասխան չկա, որովհետև տարածաշրջանի երկու հարյուր տարվա պատմությունը, այլ կերպ է ընթացել։ Որովհետև ներկայիս ծվատված Հայաստան հողակտորի գոյությունը միմիայն պարտական ենք ցարերի այնքա՜ն քարկոծված՝ նվաճողական քաղաքականությանը։
Վերջին երկու հարյուր տարիներին, արևմտյան Եվրոպայի տերությունների շահերը պահանջում էին, Օսմանյան կայսրության ուշադրությունը շեղել դեպի հյուսիս, Ռուսաստան։ Այդպիսով նրանք երկու նպատակ էին հետապնդում, Ռուսաստանի ներթափանցումը տաք ջրեր կասեցնել, երկրորդը՝ գաղութացնել Օսմանյան Կայսրության տիրապետության տակ գտնվող արաբական երկրները, ավելորդ է ասել, որ նրանց բոլորովին էլ չէր հետաքրքրում այդ տարածաշրջանում բնակվող՝ հայ ու մյուս քրիստոնյա ժողովուրդների ճակատագիրը։
Այո, ոչ ոք չի ժխտում, որ այդ «քաղաքակիրթ աշխարհի» երկրները ժողովրդավար երկրներ են, ժողովուրդը հնարավորություն ունի իր քվեի միջոցով հասնել իշխանափոխության, օրենքով ամրագրված բնակչության լայն խավերի իրավունքները հարգվում են ու պաշտպանվում են, միայն այդ։ Հապա նայենք նրանց բանեցրած արտաքին քաղաքականությանը։ Մեծ Բրիտանիան երկու հարյուր տարի է, որ ժողովրդավար երկիր է, սակայն այդ ընթացքում այն եղել է աշխարհի ամենամեծ գաղութային երկիրը և որպես այդպիսին շահագործել է բազմաթիվ երկրների ժողովուրդներին, իրեն իրավունք վերապահելով իր ուզած ձևով տնօրինություն անել նրանց ազգային հարստությունները։ Վերջին հայ-ադրբեջանական պատերազմը մի անգամ ևս երևան հանեց այդ երկրների փարիսեցիական պահվածքը։
Վերջին տարներին արևմուտքի, իրականում ԱՄՆ-ի կողմից արաբական երկրներում հրահրած պատերազմների հետևանքով, միլիոնավոր բնիկներ գաղթական են դարձել, ընդ որում բազմաթիվ հայեր, միևնույն ժամանակ հարյուր հազարներով խաղաղ բնակչություն են զոհվել։ Ուրեմն ի՞նչ արժեն Եվրոպայի երկրներում ու ԱՄՆ-ում գոյություն ունեցող՝ քաղաքակրթությունը, ժողովրդավարությունը, տնտեսապես ոչ շահութաբեր ու նրանց քաղաքականությանը հակոտնյա երկրների համար։
Հայ ժողովուրդը այլ ընտրանք չունի․
Միջերկրականից ու Իրանի սահմաններից մինչև հյուսիսային սառուցյալ ովկիանոս տարածաշրջանի անցյալ՝ երկու հարյուր տարիների պատմությունը՝ վկայակոչելով ու նկատի առնելով ապագայում այդ տարածաշրջանին սպառնացող ու վտանգող արհավրիքները, ինչպես նաև հեռակա պանթուրքիզմի վտանգը, որը հավասարապես մեծ սպառնալիք է և ռուս և հայ ժողովուրդի համար, ապա հայ ժողովուրդը կամ՝ պետք է Ռուսաստանի հետ ապրել կարողանա, կամ՝ նրա հետ ոչնչանալ։ Իսկ քանի որ ռուս ժողովրդի ու Ռուսաստանի ոչնչացումը թե՝ անցյալում և թե՝ ապագայում անհնար է եղել ու է, ապա հայ ժողովրդի գոյատևումը կախված է՝ Հայաստանի իշխանությունների քաղաքական կարողությունից, հնարավորինս ինքնուրույն լինել ու Ռուսաստանի հետ դաշինքի մեջ մտած, անցնել այդ ճանապարհը։ Կարող է, որ այդ երկար ճանապարհը երբեմն քարքարոտ լինի, երբեմն դժվար անցանելի, կամ երբեմն ազգային դիմագծի որոշակի զիջումներ պետք է արվեն, սակայն դրանք այն բարդություններն են, որ անցյալում եղել են ու էլի կլինեն, դա արդեն կախված կլինի ժամանակի գործիչներից։ Պետք է չվախենալ դրանցից, դրանք հավիտենական դժվարություններ ու արժեքներ չեն, հավիտենականը միայն հողն է, այն փրկելու համար, պետք է ամեն ինչ անել։ Հետո երկու հանգամանք չպետք է աչքաթող անել։ Փորձը ցույց է տվել, որ հայ ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում, միայն այն դեպքում հայոց հողում պատերազմ չի եղել ու բնակչության թվաքանակը ավելացել է, երբ երկիրը ընդգրկված է եղել Ռուսաստանի կազմում․․․
Կան նաև այլ Հանգամանքներ․
-Հակառուսական կողմնորոշումը հայությանը բաժանելու է, արդեն իսկ բաժանել է, երկու մասի, որը ինքնին ողբերգություն է նշանակում, իսկ այն խորանալու դեպքում, ունենալու է անկանխատեսելի, ավելին՝ կործանարար հետևանքներ․․․
-Հայաստանի արտաքին առևտրի ծավալի մեծ մասը ու արտահանումները կատարվում են Ռուսաստանի հետ, նման առևտրի խզումը՝ Ռուսաստանի համար ոչ մի ազդեցություն չի ունենալու, իսկ Հայաստանի համար դրանք կենսական են ու կլինեն այդպիսին․․․