“Տարիներ անց ձեռքս ընկավ Սումգայիթի հարցով 1988-ի փետրվարի 29-ի ԽՍՀՄ քաղբյուրոյի “Հայկական ու Ադրբեջանական ԽՍՀ-ներում տեղի ունեցող իրադարձությունների մասին” նիստի սղագրությունը։
Կարճ կգրեմ։
Բոլորը միաձայն կողմ են եղել նույն օրը Սումգայիթ բանակ մտցնելուն, սակայն Գորբաչովը դեմ է եղել։ Եւ միայն երրորդ օրը Պաշտպանության նախարար Դմիտրի Յազովի պնդմամբ, Գորբաչովից անգամ ուղղակի հրաման չստանալով, զորքը մտել է Սումգայիթ։
Քաղբյուրոյի նույն նիստում արծարծվել է նաեւ ՀԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին պաշտոնանկ անելու հարցը։ Գորբաչովը հաճույքով պատմել է, թե այդ մասին ինչ է խոսել Զորի Բալաանի եւ Սիլվա Կապուտիկյանի հետ իր հանդիպման ժամանակ։
“Նրանք հարցրին, թե մեզ շշուկներ է հասել Դեմիրճյանի պաշտոնանկության մասին։ Ես ասացի, թե չեմ կարող հաստատել։ Այստեղ Զորի Բալայանը իսկույն խոսքի մեջ մտավ ու ասաց․
“Եթե հիմա իրականացնենք, մենք նրանից հերոս-նահատակ կսարքենք։ Իսկ դա չի կարելի թույլ տալ”։
Ես նրանց ասացի, որ Դեմիրճյանին մենք հենց հիմա չենք պատրաստվում հանել։ Երբ ես դա ասացի, Բալայանը վրա բերեց․
“Բայց ձգձգել այդ հարցի լուծումը, նույնպես չի կարելի”։
– Հաշվի առեք, Բալայանը ջահել է ու շաատ կարիերիստ։
Այստեղ Լիգաչովը որսում է պահը ու ասում, որ Հայաստանից Դեմիրճյանի հասցեին մեծ թվով բողոքներ են ստացվել, իսկ ահա, Ադրբեջանի պարագայում, այդպես չէ, բողոքներ չկան տեղերից։
– Հիմա Դեմիրճյանի հարցը լուծված համարե՞նք,- խոսքն ավարտում է Լիգաչովը։
Ես չգիտեմ, ովքեր են մատնագրեր գրել Դեմիրճյանի վրա, բայց միթե՞ այսօր նույն վիճակը չէ Հայաստանում։
Անանուն մատնագիր գրելը մեր ազգի բազմաթիվ հիվանդություններից ամենավարակիչն է եւ այն այսօր պարզ երեւում է փողոցում հայտնված ուրվականների արնակարոտ վրեժի ու ձիապանի մակարդակի պարզունակ պահանջների համատեքստում․․․
Մանավանդ, նույն ամբոխամոլ, թագի համար մարմաջող փառամոլի (ողորմի Վոլսկուն՝ իր որակումն է ալբանացուն ) եւ Ռուսաց թագավորին միշտ աղերսագրեր հղող զորիբալայանական թերմացքն է փողոցում։
Պատմությունը կրկնվելու փորձ ունի, արյունը շատ է այդ դեպքում, մանավանդ մեր պարագայում ենք դա տեսել, մանավանդ՝ կիսագրագետ ամբոխի ձեռքով․․․
Դիմանանք ու դիմադրենք, ժողովուրդ, տեր կանգնենք մեր պետությանն ու դրոշին, որն այսօր շատ հաճախ է թավալվում ու տրորվում գետնին, հացկատակի ոտքերի տակ․․․
Մանավանդ՝ առաջվա միամիտը չենք այլեւս․․․
Հ․Գ․ Իսկ մեջբերումը իմ “Խաչվածին մահ չկա։ գրքից է։

Շուշան Ղազարյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert