Այլ երկրներում աշխատավոր դասակարգը ՄԱՅԻՍ 1-ը տոնում է ընդդեմ իրեն շահագործողի, Հայաստանում աշխատավորը միանում է շահագործողին՝ պաշտպանելու նրանց հարստությունը: Մայիս 1-ը աշխատավորների համաշխարհային համերաշխության և միասնական պայքարի օրն էր:
Երևանում Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց 99 տոկոսը աշխատավոր դասակարգին է պատկանում, սակայն այդ աշխատավոր զանգվածին այն 1 տոկոս կազմող գործատուները անգամ չհիշեցին, չհարգեցին, անգամ աշխատավորի անուն չհնչեց: Եւ այդ 99 տոկոս աշխատավոր զանգվածը հանդուրժեց դա, չհասկացավ, որ այդ անուշադրությունը, առհամարանքը ամենամեծ վիրավորնքն էր հանդեպ իրեն: Այդ 99 տոկոս աշխատավորը չհասկացավ ու չգիտակցեց, որ ինքը ոչ թե «հայրենիքի փրկության» համար է հավաքվել, այլ աջակցում է իրեն ստրկացնող ու հարստահարող մի վերնախավի, որի միակ նպատակը բացարձակ իշխանություն ունենալն է՝ մինչ այդ երկրից թալանածը պահպանելու համար:
Այդ աշխատավոր զանգվածը եթե իր շուրջը նայեր, կտեսներ վեր խոյացած այն դղյակները, որոնք իրենց կատարած աշխատանքի հավելյալ արժեքի շնորհիվ է ստեղծվել, եթե դա հասկանար, պետք է որ չհավատար նրանց տերերի «հայրենիքի փրկության» կոչերին:
Վերջին 30 տարիների ընթացքում միակ դասակարգը որ ամենակոպիտ արհամարհանքի ու անուշադրության է մատնվել, աշխատավոր դասակարգն է եղել: Դա նշանակում է, արհամարել մի ամբողջ ժողովրդի, քանի որ Հայաստանի 99 տոկոս ժողովուրդ աշխատավոր է:
Սովետի փլուզման քաոսային վիճակից օգտվող «ճարպիկները», տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծած տնտեսական հաստատությունները բաժան-բաժան արեցին իրար մեջ,
Հայաստանի անկախությունից հետո, ամեն ինչ արվեց, որ աշխատավոր դասակարգի աշխատանքից ստեղծված արժեքը թաքցնել գործատուի «խելացիության» քողի տակ: Թե ինչքանով է Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյանը և այլոց խելքը տարբեր մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած մասնագետներից ավելին, թող յուրաքանչյուրը իր գնահատական տա:
Ամենացավալին այն է, որ այդ ընդդիմադիր կոչված, նախկին իշխանավորների պալատները վեր է խոյացել հենց այսօր նրանց աջակցող 99 տոկոսանաոց աշխատավոր զանգվածի կողմից: Պարզվում է, որ այդ զանգվածը ինքը չի գնահատում իր աշխատանքը, իր ստեղծած աշխատանքի արժեքը: Չի գիտակցում, որ այդ մարդկանց հարստությունը գոյացել է իր իսկ կատարած աշխատանքի հավելյալ արժեքից:
Ո՞վ է տեսել աշխատավորը միանա իր շահագործողին, այն էլ այն օրը, որը պետք է դարձներ պայքար ընդդեմ այդ հարստահարողների:
Հայաստանում ամեն ինչն է լղոզված, լղոզված է ոչ միայն աշխատավոր-գործատու հարաբերությունը, այլև հայրենասիրությունն էլ, ազգայինն էլ: Իմաստազրկվել է ամեն ինչ: Խոսքը բովանդակազրկվել է, դարձել է դատարկ լոզունգ…