Այո՛ ՌԴ-ի արտաքին քաղաքականության տեղին քննադատությանը, ո՛չ                                   հակառուսական, երբեմն նվաստացուցիչ բարբաջանքներին)

Հայ ժողովրդի ներկայիս կացությունը աչքի առաջ ունենալով՝ ակամայից մտաբերում ես անցյալը ու ցանկանում ես երբեմն զուգահեռներ անց կացնել ներկայի հետ՝ հասկանալու համար վերջին 150 տարիների արհավիրքների բուն պատճառը։ Հեշտ է, սակայն, ապակողմնորոշող, միայն թուրքին, ռուսին, արևմուտքին ու այլևայլ ուժերին ու պարագաներին մեղադրելն ու մոռանալ նայել հայության հավաքական տիպարին, որը գլխավոր գործոնն է։ Թե անցյալում և թե ներկայում, ասենք տարբեր ժամանակներում և ամենուր էլ, հայ անհատը կարողացել է ու կարողանում է հակադրվել այլ և այլ դժվարություններին ու ելք է գտնում հաջողության հասնելու համար, իսկ նույն անհատներն պիտանի չեն հավաքականությանը, իմա հայ՝ժողովրդին վտանգող մարտահրավերները ժամանակին ճիշտ գնահատելու ու ելք որոնելու՝ միասնության գալու համար․ ո՛չ, նրա եսը նրան թույլ չի տալիս, պարզապես նա անընդունակ է հավաքագրման ու տվյալ անհրաժեշտ պահին միասնաբար ելք որոնելու, երկրին ու ժողովրդին վտանգող՝ արտաքին թշնամիներին դիմակայելու։

Հիշել պետք է՞, թե՝ Օսմանյան լծի տակ տառապող արևմտահայությունը ինչպիսի՞ իրավիճակում էր։ Բարձր խավը բոլորովին կտրված էր գավառահայությունից ու նրա հոգսերով չէր ապրում, նույնպես և քաղաքների միջին դասը, իսկ բանվոր-բեռնակիր ու աշխատավոր բնակչությունը ու նաև գավառահայությունը, գրեթե՝ հայության մեծամասնությունը, հասու չէին ազգային պետականության գաղափարին և թե ինչպես կարելի է հասնել դրան։ Նույնիսկ բարձր խավը միատարր չէր, կային թրքական վերնախավի հետ սերտաճած, կային ևրոպամոլներ ու ևրոպական նոր գաղափարախոսություններով տարված անձեր, որոնք էլ Եվրոպայի օրինակով ստեղծեցին իրենց կուսակցությունները, սակայն դարձյալ կտրված գավառահայությունից։ Ու բոլորովին հստակ է, որ այդտեղ ազգային գաղափարների շուրջ միասնություն գալու բոլոր ջանքերը ապարդյուն էին լինելու ու եղան եւ փոխարեն փորձել սուլթանի հետ լեզու գտնել ու ինչ որ չափով թեթևացնել գավառահայության կացությունը, եվրոպական պետություններին դիմելու որոշ շրջանների աշխատանքներն ու տարբեր ֆիդայական խմբերի իրարից անկախ անձնազոհ արարքները, փորձանք էին լինելու ու եղան արևմտահայության համար․․․

            Արդյո՞ք հարկ կա նշելու, որ ներկայիս Հայաստանի որոշ անհատների ու շրջանների հակառուսական, հաճախ անվայել ու նվաստացուցիչ արտահայտությունները՝ ուղղված ոչ միայն քաղաքական գործիչներին, այլեւ ռուս ժողովրդին, ինչ որ տեղ հիշեցնում են անցյալը․․․

            Անցյալում դա այդպես է եղել, իսկ ներկայումս անկախ Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու հարցն է օրակարգում դրված, իսկ հայությունը՝ Հայաստանում, որը այսօր գլխավոր դերակատարն է, մի քանի մասի բաժանված, երբեմն նույնիսկ՝ իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված․․․

            Նման կացության համար որի՞ դուռն գնաս։ Ո՞ւմ մեղա գաս․․․

            Միթե՝ այլ կերպ կարո՞ղ էր լինել։ Միթե՝ անհամար արհավիրքներից հետո հայությունը խելքի էր գալո՞ւ։ Ո՛չ․․․

            Որովհետև մեր եսն է, որ ներկա է ամենուր, թե՛ սփյուռքում, սկսած փոքր համայնքների ներսում բոլորովին ոչ-էական հարցերի շուրջ անհամաձայնություններից, և թե՛ Հայաստանում, որտեղ ներկայումս բազմաթիվ կուսակցություններ, լրատվական կայաններ, կայքեր, խմբեր ու անհատներ, բեմ են իջել իրենց «չ»ասելիքը՝ ասելու, որոնք երբեմն ոչ միայն անտակտ են ու հայկական պետականության հիմքերը խարխլող, այլև իրենց հակասական, զարմանալի անմակարդակ ու հակառուսական քարոզչությունով «ջանասիրաբար» ոչ միայն ԴՌ-ի պետության բարձր պաշտոնյաների, այլ նաև ռուս ժողովրդի մոտ թշնամություն են ստեղծում հայության հանդեպ։

            Այո, ամեն մեկս մեր դիրքում պատասխանատու ենք ներկայիս կացության համար, սակայն միայն ազգի ապագային ու հայկական պետականությանը հասցրած հետագա վնասների չափանիշներով է երևալու մեր մեղքի չափը, սակայն դարձի գալու ու մեղանչելու, ոչ մեկս պատրաստ չենք։ Խոսքը իհարկե ամենից առաջ անցյալ իշխանությունների չարաբաստիկ ու պետականությանը հասցրած վնասների մասին է։ Բազմաթիվ են նրանց «քաջագործությունները», հանրությանը հայտնի են այդ բոլորը, այստեղ կարևոր եմ համարում հիշել ու հասկանալ, թե նրանք ի՛նչ մոգական ուժով և ինչո՛ւ երկրի բոլոր կարևոր ու շահութաբեր գործարանները ինչ-ինչ պատճառներով հանձնել են ԴՌ-ին, արդյունքում՝ ավելի ամրապնդելով նրանց ներկայությունը Հայաստանում ու կիսագաղութային երկիր լինելու պարագան։

            Այո, փաստ է, որ մոտ երկու հարյուր տարի է ինչ Ռուսաստանը իր մեծապետական շահերը հետապնդելով գաղութացրել է Կովկասի մի շարք երկրներ, Հայաստանի դեպքում, ինչպես ժամանակի մտավորականությունն է վկայել, դա փրկություն էր։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի ապագա էր սպասում արևելյան Հայաստանի տարածքներին, եթե դրանք մնային Պարսկաստանի կազմում։ Ասել պե՞տք է, որ 1828 թվականից ցարական Ռուսաստանի, իսկ հետո Խորհրդային Միության կազմում, այդ տարածքները նոր միայն Հայաստան դարձան․․․ Որի համար, թե ռուս ժողովուրդը և թե հայ ժողովուրդը արյուն են տվել։ Բայց ժամանակների կտրուկ փոփոխումը շատ երկրների թվում, նաև Հայաստանին անկախություն բերեց։ Ըստ երևույթին Դաշնային Ռուսաստանի որոշ պետական գործիչներ ու շրջաններ, հին մեծապետական հովերով տարված, չեն կարողանում հաշտվել այդ պատմական փաստի հետ ու փորձեր են անում իրենց դրածոների միջոցով կրկին գաղութացնել այդ երկրները, ինչը որ Հայաստանի Պարագայում նրանց հաջողվել է, իսկ դա նկատում է յուրաքանչյուր ոք, ով Հայաստան է մտնում, նշանակություն չունի, թե որ սահմանից։ Սա պատմական իրական ու թվում է, թե անշրջելի փաստ է։ Այո, իրականություն է, որ Դաշնային Ռուսաստանը ամուր է նստած Հայաստանում։ Ոչ միայն այդ, այլ Հայաստանի արտաքին առևտրական կապը, գրեթե ամբողջովին կայանում է ԴՌ-ի հետ ու ռուս-վրացական միակ սահմանի միջոցով։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե այդ սահմանը որոշ շրջանների չարակամության պատճառով մի քանի շաբաթ փակվի․․․ Ահա նման փաստերին դեմ-հանդիման գալով լրիվ անհասկանալի է թվում ու վնասակար ներկայիս հակառուսական քարոզչությունը Հայաստանում, որը վերջին ժամանակներին հատուկ թափ է ստացել եւ որի դեմ բողոքել է նաև ԴՌ-ի դեսպանատունը։

            Այսօր Հայաստանում հակառուս լինելը ասես մոդա է դարձել. կան լրատվական կայաններ ու անհատներ, որոնք այնքան կատաղի են, որ անցնում են բոլոր պատշածության սահմանները։ Արժե՞ հիշել, որ դրանց շարքը գլխավորում են մի շարք անձեր, ովքեր ասես հատուկ առաջադրանք են կատարում, ահա այսպես․

            –Թամրազյան, Ազատության կայանի ոչ բարով կիրակնօրյա վերլուծությունների հաղորդավար։ Թող ինձ ներվի մեջբերել նրա հարցազրույցի մի դրվագ, ուկրաինացի ինչ որ հայի հետ, որի ընթացքում այդ հայը առանց այլևայլի Պուտինին «կատաղի շուն» է անվանում, իսկ Թամրազյանը լռում է, ազատ խոսքի հնարավորությունը շփոթելով Պուտինին ազատ վիրավորելու հետ։

            –Յուրի Վարդանյան, բաց հեռուստակայանի մեկնաբան։ Նրա ասածը արդեն գլուխգործոց է, մեկնաբանության ոչ արժանի․․․ Նա մի հարցազրույցի ընթացքում բարկացած ու բարձրաձայն մի ռուս բարձր պաշտոնիաի անգրագետ է համարում, նա չգիտի, թե՝ ո՞վ է հայկական տառերն ստեղծել ու ավելացնում է․ «Այն ժամանակ, երբ մեր մեծն Մեսրոպ Մաշտոցը հայկական այբուբենն էր ստեղծում, իրենք այսպես ասած դեռ ծառերից չէին ներքև իջել․․․»: Երևի այդ պարոնը չգիտի, որ գոռոզությունն ու խոսքի ազատությունը նաև իրենց սահմանն ունեն․․․

            –Չիբուխչյան, նրա հակառուսական բարբաջանքները այնքան կատաղի են, այնքան անմակարդակ, որ չարժե դրանք հիշել․․․

            Այս շարքը կարելի է լրացնել, ազնվազարմ ԱԺՇ-ման լիդերների ինչպես նաև այլ գիտուն ու խելացի անձանց անուններով։

            Իհարկե նման կատաղի հակառուս քարոզչությունը չէր կարող ԴՌ-ում ապրող հայության շրջաններում անհանգստություն չառաջացնել ու իրավունք ունեն այն անձինք, ովքեր քննադատում են այդ ու չափավորության կոչեր են անում․․․

Բեռլին, օգոստոս 2022, Սամվել Հովասափյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert