Կա՞ն արդյոք այդպիսիք եւ որո՞նք են դրանք

Ավելի քան չորս ամիս է անցել, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ լիցքաթափելով քաղաքական ճգնաժամը, որը ծայր էր առել մեկ հարցից՝ ինչպե՞ս պետք է կարգավորվի Ադրբեջանի հետ հակամարտությունը։ Անցյալ սեպտեմբերին տեղի ունեցած մամուլի ասուլիսը եւ դրան հաջորդած հոդվածը, որոնցում Տեր-Պետրոսյանը շարադրեց հակամարտության կարգավորման իր տեսակետները, ճգնաժամի անմիջական շարժառիթներն էին։ Եվ մամուլի ասուլիսի, եւ հոդվածի հիմնական կռվանը հետեւյալն էր. հակամարտությունն Ադրբեջանի հետ պետք է կարգավորվի փոխզիջումների ճանապարհով, որի շրջանակներում պետք է երաշխավորվի Ղարաբաղի հայության անվտանգությունը, սակայն ԼՂՀ-ի դե յուրե անկախության գաղափարից պետք է հրաժարվել՝ որպես անիրատեսական գաղափար։ Միեւնույն ժամանակ, Տեր-Պետրոսյանն իր աջակցությունը հայտնեց հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի փուլային տարբերակին, ինչը ենթադրում էր, ի թիվս այլ քայլերի, գրավված տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին, նախքան Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունները։ Ընդդիմությունը, Ղարաբաղի ղեկավարությունը, իր իսկ կառավարության մի քանի անդամներ դեմ դուրս եկան այդ քաղաքականությանը, ինչը ի վերջո ստիպեց ՏերևՊետրոսյանին հրաժարական տալ։

Նրա հրաժարականից հետո տեղի ունեցածը, սակայն, բավական անհասկանալի է։ Ոչ ոք, ներառյալ նոր նախագահն ու իր թիմը, չեն ասել ընտրողներին, թե ո՞րն է հակամարտության կարգավորման իրենց ծրագիրը, ինչո՞վ է այն տարբերվում ՏերևՊետրոսյանի ծրագրից եւ ինչո՞ւ են իրենք համոզված, որ այդ ծրագիրը կհաջողվի իրականացնել։ Դեռ ավելին, խնդիրը համարյա չշոշափվեց նախագահական ընտրությունների ընթացքում։ Միակ հարցը, որի մեջ հարաբերական պարզություն է մտցվել, բանակցությունների փուլային տարբերակի մերժումն է հօգուտ փաթեթային տարբերակի, ինչը կպահանջի բոլոր վիճահարույց խնդիրների, ներառյալ գրավված տարածքների վերադարձի ու Ղարաբաղի կարգավիճակի, միաժամանակյա լուծում։ Սակայն բանակցային գործընթացի ռազմավարության նմանօրինակ շեշտադրումը կարող է ապակողմնորոշել։ Ի վերջո, պետք է հիշել, որ անցյալում Ղարաբաղը մերժել է նաեւ հարցի լուծման փաթեթային տարբերակը։ Չնայած ԱԳ նախարար Օսկանյանի վերջին հայտարարություններին այն մասին, որ Ղարաբաղը պետք է լինի ոչ անկախ, ոչ Հայաստանի մաս, ոչ էլ Ադրբեջանի (!), խնդիրն այնուամենայնիվ, թվում է, այն է, որ բանակցություններում Հայաստանն ու Ղարաբաղը պետք է պնդեն Ղարաբաղի դե յուրե անկախության ճանաչումը։

Հարցերի հարցն այդ դեպքում հետեւյալն է. ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու Ղարաբաղը, եթե պարզվի, որ բանակցությունների ճանապարհով Ղարաբաղի դե յուրե անկախությանը հասնելն անհնար է։ Երկու եւ միայն երկու հնարավոր այլընտրանքներ կան այն պատասխանին, որ ՏերևՊետրոսյանն էր առաջարկում այդ հարցին։ Առաջին. Հայաստանն ու Ղարաբաղը կարող են դադարեցնել լուրջ բանակցությունները եւ ամեն կերպ ձգտել պահպանել ներկայումս գոյություն ունեցող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ստատուս քվոն՝ անորոշ ժամանակով։

Երկրորդ. նրանք կարող են պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ՝ հույս ունենալով պարտության մատնել վերջինիս եւ ստիպել ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն։ Երկու այլընտրանքներն էլ, դժբախտաբար, վտանգավոր են Հայաստանի եւ Ղարաբաղի համար եւ, ամենայն հավանականությամբ, չեն հանգեցնի ցանկալի արդյունքին։

Հնարավո՞ր է արդյոք պահպանել ներկա ստատուս քվոն անորոշ ժամանակով

Պնդել, որ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է շահագրգռված լինեն հնարավորին չափ արագ եւ փոխզիջումների ճանապարհով կարգավորելու հակամարտությունն Ադրբեջանի հետ, առաջին հայացքից ոչ միայն հակատրամաբանական է հնչում, այլեւ՝ տարօրինակ։ Վերջին հաշվով, Ադրբեջանը ռազմական պարտություն է կրել ու կորցրել իր տարածքի մի զգալի մասը, այն ունի հսկայական քանակությամբ փախստականներ, որոնք անտանելի տնտեսական բեռ են երկրի եւ քաղաքական բեռ՝ կառավարության համար։ Եթե այդ ամենին ավելացնենք Հայաստանի ու Ղարաբաղի անվիճելի գերակայությունն Ադրբեջանի նկատմամբ, ապա հայկական կողմից որեւէ զիջման գաղափարն իսկ ծիծաղելի է թվում։ Իհարկե, հակամարտության կարգավորման դեպքում Հայաստանը տնտեսապես կբարգավաճեր շատ ավելի արագ, ինչպես նաեւ կհաջողվեր խուսափել դիվանագիտական ճնշումներից, սակայն հազիվ թե արժե զիջումներ անել այդ նպատակների համար։ Չնայած դանդաղ, բայց տնտեսությունն, այնուամենայնիվ, աճում է, իսկ դիվանագիտական հայհոյախոսությանը եւ նույնիսկ նվազած տնտեսական օգնությանը կարելի է դիմանալ։ Հետեւաբար, Հայաստանն ու Ղարաբաղը կարող են նստել ու սպասել։

Դժբախտաբար, այս փաստարկը համոզիչ չէ, քանի որ այն ենթադրում է, որ ուժերի ներկա հարաբերակցությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կմնա անփոփոխ, մինչդեռ գոյություն ունեցող բոլոր փաստերը ստիպում են ընդունել, որ այն արդեն թեքվում է հօգուտ Ադրբեջանի, եւ այդ գործընթացը կշարունակվի նաեւ տեսանելի ապագայում։ Տարածաշրջանով հետաքրքրվող մասնագետների, դիվանագետների ու պետական գործիչների մեծամասնության համար, որոնք խոսել են հայ-ադրբեջանական հակամարտությունը փոխզիջումների միջոցով կարգավորելու օգտին, տնտեսական բարգավաճման հեռանկարը կամ դրան հակառակ՝ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքը, ինչպես նաեւ, կոշտ դիրքորոշման դեպքում Հայաստանի դիվանագիտական մեկուսացման հավանականությունը առանցքային ելակետեր են եղել։

Հարցն այս ձեւով դնելու դեպքում Հայաստանի կամ Ղարաբաղի կողմից որեւէ զիջման առաջարկն ընդունում է Ղարաբաղի անկախությունը մի քանի դոլարով փոխանակելու տեսք, ինչը ոչ միայն կլիներ սրբապղծություն, այլ նաեւ ակնհայտորեն իռացիոնալ քայլ։ Սակայն տնտեսական ձեռքբերումների կամ կորուստների վրա կենտրոնանալը զուտ տնտեսական տեսանկյունից անտեսում է ամենակարեւոր ու ամենամտահոգիչ խնդիրը. տնտեսական աճի հարաբերական ցուցանիշների տարբերությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, որն արդեն իսկ Հայաստանի օգտին չէ եւ չի լինի տեսանելի ապագայում, հատկապես Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման դեպքում, ուղղակի հետեւանքներ կունենա Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության առումով։ Որեւէ երկրի ռազմական կարողությունը սերտորեն կապված է այդ երկրի տնտեսական կարողության հետ, ինչը նշանակում է, թե որքան Ադրբեջանն ուժեղանա տնտեսապես, այնքան այն կհզորանա ռազմականապես։ Հետեւաբար, վաղն Ադրբեջանը կմերժի այն, ինչ պատրաստ է զիջել այսօր։ Ժամանակն աշխատում է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ, եւ նրանք պարզապես անորոշ ժամանակով սպասելու իրավունք չունեն։

Պատերազմ՝ հիմա՞

Ադրբեջանի հետ փոխզիջումների գնալն ակնհայտորեն վերը քննարկված խնդրի միակ հնարավոր լուծումը չէ։ Սկզբունքորեն գոյություն ունի մեկ այլ լուծում՝ կանխարգելիչ պատերազմ, ինչը պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ կիրառվել է հարաբերական անկում ապրող երկրների կողմից։ Հարաբերական անկում ապրող երկիրը կանխարգելիչ պատերազմ է սկսում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կանգնեցնելու նպատակով եւ իրեն ավելի վատթար ապագայից փրկելու հույսով։ Չպե՞տք է, արդյոք, Հայաստանն ու Ղարաբաղը մտածեն այս տարբերակի մասին։ Չպե՞տք է, արդյոք, նրանք պատերազմ սկսեն Ադրբեջանի դեմ հիմա, քանի դեռ հստակ ռազմական գերակայություն ունեն վերջինիս նկատմամբ։ Հաղթական ելքի դեպքում նման պատերազմը հնարավորություն կտա ե՛ւ կասեցնելու ուժերի հարաբերակցության փոփոխությունը, ե՛ւ ստիպելու Ադրբեջանին ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Ես չեմ կարծում, թե այդ պատերազմը լավ գաղափար է, եւ ոչ այն պատճառով, որ խաղաղությունը բարոյապես նախընտրում եմ պատերազմից։ Պատճառը հետեւյալն է. այդ պատերազմի ռազմավարական նպատակը չի կարող լինել Ադրբեջանի կատարյալ պարտությունից ու կապիտուլյացիայից պակաս որեւէ բան, ինչը, հավանաբար, իրատեսական չէ բազմաթիվ ռազմական, քաղաքական ու տնտեսական գործոնների բերումով։

Հայաստանն ու Ղարաբաղը թերեւս կարող են շահել մի քանի ճակատամարտեր, գրավել եւս մեկ կամ երկու ադրբեջանական շրջան (հավանաբար, նաեւ ռազմավարական տեսանկյունից կարեւոր Գյանջա քաղաքը), սակայն, լավագույն դեպքում, կլինի նոր փակուղային զինադադար՝ ոչ շատ տարբեր իրերի ներկա դրությունից, իսկ վատագույն դեպքում՝ պատերազմը կարող է վերածվել միմյանց դանդաղ հյուծելու մրցակցության, ինչը կարող է կործանարար լինել Հայաստանի եւ Ղարաբաղի համար։ Եթե տեղի ունենա նոր էսկալացիա, ապա Հայաստանին ու Ղարաբաղին անհրաժեշտ կլինի վճռական ու արագ հաղթանակ տանել։ Եթե պարզվի, որ դա անհնար է, եւ պատերազմը ընթանա դանդաղ հյուծման ռազմավարությամբ, ապա մարդկային ու նյութական ռեսուրսներով ավելի հարուստ կողմը, այսինքն՝ Ադրբեջանը, հակառակորդին ընկճելու ավելի լավ հնարավորություն կունենա։

Ադրբեջանին վճռական, արագ ու կատարյալ պարտության մատնելու համար Հայաստանին ու Ղարաբաղին անհրաժեշտ կլինի կիրառել մի ռազմավարություն, որը հայտնի է «բլիցկրիգ» անունով։ Այս ռազմավարության կիրառման դեպքում անհրաժեշտ չէ մարտի մեջ ներքաշել ճակատային գծի վրա տեղակայված հակառակորդի ստորաբաժանումները ճակատի ամբողջ երկայնքով, այլ հարկավոր է ճեղքել ճակատային գիծը մեկ կամ ավելի կետերում եւ առաջին հերթին ոչնչացնել հակառակորդի բանակի հաղորդակցաևհրամանատարական համակարգը։ Զրկված լինելով իր հաղորդակցա-հրամանատարական համակարգից, ժամանակակից որեւէ բանակ անկարող է արդյունավետ դիմադրություն ցույց տալ հակառակորդին, եթե նույնիսկ կարողացել է պահպանել մարդուժի ու զինամթերքի իր պաշարները։ Պաշտպանվող բանակի այն ստորաբաժանումները, որոնց չի հաջողվում ժամանակին նահանջել ճակատային գծից, հեշտ թիրախներ են դառնում իրենց գործողությունները կոորդինացնելու անկարողության պատճառով։

Հաջող բլիցկրիգի իրականացման համար անհրաժեշտ են չորս հիմնական նախադրյալներ. հարթ տեղանք, որը թույլ կտա զրահատանկային ստորաբաժանումների արագ տեղաշարժեր, առավելություն հակառակորդի նկատմամբ տակտիկական շարժունակության առումով, հարձակվող բանակի եւ հարձակման ընթացքում գրավվելիք տարածքի համաչափ հարաբերակցություն, ինչպես նաեւ տակտիկական օդուժի գերակայություն հակառակորդի նկատմամբ։ Հրադադարի ներկա գծից դեպի Ադրբեջան ընկած տեղանքը բավական հարմար է մեծ թվով զրահատանկային ու մեխանիզացված ստորաբաժանումների կիրառմամբ հարձակողական գործողությունների համար։ Հայաստանի ու Ղարաբաղի զինված ուժերի առավելությունները տակտիկական շարժունակության, գործողությունները կոորդինացնելու եւ ընդհանրապես հմտության առումով, նույնպես կասկածից վեր են։ Վերջին երկու նախադրյալների առումով, սակայն, ես այնքան էլ լավատես չեմ։ Տարածքը, որ անհրաժեշտ կլինի հայկական ուժերին ծածկել հարձակման ընթացքում, ըստ երեւույթին շատ մեծ է, եւ հարձակվող ստորաբաժանումների սփռվածությունը շատ նոսր կլինի։ Սփռվածության որոշակի կրիտիկական աստիճանից հետո հարձակումը պարզապես կկորցնի թափը։

Հայաստանն ու Ղարաբաղը չունեն նաեւ տակտիկական օդուժի գերակայություն, ինչը նշանակում է, որ հարձակվող զրահատանկային ստորաբաժանումները բավարար օդային աջակցություն չեն ունենա եւ խոցելի կլինեն ադրբեջանական օդուժի գրոհների համար։ Ահա թե ինչու ես կասկածում եմ, որ իրերի ներկա պայմաններում հայկական բլիցկրիգը հաջողությամբ կպսակվի։ Շարունակությունը՝ այստեղ:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի դոկտորանտ

logo

Շարունակությունը.

ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Կա՞ն արդյոք այդպիսիք եւ որո՞նք են դրանք

Առայժմ հոդվածի այս մասում ես քննարկել եմ հայ-ադրբեջանական պատերազմի մեկ այլ սցենար, անտեսելով արտաքին գործոնները։ Անշուշտ, նման բազմաթիվ գործոններ կլինեն, բայց ես այժմ կկենտրոնանամ դրանցից միայն ամենակարեւորի՝ Ռուսաստանի հավանական վարքագծի վրա։ Սկիզբը՝ այստեղ :

Հատկապես կարեւոր է հարցի ճիշտ ձեւակերպումը։ Իմաստ չունի հարցնել, թե արդյո՞ք Ռուսաստանն ունի շահեր, որոնք համընկնում են Հայաստանի ու Ղարաբաղի հետ, ինչը, դժբախտաբար, հարցի ավանդական ձեւակերպումն է։ Ամենից առաջ պետք է հարցնել, թե ո՞ր դեպքում են այդ շահերն իսկապես համընկնում, ի՞նչ պայմաններում դրանք կարող են միմյանց հակասել եւ ի՞նչ հետեւանքներով։ Ենթադրենք մի պահ, որ իմ վերլուծությունը չափազանց հոռետեսական է, եւ Հայաստանի ու Ղարաբաղի հետ վերսկսված պատերազմում Ադրբեջանը ռազմական աղետի շեմին է։ Արդյո՞ք Ռուսաստանը շահագրգռված կլինի Ադրբեջանի կատարյալ պարտությամբ։

Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները պղտորված են մի քանի փշոտ խնդիրներով, որոնց շարքում են կասպիական նավթը արտաքին շուկա հանելու ճանապարհի շուրջ տարաձայնությունները եւ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հետ անվտանգության բնագավառում սերտ համագործակցություն ծավալելու Ադրբեջանի փորձերը։ Ռուսաստանը հատկապես անհանգստացած է այդ համագործակցության հեռանկարից՝ աչքի առաջ ունենալով ՆԱՏՕ-ի ընդլայնման արեւմտյան (կարդա՝ ամերիկյան) խիստ վտանգավոր քաղաքականության նախադեպը, եւ մեծ ջանքեր կգործադրի այն վիժեցնելու համար։ Վերսկսված հայ-ադրբեջանական պատերազմը հրաշալի գործիք կարող է դառնալ Ռուսաստանի ձեռքում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու եւ վերջինիս վարքագիծը Ռուսաստանի շահերին համապատասխանեցնելու համար։ Ռուսաստանը նույնիսկ կարող է Հայաստանին քաջալերել եւ նախապես ռազմական աջակցություն ցույց տալ, եթե Ադրբեջանը չսթափվի։ Սակայն ասվածը բնավ հավասարազոր չէ Հայաստանի հաղթանակով շահագրգռված լինելուն։ Երբ Ադրբեջանն օգնություն խնդրի, Ռուսաստանն ինքն է կանգնեցնելու պատերազմը։ Կովկասում իրադարձությունների վրա լրջորեն ազդելու ընդունակ միակ արտաքին ուժը դեռեւս Ռուսաստանն է, եւ եթե այդ փաստը դեռեւս հստակ չէ Ադրբեջանի համար, վերսկսված պատերազմում պարտության հեռանկարը կօգնի։ Թուրքիան ու ԱՄՆևը նույնիսկ մի զինվոր չեն կարող ուղարկել՝ Ադրբեջանին օգնելու համար, եւ Ադրբեջանը կշրջվի դեպի Հյուսիս՝ պատրաստ իր քաղաքականության մեջ Ռուսաստանին անհրաժեշտ փոփոխություններ կատարելու։ Փոխարենը կպահանջվի կանգնեցնել Հայաստանի ու Ղարաբաղի հարձակումը։

Ես պատճառ չեմ տեսնում մտածելու, որ Ռուսաստանը նման առաջարկը կմերժի։ Լավագույն դեպքում, Հայաստանն ու Ղարաբաղը կվերադառնան նախկին վիճակին, միայն թե այժմ արդեն լիովին մեկուսացած միջազգային հանրությունից, ավելի կախված Ռուսաստանի հովանավորությունից, հետեւաբար, առավել խոցելի Ռուսաստանի շահարկումներին։ Կանխարգելիչ պատերազմն, այսպիսով, խնդրի լուծում չէ։

Ո՞րն է լուծումը

Հայ-ադրբեջանական հակամարտությանը լուծում գտնելու համար, նախ անհրաժեշտ է հասկանալ դրա պատճառները։ Ցավոք, հատկապես Արեւմուտքում, ինչպես այս, այնպես էլ մյուս «էթնիկական» պատերազմների ամենատարածված բացատրությունը այդ պատերազմների մասնակիցների միմյանց նկատմամբ տածած իռացիոնալ ատելությունն է։ Այս բացատրությունը, որին ակադեմիական մասնագետների մեծամասնությունը վերաբերում է քամահրանքով, մեծ ժողովրդականություն ունի արեւմտյան լրագրողների եւ քաղաքական գործիչների շրջանում։ Արդարացի լինելու համար պետք է ասել նաեւ, որ ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի մտավորականներից, մասնագետներից ու պաշտոնյաներից շատերը նպաստել են այս տեսակետի ձեւավորմանը՝ իրենց դատի արդարացիությունը եւ հակառակ կողմի հրեշավորությունն ապացուցելու մոլեգին ջանքերով։

Ոչինչ ավելի սխալ լինել չի կարող, քան «իռացիոնալ ատելության» հիպոթեզը։ Այս հակամարտության՝ պատերազմի վերաճելու արմատները պետք է փնտրել Խորհրդային Միության փլուզման հետ մեկտեղ առաջացած անիշխանության մեջ, որում հայտնվել են հայերն ու ադրբեջանցիները։ Անիշխանություն ասելով այստեղ պետք է հասկանալ ոչ թե քաոս, այլ պարզապես կենտրոնական իշխանության բացակայություն։ Այլեւս որեւէ երրորդ կողմ չէր կարող լուծել հակամարտող կողմերի վեճերը եւ, որ ամենակարեւորն է, երաշխավորել նրանց հանձնառությունները։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ղարաբաղի հայերը չէին կարող համաձայնել Ադրբեջանի քաղաքացիներ դառնալ, քանի որ վերջինս բացարձակապես ոչինչ չէր կարող անել Ղարաբաղի հայերին հետագայում չճնշելու երաշխիքներ ապահովելու համար։ Այլ կերպ ասած, նույնիսկ սկզբունքորեն, որեւէ կառուցվածքային հնարավորություն չկար որպես Ադրբեջանի քաղաքացիներ՝ Ղարաբաղի հայերի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու համար։ Հետեւաբար, Ղարաբաղի՝ Ադրբեջանից անջատվելու փորձը միանգամայն ռացիոնալ էր, եւ ոչ ատելության արդյունք։

Խնդիրը բարդանում էր նաեւ Ադրբեջանի վախով, որ Ղարաբաղի հայերը կարող են Ադրբեջանի դեմ օգտագործվել Հայաստանի կամ այլ երկրների կողմից, որի պատճառով ադրբեջանցիները նույնիսկ չփորձեցին սիրաշահել Ղարաբաղի հայերին, որպեսզի խուսափեն պատերազմից։ Հակամարտության էսկալացիան թերեւս հնարավոր կլիներ կանխել նույնիսկ այդ պայմաններում, եթե հակամարտող կողմերը պատերազմի վերջնական արդյունքների մասին միմյանցից տարբեր գնահատականներ չունենային՝ պատերազմը վարելուց առաջ։ Մասնավորապես, ադրբեջանցիները սխալ հաշվարկեցին այդ պատերազմում դրական արդյունքի իրենց հնարավորությունները, մասամբ այն անիրատեսական հույսերի պատճառով, թե Թուրքիան իրենց ռազմական աջակցություն կցուցաբերի։ Իհարկե, ողբերգական պատմությունը նույնպես դեր է խաղացել այս հակամարտության էսկալացիայի մեջ, սակայն, հիմնականում, որպես փոխադարձ վախն ուժեղացնող ազդանշան, այլ ոչ որպես հիմնական պատճառ։ Ո՞րն է լուծումն այդ դեպքում։

Նվազագույն դեպքում պետք է ստեղծել մեխանիզմ, որը կարող է երաշխավորել Ղարաբաղի հայության ֆիզիկական անվտանգությունը Ադրբեջանի մտադրություններից ու հանձնառություններից անկախ։ Միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը կամ, Հայաստանից բացի, Ղարաբաղի հայերին պաշտպանելու որեւէ այլ երկրի հանձնառությունը չի կարող ծառայել որպես այդպիսի մեխանիզմ, որովհետեւ այն չի ունենա անհրաժեշտ վստահելիությունը։ Մեկ ուրիշին պաշտպանելը կապված է նյութական եւ ոչ նյութական զոհողությունների հետ, որի պատճառով այդ անելու հանձնառությունը միշտ կասկածի է ենթակա՝ հատկապես, երբ այդ անելու շահերը հստակ չեն։

Միակ վստահելի մեխանիզմը, որը կարող է երաշխավորել Ղարաբաղի հայության անվտանգությունը, պաշտպանվելու սեփական կարողությունն է, որը զուգակցված պետք է լինի նաեւ Ղարաբաղի դեմ հարձակման դեպքում վերջինիս պաշտպանությանը մասնակցելու Հայաստանի միջազգայնորեն ճանաչված իրավունքով։ Նման մեխանիզմը բավարար կլինի երաշխավորելու Ղարաբաղի անվտանգությունը, եթե նույնիսկ այն ճանաչված չլինի որպես անկախ պետություն։ Գրավված տարածքներից (բացի Հայաստանն ու Ղարաբաղը միացնող ցամաքային միջանցքից), ինչպես նաեւ Ղարաբաղի դե յուրե անկախ կարգավիճակի պահանջից կարելի է հրաժարվել, եթե Ադրբեջանը համաձայնի վերը քննարկված մեխանիզմի ստեղծմանը։ Ղարաբաղի իրավական կարգավիճակի բազմաթիվ ստեղծագործական սահմանումներ են հնարավոր, ինչը կբացառի ուղիղ ենթակայությունն Ադրբեջանին, բայց թղթի վրա կպահպանի վերջինիս տարածքային ամբողջականությունը՝ սկզբունք, որին բոլոր մեծ տերությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, վերաբերում են մեծ խանդով։

Բնականաբար հարց է ծագում, թե ինչո՞ւ պետք է Ադրբեջանը նման զիջման գնա, եթե իրոք ժամանակն աշխատում է իր օգտին եւ նոր պատերազմում կատարյալ պարտությունից վախենալու կարիք չունի։ Չի՞ հանգեցնում արդյոք իմ վերլուծությունն այն եզրակացության, որ Ադրբեջանը զիջումներ անելու կարիք չունի։ Բնավ ոչ, քանի որ վերսկսված պատերազմի՝ Հայաստանի ու Ղարաբաղի համար կործանարար լինելու փաստարկը տրամաբանորեն հավասարազոր չէ այն տեսակետին, թե դրանից կշահի Ադրբեջանը։ Այդ պատերազմը չափազանց ծանր հետեւանքներ կարող է ունենալ Ադրբեջանի համար եւս։ Բացի հսկայական մարդկային ու նյութական կորուստներից, այդ պատերազմը կհանգեցնի նաեւ Ադրբեջանի՝ Ռուսաստանից կախվածության մեծացման։ Սա կնշանակի ռուսական ռազմակայանների հավանական տեղակայում Ադրբեջանում, նավթամուղի անցկացում Ռուսաստանի տարածքով, Արեւմուտքի ու Թուրքիայի հետ մտերմության չափավորում եւ այլն։ Հայտնի է, թե նման հեռանկարը որքան սարսափելի է Ադրբեջանի համար, եւ թե ինչ համառությամբ է Ադրբեջանը դիմադրել այդ հեռանկարի կենսագործմանը։ Ադրբեջանի նկատմամբ այդ սպառնալիքն զգալիորեն կնվազի հակամարտության կարգավորման դեպքում։

Արդյո՞ք իմ քննարկած մեխանիզմը մաս էր կազմում կարգավորման այն տարբերակի, որ Տեր-Պետրոսյանը պատրաստ էր ընդունել։ Իր հոդվածում նա այդ մասին բացահայտ չէր խոսել, հավանաբար, ենթարկվելով բանակցությունների գաղտնիության սկզբունքին, սակայն ես կարծում եմ, որ նա խոսում էր հենց այդ մեխանիզմի մասին՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքներին արված բազմաթիվ հղումներում։ Հետեւած լինելով Հայաստանի քաղաքականությանը հայևադրբեջանական հակամարտության ամբողջ ընթացքում, ինչպես նաեւ ծանոթ լինելով հակամարտության պատճառներին եւ խաղաղ կարգավորմանը վերաբերող Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, ես չեմ կարծում, որ նա կհամաձայներ այդ մեխանիզմից պակաս որեւէ բանի։

Ի վերջո, սակայն, դա կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ Հայաստանի ներկա իշխանությունները իմաստություն ու քաջություն ունենան հանգելու այն նույն հետեւությանը, որին հանգել էր ՏերևՊետրոսյանը, այսինքն, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը փոխզիջումների միջոցով կարգավորելու լավագույն պահը հիմա է։

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի դոկտորանտ

logo

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert